i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱՆԴ/0028/04/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0028/04/16 2018 թ.
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ա. Հունանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ` Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ռ. Հակոբյանի
Ս. Միքայելյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի հուլիսի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի` «Ընդտանիք» ՇՍԿ-ին (այսուհետ` Կոոպերատիվ) սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կոոպերատիվի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Կոոպերատիվին սնանկ ճանաչել:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 07.06.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Կոոպերատիվի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2017 թվականի որոշմամբ Կոոպերատիվի վերաքննիչ բողոքը` ««Ընդտանիք» ՇՍԿ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ, վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.08.2017 թվականի որոշմամբ Կոոպերատիվի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետը, 210-րդ հոդվածի 3-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Կոոպերատիվի ներկայացուցիչն օրենքով սահմանված կարգով Դատարան է ներկայացրել լիազորագիր և արտոնագրի պատճենը, որոնք կցվել են սնանկության գործի նյութերին: Վերաքննիչ դատարանի կողմից նշվել է, որ սնանկության գործի հավելվածում լիազորագիրը և արտոնագիրը բացակայել են, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարան է ուղարկվել սնանկության գործից կազմված հավելվածը` առանց կցելու օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, որն առկա է եղել գործում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի և 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ` կազմակերպության կնիքի (կազմակերպության ցանկությամբ) դրոշմամբ:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, (...), գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, սահմանելով վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, որպես այդպիսի պահանջ ամրագրել էր նաև բողոքի ստորագրված լինելու պայմանը: Ընդ որում, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ստորագրված չէր, կամ ստորագրվել էր այդպիսի լիազորություն չունեցող անձի կողմից, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների ուժով դա հիմք էր վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար: Այսինքն` վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ պայմանների պահպանվածության հարցը քննարկման առարկա դարձնելիս, պետք է պարզեր նաև` վերաքննիչ բողոքը ստորագրված է, թե` ոչ, այն ստորագրել է բողոք բերած անձը, թե վերջինիս ներկայացուցիչը, իսկ այն պարագայում, երբ վերաքննիչ բողոքը ստորագրվել է բողոք բերած անձի ներկայացուցչի կողմից, պարզեր վերջինիս մոտ համապատասխան լիազորությունների առկայության փաստը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անվերապահ պարտականություն չէր սահմանել վերաքննիչ բողոքին կցել բողոք բերած անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող լիազորագրի օրինակը: Այլ կերպ ասած` բողոք բերած անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթը կարող էր գործում առկա լինել, ըստ այդմ` այն կրկին ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում էր: Վերոգրյալից բխում է, որ վերաքննիչ դատարանը բողոք բերած անձի ներկայացուցչի մոտ համապատասխան լիազորությունների առկայության հարցը պարզելիս չպետք է սահմանափակվեր միայն վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերով, այլ պետք է ուսումնասիրեր գործում առկա բոլոր այն փաստաթղթերը, որոնք վկայում են նման լիազորությունների առկայության մասին:
i
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 07.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է «Ընդտանիք» ՇՍԿ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 115-122): Կոոպերատիվի տնօրեն Աղավնի Ղազարյանը Դատարանի 07.06.2017 թվականի ««Ընդտանիք» ՇՍԿ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ 22.06.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 4), որը Վերաքննիչ դատարանի կողմից 07.07.2017 թվականի որոշմամբ վերադարձվել է` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով: Միաժամանակ սահմանվել է ժամկետ` խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 5-7):
Կոոպերատիվի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` եզրափակիչ մասում նշելով, որ լիազորագրի բնօրինակը և արտոնագրի պատճենը գտնվում են սնանկության գործի նյութերում (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 40-41):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.08.2017 թվականին որոշում է կայացրել Կոոպերատիվի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը Կոոպերատիվի անունից ստորագրել է որպես փաստաբան հանդես եկող Վահե Սեդրակյանը, սակայն ինչպես սնանկության գործի հավելվածում, այնպես էլ բողոքին կից առկա չէ Կոոպերատիվի վերաքննիչ բողոքը ստորագրելու` Վահե Սեդրակյանի լիազորությունը հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 63-65):
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից բխում է, որ Դատարանի 07.06.2017 թվականի ««Ընդտանիք» ՇՍԿ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ առաջին անգամ վերաքննիչ բողոքը բերվել է Կոոպերատիվի տնօրեն Աղավնի Ղազարյանի կողմից: Նշված վերաքննիչ բողոքի հիման վրա Դատարանի աշխատակազմը վերադաս դատարան է ուղարկել թիվ ԵԱՆԴ/0028/04/16 քաղաքացիական գործի հավելվածը: Վերաքննիչ դատարանի կողմից 07.07.2017 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է որպես Կոոպերատիվի ներկայացուցիչ հանդես եկող Վահե Սեդրակյանը:
Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը, նշել է, որ սնանկության գործի հավելվածում և բողոքին կից առկա չէ Կոոպերատիվի վերաքննիչ բողոքը ստորագրելու` Վահե Սեդրակյանի լիազորությունը հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը:
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հիմնավորվում է, որ 08.12.2016 թվականի դատական նիստի ընթացքում Կոոպերատիվի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանն ինքնության ստուգման ժամանակ Դատարան է ներկայացրել լիազորագիր, փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի պատճենը և վկայական (հավելված, հատոր 3-րդ, գ.թ.89): Նշվածով պայմանավորված` Կոոպերատիվի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցել իր լիազորությունները հավաստող լիազորագիրը, այլ նշում է կատարել այն մասին, որ լիազորագիրը գտնվում է գործում առկա փաստաթղթերում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, առանց այդ փաստի իսկությունը ճշտելու և հավաստիանալու, չէր կարող եզրակացնել, որ լիազորագիրը բացակայում է գործի նյութերից:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց հավաստիանալու և ճշտելու Կոոպերատիվի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանի մոտ անհրաժեշտ լիազորությունների առկայությունը, այն է` քաղաքացիական գործի նյութերից անհրաժեշտ փաստաթղթերի` վերադաս դատարան հավելվածի տեսքով ուղարկված լինելու պայմաններում, չէր կարող կատեգորիկ հետևություններ անել որպես Կոոպերատիվի ներկայացուցիչ հանդես եկող Վահե Սեդրակյանի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հավելվածում առկա են ապացույցներ, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են եղել Դատարան: Նման պայմաններում անհրաժեշտ է գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո պարզելու Վահե Սեդրակյանի մոտ անհրաժեշտ լիազորությունների առկայության հանգամանքը, և ըստ այդմ լուծել վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ն. Տավարացյան