Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ...

09.06.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.10.1993  -ից մինչեւ   09.06.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 15.05.98 թիվ 298 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 1993 թ. թիվ 556

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» թիվ 255 որոշման, և հաշվի առնելով հանրապետության տարածքում առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների, հատկապես ոչ պետական ձեռնարկությունների` հսկիչ-դրամարկղային մեքենաներով ապահովման հետ կապված աշխատանքների խիստ անբավարար ընթացքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից) , բացառությամբ կրպակների, տաղավարների, շրջիկ առևտրական կետերի, նախնական պատվերի կտրոնով հացի վաճառք իրականացնող մասնագիտացված խանութների ու բաժինների, ինչպես նաև Հայկոոպի համակարգի` գյուղական բնակավայրերում տեղաբաշխված մեկ աշխատանքային տեղ ունեցող խանութների, առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների մանրածախ վաճառքի իրականացումը համարվում է եկամուտների հաշվառման սահմանված կարգի ու առևտրի կանոնների կոպիտ խախտում և նրանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում`

ա) առաջին անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 50 նվազագույն աշխատավարձի չափով.

բ) երկրորդ անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 200 նվազագույն աշխատավարձի չափով.

գ) երրորդ և ավելի անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 500 նվազագույն աշխատավարձի չափով:

/փոփ. 24.09.96 թիվ 310 որոշում/

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նախատեսված տուգանքները մուծում են խախտում թույլ տված ձեռնարկությունները:

3. Առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների մանրածախ վաճառք իրականացնող անհատ ձեռներեցները և ձեռնարկությունների պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքով սահմանված կարգով:

/փոփ. 24.09.96 թիվ 310 որոշում/

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում հսկիչ-դրամարկղային մեքենաների ապարատների օգտագործման կարգը (կցվում է) :

/փոփ. 24.09.96 թիվ 310 որոշում/

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` հսկիչ-դրամարկղային մեքենաների առկայության և շահագործման նկատմամբ 1993 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել անհրաժեշտ վերահսկողություն:

/փոփ. 24.09.96 թիվ 310 որոշում/

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչության գործունեության խրախուսման և նրա նյութատեխնիկական բազայի ամրապնդման նպատակով սույն որոշման 1-ին կետով նախատեսված խախտումների համար բռնագանձված տուգանքների գումարի 5 տոկոսը հատկացվում է տեսչությանը:

7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 10-օրյա ժամկետում մշակել կրպակներում, տաղավարներում և շրջիկ առևտրական կետերում վաճառքի թույլատրվող պարենային և ոչ պարենային ապրանքների տեսականին և ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` 5-օրյա ժամկետում համատեղ հաստատել առևտրի և սպասարկման ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները:

/փոփ. 24.09.96 թիվ 310 որոշում/

9. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայկոոպի վարչությանը` 15-օրյա ժամկետում կազմել իրենց համակարգերի մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցանկը, իսկ պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ոչ պետական մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցանկը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչություն:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» թիվ 255 որոշման 6-րդ կետի, ինչպես նաև սույն որոշման գործողությունը 1994 թվականի հունվարի 1-ից տարածել հասարակական սննդի ոլորտում ծառայություններ իրականացնող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից), ինչպես նաև անհատ ձեռներեցների վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 30-ի թիվ 556 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ-ՎԵՐԱՀՍԿԻՉ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Բնակչության հետ հաշվարկները հաշվիչ-վերահսկիչ դրամարկղային ապարատներով իրականացնող ձեռնարկությունները պետք է պարտադիր կարգով գնորդին տան նրանից կանխիկ գումարն ընդունելու փաստը հաստատող վճարագիր (դրամարկղային չեկ):

2. Դրամարկղային վճարագրերը մարվում են գնորդին ապրանքը հանձնելու հետ միաժամանակ` դրոշմելու կամ համապատասխան տեղում կտրելու միջոցով:

Դրամարկղային վճարագրերի վրա պետք է լինեն պայմանական ծածկագրեր, դրոշմներ` դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների համարների և կանխիկ դրամի ընդունման ու ստացման ամսաթվերի նշմամբ:

3. Բոլոր դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներն աշխատանքի ընթացքում պարտադիր կարգով պետք է ունենան հսկիչ ժապավեններ:

Հսկիչ ժապավենները, վճարագրերի կրկնօրինակները (պատճենները) և ընդունված կանխիկ գումարները հաստատող այլ փաստաթղթեր ձեռնարկությունում պետք է պահվեն փաթեթավորված վիճակում` 15 օր, վերջին գույքագրման անցկացման և ապրանքային հաշվետվության ստուգման օրվանից հաշված:

Ապրանքային հաշվետվությունները և դրանց կից խիստ հաշվառման փաստաթղթերը ձեռնարկությունում պահվում են 3 տարուց ոչ պակաս ժամկետով:

Սույն կետի երկրորդ պարբերությունում թվարկված փաստաթղթերի` սահմանված ժամկետներում պահպանման համար պատասխանատվությունը կրում են ձեռնարկության ղեկավարը կամ նրան փոխարինողը:

4. Դրամարկղային գործառնությունների ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դրամարկղային գործառնությունների վճարման կարգին համապատասխան:

5. Պարենային և ոչ պարենային ապրանքների կոմիսիոն առևտրով զբաղվող խանութներում և բաժիններում իրը (ապրանքը) վերադարձնելիս կոմիտենտից ապրանքների պահպանման դիմաց գանձված գումարի համար գանձապահն ամեն օր կազմում է մուտքի հաշվարկային տեղեկագիր:

Օրվա վերջին տեղեկագրում նշված գումարներն ամփոփվում են, տեղեկագիրը ստորագրում են խանութի ղեկավարը, գանձապահն ու հաշվապահը, և ընդհանուր գումարի համար դուրս է գրվում մեկ մուտքի օրդեր, որը տեղեկագրի հետ միասին կցվում է դրամարկղային հաշվետվությանը և հանձնվում հաշվապահություն: Նշված տեղեկագրերի բլանկները համարվում են խիստ հաշվառման բլանկներ:

Վաճառված ապրանքի դիմաց կոմիտենտին կանխիկ դրամի վճարումը կատարվում է կոմիտենտային քարտում` նրա ստորագրելուց հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.1993
N 556
Որոշում