i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱՔԴ/4664/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4664/02/16 2018 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Գ. Խանդանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ` Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
2018 թվականի սեպտեմբերի 19-ին
գրավոր ընթացակ արգով քննելով ըստ հայցի Կարեն Գևորգյանի, Ալիս Ղանթարչյանի ընդդեմ Լևոն Գևորգյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Լևոն Գևորգյանի ներկայացուցիչ Արման Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարեն Գևորգյանը և Ալիս Ղանթարչյանը պահանջել են Լևոն Գևորգյանից հօգուտ Կարեն Գևորգյանի բռնագանձել 4.193.885 ՀՀ դրամ, հօգուտ Ալիս Ղանթարչյանի բռնագանձել 13.714.285 ՀՀ դրամ և նշված գումարների նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսները:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Լևոն Գևորգյանից հօգուտ Ալիս Ղանթարչյանի բռնագանձել 13.714.285 ՀՀ դրամ` որպես լիազորագրի հիմքով պայմանագրով ստացված և Ալիս Ղանթարչյանին չփոխանցված գումար, Լևոն Գևորգյանից հօգուտ Կարեն Գևորգյանի բռնագանձել 4.173.085 ՀՀ դրամ` որպես լիազորագրի հիմքով պայմանագրով ստացված և Կարեն Գևորգյանին չփոխանցված գումար, Լևոն Գևորգյանից հօգուտ Ալիս Ղանթարչյանի բռնագանձել 13.714.285 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 19.04.2016 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարը, Լևոն Գևորգյանից հօգուտ Կարեն Գևորգյանի բռնագանձել 4.173.085 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 26.06.2016 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարը, Լևոն Գևորգյանից հօգուտ Կարեն Գևորգյանի բռնագանձել 83.461,7 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք: Մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Հ. Ենոքյան, Ս. Միքայելյան, Ա. Սմբատյան) 19.12.2017 թվականի որոշմամբ Լևոն Գևորգյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.02.2018 թվականի որոշմամբ Լևոն Գևորգյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Գևորգյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Լևոն Գևորգյանի կողմից պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում վերադարձրել է վերաքննիչ բողոքն այն հիմքով, որ պետական տուրքը վճարված չէ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Դատարանի վճիռը Լևոն Գևորգյանի կողմից բողոքարկվել է մասնակի` միայն Կարեն Գևորգյանի մասով, և այդ չափով վճարվել է պետական տուրք, ինչը հավաստող անդորրագիրը գտնվում է քաղաքացիական գործում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 01.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել որոշում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը և 213-րդ հոդվածը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են նաև պետական տուրքից (...):
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, (...), գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու իրավահարաբերության ծագման պահին գործող դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետ է տրամադրում դրանք վերացնելու և կրկին ներկայացնելու համար, իսկ մնացած բոլոր դեպքերում թերությունները շտկելու և բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում: Ընդ որում, նշված երկշաբաթյա ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...):
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (...) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս` բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը` այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ` ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում օրենսդրի կողմից կարևորվել է նաև այն հանգամանքը, որ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն` վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձն օգտվելով իր տնօրինչական իրավունքից ինչ ծավալով, որ բողոքարկում է դատական ակտը` այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը:
Սույն գործի փաստերի համաձայն` Լևոն Գևորգյանը, 22.11.2017 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, պահանջել է բեկանել Դատարանի 19.10.2017 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 149.300 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 2-րդ, գ.թ. 6-12):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ, վերադարձնելով վերաքննիչ բողոքը և սահմանելով երկշաբաթյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար, պատճառաբանել է, որ «բողոքաբերը դատական ակտը բողոքարկել է ամբողջությամբ, որի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը կազմում է 13.714.285+4.193.885 ՀՀ դրամ` գույքային պահանջի 3 տոկոսը` 534.241 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով բռնագանձման ենթակա տոկոսների 3 տոկոսը: Մինչդեռ վերաքննիչ բողոք բերած անձը վճարել է 149.300 ՀՀ դրամ` որպես օրենքով սահմանված պետական տուրքի գումար, և չի ներկայացրել միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի չվճարված մասի (384.941,1 ՀՀ դրամ և հաշվեգրվելիք տոկոսների 3 տոկոս) վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ» (հատոր 2-րդ, գ.թ. 15-16):
Լևոն Գևորգյանը, 26.01.2018 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, պահանջել է մասնակիորեն` Լևոն Գևորգյանից հօգուտ Կարեն Գևորգյանի` 4.193.885 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, բեկանել Դատարանի 19.10.2017 թվականի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության (հատոր 2-րդ, գ.թ. 40-45):
Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 01.02.2018 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ «բողոքաբերը կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի չվճարված մասի վճարման անդորրագիրը և չի ներկայացրել միջնորդություն վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի չվճարված մասի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ: Արդյունքում կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքով չի վերացվել Վերաքննիչ դատարանի 19.12.2017 թվականի որոշմամբ արձանագրված թերությունը» (հատոր 2-րդ, գ.թ. 49):
Մինչդեռ վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լևոն Գևորգյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով ըստ էության դատական ակտը բողոքարկել է միայն իրենից հօգուտ Կարեն Գևորգյանի 4.193.885 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ սկսած 24.06.2016 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարը բռնագանձելու պահանջների մասով: Այսինքն` տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը պետք է հաշվարկվեր և վճարվեր ելնելով բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափից, այն է` 4.193.885 ՀՀ դրամի 3 տոկոսը, որը կազմում է 125.816 ՀՀ դրամ, ինչպես նաև 4.193.885 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով բռնագանձման ենթակա տոկոսների 3 տոկոսը: Նկատի ունենալով, որ Դատարանի 19.10.2017 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է վերը նշված ծավալով, իսկ առաջին վերաքննիչ բողոքը ներկայացվել է 22.11.2017 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 4.193.885 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով բռնագանձման ենթակա տոկոսների 3 տոկոսի պետական տուրքի չափը Դատարանի 19.10.2017 թվականի վճռից մինչև վերաքննիչ բողոք ներկայացնելու օրը` 22.11.2017 թվականը, կազմում է (4.193.885 *12%/365 *34=46.879) 46.879 ՀՀ դրամի 3 տոկոսը, այն է` 1.406 ՀՀ դրամ:
Ընդ որում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից Լևոն Գևորգյանը չի ներկայացրել պետական տուրքի վճարման անդորրագիր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից արդեն իսկ ներկայացրել է 149.300 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման 20.11.2017 թվականի թիվ 000124 անդորրագիր, որի բնօրինակը գտնվում է սույն քաղաքացիական գործում (հատոր 2-րդ, գ.թ. 6): Այսինքն` Լևոն Գևորգյանը, Դատարանի 19.10.2017 թվականի վճիռը բողոքարկելով 4.193.885 ՀՀ դրամի և այդ գումարի նկատմամբ սկսած 24.06.2016 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարը բռնագանձելու պահանջների մասով, առաջին անգամ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 149.300 ՀՀ դրամի չափով պետական տուրքի անդորրագիր, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է Լևոն Գևորգյանի` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 01.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ և 406-րդ 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան