(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության տնտեսության կառավարման բարդ ու բազմաբնույթ խնդիրների լուծման համար խիստ կարևորվում է հավաստի վիճակագրական հաշվետվական տվյալները ժամանակին ներկայացնելու դերը: Սակայն բազմաթիվ կազմակերպություններ թույլ են տալիս լուրջ խախտումներ ոչ միայն հաստատված կարգով վիճակագրական հաշվետվական տվյալները ժամանակին ներկայացնելու հարցում, այլև ներկայացված հաշվետվություններում տեղ են գտնում ոչ հավաստի և աղավաղված տվյալներ, որի պատճառով տնտեսական երևույթների օբյեկտիվ ու ամբողջական գնահատման հարցում առաջանում են լուրջ բարդություններ:
Պետական վիճակագրական հաշվետվական կարգապահությունը բարձրացնելու նպատակով, որոշում եմ.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների և պետական տեսչության պետերը, ինչպես նաև հանրապետական գերատեսչությունների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում համապատասխան ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից, սահմանված ժամկետներում ու կարգով, հավաստի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պարբերաբար, ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության տեղեկագրերի, քննության առնել պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից վիճակագրական հաշվետվությունների ներկայացման վիճակը և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` միջոցներ ձեռնարկել իրենց տարածքներում գործող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) կողմից, սահմանված ժամկետներում ու կարգով, վիճակագրական հաշվետվությունների ներկայացումն ապահովելու համար:
4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ, 20-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել պետական վիճակագրական հաշվետվությունների չներկայացման, ներկայացման կարգի խախտումների, ինչպես նաև աղավաղված տվյալների ներկայացման համար պատասխանատվություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3 փետրվարի 1993 թվական
ՆՀ-194