https://petekamutner.am/shared/Information/Irazekum16.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
24 հունիսի 2020 թվականի N 16
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
A կազմակերպությունը իրականացնում է արվեստի գործերի ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներ` կոմերցիոն նպատակներով: B ոչ առևտրային կազմակերպությունը համաձայնություն է տվել A կազմակերպության միջոցառման համար հատկացնել որոշակի անհատույց գումարներ` նվիրաբերություն պայմանագրի հիման վրա` նպատակ ունենալով ՀՀ տարածքում զարգացնել նմանատիպ միջոցառումներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 253-րդ հոդվածի շրջանառության հարկը ՀՀ հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և/ կամ շահութահարկին փոխարինող պետական հարկ է:
i
ՀՀ հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածում նշվում է, որ շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և/կամ ծառայությունների մատուցումը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի համաձայն նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:
i
ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 46, 47 և 48-րդ կետերով սահմանվում են, թե ի՞նչ է ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և/կամ ծառայությունների մատուցումը: Մասնավորապես` ծառայությունների մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Փաստացի A կազմակերպությունը ոչ մի գործողություն չի կատարում B ոչ առևտրային կազմակերպության օգտին` A կազմակերպությունը չի կատարում որևէ մեկի պատվերը` կազմակերպելով ցուցահանդեսը: Իսկ B ոչ առևտրային կազմակերպության նպատակը արվեստի միջոցառումների խթանումն է ՀՀ տարածքում:
Տվյալ դեպքում արդյո՞ք հարկվող եկամուտ է համարվում վերը նշված հանգամանքներում (ոչ առևտրային կազմակերպությունից) փաստացի անհատույց ստացված դրամական միջոցները, եթե փաստացի շրջանառության հարկով հարկման համակարգում աշխատող կազմակերպությունը միջոցները տրամադրողի օգտին ոչ մի գործողություն չի կատարում, աշխատանքի կատարման արդյունք չի փոխանցում և ապրանք չի մատակարարում: Եթե հանդիսանում է հարկվող եկամուտ, ապա ինչպիսի՞ հարկման օբյեկտ է համարվում այդ եկամուտը ՀՀ հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի կարգավորումների համաձայն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի,
i
- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկով հարկման բազա է համարվում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից (այդ թվում` ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից, վարձակալական կամ օգտագործման վճարի, տոկոսի և (կամ) ռոյալթիի տեսքով) ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը), որոնց հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Հետևաբար` օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից տարբերվող` այլ եկամուտները` այդ թվում, առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները շրջանառության հարկ վճարողների համար հարկման բազա չեն համարվում:
Գրությամբ նկարագրված դեպքում, եթե ստացված դրամական միջոցների դիմաց ստացողի կողմից տրամադրողին կամ այլ անձանց մատակարարվելու են ապրանքներ, մատուցվելու են ծառայություններ և (կամ) կատարվելու են աշխատանքներ, ապա ստացված դրամական միջոցները` որպես ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման դիմաց ստացվող եկամուտ, ներառվում է շրջանառության հարկով հարկման օբյեկտում: Հակառակ դեպքում, եթե ստացված դրամական միջոցների դիմաց բացակայում է ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը և (կամ) աշխատանքների կատարումը, ապա ստացված դրամաշնորհային միջոցները, որպես անհատույց ստացած ակտիվներ, շրջանառության հարկ վճարողների համար հարկման օբյեկտ չեն համարվում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