Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 114-ՐԴ, 132-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ

    դատարանի որոշում                      թիվ ՎԴ2/0098/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0098/05/16      2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի օգոստոսի 02-ին

քննարկելով ըստ հայցի Բաղիշ Պետրոսյանի ընդդեմ Վարդենիսի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Վարդենիսի գյուղատնտեսական կենդանիների սերմնավորման կայան» պետական ձեռնարկության (այսուհետ` Ձեռնարկություն), Ոսկան Մկրտչյանի` թիվ 05-005-0242-0042 ծածկագիրը կրող Վարդենիս քաղաքի Վ. Մամիկոնյան թիվ 47 հասցեում գտնվող գույքի մասով Վարդենիս համայնքի ղեկավարի 24.06.2014 թվականի «Ձեռնարկությանը պատկանող շենքի և անասնաշենքի զբաղեցրած և սպասարկման հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու, սեփականության իրավունքը ձևակերպելու և Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարի 06.06.2014 թվականի թիվ 178-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» թիվ 182-Ա որոշումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.10.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ոսկան Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բաղիշ Պետրոսյանը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել թիվ 05-005-0242-0042 ծածկագիրը կրող Վարդենիս քաղաքի Վ. Մամիկոնյան թիվ 47 հասցեում գտնվող գույքի մասով Վարդենիս համայնքի ղեկավարի 24.06.2014 թվականի «Ձեռնարկությանը պատկանող շենքի և անասնաշենքի զբաղեցրած և սպասարկման հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու, սեփականության իրավունքը ձևակերպելու և Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարի 06.06.2014 թվականի թիվ 178-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» թիվ 182-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 26.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Վարդենիս համայնքի ղեկավարի 24.06.2014 թվականի «Ձեռնարկությանը պատկանող շենքի և անասնաշենքի զբաղեցրած և սպասարկման հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու, սեփականության իրավունքը ձևակերպելու և Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարի 06.06.2014 թվականի թիվ 178-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» թիվ 182-Ա որոշման 1-ից 5-րդ կետերը (ներառյալ)` թիվ 05-005-0242-0042 ծածկագիրը կրող Վարդենիս քաղաքի Վ. Մամիկոնյան թիվ 47 հասցեում գտնվող գույքի (0,07161 հա մակերեսով հողամաս և 494,12 քմ մակերեսով անասնաշենք) մասով, ճանաչվել են անվավեր: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2017 թվականի որոշմամբ Ոսկան Մկրտչյանի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոսկան Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասը, 132-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ոսկան Մկրտչյանը Դատարանի վճիռը ստացել է 21.06.2017 թվականին, իսկ վճռի վերջին էջի դարձերեսին վերջինիս կողմից վճիռը ստանալու վերաբերյալ գրառումը, որում բացակայում է այն ստանալու ամսաթվի վերաբերյալ նշումը, չի կարող որևէ կերպ հիմնավորել այն հանգամանքը, որ Ոսկան Մկրտչյանն այդ դատական ակտը ստացել է հենց 26.12.2016 թվականին և բողոքարկման մեկամսյա ժամկետի հոսքը սկսվել է հենց այդ պահից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.10.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի, դրա արդյունքում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (...): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին: Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Ավելին, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու` իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքները, որոնք նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն` վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության ապահովման երաշխիքներով:

i

Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բաց թողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 26.12.2016 թվականին: 26.12.2016 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստին չեն ներկայացել (հատոր 2-րդ, գ.թ. 101): Գործում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դատավարության մասնակից Ոսկան Մկրտչյանին գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկելու վերաբերյալ ապացույց: Ոսկան Մկրտչյանը 20.06.2017 թվականին դիմել է դատարան` վճռի օրինակը տրամադրելու պահանջով, ինչի հիման վրա 21.06.2017 թվականին տրամադրվել է վճռի օրինակը, և որի վերաբերյալ կատարվել է նշում (հատոր 3-րդ, գ.թ. 41): Դատարանի վճռի դարձերեսին առկա է նշում Ոսկան Մկրտչյանի կողմից վճիռը ստանալու վերաբերյալ` առանց ստացման ամսաթվի նշման (հատոր 2-րդ, գ.թ. 102-115):

Ոսկան Մկրտչյանը, 03.07.2017 թվականին բերելով վերաքննիչ բողոք Դատարանի վճռի դեմ, ներկայացրել է նաև միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ վճիռը ստացել է միայն 20.06.2017 թվականին դիմում ներկայացնելուց հետո (հատոր 3-րդ, գ.թ. 52-56): Վերաքննիչ դատարանը, մերժելով Ոսկան Մկրտչյանի վերոգրյալ միջնորդությունը, նշել է, որ վերջինս Դատարանի վճիռը ստացել է անմիջապես դրա հրապարակման օրը` 26.12.2016 թվականին, որի վերաբերյալ վճռի դարձերեսին առկա է նշում, ուստի անհիմն է բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, որ վճիռը ստացել է միայն 20.06.2017 թվականին դիմում ներկայացնելուց հետո (հատոր 3-րդ, գ.թ. 93-95):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, անտեսել է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն վարչական գործով կայացված վճիռը Ոսկան Մկրտչյանին ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու հանգամանքները, քանի որ դատարանի կողմից դատավարության մասնակցին վճռի օրինակն ուղարկելը նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Հետևաբար նշված հանգամանքը պարզելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է արդյոք վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել է Ոսկան Մկրտչյանին: Բացի այդ, Ոսկան Մկրտչյանը 20.06.2017 թվականին դիմել է դատարան` վճռի օրինակը տրամադրելու պահանջով, ինչի հիման վրա էլ 21.06.2017 թվականին վերջինիս տրամադրվել է վճռի օրինակը, և որի վերաբերյալ կատարվել է նշում, ինչպիսի հանգամանքը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Դատարանի վճռի դարձերեսին առկա` Ոսկան Մկրտչյանի կողմից Դատարանի վճռի օրինակը ստանալու վերաբերյալ գրառումից այն ստանալու ամսաթվի վերաբերյալ որևէ նշում առկա չլինելու պարագայում Վերաքննիչ դատարանը կատեգորիկ հետևություններ չէր կարող անել դատական ակտը ստանալու հստակ ամսաթվի վերաբերյալ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջինս Դատարանի վճռի հրապարակմանը ներկա չի եղել, ուստի այդ հանգամանքը չէր կարող մեկնաբանվել ի վնաս բողոք բերած անձի:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով միայն դատավարական ժամկետները բաց թողնելը հարգելի համարելու մասին միջնորդությանը, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի ընդունելության մյուս պայմաններին, մասնավորապես` քննարկման առարկա չի դարձրել բողոք բերած անձի կողմից ներկայացված մյուս միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, որից հետո միայն կարող է լուծել վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.10.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.08.2018
N ՎԴ2/0098/05/16
Որոշում