i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ՇԴ/0231/06/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՇԴ/0231/06/17
Նախագահող դատավոր` Վ. Ռշտունի
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ` պաշտպան Մ. Պողոսյանի
2018 թվականի հունիսի 18-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հարություն Իգիթի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 30102517 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Հարություն Իգիթի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ Հ.Պետրոսյանի պաշտպան Մ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 26-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը և վերացրել մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:
4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Մեղադրյալ Հ. Պետրոսյանի պաշտպան Մ.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը: Տուժողի իրավահաջորդ Ն. Մուրադյանը ներկայացրել է դիմում` խնդրելով մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց` չթողնելով նրան ազատության մեջ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
i
5. Հ. Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2017 թվականի հուլիսի 20-ին` ժամը 12:30-ի սահմաններում, վարելով «Մերսեդես Բենցե» մակնիշի 77 NT 477 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհով դեպի Գյումրի քաղաք, Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքում` ավտոճանապարհի 36,3-րդ կիլոմետրի հատվածում, թույլ տալով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի ու ՃԵԿ-ի 2-րդ, 55-րդ և 65-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, ավտոմոբիլը վարելով բնակավայերից դուրս թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 90 կմ/ժ-ը գերազանցող` 92-93 կմ/ժ արագությամբ, բնակավայերից դուրս ազատ աջ գոտու առկայության դեպքում տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, ավտոմոբիլը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, իր այդ գործողություններով պայմանավորել է ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը ու, ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, բախվել է Սպիտակ քաղաքի ուղղությամբ երթևեկող Մելիքսեթ Սերյոժայի Ալեքսանյանի վարած, «Օպել Աստրա» մակնիշի 34 CV 840 հաշվառման համարանիշի ավտոմոբիլին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Մելիքսեթ Սերյոժայի Ալեքսանյանի և վերջինիս վարած ավտոմեքենայի ուղևոր Անահիտ Վոլոդիայի Ալեքսանյանի մահը, նույն ավտոմեքենայի ուղևորներ` անչափահաս Աննա Արմենի Ալեքսանյանի առողջությանը պատճառել է ծանր աստիճանի տրավմատիկ շոկով, ցերեբրալ կոմայով, ցնցումային համախտանիշով զուգորդված` փակ գանգուղեղային վնասվածքի, ձախ ազդրի և սրունքի ոսկրերի կոտրվածքների ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ Սոֆի Մելիքսեթի Ալեքսանյանի առողջությանը` աջ ազդրոսկրի միջին երրորդականի փակ կոտրվածքի, աջ բազկի, ձախ ազդրի սալջարդ վերքերի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 26-27):
6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը լսելով կողմերի կարծիքները, քննության առնելով միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված նյութերը, հիմք ընդունելով քննիչի կողմից բերված պատճառաբանությունները, գտնում է, որ ներկայացված նյութերը, մասնավորապես`
i
- թիվ 60441708, 17-1504, 0141, 0146 փորձագետների եզրակացությունները, վկա Նաիրի Ալավերդյանի ցուցմունքը պարունակում են տեղեկություններ առ այն, որ մեղադրյալ Հ. Պետրոսյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի ու ՃԵԿ-ի 2-րդ, 55-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալու եղանակով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հետևանքների առաջացմանը: Ինչ վերաբերում է թիվ 60441708 եզրակացության ոչ ամբողջական տեքստով դատարան ներկայացնելուն, ապա դատարանը փաստում է, որ այդ եզրակացության հետևություն մասից հստակ երևում է, որ այն վերաբերում է սույն գործով դեպքին.
i
- թիվ 60441708 փորձագետների եզրակացությունն իրենում չի պարունակում տեղեկություն, որ Հ.Պետրոսյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի` ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալու եղանակով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հետևանքների առաջացմանը, քանի որ ըստ այդ եզրակացության` ընդհարմանը մասնակից ավտոմոբիլների մինչպատահարային ընթացքի արագությունների ստույգ մեծությունները որոշել տեխնիկական տեսակետից հնարավոր չէ, սակայն արագության հավանական նշումը կատարել է հաշվի առնելով ընդհարմանը մասնակից ավտոմոբիլներից յուրաքանչյուրի արագավազքաչափի վրա արագաչափի ցուցիչ սլաքի սևեռված դիրքերը: Հետևաբար տրանսպորտային միջոցների արագության վերաբերյալ դատարանին ներկայացվել է միայն այնպիսի ենթադրություն, որը որևէ գիտական մեթոդիկայով հիմնավորված չէ, բացի այդ էլ հաշվի չի առնվել արագության ցուցիչի տեխնիկական հնարավոր սխալանքի հավանականությունը.
- Ն.Մուրադյանի դիմումը և ցուցմունքը պարունակում է տեղեկություններ հարազատների հետ հարևաններ լինելու վերաբերյալ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Հ.Պետրոսյանը, ազատության մեջ գտնվելով, հնարավոր է գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրի` վերջիններին ի պաշտպանություն իրեն ցուցմունքներ տալու կամ արդեն իսկ տված ցուցմունքներից հրաժարվելու, դրանք փոփոխելու հորդորներ տալով.
i
- Հ. Պետրոսյանի կողմից նմուշներ տալուց հրաժարվելու մասին նմուշներ ստանալու որոշման վերջում կատարված գրառումը պարունակում է տեղեկություններ, որ Հ. Պետրոսյանը, լինելով վկայի կարգավիճակում, օգտվելով կասկածյալի իրավունքներից ու պարտականություններից, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով և 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դատավարության մասնակցի պարտականությունը, որով խոչընդոտել է գործի քննությանը` գործով պարզման հանգամանքների ուղղությամբ անհրաժեշտ ապացույցներ հավաքելու տեսանկյունից, ուստի ազատության մեջ գտնվելով հնարավոր է նաև այլ եղանակներով շարունակի խոչընդոտել գործի բնականոն ընթացքին, ապացույցների հավաքմանը.
(...)
Ինչ վերաբերում է քննիչի այն պնդմանը, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ապա դատարանը գտնում է, որ քննիչի ենթադրությունը, որը չի հիմնավորվում գործով ձեռք բերված նյութերից, ապացույցներից կամ այլ փաստական տվյալներից, չի կարող դրվել միայն ակնկալվող պատժի խստությամբ պայմանավորված, բազմիցս վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև դատարան ներկայացած Հ. Պետրոսյանի կալանավորման հիմքում:
Ինչ վերաբերում է հաշվեհարդար տեսնելու հավանական գործողություններին վերաբերելի քննիչի այն նշումներին, որ Հ. Պետրոսյանին ազատությունից զրկելով հնարավոր է կանխվեն հասարակական անկարգություններ, ապա դրա վերաբերյալ այլ ընթացակարգ է սահմանված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործում են այլ մարմիններ, որոնք պարտավոր են կանխել այդ ենթադրյալ ակնկալվող հասարակական անկարգությունը:
i
Այսպիսով, (...) Առաջին ատյանի դատարանը հաշվի առնելով գործի փաստական բոլոր հանգամանքները, գտնում է, որ դրանք իրենց համակցության մեջ հիմք են տալիս ենթադրություն կատարելու, որ Հարություն Իգիթի Պետրոսյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` ապացույցներ հավաքելու տեսանկյունից, ինչպես նաև անօրինական ազդեցություն գործադրելով գործով անցնող անձանց նկատմամբ, և հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները, դրա վերաբերյալ ՄԻԵԴ-ի ու ՀՀ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները` վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 78-79):
7. Վերաքննիչ դատարանը, վերացնելով Հ. Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, իր որոշմամբ արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը քննարկելով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը (...) գտնում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննարկման ժամանակ բավարար տվյալներ ունեցել է մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար:
Ինչ վերաբերում է թիվ 60441708 եզրակացությունը ոչ ամբողջական դատարան ներկայացնելուն, ապա Վերաքննիչ դատարանի գնհատմամբ ընդունելի է դատարանի այն եզրահանգումը, որ այդ եզրակացության «հետևություն» մասից հստակ երևում է, որ այն վերաբերում է տվյալ գործով դեպքին:
Անդրադառնալով բողոքաբերի այն պնդումներին, որ դատարան ներկայացված որևէ նյութով չի հաստատվում, որ Հ. Պետրոսյանն իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, իսկ եթե այդպիսին կատարել է, ապա դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել Հ. Պետրոսյանի ցուցմունքին, որի համաձայն` վերջին պահին բախումից խուսափելու նպատակով մեքենան վարել է ձախ, ինչպես նաև, որ ճանապարհի տվյալ հատվածը կահավորված է ընդհատվող գծերով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված վիճելի հանգամանքները ենթակա են պարզաբանման գործի հետագա քննության ընթացքում, հետևաբար տվյալ փուլում վերոնշյալը բավարար է փաստելու, որ մեղադրյալի ենթադրյալ գործողություններն առերևույթ կարող են պարունակել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հետևանքների առաջացմանը:
Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելուց հետո հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերի հարցին:
(...)
Առաջին ատյանի դատարանը, (...) նշել է, որ քննիչի այն ենթադրությունը, որ մնալով ազատության մեջ մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից չի հիմնավորվում գործով ձեռք բերված փաստական տվյալներից և չի կարող պայմանավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ և դրվել բազմիցս վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև դատարան ներկայացած Հ. Պետրոսյանի կալանավորման հիմքում, որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար նույնպես ընդունելի է:
Մինչդեռ դատարանը, հաշվի առնելով, որ Ն. Մուրադյանի դիմումը և ցուցմունքը պարունակում են տեղեկություններ` հարազատների հետ հարևաններ լինելու վերաբերյալ, գտել է, որ մեղադրյալը ազատության մեջ մնալով, հնարավոր է գործին մասանկից անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրի` վերջիններին ի պաշտպանություն իրեն ցուցմունքներ տալու կամ արդեն իսկ տված ցուցմունքներից հրաժարվելու, դրանք փոփոխելու հորդորներ տալով: Դատարանը նաև գտել է, որ մեղադրյալը ազատության մեջ գտնվելով, հնարավոր է նաև այլ եղանակներով շարունակի խոչընդոտել գործի բնականոն ընթացքին և ապացույցների հավաքմանը` հաշվի առնելով, որ Հ. Պետրոսյանի կողմից նմուշներ տալուց հրաժարվելու մասին նմուշներ ստանալու որոշման վերջում կատարված գրառումը պարունակում է տեղեկություններ, որ վերջինը, ունենալով վկայի կարգավիճակ, օգտվելով կասկածյալի իրավունքներից և պարտականություններից, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` դատավարության մասնակցի պարտականությունը, որով խոչընդոտել է գործի քննությանը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ եզրահանգումները ենթադրություններ են և չեն բխում դատարան ներկայացված նյութերից, հատկապես հաշվի առնելով, որ տուժողների մտերիմները հարցաքննվել են, իսկ տված ցուցմունքները վկայում են այն մասին, որ մեղադրյալի կողմից նրանց վրա ազդելու հավանականությունը գրեթե անհնար է: Բացի այդ, դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունեցող գրեթե բոլոր անձինք արդեն հարցաքննվել են, հիմնական բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարվել են, իսկ նախաքննությունն արդեն գտնվում է ավարտման փուլում: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ քիչ է հավանականությունը, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով կարող է ազդել դատավարության մասնակիցների վրա:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տեղին չէ դատարանի այն եզրահանգումը, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել ապացույցներ հավաքելուն, քանի որ հրաժարվել է նմուշներ տալուց, քանի որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն կասկածյալը պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վկան պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով համեմատական հետազոտման համար տրամադրել նմուշներ, սակայն Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ապացույցներ հավաքելու խոչընդոտելուն ուղղված գործողությունները կատարելու հավանականությունը նվազել է, հաշվի առնելով նախ պաշտպանի այն պարզաբանումները, որ վարույթն իրականացնող մարմինը պահանջել է մեղադրյալից նմուշներ ստանալ դեպքից տևական ժամանակ անց դեպքի պահին վերջինի հարբածության հավանականությունը պարզելու համար, ինչպես նաև այն, որ նախաքննությունը գտնվում է ավարտման փուլում և գործով հիմնական բոլոր քննչական և դատավարական գորոծողությունները կատարվել են: Ավելին` անձն ունի մեղադրյալի կարգավիճակ, ինչի պայմաններում իր դեմ վկայելու մոտեցումն արդարացվում է: Հատկանշական է նաև, որ դեպքից անցել է մոտ վեց ամիս և մեղադրյալի կողմից չի կատարվել որևէ գործողություն, ինչը կվկայեր հնարավոր ազդեցության վտանգի մասին: ՈՒստի նման պայմաններում փաստել ազդեցության հավանականության մասին` իրատեսական չէ» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 44-47):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 26-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներում կալանավորման հիմքերի և պայմանների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, գնահատելով նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված և միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալները, եկել է ճիշտ հետևության այն մասին, որ դրանք դատավարության տվյալ փուլում բավարար են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: ՈՒստի անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ բացակայում են մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ քրեական գործի նախաքննության ընթացքում դեռևս կատարվում են դեպքի հանգամանքների պարզմանն ուղղված քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ակնկալվող փաստական տվյալների ստացման պայմաններում մեծ է հավանականությունը, որ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ հարցաքննելու արդեն իսկ հարցաքննված անձանց կամ կատարելու նրանց մասնակցությամբ այլ քննչական գործողություններ, ուստի մեղադրյալ Հ. Պետրոսյանի ազատության մեջ գտնվելու պարագայում շարունակում է առկա լինել հավանականությունը, որ վերջինս տվյալ փուլում ևս կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
8.1. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել նաև գործում առկա փաստական տվյալներն այն մասին, որ մեղադրյալը խոչընդոտել է գործի քննությանը` ապացույցներ հավաքելու գործընթացին, քանի որ հրաժարվել է նմուշներ տալուց: Բացի այդ, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, ինչպես նաև տվյալ արարքի համար նախատեսված պատժի խստությունը:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 26-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են:
11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
i
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(...)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի (...) անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` «1.Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
i
12. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով (ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլն):
Ընդ որում, Ա. Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:
(...)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ» (տե՛ս Ա. Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):
12.1. Ավելին` հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան), զարգացնելով իր նախադեպային իրավունքը, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ բացի ողջամիտ կասկածի առկայությունից, դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ պետք է կիրառվի նախնական կալանք կիրառելու վերաբերյալ առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն` ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս, mutatis mutandis, Buzadji v. the Republic of Moldova [GC], գանգատ թիվ 23755/07, 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռ, կետեր 87 և 102): Այլ կերպ` սկսած այդ պահից անձի կալանավորման հիմքերի առկայությունը վկայող հիմնավորումները պետք է լինեն փաստարկված, այն է` հիմնված կոնկրետ փաստերի, ինչպես նաև անձը բնութագրող հատկանիշների վրա` զերծ ընդհանուր և վերացական բնույթից (տե՛ս, mutatis mutandis, Aleksanyan v. Russia, գանգատ թիվ 46468/06, 2008 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռ, կետ 179, Boicenco v. Moldova, գանգատ թիվ, 41088/05, 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռ, կետ 142, Khoudoiorov v. Russia, գանգատ թիվ 6847/02, 2005 թվականի նոյեմբերի 8-ի վճիռ, կետ 173, Piruzyan v. Armenia, գանգատ թիվ 33376/07, 2012 թվականի հունիսի 26-ի վճիռ, կետ 92): Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` «հիմնավոր» և «բավարար» պատճառներ համարվող հիմնավորումները ներառել են այնպիսի հիմքեր, ինչպիսիք են թաքնվելու վտանգը, վկաների վրա ներգործելու նպատակով ճնշում գործադրելու կամ կեղծված ապացույցների վտանգը, նախնական համաձայնության գալու ռիսկը, կրկին հանցագործություն կատարելու վտանգը, հասարակական կարգը խախտելու վտանգը և կալանավորված անձին պաշտպանելու անհրաժեշտությունը (տե՛ս, mutatis mutandis, StՓgmՖller v. Austria, գանգատ թիվ 1602/62, 1969 թվականի նոյեմբերի 10, կետ 15, Wemhoff v. Germany, գանգատ թիվ 2122/64, 1968 թվականի հունիսի 27, կետ 14, Tomasi v.France, գանգատ թիվ 12850/87, 1992 թվականի օգոստոսի 27, կետ 95, Toth v. Austria, գանգատ թիվ 11894/85, 1991 թվականի դեկտեմբերի 12, կետ 70, Letellier v. France, գանգատ թիվ 12369/86, 1991 թվականի հունիսի 26, կետ 51, I.A. v. France, գանգատ թիվ 1/1998/904/1116, 1998 թվականի սեպտեմբերի 23, կետ 108 և Բադալյանն ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 44286/12, 2017 թվականի հուլիսի 20, կետ 39):
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, փաստել է, որ այն ենթակա է բավարարման, քանի որ ներկայացված նյութերը բավարար են` արձանագրելու ինչպես մեղսագրվող արարքին առնչվելու վերաբերյալ հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին, միաժամանակ գտել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը պետք է բեկանել և մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել, քանի որ կալանավորման հիմքերի վերաբերյալ ստորադաս դատարանի եզրահանգումները ենթադրություններ են և չեն բխում դատարան ներկայացված նյութերից: Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումն հիմնավորել է այն փաստարկով, որ տուժողների մտերիմներն արդեն հարցաքննվել են, իսկ տված ցուցմունքները վկայում են այն մասին, որ մեղադրյալի կողմից նրանց վրա ազդելու հավանականությունը գրեթե անհնար է: Բացի այդ, ըստ Վերաքննիչ դատարանի` հիմնական բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարվել են, իսկ նախաքննությունը գտնվում է ավարտման փուլում: Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել ստորադաս դատարանի նաև այն հետևությունը, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել ապացույցներ հավաքելուն, քանի որ հրաժարվել է նմուշներ տալուց` պատճառաբանելով, որ անձն ունի մեղադրյալի կարգավիճակ, ինչի պայմաններում իր դեմ չվկայելու մոտեցումն արդարացվում է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, հիմնավոր չէ:
Այսպես, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ մեղադրյալը չի կարող խոչընդոտել գործի քննությանը, քանի որ տուժողների մտերիմներն արդեն հարցաքննվել են, տված ցուցմունքները վկայում են այն մասին, որ մեղադրյալի կողմից նրանց վրա ազդելու հավանականությունը գրեթե անհնար է, բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարվել են, նախաքննությունը գտնվում է ավարտման փուլում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ դատողությունները չեն կարող դիտարկվել որպես բավարար չափով պատճառաբանված` փաստացի անհիմն համարելու Առաջին ատյանի դատարանի հետևյալ եզրահանգումը. «Ն.Մուրադյանի դիմումը և ցուցմունքը պարունակում է տեղեկություններ` հարազատների հետ հարևաններ լինելու վերաբերյալ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Հ. Պետրոսյանն ազատության մեջ գտնվելով հնարավոր է գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրի` վերջիններին ի պաշտպանություն իրեն ցուցմունքներ տալու կամ արդեն իսկ տված ցուցմունքներից հրաժարվելու, դրանք փոփոխելու հորդորներ տալով» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ Վերաքննիչ դատարանի մատնանշած հանգամանքները սույն գործում առկա համապատասխան տվյալների պայմաններում չեն չեզոքացնում մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Այդ առումով Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև բողոքաբերի այն փաստարկը, որ քրեական գործի նախաքննության ընթացքում դեռևս կատարվում են դեպքի հանգամանքների պարզմանն ուղղված քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ակնկալվող փաստական տվյալների ստացման պայմաններում մեծ է հավանականությունը, որ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ հարցաքննելու արդեն իսկ հարցաքննված անձանց կամ կատարելու նրանց մասնակցությամբ այլ քննչական գործողություններ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Ինչ վերաբերում է վերը նշվածի առնչությամբ Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանի համապատասխան եզրահանգումները ենթադրություններ են և չեն բխում դատարան ներկայացված նյութերից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա հարցի առնչությամբ ձևավորվող դատողությունները չեն կարող չկառուցվել ենթադրությունների վրա, քանի որ կալանավորման հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, և ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Իսկ այն, որ դատարանի եզրահանգումը չի բխել ներկայացված նյութերից, հիմնավոր չէ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ապացույցներ հավաքելու գործընթացին խոչընդոտել չի կարող համարվել Հ.Պետրոսյանի կողմից նմուշներ տալուց հրաժարվելը, քանի որ վերջինս ունի մեղադրյալի կարգավիճակ, ինչպիսի պայմաններում արդարացված են իր դեմ չվկայելու գործողությունները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր դեմ վկայություն չտալու հիմնարար իրավունքը չի կարող մեկնաբանվել այնպես, որ վկայի, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նմուշներ տալու պարտականության կատարումից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետ, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ և 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ) հրաժարվելը դիտարկվի որպես այդ հիմնարար իրավունքի իրացման դրսևորման ձև: Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը բխում է նաև Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից, ըստ որի` լռելու իրավունքը բացարձակ չէ (տե՛ս John Murray v. the United Kingdom, գանգատ թիվ 18731/91, 1996 թվականի փետրվարի 8, կետ 47), անձի` իր դեմ վկայություն չտալու սկզբունքը չի տարածվում այնպիսի «նյութերի վրա, որոնք կարող են ձեռք բերվել մեղադրյալից հարկադիր լիազորությունները օգտագործելու միջոցով, որը գոյություն ունի կասկածյալի կամքից անկախ, օրինակ, inter alia, փաստաթղթեր, որոնք ձեռք են բերվել կարգադրության արդյունքում, շնչառության, արյան և մեզի նմուշներ և մարմնական հյուսվածք ԴՆԹ փորձաքննության նպատակով» (տե՛ս, mutatis mutandis, Saunders v. United Kingdom, գանգատ թիվ 19187/91, 1996 թվականի դեկտեմբերի 17, կետ 69, Jalloh v. Germany, գանգատ թիվ 54810/00, 2006 թվականի հուլիսի 11, կետ 112):
15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Հ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 288-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին պետք է հաշվակցել մեղադրյալ Հ. Պետրոսյանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2018 թվականի հունվարի 26-ը անազատության մեջ գտնվելու ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162, 163-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 11-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Հարություն Իգիթի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմանը:
2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2017 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2018 թվականի հունվարի 26-ը մեղադրյալ Հ. Պետրոսյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան