ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1163-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 305-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով`
«2.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.
2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:
2.2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովին հանձնված` կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների փոխանցումը սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծվող լուծարման հանձնաժողովին:
2.3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը դադարեցնում է իր գործունեությունը սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո.
2) սույն որոշման 2.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված լուծարման հանձնաժողովը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով ստեղծված լուծարման հանձնաժողովի իրավահաջորդն է»:
2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը:
i
3. Որոշման 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, իսկ» բառերը փոխարինել հետևյալ բառերով` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ TOYOTA մակնիշի, 420 SS 60 պետհամարանիշի (նույնացման համար` JTEBU3FJ60K078622, սկզբնական արժեքը` 24.180.000 դրամ, մնացորդային արժեքը` 4.433.000 դրամ) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ինչպես նաև»:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքների գրանցման ծախսերը կատարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի
Երևան