i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱՔԴ/1482/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1482/02/16 2018 թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Կ. Հակոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Միքայելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի հուլիսի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աիդա Եգանյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նաիրա Կիրակոսյանի և Աիդա Եգանյանի ընդդեմ Անահիտ, Գրիգոր և Մերի Առաքելյանների, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հասմիկ Բաղդասարյանի` ձեռքբերման վաղեմության ուժով Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի, դրանով ծանրաբեռնված հողամասի, իրենց կողմից օգտագործվող նկուղի, դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ինչպես նաև համապատասխան մասերով Անահիտ, Գրիգոր և Մերի Առաքելյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նաիրա Կիրակոսյանը և Աիդա Եգանյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի, դրանով ծանրաբեռնված հողամասի, իրենց կողմից օգտագործվող նկուղի, դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ, ինչպես նաև համապատասխան մասերով անվավեր ճանաչել Անահիտ, Գրիգոր և Մերի Առաքելյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 21.04.2017 թվականի վճռով Նաիրա Կիրակոսյանի հայցը մերժվել է, Անահիտ Առաքելյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ Աիդա Եգանյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է հայցվոր Աիդա Եգանյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3 հասցեում գտնվող բնակելի տան 96,8 քմ ընդհանուր մակերեսով առաջին հարկի, բնակելի տան միայն առաջին հարկով ծանրաբեռնված 32 քմ ընդհանուր մակերեսով հողամասի և 8,72 քմ ընդհանուր մակերեսով նկուղի նկատմամբ, ինչպես նաև ճանաչվել է հայցվոր Աիդա Եգանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3 հասցեում գտնվող բնակելի տան առաջին և երկրորդ հարկերով ծանրաբեռնված 83,29 քմ ընդհանուր մակերեսով հողամասի և բնակելի տան առաջին հարկի սպասարկման համար անհրաժեշտ 52,48 քմ ընդհանուր մակերեսով հողամասի ու նկուղի սպասարկման համար անհրաժեշտ 9,08 քմ ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ. Աիդա Եգանյանի հայցը` մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2017 թվականի որոշմամբ Դատարանի 21.04.2017 թվականի վճռի դեմ Գրիգոր և Մերի Առաքելյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի վճիռն Աիդա Եգանյանի հայցի մասնակի բավարարման մասով, բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` բեկանված մասով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Եգանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գրիգոր և Մերի Առաքելյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Աիդա Եգանյանը տասը տարուց ավելի տիրապետում և օգտագործում է վիճելի բնակելի տան 1-ին հարկը և նկուղը: Ավելին` վիճելի բնակելի տան 1-ին հարկի շինարարական աշխատանքները կատարել է վերջինս` իր և ամուսնու համատեղ միջոցներով, որտեղ էլ ընտանիքով հանդերձ մշտապես բնակվում են: Բացի այդ, Աիդա Եգանյանը հանդիսացել է կոմունալ ծառայությունների առանձին բաժանորդ, իր և պատասխանողների բնակարանների մուտքերն առանձնացված են, 1-ին և 2-րդ հարկի բնակարաններն ունեն առանձին կոմունալ հարմարություններ, առանձին ջրամատակարարման, ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրաֆիկացման համակարգեր:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ հայցվորի տիրապետումը եղել է բացահայտ, բարեխիղճ, անընդմեջ, տասը տարուց ավելի, իսկ վիճելի բնակելի տան և նկուղի գրանցված սեփականատերն իր գործողություններով (անգործությամբ) հրաժարվել է բնակելի տան 1-ին հարկի, դրանով ծանրաբեռնված հողատարածքի և նկուղի նկատմամբ սեփականության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.04.2017 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Աիդա Եգանյանը վիճելի հասցեի բնակելի տան առաջին հարկում բնակվել է գույքի սեփականատիրոջ թույլտվությամբ, ինչը բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը: Բացի այդ, գույքի սեփականատերը և վերջինիս իրավահաջորդները երբևէ չեն հրաժարվել վիճելի բնակելի տան 1-ին հարկից, ինչը հավաստվում է գործում առկա վճարման անդորրագրերով: Հետևաբար Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Անձնական սեփականության և առհավետ հողօգտագործման իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար հողամաս հատկացնելու և բնակելի շենք կառուցելու մասին 06.12.1954 թվականի թիվ 255 պայմանագրի համաձայն` աշխատավորների դեպուտատների Միկոյանի ռայսովետի գործկոմի կոմունալ բաժինը, համաձայն Միկոյան ռայսովետի գործկոմի 15.10.1954 թվականի թիվ 43 որոշման, Հրաչիկ Առաքելյանին հատկացրել է առհավետ հողօգտագործման իրավունքով Արաբկիր 14-րդ փողոցի թիվ 12գ հողամասը (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) (հատոր 1-ին, գ.թ. 120):
2) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 19.10.2006 թվականի թիվ 2175396 վկայականի համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ բնակելի տան նկատմամբ գրանցվել է Հրաչյա (Հրաչիկ) Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 115-117):
3) Երևանի 26 կոմիսարների անվան շրջ. ԶԱԳՍ-ի կողմից 17.02.1964 թվականին տրված I-ԶԺ թիվ 163616 ամուսնության վկայականի համաձայն` Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանը և Աիդա Եգանյանն ամուսնացել են, որի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 144 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 36):
4) ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից 06.04.2004 թվականին տրված ԱԱ թիվ 237147 մահվան վկայականի համաձայն` Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանը մահացել է 05.04.2004 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 2725 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 36):
5) Աիդա Եգանյանի` 27.11.2013 թվականին 004-ի կողմից տրված թիվ AN0727364 անձնագրի համաձայն` վերջինս 04.05.1964 թվականից հաշվառված է Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ տանը (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) (հատոր 1-ին, գ.թ. 32):
6) Թաղային կոմիտեի կողմից 20.07.1971 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արաբկիր 14-րդ փողոցի թիվ 12գ տանը բնակվել է նաև Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանը կնոջ` Աիդա Եգանյանի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 51):
7) «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի և Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանի միջև 01.04.2003 թվականին կնքվել է Ա. Ավետիսյան թիվ 12գ հասցեի (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 58-59):
8) «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի և Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանի միջև 01.04.2003 թվականին կնքվել է Ա. Ավետիսյան թիվ 12գ հասցեի (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) խմելու ջուր օգտագործողի միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 60-61):
9) Երևանի ԳԳՄ տնօրենի առաջին տեղակալի կողմից 15.08.2006 թվականին հաստատված առանձնատան գազամատակարարման վերականգնման տեխնիկական պայմանների և պահանջների համաձայն` Աիդա Եգանյանին տրամադրվել է Ա. Ավետիսյան թիվ 12գ տան (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) տեխնիկական պայմանները` գազամատակարարման միջոցներ տեղադրելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 56-57):
10) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևան ԳԳՄ «Արաբկիր» ՏԱՇԾ-ի և Աիդա Եգանյանի (Ա. Ավետիսյան թիվ 12գ տուն (ներկայում` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3)) միջև 25.10.2006 թվականին կնքվել է կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման թիվ 129068 պայմանագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 64-66):
11) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.08.2007 թվականի վկայագրի համաձայն` քաղաքացի Հրաչյա Գրիգորի Առաքելյանի` մահացած 18.12.2006 թվականին, գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում հավասար բաժիններով կինը` Քնարիկ Կիրակոսյանը, որդին` Գրիգոր Առաքելյանը, դուստրը` Մերի Առաքելյանը, որոնք հաշվառված են Երևանի Ա. Ավետիսյան թիվ 12գ տանը (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) (հատոր 1-ին, գ.թ. 111):
12) Համաձայն Գրիգոր Առաքելյանի 21.10.2008 թվականի համաձայնագրի` վերջինս, հանդիսանալով Ա. Ավետիսյան թիվ 12գ տան (ներկայում` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) սեփականատերը, տվել է իր գրավոր համաձայնությունն առ այն, որ թիվ 253760 բաժանորդի քարտի Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը վերանվանվի իր մահացած քեռու` Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանի կնոջ` Աիդա Եգանյանի անունով, ով զբաղեցնում է վերոհիշյալ տան 1-ին հարկը (հատոր 1-ին, գ.թ. 95):
13) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Աիդա Եգանյանի միջև 22.10.2008 թվականին կնքվել է Էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 2537600 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 90-93):
14) «Երևան Ջուր» ՓԲԸ-ի և Աիդա Եգանյանի միջև 15.03.2012 թվականին կնքվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման թիվ 12 1/5 4-34-0-0-209 պայմանագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 62-63):
15) 2000-2011 թվականների, 16.11.2013 թվականի, 15.12.2014 թվականի, 16.09.2015 թվականի անդորրագրերի համաձայն` Ստեփան Կիրակոսյանի և Աիդա Եգանյանի կողմից կատարվել են Ավետ Ավետիսյան 12գ հասցեի (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) հեռախոսի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, աղբահանության վճարումները (հատոր 1-ին, գ.թ. 11-31, հատոր 2-րդ, գ.թ. 67-108):
16) Քարտեզագրող, գեոդեզիստ, չափագրող Տ. Փոթիկյանի կողմից 28.04.2012 թվականին կատարված` Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան թիվ 12գ հասցեի (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) սխեմայի համաձայն` Աիդա Եգանյանի կողմից օգտագործվում է 8,72 քմ նկուղը (հատոր 1-ին, գ.թ. 85-86):
17) Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի 27.05.2016 թվականի թիվ 1941-Ա որոշման հավելվածից քաղվածքի համաձայն` Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրվել է հասցե` Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3 (հատոր 2-րդ, գ.թ. 5):
18) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.06.2016 թվականի թիվ 02062016-01-0182 վկայականի համաձայն` Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3 բնակելի տան նկատմամբ գրանցված է Գրիգոր Առաքելյանի (1/2) և Մերի Առաքելյանի (1/2) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 43-48):
19) Սեփական տնատիրությունը սպասարկող թիվ 10 տեղամասի նախագահ Ա. Նալբանդյանի կողմից 19.09.2016 թվականին տրված թիվ 097 տեղեկանքի համաձայն` Աիդա Եգանյանն ամուսնության պահից` 1960 թվականից սկսած իր ամուսնու և հետագայում զավակների հետ մշտապես բնակվել է և մինչև օրս շարունակում է բնակվել ՀՀ, Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ հասցեում (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) գտնվող բնակելի տան 1-ին հարկում և վարում է ինքնուրույն տնտեսություն` գույքի պահպանման, տիրապետման բոլոր հարցերը, այդ թվում` աղբահանության, կոմունալ վճարների և այլն, իրականացնելով իր անունից (հատոր 1-ին, գ.թ. 83):
20) «Կոստ Կոնսալտ» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Կոստանյանի 22.11.2016 թվականի եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3 հասցեի առաջին հարկում գտնվող բնակելի տան առաջին հարկի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 96,8 քմ: Տան առաջին և երկրորդ հարկերի մուտքերն առանձին են: Առաջին հարկի շինությամբ ծանրաբեռնված հողատարածքի 83,29 քմ վրա կառուցված է նաև երկրորդ հարկի շինությունը, իսկ 32 քմ հողատարածքը ծանրաբեռնված է միայն առաջին հարկի շինությամբ: Առաջին հարկի շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 52,48 քմ (հատոր 2-րդ, գ.թ. 36-42):
21) Քնարիկ Նազարյանի, Գրետա Մուրադյանի, Հերիքնազ Աբրահամյանի կողմից 14.09.2016 թվականին տրված գրավոր հայտարարության համաձայն` վերջիններս, հանդիսանալով Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի բնակիչներ, հայտնել են, որ Աիդա Եգանյանն ամուսնության պահից սկսած` 1960 թվականից ի վեր, մշտապես բնակվում է ՀՀ, Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ (ներկայումս` Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3) հասցեում գտնվող բնակելի տանը` զբաղեցնելով տան առաջին հարկն ամբողջությամբ, որը մշտապես օգտագործվել և ներկայումս շարունակվում է օգտագործվել որպես սեփական գույք, վերջինս վարել և շարունակում է վարել առանձին, ինքնուրույն տնտեսություն (հատոր 1-ին, գ.թ. 102):
22) Գործով վկաներ Նարինե Վարդանյանը, Կարինե Բոստանջյանը 07.04.2017 թվականին կայացած դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ Աիդա Եգանյանն իր ընտանիքով բարելավել է Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ (ներկայումս` Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3) տան առաջին հարկը և միշտ ապրել է այդտեղ, իսկ Գրիգոր Առաքելյանն իր ընտանիքով ապրել է բնակելի տան երկրորդ հարկում, որն ունեցել է առանձնացված մուտք (դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ.թ. 129-135):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի, 187-րդ հոդվածի 1-ին կետի և 280-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ վավերապայմանների դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ` տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, Աիդա Եգանյանի հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ Աիդա Եգանյանը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետել է վեճի առարկա` Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12/3 հասցեի (նախկինում` Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ տուն) վիճելի տարածքները, ինչի ուժով դրանց նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ դրանց սեփականատերերի գործողությունները (անգործությունը) վկայել են այն մասին, որ վերջիններս, ըստ էության, հրաժարվել են իրենց գույքից:
Վերաքննիչ դատարանը Գրիգոր և Մերի Առաքելյանների վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի և լրիվ քննություն, ինչի արդյունքում գործում առկա ապացույցներին համակողմանի գնահատական չի տրվել և չի քննարկել դրանց թույլատրելիության և վերաբերելիության հարցերը` չպատճառաբանելով, թե ինչու է դատական ակտում դրել այս կամ այն ապացույցը, իսկ մյուսները հանել ապացույցների կազմից:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում են ինչպես տիրապետողի, այնպես էլ գույքի սեփականատիրոջ գործողություններով (անգործությամբ):
Սույն գործի փաստերի համաձայն` աշխատավորների դեպուտատների Միկոյանի ռայսովետի գործկոմի կոմունալ բաժինը, համաձայն Միկոյան ռայսովետի գործկոմի 15.10.1954 թվականի թիվ 43 որոշման, Հրաչիկ Առաքելյանին առհավետ հողօգտագործման իրավունքով հատկացրել է Արաբկիրի 14-րդ փողոցի թիվ 12գ հողամասը (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3): Սույն գործով չի վիճարկվել փաստ առ այն, որ Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանն իր ընտանիքով սկսել է բնակվել վիճելի հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկում` սեփականատիրոջ գիտությամբ և թույլտվությամբ: Սույն փաստը վկայում է այն մասին, որ վիճելի գույքը Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանի տիրապետմանն է անցել սեփականատիրոջ կամքին ոչ հակառակ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանի մոտ, իսկ հետագայում նաև վերջինիս իրավահաջորդ հանդիսացող Աիդա Եգանյանի մոտ ձևավորել է համոզմունք այն մասին, որ վիճելի գույքը ձեռք է բերել օրինական հիմքերով, իսկ տիրապետման ընթացքում ձևավորվել է համոզմունք առ այն, որ նշված գույքը տիրապետում է որպես սեփականություն: Այդ փաստի մասին են վկայում նաև գործում առկա ապացույցներն առ այն, որ Աիդա Եգանյանը 04.05.1964 թվականից հաշվառված է Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ տանը (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3), ամուսնու հետ վարել են առանձին տնտեսություն` «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում հանդիսանալով կոմունալ ծառայություններ ստացող առանձին բաժանորդներ և մատուցված ծառայությունների համար կատարելով համապատասխան վճարումներ: Ավելին, Քնարիկ Նազարյանի, Գրետա Մուրադյանի, Հերիքնազ Աբրահամյանի կողմից 14.09.2016 թվականին տրված գրավոր հայտարարություններով, վկաներ Նարինե Վարդանյանի, Կարինե Բոստանջյանի` 07.04.2017 թվականին կայացած դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներով հիմնավորվում է, որ Աիդա Եգանյանն ամուսնության պահից սկսած` 1960 թվականից ի վեր, մշտապես բնակվում է Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 12գ (ներկայումս` Երևան քաղաք, Ա. Ավետիսյան փողոց, թիվ 12/3) հասցեում գտնվող բնակելի տանը` զբաղեցնելով տան առաջին հարկն ամբողջությամբ` օգտագործելով այն որպես սեփական գույք, ինչպես նաև վերջինս վարել և շարունակում է վարել առանձին, ինքնուրույն տնտեսություն, Աիդա Եգանյանն իր ընտանիքի միջոցներով բարելավել է վիճելի հասցեի առաջին հարկը և մշտապես բնակվել է այդ հասցեում, իսկ Հրաչյա (Հրաչիկ) Առաքելյանը և վերջինիս իրավահաջորդ Գրիգոր Առաքելյանն իր ընտանիքով ապրել է բնակելի տան երկրորդ հարկում, որն ունեցել է առանձնացված մուտք:
