ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված աշխատակարգում (այսուհետ` աշխատակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Աշխատակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«29. Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետները երկարաձգելու նպատակով մինչև սահմանված ժամկետները լրանալը Սահմանադրական դատարանի` դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող դատավորը միջնորդություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի նախագահին` դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանի նախագահը հաշվի է առնում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետը:»:
2. Աշխատակարգի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Սահմանադրական դատարանի նախագահը գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով ողջամիտ ժամկետում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ:»:
3. Աշխատակարգի 31.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
4. Աշխատակարգի 47-րդ կետը «եթե Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ» բառերից հետո լրացնել «կամ զեկուցողի միջնորդությամբ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետի շրջանակներում»:
5. Աշխատակարգի 87-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
6. Աշխատակարգի 98-րդ կետից հանել «նիստից, որպես կանոն, առնվազն 7 օր առաջ» բառերը:
7. Աշխատակարգի 99-րդ կետից հանել «երկօրյա ժամկետում» բառերը:
8. Աշխատակարգի 107-րդ կետի առաջին նախադասությունից հանել «, որը, որպես կանոն, չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը» բառերը:
9. Աշխատակարգի 112-րդ և 116-րդ կետերում` համապատասխանաբար «հնգօրյա» և «5-օրյա» բառերը փոխարինել «ողջամիտ» բառով:
10. Աշխատակարգի 130-րդ կետից հանել «որը հրավիրվում է Սահմանադրական դատարանի նախագահին համապատասխան առաջարկությունը ներկայացնելուց կամ դիմումը մուտքագրվելուց հետո` մեկօրյա ժամկետում, և» բառերը:
11. Աշխատակարգի 152-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «գրության գրանցումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում`» բառերը:
12. Աշխատակարգի 162-րդ կետից հանել «7 օր» բառերը:
13. Աշխատակարգի 175-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«175. Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է աշխատակազմը` աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով, որը համաձայնեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի հետ:»:
14. Աշխատակարգը 178-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
«178.1. Սահմանադրական դատարանում վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների գործառույթները սահմանվում են Սահմանադրական դատարանի նախագահի կողմից` հիմք ընդունելով օրենքում, սույն աշխատակարգում և աշխատակազմի կանոնադրությունում սահմանված ընդհանուր պահանջները:
178.2. Սահմանադրական դատարանում վարչական, հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց համար, հիմնվելով նրանց գործունեության արդյունքների անհատական գնահատման վրա` Սահմանադրական դատարանի նախագահի կողմից սահմանվում է դրամական խրախուսման տարբերակված կարգ:»:
178.3. Սահմանադրական դատարանում վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կարող են շնորհվել դասային աստիճաններ` «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
15. Աշխատակարգի 15-րդ գլուխը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 15 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
181. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` աշխատակազմը ձևավորում է Սահմանադրական դատարանը` ինքնուրույն օրենքով և սույն աշխատակարգով սահմանված կարգով:
182. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների` Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը` պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող:
183. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի` աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:
184. Աշխատակազմի ղեկավարին, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներին, օգնականներին, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը:
185. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը, իսկ Սահմանադրական դատարանի մյուս քաղաքացիական ծառայողներին Սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:
186. Սահմանադրական դատարանի դատավորների օգնականներին Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի ներկայացմամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:
187. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասության` Սահմանադրական դատարանի դատավորի օգնականի անմիջական ղեկավարը Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորն է:
188. Աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:»:
Սահմանադրական դատարանի
նախագահ Հ. Թովմասյան
28 փետրվարի 2020 թվականի
ՍԴԱՈ-47