ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԿԴ/0089/12/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԿԴ/0089/12/17
Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
2018 թվականի ապրիլի 18-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ դատապարտյալ Սևակ Մհերի Սարգսյանի ներկայացուցիչ Գ. Պապոյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի դատավճռով Սևակ Մհերի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի ու 68-րդ հոդվածի 2-րդ մասի կանոններով` պատիժները լրիվ գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ մերժվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սևակ Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը:
3. Դատապարտյալ Ս.Սարգսյանի ներկայացուցիչ Գ. Պապոյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալի ներկայացուցիչ Գ. Պապոյանը:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատապարտյալի ներկայացուցիչ Գ. Պապոյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտում արձանագրել է. «(...) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշումը գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որը հրապարակվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին, իսկ դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 2017 թվականի հոկտեմբերի 9-ին` ժամը 24:00-ին: (...)
Սույն դատական գործի նյութերից երևում է, որ դատապարտյալ Սևակ Մհերի Սարգսյանի պաշտպան Գարիկ Պապոյանը հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել (բողոքը փոստին է հանձնվել) 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ:
Բողոքի հեղինակը թեև ակնարկել է, որ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը դատապարտյալ Սևակ Մհերի Սարգսյանին հասու է դարձել 2017 թվականի հոկտեմբերի 6-ին, սակայն համապատասխան միջնորդություն չի ներկայացրել և որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարց չի բարձրացրել ինչպես այդ դատական ակտը կայացրած դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի առջև:
Վերը նշվածի հիման վրա, (...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի` դատապարտյալ Ս.Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ բերված սույն վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 55-56):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակը գտել է, որ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման` ներքոշարադրյալ պատճառաբանություններով.
Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով 2010 թվականի հոկտեմբերի 16-ի վճիռը` բողոք բերած անձը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է որոշման հրապարակման պահից տասնօրյա ժամկետի ավարտից հետո բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով, քանի որ բողոքարկվող դատական ակտը վերջինիս հասու է դարձել միայն նույն թվականի հոկտեմբերի 6-ին, որից էլ հաշված տարվել է բողոքը: ՈՒստի, ըստ բողոքաբերի, այն դեպքերում, երբ հրապարակված դատական ակտն ուշ է առաքվում, և բողոքաբերն այն ուշ է ստանում, միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը վերանում է, և բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի իրավունքի ուժով:
7. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բավարարել ներկայացված բողոքը և բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետն անձի կամքից անկախ հանգամանքներով բաց թողնելու դեպքում այն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը:
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
«Այն դեպքում, երբ (...) բողոքը ժամկետանց է (...), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:
i
11. ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ բողոքարկվող դատական ակտը շահագրգիռ անձին օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դառնում վերջինիս կամքից անկախ պատճառներով, արձանագրել է.
- «(...) որպես ընդհանուր կանոն, այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: Միևնույն ժամանակ, որպես հատուկ կանոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված չէ անձի կամքով, առաջացել է անձից անկախ պատճառներով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշյալ դեպքերում ներկայացված միջնորդությունը բավարարելը համապատասխան դատական ատյանի պարտականությունն է հանդիսանում (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման 8-րդ կետը):
i
12. ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշմամբ, ելնելով մարդու իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման ու իրավակիրառական պրակտիկայում առկա հակասական մոտեցումների հաղթահարման անհրաժեշտությունից, արձանագրել է, որ.
«ա/ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,
բ/ Երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների (...)» (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշման 12-րդ կետը):
13. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, զարգացնելով Տիգրան Հովհաննիսյանի, Նավասարդ Ալավերդյանի և այլ գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները, Վերգինե Բեգանյանի գործով որոշմամբ փաստել է, որ.
- «(...) առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտը շահագրգիռ անձի կամքից անկախ պատճառներով նրան հասանելի չդարձվելու (...) դեպքում պարտադիր չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու համար օրենսդրությամբ սահմանված միջնորդություն ներկայացնել, այլ բավարար են բողոքաբերի կողմից բերված անհրաժեշտ ապացույցներ, այն մասին, որ վերջինս դատարանի թերացման (...) արդյունքում է ուշ ստացել դատական ակտը կամ այդ փաստը (դատական ակտն ավելի ուշ ստանալու) հաստատված համարվի գործում առկա նյութերով: Տվյալ իրավիճակներից որևէ մեկի առկայությունը դատարանին փաստացի հիմք է տալիս դատական ակտը բողոքարկելու բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով /ex jure/ վերականգնելու` առանց միջնորդության ձևական պահանջի:
- «(...) առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը բողոքարկելու համար բաց թողնված ժամկետի վերականգնման վերաբերյալ ներկայացված դիրքորոշումները չեն կարող անսահմանափակ բնույթ կրել և այն վերաբերում է միայն շահագրգիռ անձի կամքից անկախ պատճառներով դատական ակտը նրան հասանելի չլինելու դեպքերին (մասնավորապես, երբ դատական ակտը դատարանի թերացման կամ առաքման այլ պատճառներով չի հանձնվել կամ ուշ է հանձնվել շահագրգիռ անձին), իսկ այն պարագայում, երբ դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողումը կապված է անձի հիվանդության, անհաղթահարելի ուժի և այլ դեպքերի հետ, ապա տվյալ պարագայում պահանջվում է, որ բողոքաբերի կողմից ներկայացվի հիմնավորված միջնորդություն` կից ապացույցներով, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին ըստ հավուր պատշաճի, մանրամասն հետազոտելու բողոքարկման ժամկետների բաց թողնման պատճառները և համապատասխան եզրահանգման գալու: (տե՛ս Վերգինե Բեգանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԱՐԴ1/0012/11/16 որոշման 15-րդ կետը):
14. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ բողոք ներկայացնելու անձի իրավունքին ուղիղ համեմատական է լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն ապահովելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը: Ուստիև արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից կարևորվում է, որ օրենքով սահմանված ժամկետների խախտման դեպքերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով նախատեսված` բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու պահանջը չպայմանավորվի այն դեպքերով, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետները բաց են թողնվում շահագրգիռ անձի կամքից անկախ հանգամանքներով: Այսպես` այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ծանոթանալու բողոքարկվող դատական ակտին, ինչը, սակայն, պայմանավորված չի եղել իր պարտականությունների թերացման կամ իրավունքների չարաշահման հետ, այլ եղել է վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ անգործության արդյունք, ապա տվյալ դեպքերում բողոքարկման ժամկետի բացթողումը պետք է իրավունքի ուժով (ex jure) համարվի հարգելի, և նման դեպքերում չպետք է դատական պաշտպանություն հայցող անձի վրա դրվեն ձևական պահանջների կատարման պարտականություններ:
15. Սույն գործի փաստական տվյալներից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին, իսկ դատապարտյալ Ս.Սարգսյանին այն հանձնվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին: Վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացուցիչ Գ. Պապոյանը ներկայացրել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, ընդունելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատապարտյալին հասու է դարձել 2017 թվականի հոկտեմբերի 6-ին, ներկայացրած բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ բողոքաբերը համապատասխան միջնորդություն չի ներկայացրել և որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարց չի բարձրացրել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելն այն պայմաններում, երբ բողոքարկվող դատական ակտը շահագրգիռ անձին ուշ է հասու դարձել ոչ վերջինիս մեղքով:
17. Վերոնշյալի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ժամկետանց լինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական իրավունքի խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և այն նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենք»-ի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Սևակ Մհերի Սարգսյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան