(ուժը կորցրել է 01.04.2023 թվականից` 14.12.2022 թիվ 537-Ն որոշում)
i
600.0383.131114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 11 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014506
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2014 թվականի N 383-Ն
i
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ (ԲՆԱԿԻՉ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
i
2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը վերակնքել բնակիչ-բաժանորդների հետ կնքված գազամատակարարման պայմանագրերը:
(2-րդ կետը փոփ. 13.05.15 թիվ 120-Ն, 20.02.16 թիվ 2-Ն / գործողությունը տարածվում է 2015 թվականի դեկտեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 15.06.16 թիվ 164-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի
հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
i
1) 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 199-Ն որոշումը,
i
2) 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 199-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 539-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2014 թվականի հոկտեմբերի 15-ի
N 383-Ն որոշմամբ
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ (ԲՆԱԿԻՉ)
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N_______
___________________________ «____»__________20__ թվական
(պայմանագրի կնքման վայրը)
Մատակարարը` ___________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)
________________________________________________________________,
(մասնաճյուղի անվանումը, գտնվելու վայրը)
ի դեմս __________________________________________________________,
(անունը, ազգանունը, պաշտոնը)
որը գործում է ___________________________________հիման վրա, մի կողմից,
(գործունեությունը կարգավորող
փաստաթղթի անվանումը)
և Բաժանորդը` ____________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________,
(ներտնային գազասպառման համակարգի գտնվելու վայրը)
մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն են.
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) ԳՄՕԿ` Հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ.
3) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11:00-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11:00-ին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի բնական գազ, իսկ Բաժանորդը` վճարել մատակարարված բնական գազի դիմաց:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:
4. Մատակարարը պարտավոր է.
1) ապահովել Բաժանորդի հուսալի գազամատակարարումը` բնակչությանը մատակարարվող բնական գազին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող բնական գազով.
2) առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, հերթական կամ արտահերթ ստուգաչափումն իրականացնել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում.
3) ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխան տալ Բաժանորդի դիմումին (բողոք, հարցադրում)` հանգամանորեն ներկայացնելով Բաժանորդի դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն Բաժանորդին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ.
4) Բաժանորդի գազամատակարարման դադարեցումը կամ ընդհատումը, դրա վերսկսումը, ինչպես նաև այդ մասին Բաժանորդին նախազգուշացումն իրականացնել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում.
5) կազմել և Բաժանորդին ներկայացնել մատակարարված գազի համար վճարման փաստաթղթերը` սույն պայմանագրի և ԳՄՕԿ-ի համաձայն.
6) Բաժանորդի կողմից վճարման փաստաթղթում վճարի հաշվարկի ճշտությանը կասկածելու դեպքում վերջինիս պահանջով ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում պարզաբանել բնական գազի ծախսի և արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում ԳՄՕԿ-ով սահմանված կարգով կատարել ուղղում, չդադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին.
7) ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն, որի հեռախոսահամարի մասին տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում.
8) ապահովել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի տեսանելիությունը.
9) անձամբ կամ իր հանձնարարությամբ` սպասարկող կազմակերպության միջոցով, Բաժանորդին մատուցել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ` համաձայն ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման մասին համաձայնագրի (հավելված N 2).
10) գազասպառման համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Բաժանորդի դիմումը քննարկել և փոփոխությունները կատարել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում.
11) Բաժանորդի դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող:
5. Մատակարարն իրավունք ունի կնքել առևտրային հաշվառքի սարքը, ինչպես նաև կնքել դրա արկղը:
6. Բաժանորդը պարտավոր է.
i
1) վճարել մատակարարված (վերահաշվարկված) գազի և ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայությունների դիմաց` սույն պայմանագրով և ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.
2) չխախտել Մատակարարի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի, դրա կնիքների և տեղակայման արկղի ամբողջականությունը: Խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնել Մատակարարին.
3) գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.
4) չկատարել ինքնակամ միացումներ գազամատակարարման և ներտնային գազասպառման համակարգերին.
5) գազասպառման համակարգում վթարի կամ վթարային իրավիճակների, կամ անսարքության, ինչպես նաև գազի արտահոսք հայտնաբերելու դեպքերում անմիջապես ընդհատել գազի սպառումը, փակել գազասպառման համակարգի և գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները, օդափոխել շինությունը, չօգտվել բաց կրակից, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և այդ մասին անհապաղ հայտնել Մատակարարին.
6) իր սեփականությունը հանդիսացող բնակարանը վաճառելու (կամ այլ ձևով օտարելու, որը հանգեցնում է բնակարանի սեփականատիրոջ փոփոխության) դեպքում դիմել Մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, պայմանագիրը լուծելու և բնակարանի գազամատակարարումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ Մատակարարը տեղեկանք է տալիս Բաժանորդին.
7) ապահովել այրվող գազերի ազդանշանային սարքի ամբողջականությունը, չանջատել այն էլեկտրասնուցումից, վնասվածքի դեպքում անհապաղ տեղեկացնել Մատակարարին:
(6-րդ կետը փոփ. 24.12.14 թիվ 469-Ն որոշում)
7. Բաժանորդն իրավունք ունի`
1) պահանջել, որ Մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում.
2) կնքել առևտրային հաշվառքի սարքը, ինչպես նաև դրա արկղը.
3) մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:
4. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԸ
8. Սույն պայմանագրի N 1 հավելվածով ամրագրված առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը` անկախ դրա պատկանելությունից կրում է մատակարարը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերի, որոնք իրականացվում են ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:
9. Մատակարարի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազամատակարարման համակարգի և Բաժանորդի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) ներտնային գազասպառման համակարգի սահմանազատման կետը առևտրային հաշվառքի սարքի ելքն է (բկանցքը):
5. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
10. Բաժանորդին Հաշվարկային ամսում մատակարարված բնական գազի քանակը որոշվում է սույն պայմանագրի առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով` բերված Հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Բաժանորդին մատակարարված գազի քանակը «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով ճշգրտման ենթակա չէ:
11. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում:
12. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկ` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:
13. Բաժանորդի կողմից վերահաշվարկի արդյունքին անհամաձայնության դեպքում տարաձայնությունները լուծվում են ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում, ընդ որում` վերահաշվարկված գազի արժեքի`Բաժանորդի կողմից չվիճարկվող մասի վճարման դեպքում Բաժանորդի գազամատակարարումը չի դադարեցվում` մինչև վեճի վերջնական լուծումը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Մատակարարվող բնական գազի սակագինը, ինչպես նաև Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը, որի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:
15. Մատակարարը ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրում է տեղեկատվություն` Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին:
16. Բաժանորդը Հաշվարկային ամսվա համար վճարում է սույն պայմանագրի 15-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո` ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում:
17. ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում վճարում չկատարվելու դեպքում Մատակարարը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնում է Բաժանորդին վճարման և վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման մասին: Եթե զգուշացման պահից ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում Բաժանորդը վճարում չի կատարում, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով Բաժանորդին: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին Մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի գազամատակարարումը վերսկսել ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ Մատակարարը իրավունք ունի տեղում ստուգել Բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:
18. Մատակարարն իրավունք չունի գազի մատակարարման համար Բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման երաշխիք:
19. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկած գազի արժեքը, տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:
20. Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայությունների համար վճարումներն իրականացվում են ըստ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման մասին համաձայնագրի (հավելված N 2):
7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
21. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, ԳՄՕԿ-ով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
8. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
22. Գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով:
9. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
23. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները Հայաստանի Հանրապետություն բնական գազի ներկրման ընդհատումները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:
24. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
10. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
25. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
26. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:
27. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:
28. Հանձնաժողովի կողմից բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
29. Սույն պայմանագիրը կարող է լուծվել.
1) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
2) Բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու և մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և մատուցված տեխնիկական սպասարկման ծառայության համար ամբողջությամբ վճարելու պայմանով.
3) Մատակարարի կողմից միակողմանի` Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով:
30. Սույն պայմանագիրը մատակարարի կողմից միակողմանի կարող է լուծվել բաժանորդի կողմից սույն պայմանագրի 6-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում:
12. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
31. Կողմերը պարտավոր են միմյանց ուղարկվող գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են ստացականով, եթե առանձին դեպքերի համար ԳՄՕԿ-ով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:
32. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման հասցեի փոփոխության դեպքում գրավոր տեղեկացնել միմյանց նոր ծանուցման հասցեի վերաբերյալ:
33. Այն դեպքում, երբ Կողմը գրավոր չի տեղեկացրել իր ծանուցման վայրի հասցեի փոփոխության մասին, ապա սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված:
34. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածներն են`
1) Առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ N 1 հավելվածը.
2) Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման մասին համաձայնագրի վերաբերյալ N 2 հավելվածը:
Մատակարար` Բաժանորդ`
___________________________________ _______________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________ _______________________________
(գտնվելու վայրը) (բնակության վայրը)
____________________________________ _______________________________
(ծանուցման վայրի հասցեն) (ծանուցման վայրի հասցեն)
____________________________________ _______________________________
(Հ/Հ) (անձնագրի տվյալները)
____________________________________ _______________________________
(էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը) (էլ. փոստի հասցեն և
հեռախոսահամարը)
____________________________________ _______________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
Հավելված N 1
Բնական գազի մատակարարման
(Մատակարար-Բաժանորդ
(Բնակիչ) պայմանագրի
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ
1.1. Առևտրային հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները
._______________________________________________________.
|N |Անվանումը|Մակնիշը|Գործարանային N|Տեղադրման|Տեղադրման|
| | | | |վայրը |ժամանակը |
|__|_________|_______|______________|_________|_________|
|1.| | | | | |
|__|_________|_______|______________|_________|_________|
|2.| | | | | |
|__|_________|_______|______________|_________|_________|
|3.| | | | | |
|__|_________|_______|______________|_________|_________|
|4.| | | | | |
._______________________________________________________.
Հավելված N 2
Բնական գազի մատակարարման
(Մատակարար-Բաժանորդ
(Բնակիչ) պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, իսկ Բաժանորդը` վճարել մատուցված ծառայության դիմաց:
2. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը ներառում է`
1) գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը.
2) գազօգտագործող սարքավորումների ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև ցանկացած արգելքի վերացումը, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջականության խաթարման հետ).
3) գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.
4) գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին տարածքում ներկա գտնվող Բաժանորդի կամ նրա ներկայացուցիչների հրահանգավորումը.
5) այրվող գազերի ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրի աշխատունակության ստուգումը:
2. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Բաժանորդը պարտավոր է`
1) օգտագործել բացառապես գործարանային արտադրության գազօգտագործող սարքավորումներ, օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու) դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից, պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները.
2) սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում ու կարգով վճարել Մատակարարի կողմից մատուցած ծառայության համար, բացառությամբ սույն համաձայնագրի 7-րդ կետով նախատեսված դեպքի.
3) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով չխոչընդոտել Մատակարարի ներկայացուցիչների մուտքը իր գազասպառման համակարգի տեղակայման տարածք, եթե վերջինս ներկայացնում է իր լիազորությունները հավաստող ծառայողական վկայական` լուսանկարով և հայտնում է Բաժանորդի քարտի համարը.
4) ապահովել իր կամ իր ներկայացուցչի ներկայությունը գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարմանը:
4. Մատակարարը պարտավոր է`
1) անձամբ կամ այլ կազմակերպության միջոցով տարեկան առնվազն 2 անգամ Բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն.
2) սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումն իրականացնել առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ), սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ.
3) ստուգել գազասպառման համակարգի գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը գազասպառման համակարգի նախագծին և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում խցափակել գազօգտագործող սարքավորումները, կնքել և կազմել գազասարքի շահագործումն արգելող արձանագրություն, գործել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և սույն պայմանագրի պահանջներով.
4) շահագործումից հանված գազասարքը բաժանորդի կողմից ինքնակամ օգտագործման դեպքում դադարեցնել գազասպառման համակարգի գազամատակարարումը: Գազամատակարարումը վերականգնել գազասպառման համակարգի գազաֆիկացման նախագծային վիճակը Բաժանորդի կողմից վերականգնելուց հետո, ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.
5) առնվազն 3 աշխատանքային օր առաջ Բաժանորդին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամկետների մասին:
3. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
5. Սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման իրականացումը հավաստվում է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտով` համաձայն հավելվածի: Ակտը կազմվում է երկու օրինակից` մեկական Մատակարարի և Բաժանորդի համար: Ակտը ստորագրում են Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը (տվյալ բնակության վայրում բնակվող չափահաս քաղաքացի):
4. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար Բաժանորդը Մատակարարին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճար:
7. Մատակարարի կողմից սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելու պարտավորությունը խախտելու դեպքում Բաժանորդը այդ մասով տեխնիկական սպասարկման ծառայության վճար չի վճարում:
8. Գազասպառման համակարգի տեխնիկական յուրաքանչյուր սպասարկման համար Բաժանորդը վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճարի 50 տոկոսը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության յուրաքանչյուր մատուցման ամսվան հաջորդող Հաշվարկային ամսում:
9. Տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման դիմաց Բաժանորդը վճարում է ներկայացված վճարման փաստաթղթի հիման վրա` սույն պայմանագրով և ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:
10. Հանձնաժողովի կողմից ներտնային գազասպառման համակարգի տարեկան վճարի փոփոխման դեպքում նոր վճարն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:
5. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
11. Ծխաօդատար ուղիների նորոգման, վերականգնման կամ վերակառուցման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով նախատեսված աշխատանքները` բացառությամբ սույն համաձայնագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվածի, իրականացվում են ծխաօդատար ուղիների սեփականատիրոջ միջոցների հաշվին:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12. Մատակարարը պատասխանատվություն է կրում Բաժանորդի գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար` օրենքով, ԳՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ նորմատիվ իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների շրջանակում:
13. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Մատակարարը Բաժանորդին վճարում է տույժ` տարեկան վճարի 50 տոկոսի չափով, որը հաշվի է առնվում տվյալ հաշվարկային կիսամյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա` Բաժանորդին ներկայացված վճարման փաստաթղթում:
14. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորության խախտում է համարվում հաշվարկային կիսամյակի ընթացքում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը (սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված ծառայությունը մասամբ իրականացնելը), եթե տեխնիկական սպասարկում չիրականացնելը պայմանավորված չէ Բաժանորդի գործողություններով:
15. Մատակարարն ազատվում է սույն համաձայնագրի 14-րդ կետով սահմանված պատասխանատվությունից, եթե բաժանորդին գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման`
1) ծառայության մատուցման մասին տեղեկացումն իրականացրել է սույն պայմանագրի 31-րդ կետի համաձայն, սակայն ծանուցումը հնարավոր չի եղել ապահովել բաժանորդին հանձնելու անհնարինության պատճառով.
2) Ծառայություն մատուցելու համար այցելել է սույն պայմանագրի համաձայն ծանուցված բաժանորդի գազասպառման համակարգի տեղակայման տարածք, սակայն ծառայությունը չի կարողացել մատուցել բաժանորդի կողմից բնակարան մուտք չապահովելու պատճառով:
16. Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը չի ստորագրում տվյալ հաշվարկային կիսամյակի համար կազմվող ակտը, եթե Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված ծառայությունները չի մատուցել կամ մատուցել է մասնակի:
Բաժանորդ Մատակարար
______________________________ ______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (անունը, հայրանունը, ազգանունը,
պաշտոնը)
______________________________ ______________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
«_____» _____________20 թվական «_____» _____________20 թվական
Պայմանագիր N ________ Կ.Տ
Հավելված
Ներտնային գազասպառման
համակարգի տեխնիկական
սպասարկման ծառայությունների
մատուցման մասին համաձայնագրի
__________________________________________
(սպասարկումն իրականացնող կազմակերպություն)
ԱԿՏ
Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման
ծառայությունների մատուցման վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Կատարման |Մատակարարի (լիազորված|Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի |
|ամսաթիվ, ամիս,|անձի ներկայացուցիչ |(տվյալ բնակության վայրում |
|տարեթիվ | |բնակվող չափահաս քաղաքացու) |
| |_____________________|________________________________|
| |անունը, |ստորա- |անունը, |ստորա- |Նշումներ |
| |ազգանունը |գրությունը|ազգանունը |գրությունը| |
|______________|__________|__________|__________|__________|__________|
|«___» _______ | | | | | |
|20____ թվական | | | | | |
|______________|__________|__________|__________|__________|__________|
|«___» _______ | | | | | |
|20____ թվական | | | | | |
._____________________________________________________________________.
1. Բաժանորդը (տվյալ բնակության վայրում բնակվող չափահաս քաղաքացին) չի ստորագրում տվյալ հաշվարկային կիսամյակի համար կազմվող ակտը, եթե Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները չի կատարել կամ մասնակի է կատարել: Այս դեպքում Բաժանորդը (տվյալ բնակության վայրում բնակվող չափահաս քաղաքացին) նշումների սյունակում կատարում է համապատասխան գրառում: