i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ Քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԿԴ/2917/02/12
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2917/02/12 2018 թ.
Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Հ. Ենոքյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2018 թվականի դեկտեմբերի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ալմաքար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ալմաքար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ-ի ընդդեմ «Ալմաքար» ՍՊԸ-ի` գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 34.560.000 ՀՀ դրամ` որպես անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված դրամական հատուցում:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 17.280.000 ՀՀ դրամ` որպես անվավեր գործարքով ստացված գումար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 05.04.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.04.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 304-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 130-րդ, 130.1-րդ և 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անհիմն հետևություն է արել այն մասին, որ հայցվորը չի ապացուցել այն հանգամանքը, որ վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքը հնարավոր չէ բնեղենով վերադարձնել սեփականատիրոջը, մինչդեռ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե ինչ է իրենից ներկայացնում անվավեր ճանաչված վարձակալության պայմանագրի դեպքում «գործարքով ստացվածը» արտահայտությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 2011 թվականից սկսած յուրաքանչյուր ամիս վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարի վճարման վերաբերյալ հարկային հաշիվների առկայությունը հաստատում է, որ վարձակալության հանձնված գույքը շարունակել և շարունակում է տիրապետվել պատասխանողի կողմից: Հակառակ դեպքում այն պահից սկսած, երբ գույքը բնեղենով վերադարձված լիներ սեփականատիրոջը, վարձատուի կողմից վարձակալին վարձավճարի վճարման պահանջ ներկայացնելը կդառնար անիմաստ: Մինչդեռ հայցվորի կողմից վարձավճարի վճարման մասին հարկային հաշիվները շարունակել են ներկայացվել ընդհուպ մինչև կողմերի միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերության (Վարձատու) և Կազմակերպության (Վարձակալ) միջև 09.07.2009 թվականին կնքված վարձակալության պայմանագրով Վարձատուն պարտավորվել է վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը հանձնել Վարձատուին պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 42 քմ, 90 քմ և 160 քմ մակերեսներով արտադրամասերը, որոնք տեղաբաշխված են 0,2645 հա մակերեսով հողամասի վրա: Պայմանագրով յուրաքանչյուր ամսվա վարձավճարը սահմանվել է 720.000 ՀՀ դրամ, իսկ պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 09.07.2009 թվականից մինչև 09.07.2055 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 23-24):
2) 30.08.2011-30.07.2015 թվականների թվով 48 հարկային հաշիվների համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպությանը մատուցվել են ծառայություններ` ընդհանուր 34.560.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 6-22, հատոր 2-րդ, գ.թ. 54-85):
3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.04.2013 թվականի թիվ ԱՏ-05/04/2013-2-0090 տեղեկանքի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող և Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 09.07.2009 թվականին վարձակալության պայմանագրով տրվել է Կազմակերպությանը, որն էլ 01.08.2009 թվականին նշված գույքը ենթավարձակալության պայմանագրով տվել է «Գեգամետ պլյուս» ՍՊԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 84):
4) ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԳԴ4/0243/02/13 քաղաքացիական գործով` ըստ հայցի Կազմակերպության մասնակից Խաչիկ Վաղինակի Մանուկյանի ընդդեմ Ընկերության և Կազմակերպության` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 26.11.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 09.07.2009 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը ճանաչվել է անվավեր (հատոր 2-րդ, գ.թ. 86-92):
5) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0072/04/16 քաղաքացիական գործով 25.11.2016 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 113-117):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում գործարքով կողմերից յուրաքանչյուրի ստացածը վերադարձնելու առանձնահատկություններին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն` վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 608-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք): Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ» վերտառությամբ 61-րդ գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի գույքից` առանց այն ձեռք բերելու մտադրության, կամ ուրիշի ծառայություններից, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:
Վերոնշյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գործարքն անվավեր է դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք). այդպիսի գործարքն անվավեր է կնքելու պահից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսել է ընդհանուր կանոն գործարքի անվավերության հետևանքների վերաբերյալ, այն է` կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է բացառություն այն դեպքերի համար, երբ ստացածը բնեղենով վերադարձնելն անհնար է: Նման դեպքերում կողմը պարտավոր է հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Որպես բացառություն` օրենսդիրն ինքնին նախատեսել է գույքից օգտվելը, այսինքն` կողմը, որն անվավերությանը նախորդող ժամանակահատվածում օգտվել է գույքից, որպես գույքից օգտվելը բնեղենով վերադարձնելու անհնարինություն` պարտավոր է հատուցել գույքից օգտվելու արժեքը: Փաստորեն, գույքի օգտագործման պայմանագրերի դեպքում «գործարքով ստացածը» հասկացությունը ենթակա է ավելի լայն մեկնաբանման: Նման մեկնաբանության պայմաններում «գործարքով ստացածը» նշանակում է ոչ միայն գործարքով ստացված գույքը բնեղենով, այլ նաև գույքի օգտագործման ողջ գործընթացը ներառյալ, հակառակ դեպքում` նշված հասկացությանը տրված ոչ համապատասխան մեկնաբանումը կարող է խեղաթյուրել իրավական նորմի բուն էությունը:
Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք: Վարձակալության պայմանագրի դեպքում վարձակալի ստացածը դրսևորվում է վարձակալության պայմանագրով վարձատուի կողմից տրամադրված գույքից օգտվելով, որի վերադարձը ևս չի կարող արտահայտվել բնեղենով: Հետևաբար վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում գույքն օգտագործողի կողմից գործարքով ստացածը վերադարձնելն անհնար է, քանի որ վարձակալության դեպքում գույքը հանձնվում է օգտագործման, ուստի գործարքով ստացածը դրսևորվում է գույքից օգտվելով: Այսինքն` վարձակալության դեպքում վարձակալը փաստացի օգտվում է պայմանագրի առարկա հանդիսացող գույքից, և անվավերության հետևանքներ կիրառելիս վերջինս պարտավոր է սեփականատիրոջը հատուցել այդ գույքի օգտագործման արժեքը:
Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարձակալության պայմանագրի անվավերության հետևանքների կիրառումն ունի հետևյալ առանձնահատկությունները`
1. վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը դրսևորվում է գույքի օգտագործմամբ, հետևաբար` այն բնեղենով վերադարձնելն անհնար է,
2. վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձակալը պարտավոր է սեփականատիրոջը հատուցել գույքից օգտվելու արժեքը,
3. վարձակալության պայմանագրով վարձակալի ստացածը` գույքից օգտվելու արժեքը, որոշվում է տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
Վերջին պայմանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխի կանոններից: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ» վերտառությամբ 61-րդ գլխում նախատեսած դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի գույքից` առանց այն ձեռք բերելու մտադրության, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է: Նշված դրույթը կիրառելի է նաև վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում, քանի որ օրենսդիրը ուղղակիորեն սահմանում է, որ մատնանշված գլխի դրույթները կիրառելի են անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով կամ չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից:
Հաշվի առնելով վերոնշյալ իրավական վերլուծությունները և վարձակալության պայմանագրի առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձատուն իրավունք ունի պահանջել գույքը բնեղենով, ինչպես նաև որպես վարձակալության պայմանագրի անվավերության հետևանք գույքի փաստացի տիրապետման ամբողջ ժամանակահատվածի համար գույքից օգտվելու արժեքը` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` 09.07.2009 թվականի վարձակալության պայմանագրով Ընկերությունը Կազմակերպության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 42 քմ, 90 քմ և 160 քմ մակերեսներով արտադրամասերը: Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 09.07.2009 թվականից մինչև 09.07.2055 թվականը: 31.08.2011-30.07.2015 թվականների թվով 48 հարկային հաշիվների համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպությանը մատուցվել են ծառայություններ` ընդհանուր 34.560.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.04.2013 թվականի թիվ ԱՏ-05/04/2013-2-0090 տեղեկանքի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 09.07.2009 թվականին վարձակալության պայմանագրով տրվել է Կազմակերպությանը: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 26.11.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 09.07.2009 թվականին կնքված վարձակալության պայմանագիրն անվավեր է ճանաչվել: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2016 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ դատաքննությամբ ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը վերջինիս բնեղենով անհնար է վերադարձնել կամ առհասարակ չի վերադարձվել, որպիսի հանգամանքը թույլ կտար Ընկերությանը դրա փոխարեն պահանջել դրամական փոխհատուցում: Հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելով` Դատարանն արձանագրել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2016 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, հետևաբար սույն քաղաքացիական գործի վարույթն ազդում է սնանկության վարույթի վրա, ուստի հակընդդեմ հայցը ենթակա է կարճման:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ հայցվորը չի ներկայացրել ապացույց առ այն, որ անվավեր ճանաչված վարձակալության պայմանագրով նախատեսված անշարժ գույքը չի վերադարձվել իրեն կամ հնարավոր չէ այն բնեղենով վերադարձնել, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել նաև Դատարանը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ թեև 31.08.2011-30.07.2015 թվականների թվով 48 հարկային հաշիվների համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպությանը մատուցվել են ծառայություններ` ընդհանուր 34.560.000 ՀՀ դրամի չափով, այնուամենայնիվ, հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով չի ապացուցել այն հանգամանքը, որ վարձակալության տրամադրված անշարժ գույքը հնարավոր չէ վերադարձնել սեփականատիրոջը:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով այն փաստը, որ Ընկերությունը չի ներկայացրել ապացույց առ այն, որ անվավեր ճանաչված վարձակալության պայմանագրով նախատեսված անշարժ գույքը չի վերադարձվել իրեն կամ հնարավոր չէ այն բնեղենով վերադարձնել, ըստ էության, ճիշտ չեն գնահատել գործի լուծման համար նշանակություն ունեցող մյուս փաստերը: Այսինքն` ստորադաս դատարանները գործարքի անվավերության հետևանքները` գործարքով ամբողջ ստացածը վերադարձնելը, փաստացի կապել են միայն վարձակալության պայմանագրի առարկայի բնեղենով վերադարձի հետ, մինչդեռ ինչպես արդեն նշվեց, գործարքով ստացածն այս դեպքում ենթակա է լայն մեկնաբանության: Մասնավորապես` գործարքով ստացածը նշանակում է ոչ միայն գործարքով ստացած գույքը բնեղենով, այլ նաև գույքից օգտվելու գործընթացը, որի արժեքը ևս ենթակա է հատուցման:
Նման պայմաններում ստորադաս դատարանները լրիվ ու բազմակողմանի քննություն չեն իրականացրել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու ուղղությամբ, հետևաբար առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում «գործարքով ստացվածը» և դրա արժեքը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկվում միայն Ընկերության հայցի մասով, նկատի ունենալով, որ գործի վարույթը` Կազմակերպության հակընդդեմ հայցի մասով, կարճվել է և դատական ակտն այդ մասով վերաքննության, համապատասխանաբար նաև` վճռաբեկության կարգով չի բողոքարկվել:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և գործն ըստ հայցի «Ալմաքար» ՍՊԸ-ի ընդդեմ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ-ի` գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող` Ռ. Հակոբյան
զեկուցող` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան