040.0645.160701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2001 թվականի N 645
i
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 01.08.02 թիվ 1150-Ն որոշում)
2. Երևանի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետի ենթակայությամբ ստեղծել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
3. Երևանի քաղաքապետին`
i
ա) մեկշաբաթյա ժամկետում`
i
սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման.
Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառավարման խորհրդի կազմի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով ծանուցել պետության կարիքների համար նրանց գույքը վերցնելու մասին.
գ) երկամսյա ժամկետում`
i
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման մրցույթի պայմանները:
(3-րդ կետը փոփ. 05.10.01 թիվ 950 որոշում)
4. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
i
ա) օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքն իրացնելու, գնելու և վերցնելու փոխհատուցման առաջարկում նախատեսել նաև հողամաս տրամադրելն առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով.
բ) օտարման գոտում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքի վաճառքի ձևով տրամադրել նաև առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով, սահմանելով վարձակալության իրավունքի վաճառքի գինը` մեկ քառ. մետր հողամասի համար 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ոչ պակաս:
(4-րդ կետը խմբ. 01.08.02 թիվ 1150-Ն, 11.09.03 թիվ 1232-Ն որոշումներ)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 16-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1150-Ն որոշման
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ՍԽԵՄԱ
----------------------------------------
ԻՐՏԵԿ -սխեման չի բերվում