Այսպիսով` վերոգրյալ փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս փաստելու, որ Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանը, իսկ վերջինիս մահից հետո իրավահաջորդ Աիդա Եգանյանն անշարժ գույքը տիրապետել են որպես իրենց սեփականը` կատարելով այնպիսի գործողություններ, որոնք ներհատուկ են անշարժ գույքի սեփականատիրոջը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աիդա Եգանյանն առնվազն տասը տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել է վիճելի անշարժ գույքը:
Միաժամանակ նշված փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պատասխանողները և վերջիններիս իրավանախորդ Հրաչյա (Հրաչիկ) Առաքելյանը բավարար չափով հետևողականություն չեն ցուցաբերել անշարժ գույքի վիճելի մասի նկատմամբ: Մասնավորապես` չեն առարկել Աիդա Եգանյանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների դեմ, չեն պահանջել դադարեցնել դրանք, ազատել զբաղեցրած տարածքը կամ որևէ կերպ չեն դիմել իրենց իրավունքների պաշտպանությանը` ցուցաբերելով անգործություն: Ավելին` գույքի նշված մասում Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանը և իր կինը` Աիդա Եգանյանը բնակություն են հաստատել գույքի սեփականատիրոջ թույլտվությամբ և գիտությամբ: Դեռ ավելին` Գրիգոր Առաքելյանի 21.10.2008 թվականի գրավոր համաձայնագրով վերջինս համաձայնվել է, որ թիվ 253760 բաժանորդի քարտի Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը վերանվանվի իր մահացած քեռու` Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանի կնոջ` Աիդա Եգանյանի անվամբ, ով զբաղեցնում է վերոհիշյալ տան 1-ին հարկը, որով ևս հաստատվում է այն հանգամանքը, որ վիճելի գույքի մասի սեփականատերն իր գործողություններով ընդունել է, որ Աիդա Եգանյանը, զբաղեցնելով բնակելի տան 1-ին հարկը, վարում է առանձին տնտեսություն` իր ընտանիքից առանձին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողները, այդ թվում` վերջիններիս իրավանախորդ Հրաչյա (Հրաչիկ) Առաքելյանը, իրենց անգործությամբ հրաժարվել են իրենց պատկանող գույքից, այսինքն` վիճելի իրավահարաբերությունում առկա է պատասխանողների կողմից այնպիսի վարքագծի դրսևորում, որն ակնհայտ վկայում է վերջիններիս` գույքի տիրապետումից, տնօրինումից և օգտագործումից մեկուսացման մասին, ինչի արդյունքում Ստեփան (Ստյոպա) Կիրակոսյանի և իր իրավահաջորդ Աիդա Եգանյանի մոտ ողջամտորեն ձևավորվել է համոզմունք առ այն, որ նշված անշարժ գույքը վերջինս տիրապետում է որպես սեփական գույք:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են վիճելի գույքի նկատմամբ Աիդա Եգանյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ նախապայմանները: Հետևաբար Վերաքննիչ դատարանների հետևություններն այն մասին, որ գործով չի իրականացվել բազմակողմանի և լրիվ քննություն, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է Աիդա Եգանյանի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ, տասը տարուց ավելի և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հայցը պետք է բավարարվեր, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել է Դատարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ է տալիս Աիդա Եգանյանի հայցը մասնակիորեն բավարարելու մասով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, համապատասխանաբար նաև վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն այդ մասով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Գրիգոր և Մերի Առաքելյաններից համապարտության կարգով հօգուտ Աիդա Եգանյանի ենթակա է բռնագանձման 100.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2017 թվականի որոշումը և Աիդա Եգանյանի հայցը մասնակիորեն բավարարելու մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2017 թվականի վճռին:
2. Գրիգոր և Մերի Առաքելյաններից համապարտության կարգով հօգուտ Աիդա Եգանյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան