i
COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 52316/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
14 սեպտեմբերի 2017թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Ալեշ Պեյհալ [Ales Pejchal],
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Թիմ Այքե [Tim Eicke],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2017 թվականի հուլիսի 11-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Ալիկ Մաթևոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի սեպտեմբերի 24-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 52316/09) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Հերհերում գործող փաստաբան պրն Հ. Բաղդասարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ իշխանություններն արդյունավետ քննություն չեն իրականացրել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ իր պնդումների առնչությամբ:
4. Քննության ենթադրյալ անարդյունավետության վերաբերյալ բողոքը 2012 թվականի մայիսի 15-ին ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատի մնացած մասը հայտարարվել է անընդունելի:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1987 թվականին և գանգատը Դատարան ներկայացնելու պահին իր պատիժը կրելիս է եղել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում (տե՛ս ներքևում` 27-րդ պարբերությունը):
6. Չնշված ամսաթվին դիմումատուն զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ: Այդ ժամանակ նա զինվորական ծառայություն անցնելիս է եղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում:
7. 2006 թվականի ապրիլի 29-ին դիմումատուի զորամասի մոտ գտնվող անտառում հայտնաբերվել է նրա ծառայակցի` Ա.Հ.-ի դին: Նրան գտել են ծառից կախված` ձեռքերը մեջքի հետևում մետաղալարով կապած: Նույն օրը Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել մահվան փաստի առթիվ: Կարճ ժամանակ անց գործի քննությունն ստանձնել է Զինվորական դատախազությունը, և գործն ընդունվել է քննիչ Ա.Կ.-ի վարույթ:
8. Գործի նյութերի համաձայն` 2006 թվականի մայիսի 2-ին դիմումատուն քրեական գործի առթիվ հարցաքննվել է Կապան քաղաքում: Երևում է, որ նույն օրը դիմումատուի և մեկ այլ ծառայակցի` Ռ.Հ.-ի նկատմամբ նախորդող ամսվա ընթացքում Ա.Հ.-ին ծեծի ենթարկելու համար կիրառվել է կարգապահական տույժ` տասն օր ժամկետով կալանքի ձևով: Նաև երևում է, որ հաջորդ օրը դիմումատուն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչություն (Ռազմական ոստիկանության վարչություն), որտեղ պահվել են մինչև 2006 թվականի մայիսի 12-ը:
9. Ռազմական ոստիկանության վարչությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուն և Ռ.Հ.-ն հարցաքննվել են որպես քրեական գործով վկաներ: Երևում է, որ 2006 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ Ռ.Հ.-ն խոստովանել է, որ ինքը և դիմումատուն սպանել են Ա.Հ.-ին:
10. Չնշված ամսաթվին Ռազմական ոստիկանության վարչության կարգապահական մեկուսարանի պետը քննիչ Ա.Կ.-ին է ուղարկել հետևյալ նամակը.
«Ձեր բանավոր հարցման հիման վրա` հայտնում ենք, որ ... [դիմումատուն] Ռազմական ոստիկանության վարչության կարգապահական մեկուսարան է ընդունվել 2006 թվականի մայիսի 3-ին և այնտեղ պահվել է մինչև 2006 թվականի մայիսի 12-ը, որից հետո տեղափոխվել է Պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամաս ... Կարգապահական մեկուսարան ընդունվելիս, այնտեղ պահվելու ընթացքում և դուրս գրվելիս նրա վրա որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, և նրա առողջական վիճակի հետ կապված որևէ գանգատ չի ստացվել»:
11. 2006 թվականի մայիսի 17-ին քննիչ Ա.Կ.-ն դիմումատուի ձերբակալման վերաբերյալ կազմել է արձանագրություն, որի մեջ նշվել է, որ դիմումատուն այդ օրը ձերբակալվել է Ռազմական ոստիկանության վարչությունում` Ա.Հ.-ին ծեծի ենթարկելու և սպանելու կասկածանքով: Նույն օրը նա դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ` դիմումատուի համար պաշտպան նշանակելու խնդրանքով, որը նշանակվել է հաջորդ օրը:
12. 2006 թվականի մայիսի 20-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով` ծանրացնող հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման և ծանրացնող հանգամանքներում սպանության համար: Մասնավորապես, քննիչը հանգել է այն եզրակացության, որ 2006 թվականի մարտ ամսին դիմումատուն Ռ.Հ.-ի հետ միասին Ա.Հ.-ին ծեծի է ենթարկել, իսկ 2006 թվականի ապրիլի 28-ին ծառից կախելով` սպանել է նրան:
13. Նույն օրը դիմումատուն տեղափոխվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան: Քննիչ Ա.Կ.-ի խնդրանքով դատարանը կարգադրել է [դիմումատուին] կալանքի տակ պահել:
14. Դիմումատուն վիճարկել է գործի նյութերում արտացոլված փաստերը և պնդել է, որ իրեն Կապանի ռազմական ոստիկանության վարչություն են տեղափոխել 2006 թվականի մայիսի 1-ին և այնտեղ պահել են մինչև 2006 թվականի մայիսի 3-ը: Դրանից հետո իրեն տեղափոխել են Ռազմական ոստիկանության վարչության կարգապահական մեկուսարան, որտեղ պահել են մինչև 2006 թվականի մայիսի 20-ը: Այդ ամբողջ ընթացքում ռազմական ոստիկանության աշխատակիցներն ու քննիչներն իրեն ենթարկել են դաժան ծեծի ու խոշտանգումների, հարվածել են մարմնի փափուկ մասերին, ինչպես նաև «չերևացող» մասերին, այդ թվում` ներբաններին` ստիպելով նրան խոստովանել սպանություն կատարելու փաստը: Այդ ժամանակ իրեն իրավական ներկայացուցիչ չի տրամադրվել: Ռ.Հ.-ն և մեկ այլ ծառայակից, որոնք Ա.Հ.-ի մահվան փաստի առթիվ տեղափոխվել էին Ռազմական ոստիկանության վարչություն, նույնպես ծեծի են ենթարկվել: Ռ.Հ.-ն, չկարողանալով դիմանալ ծեծին, խոստովանական ցուցմունք է տվել:
15. 2006 թվականի հունիսի 21-ին` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, դիմումատուն բողոք է ներկայացրել, inter alia (ի թիվս այլնի), Գլխավոր դատախազություն, նշելով հետևյալը.
«... Սույն թվականի մայիսի 1-ին ռազմական ոստիկանության աշխատակիցները, գալով զինվորական պահակակետ, ինձ [երկու այլ զինվորների հետ միասին] տեղափոխեցին [ռազմական ոստիկանության] վարչություն: Նրանք մեզանից ցուցմունքներ վերցրին և սկսեցին ծեծել մեզ: Գիշերը [Ռ.Հ.-ն] և ես անցկացրել ենք ընդունարանում` հատակին նստած` մեր ձեռքերը ձեռնաշղթաներով պատերին կապված: Ես այնտեղ մնացել եմ մինչև մայիսի 3-ը և այդ ընթացքում ականատես եմ եղել ծեծի և լսել եմ բղավոցներ, որոնք գալիս էին տարբեր սենյակներից, որտեղ զինվորները ծեծի էին ենթարկվում: [Մայիսի] 3-ին մենք` 11 զինվորներս, տեղափոխվել ենք Ռազմական ոստիկանության վարչություն, և ինձ տեղափոխել են [ավագ սպա Ա.Մ.-ի] սենյակ, որտեղ ինձ անդադար ծեծի են ենթարկել` այս անգամ ավելի դաժան մեթոդների դիմելով: Նրանք հանել են իմ կոշիկները և բարակ ճյուղով սկսել են հարվածել ներբաններիս: Նրանք ինձ ստիպել են տալ սուտ խոստովանական ցուցմունքներ: Գիշերը նրանք ինձ տեղափոխել են կարգապահական մեկուսարան: Այնտեղ են պահվել նաև [մի քանի այլ ծառայակիցներ], իսկ մյուսները պահվել են մեկ ընդհանուր սենյակում: Մոտ 10 օր անց, երբ ինձ հարցաքննում էին որպես վկայի, քննիչը հանել է կոշիկներս: Պետք է նշեմ, որ կարգապահական մեկուսարանում ինձ պահել են անօրինական կերպով` հիմք ընդունելով վերադասի հրամանը: Ինձ պահել են 10 օր` ներքին կարգապահական կանոնագրքային կանոնները խախտելու համար: Նրանք ինձ ամեն օր տեղափոխել են առանձին սենյակ և փորձել են ծեծի ենթարկելու և սպառնալու միջոցով ստիպել ինձ իրենց ուզած ձևով ցուցմունքներ տալ: Մայիսի 17-ին կամ 18-ին ժամը 01:00-ին քննիչը եկել և ասել է ինձ, որ ընկերուհիս գտնվում է կողքի սենյակում, և եթե ես իր ուզած ձևով ցուցմունքներ չտամ, ընկերուհիս տհաճությունների մեջ կհայտնվի: Նրանք նաև սպառնացել են, որ նույնն սպասվում է նաև իմ 17-ամյա քրոջը: [Օպերատիվ հետախուզության] վարչության պետ [Մ.Ղ.-ն] և նրա տեղակալ [Ա.Մար.-ը] նույնպես ծեծի են ենթարկել ինձ: Երբ ես չէի կարողանում ուտել, քանի որ ստացած բազմաթիվ հարվածներից և ապտակներից ատամներս ցավում էին, նրանք ինձ սպառնում և անպարկեշտ հայհոյանքներ էին հնչեցնում իմ հասցեին: Մի գիշեր, երբ ինձ հետ էին տանում մեկուսարան, [մեկուսարանի աշխատակիցները] մարմնիս վրա նկատեցին ծեծի հետքեր և [ռազմական ոստիկանության աշխատակիցներին] զգուշացրին, որ ինձ այդ վիճակում այլևս չտանեն բանտախուց: [Պետի տեղակալ Ա.Մար.-ը] սկսեց հարվածել և հայհոյել ինձ` հարցնելով, թե ինչու [մեկուսարանի աշխատակիցներին] չեմ ասել, թե իբր բախվել եմ դռանը: Ես լսում էի, թե մյուս զինվորներն ինչպես էին գոռում և լաց լինում մյուս սենյակներում: Երբ ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածում էր ինձ, մյուսն այդ ամենը նկարահանում էր իր բջջային հեռախոսով, ապա նկարածը իմ ներկայությամբ ցույց էր տալիս մյուս աշխատակիցներին, որից հետո նրանք սկսում էին նվաստացնել ինձ: Նրանք ինձ հասցրին այնպիսի վիճակի, որ ես ասացի, որ ցանկանում եմ մեռնել: Նրանք անմիջապես մի սպիտակ թուղթ դրեցին դիմացս, գրիչ տվեցին և ասացին` եթե գրեմ, որ ցանկանում եմ ինքնասպանություն գործել, նրանք ինձ կօգնեն այդ հարցում: Նրանք ինձ առաջարկում էին սուտ ցուցմունքներ տալ [Ռ.Հ.-ի] դեմ` նույն բառերով, որոնցով [Ռ.Հ.-ն] էր ցուցմունք տվել իմ դեմ ... [Ռ.Հ.-ի] հետ իմ առերեսումից հետո ... նա ինձ խնդրեց ներել իրեն և ասաց, որ չի կարողացել դիմանալ ծեծին, ցավին և վախին, այդ պատճառով սխալ ցուցմունքներ է տվել իմ դեմ, քանի որ հակառակ դեպքում իր ընտանիքը տհաճությունների մեջ կընկներ: [Ռազմական ոստիկանության շտաբում] և մեկուսարանում ինձ պահել են ոչ թե 10, այլ 18 օր: Մայիսի 20-ին մեզ տեղափոխել են [Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան], որը որոշում է կայացրել մեզ կալանավորելու մասին: Դատական նիստի ժամանակ ես նշել եմ, որ որևէ կապ չունեմ [Ա.Հ.-ի] մահվան հետ, և չեմ ընդունել իմ մեղավորությունը: Հունիսի 15-ին քննիչն իմ փաստաբանի հետ միասին այցելել է ինձ [Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում] և ներկայացրել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, իմ զինվորական կոշիկների ներբանների վրա հայտնաբերված ավազի հատիկները համապատասխանում են հանցագործության վայրից վերցված ավազի հատիկներին: Ես նրանց ասել եմ, որ համաձայն չեմ փորձաքննության եզրակացության հետ, և քննիչը սպառնացել է, որ կխնդրի փաստաբանին տասը րոպեով դուրս գալ [բանտախցից] և այդ ընթացքում [կծեծի ինձ] ... .
Ես ևս մեկ անգամ խնդրում և պահանջում եմ, որ քննչական մարմինները կատարեն անաչառ և մանրակրկիտ քննություն` պահպանելով քրեական դատավարության պահանջները, գտնեն իրական մարդասպաններին և ինձ ու քննության մեջ ներգրավված մյուս անմեղ անձանց դուրս բերեն այս անմարդկային մղձավանջից:»:
16. Սեպտեմբերի 21-ին քննիչ Ա.Կ.-ն, որին ուղարկվել էր դիմումատուի բողոքը, հարցաքննել է Մ.Ղ.-ին, Ա.Մար.-ին և Ա.Մ-ին, և նրանք բոլորը հերքել են դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու փաստը:
17. 2006 թվականի սեպտեմբերի 23-ին քննիչը որոշել է քրեական գործով վարույթ չհարուցել: Նրա որոշումն ունեցել է հետևյալ բովանդակությունը.
«Զինվորական դատախազության [քննիչ Ա.Կ.-ս] ... ուսումնասիրելով ... ինձ հանձնարարված ... քրեական գործի նյութերը ...
[Ա.Հ.-ի մահվան փաստի առթիվ] հարուցված քրեական գործի քննության ժամանակ մեղադրյալը [դիմումատուն] բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որն ստացվել է Զինվորական դատախազության կողմից: [Այդ բողոքի] մեջ մեղադրյալը նշել է, որ նա և ... մեկ այլ մեղադրյալ` [Ռ.Հ.-ն], Ռազմական ոստիկանության վարչությունում գտնվելու ընթացքում ծեծի են ենթարկվել օպերատիվ հետախուզության վարչության պետ [Մ.Ղ.-ի] և նրա տեղակալ [Ա.Մար.-ի] կողմից, և որ նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել նաև [ավագ սպա Ա.Մ.-ի] աշխատասենյակում:
Օպերատիվ հետախուզության վարչության պետ [Մ.Ղ.-ն] տվել է ցուցմունքներ, որոնց համաձայն` [դիմումատուի] նկատմամբ բռնություն չի գործադրվել, և ասել է, որ եթե նման բան տեղի ունեցած լիներ, ապա նման բռնություն կիրառած ռազմական ոստիկանության աշխատակիցը պատասխանատվության կենթարկվեր իր գործողությունների համար:
Նման ցուցմունքներ են տվել նաև օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ [Ա.Մար.-ը] և ավագ սպա [Ա.Մ.-ն]:
[Ռազմական ոստիկանության վարչության կարգապահական մեկուսարանի պետ Մ.Թ.-ի գրության] համաձայն` կարգապահական մեկուսարան ընդունվելիս և այնտեղ պահվելու ընթացքում [դիմումատուի] և [Ռ.Հ.-ի] վրա մարմնական վնասվածքներ չեն եղել, և նրանք իրենց առողջական վիճակի վերաբերյալ որևէ բողոք չեն ներկայացրել:
ՈՒստի, փաստն այն է, որ [դիմումատուի] և [Ռ.Հ.-ի]` Ռազմական ոստիկանության վարչությունում գտնվելու ժամանակահատվածում այդ վարչության աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը չի հիմնավորվել [Ա.Հ.-ի մահվան դեպքի առթիվ] հարուցված քրեական գործի քննության ընթացքում: ՈՒստի,] հանցագործության փաստը հաստատող ապացույցներ չկան:
Վերոնշյալը հիմք ընդունելով` ... որոշում եմ քրեական գործով վարույթ չհարուցել` ... հանցագործության փաստը հաստատող ապացույցների բացակայության պատճառով:»:
18. Ըստ դիմումատուի` այդ որոշման մասին ինքը չի ծանուցվել և դրա մասին ինքն իմացել է միայն քննության ավարտից հետո` քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս:
19. Չնշված ամսաթվին քննությունն ավարտվել է:
20. 2006 թվականի նոյեմբերի 1-ին քննիչ Ա.Կ.-ն գործի նյութերը տրամադրել է դիմումատուին և նրա փաստաբանին:
21. 2006 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը դատական քննության նպատակով ուղարկվել է Սյունիքի մարզային դատարան: Երևում է, որ դատական քննության ժամանակ դիմումատուն և Ռ.Հ.-ն պնդել են, որ նախնական քննության ընթացքում իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել:
22. Երևում է նաև, որ 2007 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզային դատարանը, դիմումատուի և Ռ.Հ.-ի` վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները հիմք ընդունելով, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Այն ակնհայտորեն որոշել է կասեցնել գործի վարույթը և խնդրել է Զինվորական դատախազությանը` քննել վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները:
23. Դիմումատուի` 2007 թվականի հունիսի 15-ին կազմված բժշկական հետազոտության եզրակացության համաձայն` նրա մարմնի վրա վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել: Բժշկական հետազոտության եզրակացության մեջ նշված է նաև, որ քանի որ հետազոտությունն անցկացվել է բավականին ուշ (ենթադրյալ վատ վերաբերմունքին ենթարկվելուց մեկ տարի անց), և բժշկական որևէ փաստաթուղթ չկա, հնարավոր չէ ասել` արդյոք դիմումատուի վրա եղել է որևէ մարմնական վնասվածք, թե ոչ, քանի որ հնարավոր է, որ վնասվածքներ եղել են, սակայն առանց որևէ հետք թողնելու անցել են:
24. Ռ.Հ.-ի բժշկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է քթի հին կոտրվածք, սակայն բժշկական հետազոտության եզրակացության համաձայն` հնարավոր չի եղել որոշել, թե կոտրվածքը երբ է առաջացել: Մարմնական այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Երևում է, որ քննիչը դրանից հետո հարցաքննել է մի քանի անձանց, այդ թվում` Ռ.Հ.-ի նախկին ծառայակիցներին, որոնք նշել են, որ իրենց ծառայության ժամանակ նկատել են, որ Ռ.Հ.-ի քիթը դեֆորմացված է, և որ Ռ.Հ.-ն իրենց ասել է, որ իր քիթը վնասվել է բանակ զորակոչվելուց առաջ:
25. 2007 թվականի հունիսի 20-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունը հրաժարվել է քրեական գործով վարույթ հարուցել վատ վերաբերմունքի վերաբերյալ Ռ.Հ.-ի պնդումների հիման վրա` հանցագործության փաստը հաստատող ապացույցների բացակայության պատճառով:
26. 2007 թվականի օգոստոսի 2-ին Զինվորական դատախազությունը գրություն է ուղարկել Սյունիքի մարզային դատարան` տեղեկացնելով, որ դիմումատուի և Ռ.Հ.-ի` ծեծի ենթարկվելու վերաբերյալ պնդումների ճշմարտացիությունը չի հաստատվել: Նամակում հղում է կատարվել 2006 թվականի սեպտեմբերի 23-ի և 2007 թվականի հունիսի 20-ի որոշումներին, ինչպես նաև երկու դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներին:
27. 2007 թվականի օգոստոսի 29-ին Սյունիքի մարզային դատարանը, Ա.Հ.-ի մահվան հետ կապված, դիմումատուին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` առանց ծանրացուցիչ հանգամանքների սպանություն կատարելու համար, ինչպես նաև Ա.Հ.-ին ծեծի ենթարկելու հետ կապված` Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտում կատարելու համար: Այն դիմումատուին դատապարտել է գումարային ինն ու կես տարվա ազատազրկման: Ռ.Հ.-ն նույնպես մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման: Մարզային դատարանը հանգել է այն եզրակացության, որ Ռ.Հ.-ի ցուցմունքները կարելի է համարել ընդունելի, քանի որ պարտադրված խոստովանության վերաբերյալ նրա պնդումները չեն հիմնավորվել:
28. 2007 թվականի սեպտեմբերի 7-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Սյունիքի մարզային դատարանի դատավճռի դեմ` նշելով, որ դատավճռի հետ համաձայն չէ: Նա դատարանին խնդրել է բեկանել դատավճիռը և արդարացնել իրեն, քանի որ ինքն անմեղ է:
29. Երևում է, որ քրեական գործով վարույթի մյուս բոլոր մասնակիցները նույնպես վերաքննիչ բողոք են ներկայացրել Սյունիքի մարզային դատարանի դատավճռի դեմ:
30. 2007 թվականի դեկտեմբերի 3-ին Քրեական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է բոլոր բողոքները և անփոփոխ է թողել 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը:
31. Չնշված ամսաթվին Զինվորական դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավճռի դեմ` պահանջելով, որ հանցագործությունների որակմանը վերաբերող մասը բեկանվի և ավելի խիստ պատիժ նշանակվի:
32. 2008 թվականի հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքը: Այն բեկանել է Վերաքննիչ դատարանի դատավճռի` հանցագործությունների որակմանը վերաբերող մասը և գործն ուղարկել է նոր քննության:
33. 2008 թվականի նոյեմբերի 12-ին Քրեական վերաքննիչ դատարանը գործը նորից է քննել և դիմումատուին Ա.Հ.-ի մահվան փաստի առթիվ այս անգամ մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով` ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար` խստացնելով նրա պատիժը` դատապարտելով նրան տասնհինգ տարվա ազատազրկման:
34. Չնշված ամսաթվին դիմումատուի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 12-ի դատավճռի դեմ: Նա պնդել է, inter alia, որ դիմումատուն ծեծի և խոշտանգման է ենթարկվել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, և որ երբ նրան և Ռ.Հ.-ին կալանավորել և հարցաքննել են որպես վկաների, Ռ.Հ.-ին ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ:
35. 2009 թվականի փետրվարի 25-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել: Այն նշել է, որ չի կարող քննել դիմումատուի բողոքում ներկայացված փաստարկները, քանի որ նա դրանք չէր ներկայացրել 2007 թվականի սեպտեմբերի 7-ի իր բողոքի մեջ, և Քրեական վերաքննիչ դատարանը դրանք չէր ուսումնասիրել: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը անդրադարձել է դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատներին` հղում կատարելով քննիչ Ա.Կ.-ի` ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական վարույթ չհարուցելու մասին 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմանը: Այն նաև նշել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ Ռ.Հ.-ի պնդումների հիման վրա քրեական վարույթ չի հարուցվել:
36. 2009 թվականի մարտի 26-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել 2008 թվականի նոյեմբերի 12-ի դատավճռի դեմ, որում ներկայացրել է իր պաշտպանի բողոքի հիմքում ընկած փաստարկներին նման փաստարկներ:
37. 2009 թվականի ապրիլի 30-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը վարույթ չի ընդունել` հիմքերի բացակայության պատճառով:
38. Դրանից հետո` չնշված ամսաթվին, դիմումատուն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` պնդելով, որ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 25-ի որոշումը, որով այն հրաժարվել է քննել իր վճռաբեկ բողոքում ներկայացված բոլոր փաստարկները, հակասում է Սահմանադրության դրույթներին:
39. 2009 թվականի դեկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե Վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը և ընդունում է նոր դատական ակտ, ապա տվյալ գործով դատավարության մասնակիցները պետք է վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունենան:
40. Սահմանադրական դատարանի որոշումից հետո 2010 թվականի հունվարի 20-ին դիմումատուն նոր վճռաբեկ բողոք է ներկայացրել 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ` պնդելով, inter alia, որ ո՛չ քննչական մարմինները և ո՛չ էլ դատարանները հաշվի չեն առել այն փաստը, որ ինքը և Ռ.Հ.-ն ծեծի ու խոշտանգման են ենթարկվել ռազմական ոստիկանության կողմից:
41. 2010 թվականի մարտի 26-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը: Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«Սույն գործով Վճռաբեկ դատարանը նախ և առաջ կանդրադառնա իր առջև դրված հետևյալ հարցերին. արդյո՞ք փաստարկներն այն մասին ... որ [դիմումատուն] ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է խոշտանգման, հիմնավորված են, արդյո՞ք [Ռ.Հ.-ից] խոստովանական ցուցմունքներ են կորզվել ծեծի ենթարկելու արդյունքում, և արդյո՞ք մեղադրանքների համար հիմք են ծառայել ծեծի և խոշտանգման միջոցով ձեռք բերված ապացույցները:
... ինչպես պարզ է դառնում 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումից ..., ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից [դիմումատուի] և [Ռ.Հ.-ի] նկատմամբ ... վատ վերաբերմունք ցուցաբերելու մասով ... քրեական վարույթ չի հարուցվել` հանցագործության փաստը հաստատող ապացույցների բացակայության պատճառով:
... ՈՒստի, բողոք բերող անձի` ոստիկանության աշխատակիցների կողմից [դիմումատուի] նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ փաստարկներն անհիմն են ...»:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քրեական դատավարության օրենսգիրքը (այդ ժամանակ գործող խմբագրությամբ)
42. 11-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների և ֆիզիկական կամ հոգեկան բռնության: Այդ արգելքը ներառում է բժշկական դեղամիջոցների օգտագործումը, սովը, ուժասպառումը, հիպնոսը, բժշկական օգնությունից զրկելը, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունք: Արգելվում է նաև կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:
43. 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:
44. 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ դատարանը լիազորված է դիմելու դատախազին` Օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
45. 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետով նախատեսվում է, որ մեղադրյալն Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի բողոքարկելու հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշում:
46. 175-րդ հոդվածով նախատեսվում է, որ Օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել:
47. 176-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներն են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
48. 180-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Այդ ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ կամ այլ նյութեր, կարող է կատարվել դեպքի վայրի զննություն և նշանակվել փորձաքննություն:
49. 181-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին. 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին. 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
50. 184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով որոշում են կայացնում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որն առանց մեղադրյալի մասնակցության կատարել է այլ անձ: Դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ պետք է դիմի դատախազին:
51. 185-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած անձին: Այդ որոշումը կարող է բողոքարկվել Օրենսգրքով սահմանված կարգով: Դատարանը վերացնում է որոշումը կամ հաստատում է այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:
52. 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` Օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: 290-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց կամ քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը` Օրենսգրքով նախատեսված դեպքերում: 290-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքը կարող է ներկայացվել դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, ապա բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում: 290-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին:
Բ. Քրեական օրենսգիրքը (այդ ժամանակ գործող խմբագրությամբ)
53. 104-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսվում է, որ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` մինչև տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
54. 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:
Գ. Սահմանադրական դատարանի` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը
55. Մեկ այլ գործով Սահմանադրական դատարանը քննել է ՔԴՕ-ի 290-րդ հոդվածի սահմանադրականության հարցը: Այն, inter alia, հանգել է այն եզրակացության, որ այդ դրույթի ձևակերպումը` պետական իշխանության մարմինների «անգործությունը» դատարաններում վիճարկելու հնարավորության առումով, հստակ չէ` ի տարբերություն այդ մարմինների «որոշումների և գործողությունների», և որ այդ հնարավորությունը ձևավորվել է միայն ներպետական պրակտիկայի միջոցով: Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ այդ դրույթով սահմանվող պահանջը, ըստ որի` բողոք բերող անձը, նախքան դատարան դիմելը, պետք է նախ և առաջ բողոքը ներկայացրած լինի դատախազին և նրա կողմից մերժում ստացած լինի, անհիմն կերպով սահմանափակում է բողոք բերող անձի` դատարանի մատչելիության իրավունքը և, ուստի, հակասահմանադրական է:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
56. Դիմումատուն բողոքել է, որ իշխանություններն արգելանքի տակ գտնվելու ժամանակ իր նկատմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին իր պնդումների արդյունավետ քննություն չեն իրականացրել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Ընդունելիությունը
57. Կառավարությունը պնդել է, որ արդյունավետ քննության ենթադրյալ բացակայությանը վերաբերող իր բողոքի մասով դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 290-րդ հոդվածի համաձայն` նա իրավունք է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բողոքարկելու դատարան: Կառավարությունը ներկայացրել է դատարանների` այլ գործերով որոշումների պատճեններ, որոնցով նման բողոքները բավարարվել են: Այն վիճարկել է, որ նույնիսկ եթե դիմումատուն, ինչպես ինքն է պնդում, ծանուցված չի եղել 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման մասին, նա, այնուամենայնիվ, ունեցել է մեկ ամիս, որի ընթացքում, համաձայն ՔԴՕ-ի 290-րդ հոդվածի 3-րդ մասի, կարող էր բողոք ներկայացնել դատարան: Վերջապես, գործի բոլոր նյութերը, այդ թվում` նշված որոշումը, դիմումատուի և նրա փաստաբանի համար հասանելի են դարձել 2006 թվականի նոյեմբերի 1-ին: Հետևաբար, նա որոշման մասին տեղեկացել է առնվազն այդ օրը և իրավասու դատարանում այն բողոքարկելու հնարավորություն է ունեցել:
58. Դիմումատուն վիճարկել է, որ ինքը տեղեկացված չի եղել 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման մասին և, հետևաբար, այն բողոքարկելու հնարավորություն չի ունեցել: Որպես հետևանք, իր բողոքի մասով իր համար հասանելի իրավական պաշտպանության ներպետական միակ արդյունավետ միջոցը գործն ըստ էության քննող դատարանում իր նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելն է եղել:
59. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից` դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև պատասխան տալուց այնպիսի գործողությունների համար, որոնք նա իր սեփական իրավական համակարգի միջոցով հնարավորություն չի ունեցել լուծելու: Այս կանոնը պահպանելու համար դիմումատուն պետք է օգտվի իրավական պաշտպանության` սովորաբար կիրառվող միջոցներից, որոնք հասանելի են և բավարար` ենթադրյալ խախտումների դեպքում իրավական պաշտպանություն ապահովելու համար (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vuckovic and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և 29 այլք, §§ 70 և 71, 2014 թվականի մարտի 25, և Ասենովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999-VIII):
60. Կոնվենցիայի 35-րդ հոդվածից բխում է, որ իրավական պաշտպանության հասանելի և բավարար միջոցների գոյությունը պետք է ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում բավականաչափ որոշակի լինի. հակառակ դեպքում այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ չափով մատչելի և արդյունավետ (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, Պակսասն ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Paksas v. Lithuania] [GC]], թիվ 34932/04, § 75, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)): Եթե Կառավարությունը պնդում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցը սպառված չի եղել, ապա ինքն էլ պետք է Դատարանում ապացուցի, որ այն եղել է արդյունավետ, այդ ժամանակ տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն` որ եղել է մատչելի, դրանով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների պարագայում ապահովել համապատասխան իրավական պաշտպանություն, և որ ողջամտորեն ակնկալելի էր, որ դրանով դիմումատուն կարող էր հաջողության հասնել (տե՛ս Ակդիվարը և այլք ընդդեմ Թուրքիայի [Akdivar and Others v. Turkey], 1996 թվականի սեպտեմբերի 16, § 68, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1996/IV): Մինչդեռ, երբ ապացուցման այս պարտականությունը կատարված է, հերթն արդեն դիմումատուինն է` ապացուցելու, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցն իրականում սպառված է եղել կամ որևէ պատճառով գործի տվյալ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ առկա են եղել նրան այդ պահանջից ազատող հատուկ հանգամանքներ (տե՛ս, ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների, Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Selmouni v. France [GC]], թիվ 25803/94, §§ 74-77, ՄԻԵԴ 1999 V, և Նեգսը և Խաչիկն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Knaggs and Khachik v. the United Kingdom (dec.)], թիվ 46559/06 և 22921/06, § 155, 2011 թվականի օգոստոսի 30):
61. Դիմումատուն պնդել է, որ 2006 թվականի մայիսի 3-ից 20-ը նա ենթարկվել է վատ վերաբերմունքի: Այդ ժամանակ գործող քրեական դատավարությանը համապատասխան` վատ վերաբերմունքի զոհերը կարող էին ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին տեղեկացնել ՔԴՕ 175-րդ հոդվածում նշված ցանկացած իրավասու մարմնի: Համապատասխան մարմինը պարտավոր էր քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնել: Քրեական գործ հարուցելը մերժելը, համաձայն ՔԴՕ 185-րդ հոդվածի, կարող էր այնուհետև սահմանված կարգով բողոքարկվել դատարան (տե՛ս վերևում` 46-րդ, 49-րդ և 51-րդ պարբերությունները):
62. Սույն գործով 2006 թվականի հունիսի 21-ին դիմումատուն մանրամասն բողոք է ներկայացրել, inter alia, Գլխավոր դատախազին` պնդելով, որ ինքը ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի: Նա տրամադրել է համապատասխան մանրամասներ, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անունները, և պահանջել է, որ քննություն իրականացվի (տե՛ս վերևում` 15-րդ պարբերությունը):
63. Դատարանը նկատում է, որ 2006 թվականի սեպտեմբերի 23-ին զինվորական դատախազության քննիչը մերժել է ռազմական ոստիկանության` դիմումատուի բողոքում նշված աշխատակիցների դեմ քրեական գործի հարուցումը: Ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուին տեղեկացրել են այդ որոշման վերաբերյալ, և Կառավարությունը չի պնդել, որ այդպես է եղել: Այսպիսով, տեղյակ չլինելով այդ որոշման մասին, դիմումատուն այն դատարան բողոքարկելու արդյունավետ հնարավորություն չի ունեցել:
64. Մյուս կողմից երևում է, որ քննությունն ավարտվելուց հետո, երբ նրանց համար հասանելի են դարձել գործի նյութերը, դիմումատուն և նրա փաստաբանը տեղեկացել են 2006 թվականի նոյեմբերի 1-ի որոշման մասին (տե՛ս վերևում` 20-րդ պարբերությունը): Չնայած, որ այդ ժամանակ տեղյակ է դարձել 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման մասին, դիմումատուն այն բողոքարկել է ոչ թե առանձին վարույթում, այլ վատ վերաբերմունքի մասին իր բողոքը ներկայացրել է իրեն առաջադրված մեղադրանքի հարցը լուծող դատարանում (տե՛ս վերևում` 21-րդ պարբերությունը): Հետևաբար, հարց է ծագում, թե արդյոք կարելի էր ակնկալել, որ դիմումատուն, պարզած լինելով 2006 թվականի նոյեմբերի 1-ի որոշման մասին, հարցն առաջիկա դատական քննության ժամանակ բարձրացնելու փոխարեն այն կբողոքարկեր առանձին վարույթում, որպեսզի համարվեր, որ նա պահպանել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները: Դատարանը համարում է, որ գործն ըստ էության քննող դատարանում վատ վերաբերմունքի մասին ներկայացված բողոքը չի կարող, որպես ընդհանուր կանոն, համարվել վատ վերաբերմունքի առնչությամբ Դատարանում ներկայացված բողոքների մասով իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման բնականոն գործընթացի մաս: Այնուամենայնիվ, կարող են լինել բացառիկ հանգամանքներ, որոնց պարագայում կարելի է համարել, որ այդպիսի ընթացակարգով գործի տվյալ հանգամանքներում ապահովվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս Ակուլինինը և Բաբիչն ընդդեմ Ռուսաստանի [Akulinin and Babich v. Russia], թիվ 5742/02, §§ 25-34, 2008 թվականի հոկտեմբերի 2, Վլադիմիր Ֆյոդորովն ընդդեմ Ռուսաստանի [Vladimir Fedorov v. Russia], թիվ 19223/04, §§ 41-50, 2009 թվականի հուլիսի 30, և Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Zalyan and Others v. Armenia], թիվ 36894/04 և 3521/07, §§ 235-37, 2016 թվականի մարտի 17): Դատարանն այս առումով վերստին նշում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պետք է կիրառվի որոշակի ճկունությամբ և առանց անհարկի ձևականությունների` հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստը: Այդ կանոնը ո՛չ բացարձակ է, ո՛չ էլ կարող է կիրառվել ավտոմատ կերպով. վերանայելու համար, թե արդյոք այն պահպանվել է, կարևոր է հաշվի առնել տվյալ գործի հանգամանքները (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, Ակուլինինի և Բաբիչի գործը` վերևում հիշատակված, § 30, Վլադիմիր Ֆյոդորովի գործը` վերևում հիշատակված, § 45, և Դելիյորգյին ընդդեմ Ալբանիայի [Delijorgji v. Albania], թիվ 6858/11, § 54, 2015 թվականի ապրիլի 28):
65. Դատարանը հաշվի է առնում այն փաստը, որ 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը դատարանում վիճարկելն ընդհանուր առմամբ իրավական պաշտպանության այնպիսի միջոց էր, որով հնարավոր էր դիմումատուի` 3-րդ հոդվածի ներքո բերված բողոքի պարագայում ապահովել համապատասխան իրավական պաշտպանություն: Դատարանը Զալյանի և այլոց գործում (վերևում հիշատակված, §§ 235-37) արդեն քննել է այն հարցը, թե արդյոք կարող է դիմումատուին առաջադրված մեղադրանքի հարցը լուծող դատարանում վատ վերաբերմունքի մասին պնդումներ ներկայացնելը 3-րդ հոդվածի ներքո բերված բողոքի պարագայում համարվել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, և գտել է, որ կոնկրետ հանգամանքներում այն կարող է այդպիսին համարվել: Այդ գործում դիմումատուների` վատ վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ որոշում չէր կայացվել, մինչդեռ սույն գործում, ինչպես վերը նշվել է, դիմումատուն մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը, այսինքն` մինչև քննության ավարտը, տեղյակ չի եղել դատախազի 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման մասին, որով մերժվել էր վարույթի հարուցումը: Դատարանն, այնուամենայնիվ, նկատում է, որ չնայած նրան, որ նշված որոշումը դիմումատուին հասանելի չի դարձվել մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը, գործն ըստ էության քննության համար Սյունիքի մարզի դատարան էր ուղարկվել դեռևս 2006 թվականի նոյեմբերի 14-ին (տե՛ս վերևում` 21-րդ պարբերությունը): Սյունիքի մարզի դատարանը ընդունել է դիմումատուի բողոքի հիմնավորվածությունը, վարույթը կասեցրել է` մինչ Զինվորական դատախազությունից հետագա պարզաբանումներ ստանալը, և նշանակել է դիմումատուի դատաբժշկական փորձաքննություն (տե՛ս վերևում` 22-րդ և 26-րդ պարբերությունները): Ավելին, գործն ըստ էության քննող դատարանում բերած իր փաստարկներից բացի, դիմումատուն իր վճռաբեկ բողոքում մանրամասն փաստարկներ է ներկայացրել իր նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի առնչությամբ (տե՛ս վերևում` 34-րդ, 36-րդ և 40-րդ պարբերությունները): Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումից հետո Վճռաբեկ դատարանն ի վերջո քննել է և մերժել նրա պնդումները` ապացույցների բացակայության պատճառով` հիմնվելով, inter alia, 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման վրա (տե՛ս վերևում` 41-րդ պարբերությունը): Այս առումով հատկանշական է, որ դիմումատուի քրեական գործը քննող դատարանները ՔԴՕ 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն լիազորված են եղել բավարար ապացույցների առկայության դեպքում դատախազից պահանջելու հարուցել քրեական վարույթ և իրականացնել դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների քննություն, և որ այդ ընթացակարգը նախկինում արդյունավետ է եղել (տե՛ս Զալյանի և այլոց գործը` վերևում հիշատակված, §§ 113, 124, 236 և 237, որում Վճռաբեկ դատարանը բեկանել է դիմումատուների դեմ կայացված մեղադրական դատավճիռն այն հիմքով, որ, inter alia, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները քննելու կարիք կար, որից հետո քննություն է իրականացվել դատախազի կողմից, որն ի վերջո մերժել է ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելը):
66. ՈՒստի, Դատարանը համարում է, որ դիմումատուն, իր քրեական գործն ըստ էության քննող դատարանում վատ վերաբերմունքի մասին պնդումներ ներկայացնելով, դիմել է իրավական պաշտպանության այնպիսի միջոցի, որը կարող էր գործի տվյալ հանգամանքներում արդյունավետ լինել իր` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքի պարագայում (տե՛ս a contrario (հակառակը)` Սահակյանը և Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Sahakyan and Mkrtchyan v. Armenia (dec.)], թիվ 57687/09, 63452/09 և 63455/09, § 95, 2013 թվականի հոկտեմբերի 1): Այն հանգամանքներում, երբ գերագույն ատյանի դատարանը քննել է ու մերժել է դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումները` իր եզրահանգումներում հիմնվելով քննիչի` 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման մեջ արտացոլված եզրահանգումների վրա, ակնհայտ չէ, որ նույն որոշումն առանձին ընթացակարգով վիճարկելն ավելի հաջող կլիներ, կամ որ դրա վերաբերյալ որոշում կկայացվեր որևէ այլ հարցի հիման վրա: Ավելին, Զալյանի և այլոց գործում դատարանները մերժել էին քննել դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների էությունն այն հիմքերով, որ դրանք արդեն քննվել էին և մերժվել գործն ըստ էության քննող դատարանի կողմից (տե՛ս Զալյանի և այլոց գործը` վերևում հիշատակված, §§ 236 և 237): Հետևաբար, կասկած է հարուցում այն, որ այն պարագայում, երբ քննությունն ավարտվել էր, և գործն ըստ էության քննության համար փոխանցվելու էր համապատասխան դատարան, դատարանը, որտեղ դիմումատուն վիճարկում էր նշված որոշումը, կքններ նրա բողոքը:
67. Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուն, տեղյակ չլինելով 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման մասին, կարող էր Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով իր բողոքը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում բողոք ներկայացնել հետապնդում իրականացնող մարմնի անգործության վերաբերյալ: Դատարանը նկատում է, որ Զալյանի և այլոց գործում (վերևում հիշատակված, «« 231-33), անդրադառնալով Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը (տե՛ս վերևում` 55-րդ պարբերությունը), Դատարանը գտել է, որ այդ ժամանակ դիմումատուների համար իրավական պաշտպանության հստակ, արդյունավետ և մատչելի միջոցներ չեն եղել իրենց նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի առնչությամբ ներկայացված բողոքների մասով քննություն իրականացնող մարմինների անգործության դեմ: Դատարանը սույն գործի պարագայում այդ եզրահանգումից շեղում կատարելու որևէ պատճառ չի տեսնում:
68. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով սույն գործի կոնկրետ հանգամանքները և այն, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը չի կարող օգտագործվել դիմումատուի դեմ, եթե, չնայած վերջինիս կողմից օրենքով սահմանված ձևերը չպահպանվելուն, իրավասու մարմինն այնուամենայնիվ քննել է նրա պահանջի էությունը (տե՛ս Ջավադովն ընդդեմ Ռուսաստանի [Dzhavadov v. Russia], թիվ 30160/04, § 27, 2007 թվականի սեպտեմբերի 27, Սկալկան ընդդեմ Լեհաստանի (որոշում) [Skalka v. Poland (dec.)], թիվ 43425/98, 2002 թվականի հոկտեմբերի 3, և Էդելմայերն ընդդեմ Ավստրիայի (որոշում) [Edelmayer v. Austria (dec.)], թիվ 33979/96, 2000 թվականի մարտի 21), չի կարելի ասել, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները չբավարարելու համար դիմումատուի` 3-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքն անընդունելի հայտարարելու հիմքեր չկան:
69. Դատարանը նկատում է, որ այս բողոքը չի կարող համարվել ակնհայտորեն անհիմն` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով: Դատարանն այնուհետև նկատում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
70. Դիմումատուն նշել է, որ իշխանությունները չեն իրականացրել վատ վերաբերմունքի մասին իր պնդումների արդյունավետ քննություն: Նա կասկածի տակ է դրել ռազմական ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքների արժանահավատությունը և նշել է, որ քննություն իրականացնող մարմինն իր և ռազմական ոստիկանության աշխատակիցների միջև առերեսում չի անցկացրել` դեպքերի մասին նրանց տարբերակի և իր սեփական տարբերակի միջև էական հակասությունները պարզելու համար: Դիմումատուն նաև կասկածի տակ է դրել կարգապահական մեկուսարանի պետի գրության արժանահավատությունը` պնդելով, որ իրականում նրան թիվ 20440 զորամաս են տեղափոխել ոչ թե 2006 թվականի մայիսի 12-ին, այլ 24-ին:
71. Կառավարությունը նշել է, որ իշխանություններն իրականացրել են դիմումատուների` վատ վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն: Մասնավորապես, դիմումատուի 2006 թվականի հունիսի 21-ին ներկայացված բողոքին ի պատասխան` Զինվորական դատախազության քննիչը հարցաքննել է վկաների, այդ թվում` Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզության վարչության պետ Մ.Ղ.-ին, նրա տեղակալ Ա.Մար.-ին և նույն բաժնի ավագ սպա Ա.Մ.-ին: Նրանք բոլորն էլ ժխտել են դիմումատուի նկատմամբ որևէ բռնության կիրառությունը ռազմական ոստիկանության շտաբում: Նրանց ցուցմունքների և ռազմական ոստիկանության շտաբի կարգապահական մեկուսարանի պետի գրության հիման վրա քննիչը որոշել է քրեական վարույթ չհարուցել, քանի որ չի հայտնաբերել հանցագործության մասին վկայող որևէ ապացույց:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
72. Դատարանը վերստին նշում է, որ երբ անհատը վիճարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանության կամ նմանատիպ այլ պետական մարմինների կողմից ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք` խախտելով 3-րդ հոդվածը, ապա նշված դրույթից, որն անհրաժեշտ է դիտարկել Պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հիմնական պարտականության («իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայ[ով] ... «) հետ համակցության մեջ, ինքնաբերաբար ենթադրելի է, որ պահանջվում է արդյունավետ պաշտոնական հետաքննության իրականացում (տե՛ս Ասենովը և այլք ընդդեմ Բուլղարիայի, 1998 թվականի հոկտեմբերի 28, § 102, Զեկույցներ 1998/VIII, և Լաբիտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, § 131, ՄԻԵԴ 2000/IV):
73. Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե որևէ արդյունքի հասնելու, այլ միջոցներ ձեռնարկելու պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգեցնի այնպիսի եզրակացության, որը համընկնում է պահանջ ներկայացրած անձի` դեպքերի մասին տված ցուցմունքներին. այնուամենայնիվ, դրա միջոցով սկզբունքորեն պետք է հնարավոր լինի պարզել գործի փաստերը և, այն դեպքում, երբ պարզվում է, որ պնդումները ճիշտ էին, ապա նաև բացահայտել և, հիմնավորված լինելու դեպքում, պատժել պատասխանատու անձանց: ՈՒստի, վատ վերաբերմունքի մասին լուրջ պնդումների քննությունը պետք է մանրակրկիտ լինի: Դա նշանակում է, որ ցանկացած դեպքում իշխանությունները պետք է ձգտեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունները չպետք է հիմք ընդունվեն իրենց քննությունն ավարտելու համար կամ դրվեն իրենց որոշումների հիմքում: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցները, այդ թվում` ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական և այլ ապացույցներ ապահովելու համար: Քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առջև (տե՛ս Միխեևն ընդդեմ Ռուսաստանի [Mikheyev v. Russia], թիվ 77617/01, § 108, 2006 թվականի հունվարի 26, և Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, § 162, 2012 թվականի հոկտեմբերի 2):
74. Վերջապես, Դատարանը վերստին նշում է, որ որպեսզի պետական մարմինների կողմից ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի գործով քննությունը արդյունավետ լինի, այն պետք է լինի անկախ: Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական իմաստով անկախություն (տե՛ս Օգյուրն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Ogur v. Turkey] [GC]], թիվ 21594/93, § 91, ՄԻԵԴ 1999/III, Մեհմեթ Էմին Յուկշելն ընդդեմ Թուրքիայի [Mehmet Emin Yuksel v. Turkey], թիվ 40154/98, § 37, 2004 թվականի հուլիսի 20, ինչպես նաև Երգին ընդդեմ Թուրքիայի [Ergi v. Turkey], 1998 թվականի հուլիսի 28, § 83, Զեկույցներ 1998/IV, որում անվտանգության ուժերի և ՔԱԿ-ի [Քուրդիստանի աշխատավորների կուսակցություն] ենթադրյալ բախման ժամանակ մի աղջկա մահվան գործով քննություն իրականացնող դատախազն անկախ չէր գործել, քանի որ առավելապես հիմնվել էր միջադեպում ներգրավված ժանդարմների կողմից տրամադրված տեղեկությունների վրա):
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
75. Սույն գործով 2006 թվականի հունիսի 21-ին, inter alia, Գլխավոր դատախազություն դիմումատուի կողմից ներկայացված բողոքի արդյունքում իշխանություններին տեղեկացրել են նրա նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին (տե՛ս վերևում` 15-րդ կետը): Այդ բողոքը եղել է բավականաչափ մանրամասն, պարունակել է հստակ ամսաթվեր, վայրեր և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անունները: Դատարանի կարծիքով այն, հետևաբար, կարող է համարվել «վիճարկելի պնդում»: Ճիշտ է, որ դիմումատուի բողոքը ներկայացվել է ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո մեկ ամիս ուշացումով: Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում, որ այդ ուշացումն այնքան երկար էր, որ բողոքը ipso facto (այդ փաստի ուժով) համարվեր անհիմն կամ չունենար հաջողության հասնելու հեռանկար: Ավելին, բժշկական տեղեկանքների բացակայությունը չի փոխում այս եզրահանգումը: ՈՒստի, իշխանությունները դիմումատուի պնդումների մասով արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորություն են ունեցել:
76. Դատարանը նկատում է, որ դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումները քննվել են Զինվորական դատախազության կողմից, որի եզրահանգումները հետագայում հաստատվել են ներպետական դատարանների կողմից (տե՛ս վերևում` 27-րդ և 41-րդ պարբերությունները): Հետևաբար, սույն գործով հարցը ոչ այնքան այն է, թե արդյոք ընդհանրապես անցկացվել է որևէ տիպի քննություն, այլ այն, թե արդյոք այն անցկացվել է պատշաճորեն, արդյոք իշխանությունները տրամադրված են եղել լիովին ուսումնասիրել դիմումատուի պնդումները և, համապատասխանաբար, արդյոք քննությունը կարող էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով համարվել «արդյունավետ»:
77. Անդրադառնալով դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումներին իշխանությունների արձագանքի արդյունավետությանը, Դատարանը նկատում է, որ 2006 թվականի հունիսի 21-ին, inter alia, Գլխավոր դատախազություն նրա կողմից ներկայացված բողոքն ուղարկվել է Զինվորական դատախազություն, որն էլ հենց զբաղվում էր նրա դեմ հարուցված քրեական գործի քննությամբ: Ավելին, նրա բողոքն ուղարկվել է նույն քրեական գործի քննության համար պատասխանատու քննիչ Ա.Կ.-ին, որն էլ ի վերջո որոշել է ռազմական ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնել: Դատարանը նկատում է, որ կազմակերպական ենթակայության տեսանկյունից Ռազմական ոստիկանությունն առանձին մարմին է, որը ենթակա է Պաշտպանության նախարարությանը, այլ ոչ թե Զինվորական դատախազությանը, որը մտնում է հետապնդում իրականացնող մարմինների կազմի մեջ: Սակայն հաշվի առնելով այն, որ քննիչ Ա.Կ.-ն կոչված էր քննելու ռազմական ոստիկանության այն աշխատակիցների գործողությունները, որոնք ներգրավված էին եղել իրեն հանձնարարված քրեական գործի նախնական քննության մեջ, և որ դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների քննության արդյունքը պարտադիր հետևանքներ կունենար այդ գործով ապացույցների ընդունելիության վրա, Դատարանը չի կարող այդպիսի քննությունը համարել անկախության պահանջը բավարարող: ՈՒշագրավ է այն, որ քննիչ Ա.Կ.-ի որոշումը, որով մերժվում էր քրեական գործի հարուցումը, պարունակում էր ընդհանրացված եզրակացություններ, որոնք զուրկ էին որևէ պատճառաբանությունից: Եվ որ ամենակարևորն է, որևէ բացատրություն չի տրվել այն մասին, թե ինչու են ռազմական ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները համարվել ավելի վստահելի, քան դեպքերի մասին դիմումատուի տված ցուցմունքները (տե՛ս վերևում` 17-րդ պարբերությունը): Դա ցույց է տալիս, որ քննություն իրականացնող մարմինն առանց որևէ հիմնավորման նախապատվությունը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից տրամադրված ապացույցներին (համեմատի՛ր Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի [Nalbandyan v. Armenia], թիվ 9935/06 և 23339/06, § 123, 2015 թվականի մարտի 31):
78. Դատարանը նաև նկատում է, որ իշխանությունները դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների մասին տեղեկացել են 2006 թվականի հունիսի 21-ին: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումից երևում է, որ Ա.Կ.-ի կողմից ձեռնարկված միակ քննչական միջոցառումը եղել է դիմումատուի բողոքն ստանալուց երեք ամիս հետո ռազմական ոստիկանության այն աշխատակիցներին հարցաքննելը, որոնք ենթադրաբար վատ են վերաբերվել նրան: Մասնավորապես, համապատասխան արձանագրությունների համաձայն` Մ.Ղ.-ն, Ա.Մար.-ը և Ա.Մ.-ն հարցաքննվել են 2006 թվականի սեպտեմբերի 21-ին (տե՛ս վերևում` 16-րդ պարբերությունը): Հարցաքննությանը նախորդող երեք ամիսների ընթացքում կամ դրանից հետո այլ միջոցառումներ չեն ձեռնարկվել, մինչդեռ Ա.Կ.-ն նշված աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին իր որոշումն արդեն իսկ կայացրել է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին` հիմնվելով զուտ նրանց ցուցմունքների և կարգապահական մեկուսարանի պետի գրության վրա (տե՛ս վերևում` 17-րդ պարբերությունը): Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ իշխանությունները դիմումատուի բողոքին չեն արձագանքել արագ և պատշաճ կերպով:
79. Դատարանը նաև նկատում է, որ հետապնդում իրականացնող մարմինն ունեցել է դիմումատուին, ոստիկանության աշխատակիցներին և վկաներին հարցաքննելու, բժշկական զննություն նշանակելու և այլ ապացույցներ ձեռք բերելու լիազորություն: Փոխարենը զինվորական դատախազության քննիչը պարզապես հարցաքննել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և իր եզրակացությունների համար հիմք է ընդունել նրանց ցուցմունքները` ժխտելով դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքը: Դատարանը նկատում է, որ քննիչը չի հարցաքննել դիմումատուին, առավել ևս` չի փորձել նշված աշխատակիցների հետ առերեսում իրականացնելու միջոցով պարզել դեպքերի մասին նրանց հակասող պնդումները:
80. Բացի այդ, քննություն իրականացնող մարմինը դիմումատուի բողոքն ստանալուց անմիջապես հետո չի նշանակել բժշկական զննություն, որը հնարավոր է, որ հանգեցրել է կարևոր նշանակություն ունեցող ապացույցների կորստի: Փոխարենը, քննիչը հիմնվել է ռազմական ոստիկանության շտաբի մեկուսարանի պետի գրության վրա, որի մեջ նշվում էր, որ դիմումատուի վրա մարմնական վնասվածքների նշաններ չեն եղել: Դատարանն, այնուամենայնիվ, նկատում է, որ գրությունը չի հիմնավորվել որևէ բժշկական փաստաթղթով, ինչպես նաև դրանից չէր կարելի ենթադրել, որ դիմումատուն բժշկական զննություն է անցել: Դատարանը նաև նկատում է, որ դիմումատուն բժշկական զննության է ենթարկվել ենթադրյալ վատ վերաբերմունքից միայն մեկ տարի անց` Սյունիքի մարզի դատարանի որոշումից հետո: ՈՒշ անցկացվելու և բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով բժշկական զննությունը չի հանգեցրել որևէ օգտակար եզրակացության (տե՛ս վերևում` 23-րդ պարբերությունը):
81. Վերոնշյալից ելնելով` Դատարանը եզրակացնում է, որ իշխանությունները չեն իրականացրել դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն:
82. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
83. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:
Ա. Վնասը
84. Դիմումատուն նյութական վնասի մասով պահանջել է 4 000 եվրո (EUR), որը ներառում է բանտում գտնվելու ընթացքում իր ազգականների կողմից նրան տրամադրված դեղամիջոցների ծախսերը: Դիմումատուն այնուհետև 26 000 եվրո է պահանջել` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
85. Կառավարությունը վիճարկել է, որ նյութական վնասի պահանջվող հատուցումը կապված չէ դիմումատուի` Կոնվենցիայով սահմանված իրավունքների ենթադրյալ խախտման հետ և չի հիմնավորվում որևէ ապացույցով, իսկ ոչ նյութական վնասի հատուցման մասով պահանջը միայն տեսական էր:
86. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. ուստի, այն մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, արդարացիության սկզբունքի հիման վրա որոշում կայացնելով` Դատարանը դիմումատուին շնորհում է 6 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
87. Դիմումատուն նաև պահանջել է 6 000 եվրո` որպես ծախսերի և ծախքերի հատուցում: Այդ գումարը ներառում է 2 000 եվրո` որպես հատուցում տեղական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար, և 4 000 եվրո` այն գումարը, որը նա պայմանավորվել էր վճարել Դատարանում իր ներկայացուցչին այն դեպքում, երբ Դատարանն իր օգտին վճիռ կայացներ:
88. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի տրամադրել ծախսերի և ծախքերի մասով պահանջի որևէ ապացույց:
89. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ նա դրանք իրականում և ըստ անհրաժեշտության կրել է, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Դատարանը նշում է, որ դիմումատուն չի ներկայացնել որևէ փաստաթղթային ապացույց` տեղական վարույթներում իր կողմից ներկայացված ծախսերի և ծախքերի մասով պահանջը հիմնավորելու համար: Դատարանը նաև նշում է, որ նա չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց, որ նա պարտավոր է պահանջվող գումարը վճարել Դատարանում իր ներկայացուցչին: Նման հանգամանքներում այս ծախսերը չեն կարող պահանջվել, քանի որ դրանք իրականում չեն կատարվել, և այս պահանջը պետք է մերժվի (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), ՄըքՔանը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, § 221, շարք Ա թիվ 324):
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
90. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ բողոքն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտում.
3. Վճռում է, որ
ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի 6 000 եվրո (վեց հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը վերոնշյալ գումարի նկատմամբ պետք է հաշվարկվի պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի սեպտեմբերի 14-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Ռենատա Դեգեներ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
Քարտուղարի տեղակալ Նախագահ