i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/1390/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/1390/05/17 2018 թ.
Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան
Դատավորներ` Կ. Բաղդասարյան
Կ. Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ե. Խունդկարյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2018 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Ավետիսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 02.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1705695158 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գագիկ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 02.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1705695158 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 17.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.07.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է և Գագիկ Ավետիսյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Ավետիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, բողոքաբերի վրա դնելով պետական տուրք վճարելու պարտականություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նման պարտականություն չի նախատեսում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով պետական տուրքից ազատվելու հնարավորությունը հավասարապես տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ հայցվորի պահանջը վարչական դատարանի կողմից բավարարվել է, սակայն հետագայում այդ վճիռը պատասխանողի կողմից բերված բողոքի արդյունքում բեկանվել է վերադաս դատական ատյանի կողմից: Տվյալ պարագայում հայցվորի վրա պետական տուրք վճարելու պարտականություն դնելը խախտում է վերջինիս սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է դատական ծախսերի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2018 թվականի որոշումը և այդ մասով փոփոխել այն` դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.
Ծառայության պետի 02.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1705695158 որոշմամբ Գագիկ Ավետիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատման ձևով օրենքի ուժով սահմանված արտոնության` դատական բողոքարկման փուլերում կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք:
Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ):
i
25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: ՈՒստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի իրավաչափ շահի միջև պատշաճ հավասարակշռություն երաշխավորելու նպատակով օրենսդիրը որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու ձևով: Այդ արտոնությունը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենքի ուժով ազատված են իրենց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից:
i
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` գործի քննության արդյունքում կայացրած դատական ակտով դատարանը լուծում է նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի, այդ թվում նաև` պետական տուրքի բաշխման հարցերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակիրառ պրակտիկայում վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու հանգամանքը վկայում է այն մասին, որ հայցվոր ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք դատարան դիմելու համար պետական տուրք չեն վճարում, այսինքն` պետական տուրքի գծով դատական ծախս փաստացի չեն կատարում: Հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պետական տուրքի գծով դատական ծախս փաստացի չեն կատարում նաև վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս, ինչպես նաև վերաքննիչ վարչական դատարանի վերջնական դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկելիս: Այսինքն` այն դեպքում, երբ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենքի ուժով ազատված են հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից, ապա վերջիններս պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված են նաև այդ գործով իրենց համար անբարենպաստ դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար:
i
Մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է դատական ծախսերի բաշխման հարցն այն իրավիճակում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջի հիման վրա հարուցված դատական գործը վարչական դատարանում լուծվում է հայցվորի օգտին, վարչական դատարանի դատական ակտը վերադաս դատական ատյան է բողոքարկվում ոչ թե հայցվորի, այլ պատասխանող վարչական մարմնի կողմից, և այդ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվում է ի վնաս հայցվորի: Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավական դիրքորոշումներ ձևավորել հենց այդ խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ` հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված որոշմամբ ընդգծել է, որ վճարված պետական տուրքը դրա վճարման պարտավորություն ունեցող դատավարության մասնակցի հաշվին կարող է հատուցվել օրենքով սահմանված կարգով, որը նաև պայմանավորված է մրցակցային արդարադատության էությամբ: Նշված որոշման շրջանակներում անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավադրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը` ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հարցում օբյեկտիվորեն կարևորել է հատկապես դատաքննության արդյունքը, դրա հիմքում որպես գնահատման չափանիշ դիտարկելով արդյունավետությունը, և դրան համապատասխան` դատական ծախսերի հատուցման պարտականություն սահմանել այն իրավասուբյեկտի համար, որի իրավունքների, օրինական շահերի դատական պաշտպանությունն օբյեկտիվորեն անարդյունավետ է եղել: Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատական ծախսերի բաշխման (հատուցման) իրավակարգավորման նման սկզբունքի նախատեսումը հետապնդում է արդարացի, Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխան` իրավունքի իրացման չափանիշներին համապատասխանող նպատակ, այն բավարար չափով որոշակի է, որպեսզի վարչական դատավարության կոնկրետ մասնակիցներն ի վիճակի լինեն կանխատեսել դատաքննության արդյունքներով պայմանավորված իրավական հետևանքներ` կապված դատական ծախսերի հատուցման հնարավոր պարտականության կատարման հետ:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ: Ընդ որում, խնդրո առարկա իրավիճակում գանձվող պետական տուրքը ծառայում է այն նույն նպատակներին, ինչն այդ ինստիտուտն ունի ընդհանրապես, այն է` փոխհատուցել վերադաս դատարանում գործի քննությամբ պայմանավորված ծախսերը:
Միևնույն ժամանակ, սակայն, ՀՀ սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` վարչական դատավարության շրջանակներում կայացված դատական ակտերի բողոքարկման ընթացակարգերում պետական տուրքի գծով արտոնություն չի տրամադրվում այդ արտոնությունից օգտված անձին, դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման առումով սահմանադրականության խնդիր է առաջացնում: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` օրենքի վերոհիշյալ հոդվածի վիճարկվող իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելով` օրենսդիրը որևէ սահմանափակում կամ բացառություն չի նախատեսել` կապված այդ գործերով կայացված դատական ակտերի հետագա հնարավոր բողոքարկման շրջանակներում հիշյալ արտոնության շարունակական կիրառման հետ: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերի համատեղ կիրառման շրջանակներում դատական ծախսերի բաշխման կանոնները չեն կարող մեկնաբանվել այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` պետական տուրքի գծով արտոնություն ունեցող անձից այդ ծախսերը գանձվեն` ներառելով նաև վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Դատաքննության անբարենպաստ ելքով կամ օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով պայմանավորված դատավարության մասնակից այն սուբյեկտը, որն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի վճարման արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով հատուցելու պարտականություն` պահպանելով պետական տուրքի գծով արտոնությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների հենց այսպիսի ընկալմամբ` ապահովելով դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը նաև դատական բողոքարկման ընթացակարգերում:
Հիմնվելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների վրա` ՀՀ սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով` դատական բողոքարկման բոլոր փուլերում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված վերոհիշյալ իրավական դիրքորոշումները վերաբերում են, մասնավորապես, իրավակիրառ պրակտիկայում հանդիպող այն իրավիճակին, երբ հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ոչ առևտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հայցը վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտով լրիվ կամ մասնակիորեն բավարարվում է, և այդ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվում է պատասխանող վարչական մարմնի կողմից: Այդ դեպքում պատասխանող վարչական մարմինն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և պարտավոր է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել պետական տուրք` օրենքով սահմանված չափով: Այդ իրավիճակում, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի, պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքը բավարարելու և վարչական դատարանի վճիռը բեկանելու, փոփոխելու և հայցը մերժելու դեպքում վերաքննիչ դատարանը, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, չի կարող պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականությունը դնել պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր կողմի վրա:
Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին. վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության. եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Այլ կերպ ասած` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ սույն որոշմամբ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումները կիրառելի են բացառապես այն վարչական գործերի նկատմամբ, որոնք հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա, և հայցվորը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է այդ վարչական ակտի վիճարկման պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գագիկ Ավետիսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Ծառայության 02.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1705695158 որոշումը: Նշված վարչական ակտով Գագիկ Ավետիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով:
Դատարանը բավարարել է Գագիկ Ավետիսյանի հայցը` Ծառայության 02.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1705695158 որոշումը ճանաչելով անվավեր:
Վերաքննիչ դատարանը, բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` հայցը մերժել է: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանը Գագիկ Ավետիսյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության 02.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1705695158 որոշումը` որպես Գագիկ Ավետիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտ, վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար Գագիկ Ավետիսյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Գագիկ Ավետիսյանի վիճարկման հայցը Դատարանի կողմից բավարարվել է, և Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է պատասխանող Ծառայությունը: Ծառայությունն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամի չափով: Վերաքննիչ դատարանը բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել ու փոփոխել է Դատարանի վճիռը և Ծառայության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ֆիզիկական անձի` Գագիկ Ավետիսյանի վրա:
Մինչդեռ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն որոշմամբ արված իրավական հետևությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Գագիկ Ավետիսյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Գագիկ Ավետիսյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Գագիկ Ավետիսյանի վրա պետական տուրք վճարելու (փոխհատուցելու) պարտականություն դնելու փոխարեն, պարտավոր էր վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
i
Թեև նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 11.07.2018 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, իսկ Գագիկ Ավետիսյանը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գագիկ Ավետիսյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.07.2018 թվականի որոշման` պետական տուրքի բաշխման մասը, և այդ մասով այն փոփոխել. վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ե. Խունդկարյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան