i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԱԴԴ/0051/01/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0051/01/17
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Ա. Ազարյան
Ս. Համբարձումյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ պաշտպան` Ա. Պապիկյանի
2018 թվականի օգոստոսի 1-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Արթուր Զարմայիլի Մովսիսյանի պաշտպան Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10122116 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի մայիսի 23-ի և նույն թվականի հունիսի 2-ի որոշումներով Աշոտ Հովհաննեսի Գուգուշյանը, Հրայր Իվանի Թոփչյանը, Հովհաննես Դորիկի Պետրոսյանը, Գալուստ Վարազդատի Գրիգորյանը, Ներսես Միքայելի Պողոսյանը, Սմբատ Մելիքսեթի Գալոյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 2-ի որոշումներով Արթուր Զարմայիլի Մովսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 2-ի որոշմամբ Ա.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
2016 թվականի հունիսի 10-ին հիշյալ քրեական գործով Սասունիկ Դավթի Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2016 թվականի հունիսի 22-ի որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով:
2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58212116 քրեական գործը` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, կրելու, պահելու և պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով շենքեր, շինություններ զավթելու, պահելու դեպքերի առթիվ:
2016 թվականի նոյեմբերի 16-ին թիվ 58212116 քրեական գործից առանձին վարույթում անջատվել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է թիվ 62228516 համարը և 2017 թվականի մայիսի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու:
2016 թվականի նոյեմբերի 16-ին Արթուր Մովսիսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից և արգելանքի վերցվել:
2016 թվականի նոյեմբերի 23-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ա.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի` 2017 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրյալ Ա.Մովսիսյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ:
2017 թվականի մայիսի 7-ին Ա.Մովսիսյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 8-ի որոշմամբ վերահաստատվել է Ա.Մովսիսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նույն դատարանի` 2016 թվականի հունիսի 2-ի որոշումը` կալանքի սկիզբը հաշվելով 2017 թվականի մայիսի 7-ից:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 20-ի որոշմամբ թիվ 58212116 քրեական գործից առանձին վարույթում անջատվել է Ա.Մովսիսյանի վերաբերյալ մասը, անջատված գործին շնորհվել է թիվ 62217517 համարը:
2017 թվականի հունիսի 30-ին Ա.Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով:
Ա.Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Ամբաստանյալ Ա.Մովսիսյանի պաշտպան Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Մովսիսյանի պաշտպան Ա.Պապիկյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Արթուր Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով իր բնակարանում պահել և այնուհետև խմբի մյուս անդամներին է փոխանցել ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, սակայն գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց (...)»1:
________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 331-332:
6. Ա.Մովսիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է որպես ազգային հերոսի, սակայն նրա հետ անձնական շփում չի ունեցել: Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ, իսկ Հովհաննես Պետրոսյանի հետ ծանոթացել է նրա նախաձեռնությամբ` «Էլեկտրիկ Երևան» հավաքից որոշ ժամանակ առաջ: Քանի որ բազմիցս մասնակցել է ցույցերի և պահանջել Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ իսկ պատճառով հետապնդվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և արժանացել նրանց ճնշմանը: Այդ հետապնդումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոս ամսին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ զբաղվել շինարարությամբ` ներքին հարդարման աշխատանքներով2:
________________________
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 34:
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Մեղադրյալ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ (...) Ժիրայր Սեֆիլյանի կողմից կազմակերպված խմբում անդամակցելու համար տվել է իր համաձայնությունը, տեղյակ է եղել Ժիրայր Սեֆիլյանի կողմից երկրում հեղաշրջում կատարելու ծրագրին, որի համար հանդիպել է նրան ու քննարկել հետագա անելիքները:
(...)
Թե զենքերը ինչպես են հայտնվել Արթուր Մովսիսյանի տանը, չի կարող ասել, այդ հանգամանքն իր համար զարմանալի է եղել, քանի որ Արթուր Մովսիսյանն այդ ժամանակ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Նշված հանգամանքի մասին իմացել է Գալուստ Գրիգորյանից, որից հետո հեռախոսազանգով խոսել, ճշտումներ է կատարել Արթուր Մովսիսյանի հետ ու վերցրել է զենքերը: Արթուրի հետ խոսակցության ընթացքում զենքի անուն չեն տվել ու մանրամասն ոչինչ չեն խոսել: Արթուր Մովսիսյանի հետ խոսել է զենքերը վերցնելու օրվան նախորդող օրը, ինչպես նաև` զենքերը վերցնելու օրը, քանի որ հեռախոսազանգով ճշտել է, թե կոնկրետ որտեղ է պահվում Գալուստ Գրիգորյանի տարած «ապրանքը»:
(...)
Իրեն դիմավորել է Արթուրի որդին, ով տեղյակ չի եղել, թե ինքը ինչ պետք է վերցներ իրենց տանից: Վերցնելով պոլիէթիլենային տոպրակով կամ ծածկոցով փաթեթավորված իրերը, որոնք տեսանելի չեն եղել, սակայն չափսերով նման են եղել ինքնաձիգի, տեղափոխել է ավտոմեքենայի մեջ:
(...)
Արթուր Մովսիսյանի հետ զինված խմբի կամ հարձակման վերաբերյալ հարցեր ինքը չի քննարկել, խմբի այլ անդամների հետ Արթուր Մովսիսյանի կապի մասին տեղեկություն չի ունեցել:
(...)
Նախաքննության ընթացքում Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ (...) խմբին անդամակցելուց Գալուստ Գրիգորյանի և Ներսես Պողոսյանի հրաժարվելուց որոշ ժամանակ անց վերջիններն իրեն հայտնել են, որ զենքերը տեղափոխել են գաղափարակից ընկեր Արթուր Մովսիսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն, ում հետ ևս ծանոթացել է էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով տեղի ունեցած հավաքների ժամանակ: Այդ մասին տեղեկանալուց հետո Սմբատ Գալոյանի հետ որոշել են զենքերը տեղափոխել վերջինի ծանոթի` Հալաբյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ բնակվել են երկուսով: Միասին տաքսի ավտոմեքենայով գնացել են Ձորաղբյուր, զանգահարել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Արթուր Մովսիսյանին և հայտնել Գալուստ Գրիգորյանի ու Ներսես Պողոսյանի տված զենքերը տեղափոխելու մտադրության մասին: Խոսակցությունից հասկացել է, որ Արթուր Մովսիսյանը ևս տեղյակ է ինքնաձիգներն առանձնատանը թաքցնելու հանգամանքից: Արթուր Մովսիսյանի տանը հանդիպել է նրա որդուն, ում հետ մտել են նկուղ, փնտրել ու գտել երկու ինքնաձիգները, փամփշտակալները, ապա դրանք տեղափոխել են Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող վերոհիշյալ բնակարան:
(...)
Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո Հովհաննես Պետրոսյանը հայտնել է, որ դրանք ճիշտ են, պնդում է այդ ցուցմունքները: Զենքերն Արթուր Մովսիսյանի առանձնատուն տեղափոխելու մասին իմացել է 2016 թվականի մայիս ամսին, նշված խոսակցությանը ներկա են եղել Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը, կոնկրետ օրը չի հիշում` քանի որ երկար ժամանակ է անցել: Արթուր Մովսիսյանի որդին տեղյակ է եղել, որ իրենց տանից ինչ-որ բան պետք է վերցնեն, սակայն չի իմացել, որ դրանք զենքեր են (...):
(...) Թիվ 58212116 քրեական գործով մեղադրյալ Սմբատ Մելիքսեթի Գալոյանը սույն դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Մովսիսյանին չի ճանաչում, իսկ Հովհաննես Պետրոսյանն իր հորաքրոջ որդին է: Տեղյակ է, որ Արթուր Մովսիսյանի և Հովհաննես Պետրոսյանի հարաբերությունները եղել են ընկերական:
(...)
Նախաքննության ընթացքում Սմբատ Գալոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2016 թվականի հունվարի 14-ը պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ զինված ուժերում, հանդիսացել է «Սև նետ» ջոկի հրամանատար, իսկ 2015 թվականին ճանաչվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի լավագույն դիպուկահար: Հովհաննես Պետրոսյանն իր հորաքրոջ որդին է: (...) 2016 թվականի մայիսի 15-ին Հովհաննես Պետրոսյանի հետ գնացել են Գալուստ Գրիգորյանի տուն, ով հայտնել է, որ Ներսես Պողոսյանի հետ զենքերը տեղափոխել են նրանց ծանոթ Արթուր Մովսիսյանի` Ձորաղբյուրում գտնվող ամառանոց: Գալուստ Գրիգորյանից իմանալով Արթուր Մովսիսյանի հեռախոսահամարը` զանգահարել, պայմանավորվել են վերջինի հետ, ապա ինքն ու Հովհաննեսը տաքսիով գնացել են հիշյալ ամառանոց: Ինքը սպասել է ավտոմեքենայում, իսկ Հովհաննեսն Արթուր Մովսիսյանի որդուց վերցրել է երկու միավոր «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և 120 հատ փամփուշտ` լիցքավորված 4 պահունակներում, որոնք տեղափոխել են իր` Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 9-րդ շենքի 11-րդ բնակարան և պահել այնտեղ:
(...) Մեղադրյալ Գալուստ Վարազդատի Գրիգորյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Արթուր Մովսիսյանին, նրա հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ: Ժիրայր Սեֆիլյանի կողմից կազմակերպված` երկրում հեղաշրջում կատարելու գործին Արթուր Մովսիսյանը, ըստ իրեն, առնչություն չի ունեցել, որևէ տեղեկություն իրեն հայտնի չի եղել, որ Արթուր Մովսիսյանը հանդիսանում է խմբի անդամ:
(...) Զենքերն ապահով վայրում պահելու համար ինքը զանգահարել է ՌԴ-ում գտնվող Արթուր Մովսիսյանին և խնդրել, որ իր մոտ գտնվող ընկերոջ գործիքները ժամանակավորապես տեղափոխի նրա բնակարան: Արթուր Մովսիսյանը չի առարկել, հայտնելով, որ դրանք կարող է տեղափոխել իր նկուղ: Արթուր Մովսիսյանը տեղեկություն չի ունեցել, որ դրանք գործիքներ չեն, այլ զենքեր են:
(...)
Արթուր Մովսիսյանը զենքերի մասին տեղեկություններ չի ունեցել, չի տեսել ու չի ուսումնասիրել, նա այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, իսկ ինքը հեռախոսազրույցի ժամանակ հարկ չի համարել մանրամասն տեղեկություններ հայտնել նրան:
(...)
Նախաքննության ընթացքում Գալուստ Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ (...) 2016 թվականի հունվարի կեսին, այդ զենքերն ու փամփուշտներն իր անձնական ավտոմեքենայով Ներսեսի հետ տարել են իրենց ավագ ընկեր Արթուր Մովսիսյանի` Ձորաղբյուրի առանձնատուն: (...) Արթուր Մովսիսյանն իրենց ավագ ընկերն է, 2015 թվականի օգոստոսից գտնվել է ՌԴ-ում, տեղյակ է եղել այդ ամենից և իրենց հանդիպումների ժամանակ, հեռախոսով մի քանի անգամ զրուցել են նրա հետ, կիսվել պլաններից, խորհուրդ հարցրել, նույնիսկ հիշում է, որ նա իրենց խորհուրդ չէր տալիս խառնվել այդ ամենին: 2016 թվականի հունվար ամսին նա մի քանի օրով եկել էր Հայաստան, դրա համար, մտածելով, որ նա կրկին գնալու է ՌԴ, որոշել են զենքերը և փամփուշտները տանել նրա` Ձորաղբյուրի առանձնատուն և թողնել այնտեղ, քանի որ ոչ ոք այլևս իրենցով և զենքերով չէր հետաքրքրվում: Այդպես, ինքն ու Ներսեսը հունվարի կեսերին զենքերը և փամփուշտները տեղափոխել են Արթուրի այդ առանձնատունը, զենքերն ինքը դրել էր կանաչ գույնի մեծ ճամպրուկի մեջ, այդպես տվել է Արթուրին, և ինքն ու Ներսեսը հետ են եկել: Արթուրի հետ պայմանավորվել են, որ հաջորդ օրը կգնան և կորոշեն, թե դրանք որտեղ պահեն, քանի որ մտադրություն են ունեցել այդտեղից նույնպես տեղափոխել: Հաջորդ օրն ինքը միայնակ գնացել է Արթուրի տուն, որտեղ Արթուրն ասել է, որ զենքերն ապահով տեղ է թաքցրել և իրեն տվել է դատարկ ճամպրուկը:
(...)
Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո Գալուստ Գրիգորյանը հայտնել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, իր` դատարանում տված ցուցմունքներն են ճիշտ, իսկ նախաքննության ընթացքում այնքան էր մտերմացել քննիչի հետ, որ հարցաքննության արձանագրությունները չի կարդացել, դրանք ստորագրել է առանց բովանդակությանը ծանոթանալու:
Գալուստ Գրիգորյանի վերոշարադրյալ ցուցմունքները համադրելով, դրանք գնահատելով գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների համակցության լույսի ներքո` Դատարանը գտնում է, որ դատաքննության ընթացքում Գալուստ Գրիգորյանը տվել է մտացածին, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնցում նշված տեղեկությունները ոչ միայն չեն հաստատվում գործով ձեռք բերված այլ օբյեկտիվ փաստական տվյալներով, այլև հերքվում են: Մասնավորապես, դատաքննության ընթացքում Գալուստ Գրիգորյանը հայտնել է, որ իր տիրապետման տակ գտնվող զենքերն ու ռազմամթերքն Արթուր Մովսիսյանի առանձնատուն տեղափոխելու ժամանակ վերջինը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, ինքը զանգահարել է Ռուսաստանի Դաշնություն և նրան խնդրել, որ իր մոտ գտնվող գործիքները տեղափոխի նրա բնակարան: Մինչդեռ, գործով հաստատված է, որ Արթուր Մովսիսյանը 2016 թվականի հունվարի 19-ից մինչև 2016 թվականի հունվարի 29-ը գտնվել է ՀՀ-ում և հենց այդ ժամանակահատվածում են Գալուստ Գրիգորյանն ու Ներսես Պողոսյանը զենքն ու ռազմամթերքը տեղափոխել Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն, որպիսի հանգամանքը չի վիճարկել անգամ պաշտպանության կողմը:
(...) Գալուստ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքները մանրամասն են, դրանցում նշված փաստական տվյալների հավաստիությունը վիճարկող կամ կասկածի տակ դնող որևէ հանգամանք սույն դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել, ավելին` դրանք հաստատվում են գործի այլ օբյեկտիվ փաստական տվյալներով: Ինչ վերաբերում է Գալուստ Գրիգորյանի այն հայտարարությանը, որ հարցաքննության արձանագրությունները չի կարդացել, դրանք ստորագրել է առանց բովանդակությանը ծանոթանալու, ապա Դատարանն արձանագրում է, որ Գալուստ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքներում արտացոլված են այնպիսի փաստական տվյալներ, որոնք հայտնել է բացառապես վերջինը, և դրանք չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթն իրականացնող մարմնին:
(...)
Դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմն իր ճառով անդրադարձել է վերը շարադրված յուրաքանչյուր ապացույցին և սույն դատական ակտում դրանց օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ բերել մի շարք փաստարկներ: Մասնավորապես, նշվել է, որ Հովհաննես Պետրոսյանի կողմից Սասունիկ Կիրակոսյանին ճանաչելու, Հովհաննես Պետրոսյանի կողմից ստվարաթղթե արկղը ճանաչելու, Սմբատ Գալոյանի գրպանից հայտնաբերված հատակագիծ-սխեման զննելու, «Սարդարապատ» նախաձեռնության գրասենյակից հայտնաբերված զենքերի ցուցակը զննելու, Աշոտ Գուգուշյանի ավտոմեքենայից հայտնաբերված ստվարաթղթե արկղը զննելու արձանագրությունները, Հովհաննես Պետրոսյանի մասնակցությամբ կատարված տեղանքի զննության արձանագրություններն ընդհանրապես վերաբերելի չեն Արթուր Մովսիսյանի մեղադրանքին:
Այս առնչությամբ Դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում փաստել, որ Արթուր Մովսիսյանին վերագրվում է կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք պահելու, խմբի մյուս անդամներին փոխանցելու ձևով հանցավոր արարք: Վերը թվարկված յուրաքանչյուր ապացույց այս կամ այն չափով փաստական տվյալներ է պարունակում մեղադրանքում նշված` կազմակերպված, զինված խմբի ձևավորման, դրա անդամների, ծրագրերի, գործունեության, խմբի տրամադրության տակ եղած զենք, զինամթերքի, դրանց պահելու վայրերի, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, թվարկված ապացույցներից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի սույն գործի վերաբերյալ փաստական տվյալներ հայտնած անձանց` Հովհաննես Պետրոսյանի, Սմբատ Գալոյանի, Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի և մյուսների ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու առումով: Այս պայմաններում, Դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ քննարկվող ապացույցներն ուղղակիորեն չեն վերաբերում Արթուր Մովսիսյանին, չեն կարող հիմք հանդիսանալ դրանք ոչ վերաբերելի ճանաչելու համար:
(...) Այսպիսով, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված, գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է համարում, որ Արթուր Զարմայիլի Մովսիսյանը, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ստացել, իր բնակարանում պահել, այնուհետև խմբի մյուս անդամներին է փոխանցել հրազեն և ռազմամթերք: Մասնավորապես, Արթուր Մովսիսյանը, տեղեկացված լինելով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ զավթելու, պահելու և պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով ստեղծված կազմակերպված, զինված խմբի գործունեության մասին, խմբի անդամ Գ.Գ.-ից անձամբ 2016 թվականի հունվարի 27-ին ստացել և իր բնակության վայրում` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 3-րդ Այգեզանգվածի 23-րդ փողոցի 19-րդ տան նկուղում պահել է «ԱԿ-74» տեսակի մարտական ակոսափող «971737» և «ԻՄ 30 4598» գործարանային համարների երկու ինքնաձիգ, չորս ինքնաձիգի պահունակ` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտներով: Հետագայում` 2016 թվականի մայիսի 16-ին, Արթուր Զարմայիլի Մովսիսյանը Ռուսաստանի Դաշնությունից հեռախոսային կապի մեջ է մտել կազմակերպված խմբի այլ անդամ Հ.Պ.-ի հետ և վերջինին փոխանցել իր բնակության վայրում ապօրինի պահվող վերոհիշյալ զենքերն ու ռազմամթերքը»3:
________________________
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 35-36, 39-40, 42-45, 58:
8. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(...) Վերլուծության և գնահատման ենթարկելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված յուրաքանչյուր ապացույց` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, համադրելով ամբաստանյալի ցուցմունքները դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների հետ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալ Արթուր Մովսիսյանի պատճառաբանություններն այն մասին, որ ինքը տեղյակ չի եղել պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով ստեղծված, զինված կազմակերպված խմբի գործունեության մասին, նշված խմբի անդամներից չի ստացել, իր առանձնատան նկուղում չի պահել, իսկ այնուհետև խմբի մյուս անդամներին չի փոխանցել ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք, հերքվում են ստորև շարադրված ապացույցների բավարար համակցությամբ: Ավելին` ամբաստանյալի նման պնդումներն, ըստ էության, նպատակ են հետապնդում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու քրեական պատասխանատվությունից և ակնկալվող պատժից խուսափելու համար:
(...)
Վերաքննիչ դատարանը, ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերը նշված իրավադրույթների և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում վերլուծության ու գնահատման ենթարկելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտած յուրաքանչյուր ապացույց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ հանգում է այն հետևության, որ սույն գործով հաստատված է հետևյալը` Արթուր Զարմայիլի Մովսիսյանը, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ստացել, իր բնակարանում պահել, այնուհետև` խմբի մյուս անդամներին է փոխանցել հրազեն և ռազմամթերք: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները հանգամանորեն հետազոտվել և օբյեկտիվ գնահատման են ենթարկվել դատաքննության ընթացքում և եզրահանգումները կառուցվել են միայն ապացույցների համալիր գնահատականի հիման վրա, քրեական գործի քննության նախորդ փուլում թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար, նման պայմաններում վերաքննիչ բողոքը բավարարելու, այն է` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռը բեկանելու և ամբաստանյալ Արթուր Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքով արդարացման դատական ակտ կայացնելու անհրաժեշտ ու բավարար հիմքեր չկան»4:
________________________
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 78, 81-82, 88:
8.1. Վերաքննիչ դատարանն իր որոշման «բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը» հատվածում, ի թիվս այլնի, շարադրել է պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկներն առ այն, որ Հրայր Թոփչյանը, Սմբատ Գալոյանը, Աշոտ Գուգուշյանը, վկաներ Սահակ Սահակյանը, Արման Հովսեփյանը, Վարուժան Մելքոնյանը Ա.Մովսիսյանին չեն ճանաչել, միմյանց հետ որևէ առնչություն չեն ունեցել: Բացի այդ, դատավճռի հիմքում դրված` Հովհաննես Պետրոսյանի կողմից Սասունիկ Կիրակոսյանին ճանաչելու արձանագրությունը, Սմբատ Գալոյանի գրպանից գտած հատակագիծ-սխեմայի արձանագրությունը սույն գործով դարձյալ որևէ նշանակություն չունեն և դրանցով որևէ բան չի հիմնավորվում:
Ըստ պաշտպանի` դա կատարվել է զուտ ապացույցների քանակական մասն ապահովելու նպատակով, ինչն էլ նշանակում է, որ առաջադրված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է, որ Առաջին ատյանի դատարանը ստիպված է եղել գոնե ձևական ապացույցների քանակ ապահովել5:
________________________
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 64-71:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 104-107-րդ, 125-րդ, 127-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածների պահանջները:
9.1. Ըստ բողոքաբերի` սույն քրեական գործով մեղադրական եզրակացության, հատկապես դրա նկարագրական-պատճառաբանական մասի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այն Ա.Մովսիսյանի հետ ընդհանրապես առնչություն չունի: Դատավարական այդ փաստաթղթում Ա.Մովսիսյանի անունը հազվադեպ է հիշատակվում, և առավելապես այն վերաբերում է Ժ.Սեֆիլյանին և մյուս մեղադրյալներին:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնք չեն բավարարում քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված թույլատրելիության, վերաբերելիության և հավաստիության չափանիշներին: Մասնավորապես, մեղադրանքի հիմքում դրված մի շարք հարցաքննության արձանագրություններում ցուցմունք տվող անձինք նշել են, որ ընդհանրապես չեն ճանաչում Ա.Մովսիսյանին և տեղեկություններ չունեն նրա կողմից ենթադրաբար կատարված գործողություններից: Բացի այդ, Ա.Մովսիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող գործողությունները կատարելու վերաբերյալ ճշմարտացի և արժանահավատ տեղեկատվություն գործի ապացուցողական զանգվածում առկա չէ:
9.2. Բողոքաբերը նշել է նաև, որ ամեն դեպքում Ա.Մովսիսյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, քանի որ բացակայում է կազմակերպված խմբի կողմից նշված հանցանքի կատարումը հավաստող որևէ փաստական տվյալ: Ըստ գործի նյութերի` շատերը գործել են ինքնուրույն, առանց որևէ մեկի հետ քննարկելու կամ համաձայնեցնելու իրենց անելիքները: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ սկզբնական քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալների արարքը Վերաքննիչ դատարանը թիվ ԵԱԴԴ/0028/01/17 քրեական գործով 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակել է նույն հոդվածի 2-րդ մասով` հիմնավորելով, որ այդ գործով ամբաստանյալները չեն գործել որպես կազմակերպված խումբ: Հետևաբար բողոքի հեղինակը փաստել է, որ Ա.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ պաշտպանական կողմի այն պնդումները, որ երբևէ կազմակերպված խումբ չի եղել, և առավել ևս Ա.Մովսիսյանը երբևէ չի անդամակցել որևէ խմբի, իրական են:
9.3. Արդյունքում բողոքաբերը գտել է, որ Ա.Մովսիսյանի կողմից հանցանք գործելու մասին ստորադաս դատարանների պնդումներն արժանահավատ չեն, ուստի դրանք չեն կարող հիմք դիտվել Ա.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտելու համար:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը և բավարարել ներկայացված վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված է արդյոք Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.
(...)
դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (...)»:
i
Մեջբերված նորմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես կրկնել է իր` նախադեպային իրավունքում ձևավորած դատողությունն այն մասին, որ դատարանը պարտավոր է դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները: Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ և կհանգեցնեն կամայականության: Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին6:
________________________
6 Տե՛ս, mutatis mutandis, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշումները:
i
Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար, և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները: Վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին7:
________________________
7 Տե՛ս, mutatis mutandis, Մ.Պողոսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշումը:
i
12. ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` «Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:
Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար»:
i
Վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակցության վերոնշյալ երկու ձևերը` նախնական համաձայնությամբ գործող անձանց խումբը և կազմակերպված խումբը, միմյանցից տարբերակելու համար էական նշանակություն ունեն հետևյալ երեք չափանիշները`
ա) կայունությունը,
բ) միավորվածությունը,
գ) մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելը:
(...) Կայունության հատկանիշն արարքը կազմակերպված խմբի կողմից որակելու համար անհրաժեշտ, հիմնական չափանիշն է:
Կազմակերպված խմբի կայունությունը դրսևորվում է խմբի ամրությամբ, անդամների կողմից իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ, խմբի մեկ կամ մի քանի անդամների կողմից մյուսներին ղեկավարելով, հատուկ, խմբի գործունեության համար անհրաժեշտ ներխմբային նորմերի առկայությամբ:
Անհրաժեշտ է ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում կայունությունը բնութագրող վերոնշյալ հատկանիշները պետք է գնահատվեն գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո:
(...) Կազմակերպված խմբի միավորվածության չափանիշը ենթադրում է մեկ կամ մի քանի հանցագործություններ կատարելու մշակված ծրագրերի առկայություն, այդ ծրագրերի ակտիվ իրականացում, ոտնձգությունը համատեղ կատարելու մշակված եղանակների առկայություն, դերերի` մշակված տեխնիկական բաշխում, հանցանքի կատարումը դյուրին դարձնելուն ուղղված` նախապես պայմանավորված գործողությունների կատարում, հանցանքի կատարման համար բարենպաստ պայմանների ստեղծում:
(...) Կազմակերպված խումբն ստեղծվում է տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ զբաղվելու նպատակով, դրա ստեղծման նպատակը, որպես կանոն, մի շարք հանցանքներ, այդ թվում` համասեռ հանցագործություններ կատարելն է: ՀՀ քրեական օրենսդրությունը չի բացառել, սակայն, որ խումբը կարող է ստեղծվել մեկ, սակայն երկարատև և մանրակրկիտ պլանավորված հանցագործություն կատարելու նպատակով: Այս առումով կարևորվում են կազմակերպված խմբին բնորոշ վերոնշյալ երկու չափանիշները` կայունությունը և միավորվածությունը, քանի որ կազմակերպված խմբի յուրաքանչյուր անդամ գիտակցում է, որ կայուն և միավորված խմբի կազմի մեջ է մտնում, մասնակցում է խմբի անդամների փոխադարձ համաձայնությամբ կատարվող արարքներին կամ դրանց մի մասին:
(...)
Այսպիսով` կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններն են`
ա) հանցանքի կատարմանը երկու կամ ավելի անձանց մասնակցությունը,
բ) մասնակից անձանց միջև առկա ամուր սուբյեկտիվ կապը, հանցանքը համատեղ կատարելու վերաբերյալ նախապես ձեռք բերված համաձայնությունը,
գ) հանցանքի կատարումը խմբի մեկ կամ մի քանի անդամների կողմից` այն պայմաններում, երբ խմբի մյուս անդամները կազմակերպել, դրդել կամ օժանդակել են հանցանքի կատարումը,
դ) հանցանքը համատեղ, միասնական ջանքերով կատարելը,
ե) յուրաքանչյուր անձի` հանցանքը համատեղ կատարելուն ուղղված դիտավորությունը,
զ) յուրաքանչյուրի գործողության համաձայնեցվածությունը մյուսի գործողության հետ, ինչն արտացոլում է հանցանքի կատարման վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի տեղեկացվածությունը:
(...) Նախնական համաձայնությամբ գործող անձանց պարագայում (ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մաս) հանցագործության մասնակիցները մինչև հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններն սկսելը պայմանավորվում են հանցանքը համատեղ կատարելու մասին: Ընդ որում, համաձայնությունը ձեռք է բերվում խմբի անդամների կողմից գործողությունների համատեղ կատարման ուղղվածության, հանցագործության կատարման տեղի, ժամանակի, եղանակի և միջոցների, ինչպես նաև խմբի անդամների միջև դերաբաշխման շուրջ: Հանցակցության այս ձևում հանցագործության կատարման մեխանիզմների կոնկրետացումը թերի է և ոչ լիարժեք, թերի են նաև հանցակիցների միջև դերակատարման բաշխումը և պայմանները:
Ի համեմատ նախնական համաձայնությամբ խմբի` կազմակերպված խմբի պարագայում (ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս) առկա է կազմակերպվածության առավել բարձր աստիճան: Հանցակցության այս ձևը բնութագրվում է պլանավորվածությամբ, մանրակրկիտ նախապատրաստվածությամբ, ինչպես նաև հանցակիցների միջև դերերի բաշխմամբ ու անդամների մասնագիտացվածությամբ: Կազմակերպված խմբի անդամները ոչ թե պարզապես համաձայնության են գալիս հանցանքը համատեղ կատարելու մասին, ինչպես դա առկա է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարելու դեպքում, այլ համաձայնություն են ձեռք բերում մեկ կամ մի քանի հանցագործություն համատեղ կատարելու շուրջ»8:
________________________
8 Տե՛ս Հ.Սարգսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԼԴ/0136/01/10 որոշման 12-18-րդ կետերը:
12.1. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ, ի տարբերություն նախնական համաձայնության խմբի, կազմակերպված խումբն աչքի է ընկնում կազմակերպվածության առավել բարձր աստիճանով, կատարվող հանցանք(ներ)ի մանրակրկիտ պլանավորմամբ և հստակ դերաբաշխմամբ, խմբի անդամների միջև կայուն կապով: Կազմակերպված խմբի կայունությունը, միավորվածությունը և մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու անխախտ համաձայնությունը փաստելու տեսանկյունից կարևոր է գործի նյութերից բխող փաստական տվյալների բավարար ամբողջությամբ հիմնավորել հանցակցության այնպիսի կարևոր հատկանիշների առկայությունը, ինչպիսին հանցանքը կատարելու համատեղությունն է, խմբի անդամների միջև ամուր սուբյեկտիվ կապը: Այլ կերպ` թեև ամենևին պարտադիր չէ, որ խմբի անդամներն անձամբ ճանաչեն միմյանց, այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ կազմակերպված խմբի յուրաքանչյուր անդամ գիտակցի, որ մտնում է կայուն և միավորված խմբի կազմի մեջ, մասնակցում է խմբի անդամների փոխադարձ համաձայնությամբ կատարվող արարքներին կամ դրանց մի մասին, առկա է յուրաքանչյուր անձի` հանցանքը համատեղ կատարելուն ուղղված դիտավորություն, և յուրաքանչյուրի գործողությունը համաձայնեցված է մյուսների հետ, ինչն էլ արտացոլվում է հանցանքի կատարման վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի տեղեկացվածությամբ:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է, որ Ա.Մովսիսյանը կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ստացել, իր բնակարանում պահել, այնուհետև խմբի մյուս անդամներին է փոխանցել հրազեն և ռազմամթերք9:
________________________
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները հանգամանորեն հետազոտել և օբյեկտիվ գնահատման է ենթարկել, հետևաբար վերաքննիչ բողոքը բավարարելու անհրաժեշտ ու բավարար հիմքեր առկա չեն10:
________________________
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
13.1. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Մովսիսյանի կողմից վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքը կազմակերպված խմբի կազմում կատարված լինելու փաստը հաստատված համարելիս հիմք է ընդունել, ի թիվս այլոց, Հ.Պետրոսյանի, Ս.Գալոյանի և Գ.Գրիգորյանի ցուցմունքները: Մասնավորապես`
- Հ.Պետրոսյանը դատաքննության ընթացքում նշել է, որ Ա.Մովսիսյանի հետ զինված խմբի կամ հարձակման վերաբերյալ հարցեր ինքը չի քննարկել, խմբի այլ անդամների հետ Ա.Մովսիսյանի կապի մասին տեղեկություն չի ունեցել, իսկ նախաքննության ընթացքում Հ.Պետրոսյանը նշել է, որ զենքերը տեղափոխել են գաղափարակից ընկեր Ա.Մովսիսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն, ում հետ ծանոթացել է էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով տեղի ունեցած հավաքների ժամանակ,
- Ս.Գալոյանը դատաքննության ժամանակ հայտնել է, որ 2016 թվականի մայիսին Հ.Պետրոսյանի հետ տաքսիով գնացել են Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղ` Հ.Պետրոսյանի ընկերոջ տանից զենքեր վերցնելու, ում ինքն այդ ժամանակ չի ճանաչել, իսկ նախաքննության ընթացքում Ս.Գալոյանը նշել է, որ 2016 թվականի մայիսի 15-ին Գ.Գրիգորյանից իմանալով Ա.Մովսիսյանի հեռախոսահամարը` զանգահարել, պայմանավորվել են վերջինի հետ, ապա ինքն ու Հ.Պետրոսյանը տաքսիով գնացել են հիշյալ ամառանոց,
- Գ.Գրիգորյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ զենքերն ապահով վայրում պահելու համար ինքը զանգահարել է ՌԴ-ում գտնվող Ա.Մովսիսյանին և խնդրել, որ իր մոտ գտնվող ընկերոջ գործիքները ժամանակավորապես տեղափոխի նրա բնակարան: Ա.Մովսիսյանը չի առարկել` հայտնելով, որ դրանք կարող է տեղավորել իր նկուղում: Նախաքննության ընթացքում Գ.Գրիգորյանը հայտնել է, որ Ա.Մովսիսյանն իրենց ավագ ընկերն է, 2015 թվականի օգոստոսից գտնվում է ՌԴ-ում, տեղյակ է եղել ամենից, իրենց հանդիպումների ժամանակ հեռախոսով մի քանի անգամ զրուցել են նրա հետ, կիսվել պլաններից, խորհուրդ հարցրել, նույնիսկ հիշում է, որ նա իրենց խորհուրդ չէր տալիս խառնվել այդ ամենին: 2016 թվականի հունվարին նա մի քանի օրով եկել էր Հայաստան, և մտածելով, որ կրկին գնալու է ՌԴ, որոշել են զենքերն ու փամփուշտները տանել նրա` Ձորաղբյուրում գտնվող առանձնատուն, քանի որ ոչ ոք այլևս իրենցով և զենքերով չէր հետաքրքրվում:
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Մովսիսյանի կողմից վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքը կազմակերպված խմբի կազմում կատարված լինելու փաստը հաստատված համարելիս հիմք է ընդունել նաև Հրայր Թոփչյանի, Աշոտ Գուգուշյանի ցուցմունքները, ովքեր դատաքննության ժամանակ հայտնել են, որ Ա.Մովսիսյանին չեն ճանաչում, նրա հետ որևէ առնչություն չեն ունեցել, վկաներ Վարուժան Մելքոնյանի, Սահակ Սահակյանի, Արման Հովսեփյանի ցուցմունքները, ինչպես նաև Հովհաննես Պետրոսյանի կողմից Սասունիկ Կիրակոսյանին ճանաչելու, Հովհաննես Պետրոսյանի կողմից ստվարաթղթե արկղը ճանաչելու, Սմբատ Գալոյանի գրպանից հայտնաբերված հատակագիծ-սխեման զննելու, «Սարդարապատ» նախաձեռնության գրասենյակից հայտնաբերված զենքերի ցուցակը զննելու, Աշոտ Գուգուշյանի ավտոմեքենայից հայտնաբերված ստվարաթղթե արկղը զննելու արձանագրությունները, Հովհաննես Պետրոսյանի մասնակցությամբ կատարված տեղանքի զննության արձանագրությունները:
Ամբաստանյալ Ա.Մովսիսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ժ.Սեֆիլյանին ճանաչում է որպես ազգային հերոսի, սակայն նրա հետ անձնական շփում չի ունեցել: 2015 թվականի օգոստոսին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ զբաղվել շինարարությամբ` ներքին հարդարման աշխատանքներով11:
________________________
11 Տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը:
14. Սույն որոշման 13-13.1-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով ամբաստանյալ Ա.Մովսիսյանի կողմից հանցանքը կազմակերպված խմբի կազմում կատարելու հանգամանքը, չեն մատնանշել գործի նյութերից բխող կոնկրետ փաստական տվյալներ, որոնք կվկայեին խմբի հետ վերջինիս ունեցած ամուր և կայուն կապի, կազմակերպված խմբի կողմից պլանավորվող հանցագործության մասին տեղեկացվածության և հանցանքը համատեղ կատարելուն ուղղված դիտավորության, նրա ու կազմակերպված խմբի անդամներից յուրաքանչյուրի գործողությունների համաձայնեցվածության, նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու, Ա.Մովսիսյանի ունեցած կոնկրետ դերակատարության մասին:
Այսպես` Առաջին ատյանի դատարանի կողմից հիմք ընդունված Հ.Պետրոսյանի, Ս.Գալոյանի և Գ.Գրիգորյանի ցուցմունքները բավարար տվյալներ չեն պարունակում վերևում շարադրված` հանցավոր արարքը կազմակերպված խմբի կազմում կատարելը հաստատված համարելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ12:
________________________
12 Տե՛ս սույն որոշման 13.1-րդ կետը:
Ինչ վերաբերում է Հրայր Թոփչյանի, Աշոտ Գուգուշյանի, վկաներ Վարուժան Մելքոնյանի, Սահակ Սահակյանի, Արման Հովսեփյանի ցուցմունքներին, Հովհաննես Պետրոսյանի կողմից Սասունիկ Կիրակոսյանին ճանաչելու, Հովհաննես Պետրոսյանի կողմից ստվարաթղթե արկղը ճանաչելու, Սմբատ Գալոյանի գրպանից հայտնաբերված հատակագիծ-սխեման զննելու, «Սարդարապատ» նախաձեռնության գրասենյակից հայտնաբերված զենքերի ցուցակը զննելու, Աշոտ Գուգուշյանի ավտոմեքենայից հայտնաբերված ստվարաթղթե արկղը զննելու, Հովհաննես Պետրոսյանի մասնակցությամբ կատարված տեղանքի զննության արձանագրություններին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ ապացույցները ևս չեն պարունակում որևէ փաստական տվյալ ամբաստանյալ Ա.Մովսիսյանի` կազմակերպված խմբի կողմից նախապատրաստվող հանցագործությունների մասին տեղյակ լինելու և նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու, խմբի մյուս անդամների հետ ունեցած փոխհարաբերությունների, նրանց միջև առկա սուբյեկտիվ կապի բնույթի, նրա դերակատարության վերաբերյալ:
14.1. Միաժամանակ սույն գործի հանգամանքներից բխում է, որ Ա.Մովսիսյանը 2015 թվականի օգոստոսին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և գտնվել է այնտեղ, խմբի անդամներից շատերը նրան չեն ճանաչել, նրանց ցուցմունքներում առկա չէ որևէ տվյալ, ինչը թույլ կտար եզրահանգելու, որ Ա.Մովսիսյանը հանդես է եկել որպես կազմակերպված խմբի անդամ, իսկ Առաջին ատյանի դատարանի այն փաստարկները, որ թվարկված յուրաքանչյուր ապացույց այս կամ այն չափով փաստական տվյալներ է պարունակում մեղադրանքում նշված` կազմակերպված, զինված խմբի ձևավորման, դրա անդամների, ծրագրերի, գործունեության, խմբի տրամադրության տակ եղած զենքի, զինամթերքի, դրանց պահելու վայրերի, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ, վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ են, չեն վերաբերում ամբաստանյալի կողմից կատարված կոնկրետ գործողություններին:
Հետևաբար Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ Ա.Մովսիսյանը գործել է կազմակերպված խմբի կազմում, պատշաճ կերպով հիմնավորված և պատճառաբանված չէ, չի բխում ապացույցների բավարար համակցությունից:
15. Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները հանգամանորեն հետազոտել և օբյեկտիվ գնահատման է ենթարկել դատաքննության ընթացքում, և թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ թեև շարադրել է պաշտպան Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները13, սակայն դատական ակտի պատճառաբանական հատվածում դրանց բավարար կերպով անդրադարձ չի կատարել` բավարարվելով միայն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքները վերաշարադրելով:
________________________
13 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համապատասխանել դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին:
Վերոշարադրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զրկված է բողոքաբերի` սույն որոշման 9.1-րդ կետում բարձրացված փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից:
16. ՈՒստի, հիմք ընդունելով սույն որոշման 13-15-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշման 14-15-րդ կետերում արձանագրված խախտումները, օրենքով սահմանված կարգով պետք է հանգի համապատասխան հետևության:
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն նոր քննության ուղարկելու համար:
17. Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է փոփոխել և վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Զարմայիլի Մովսիսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալ Արթուր Զարմայիլի Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին` Ա.Մովսիսյանին անհապաղ ազատելով կալանքից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան