i
COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
«ՉԱՊ» ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 15485/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
4 մայիսի 2017թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
«ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Ալեշ Պեյխալ [AleԾ Pejchal],
Ռոբերտ Սպանո [Robert Spano],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Թիմ Այքը [Tim Eicke],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ,
և Աբել Կամպոս [Abel Campos]` Բաժանմունքի քարտուղար,
2017 թվականի ապրիլի 4-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «ՉԱՊ» ՍՊԸ-ի (դիմումատու ընկերություն) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2009 թվականի մարտի 13-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 15485/09) հիման վրա:
2. Դիմումատու ընկերությունը ներկայացրել են Վանաձորում գործող իրավաբաններ պրն Թ. Թումանյանը և պրն Է. Մարուքյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատու ընկերությունը, մասնավորապես, բողոքել է, որ հնարավորություն չի ունեցել հարցաքննելու այն վկաներին, որոնք արել են այնպիսի հայտարարություններ կամ տրամադրել են այնպիսի փաստաթղթեր, որոնք օգտագործվել են իր դեմ հարուցված հարկային վարույթի ընթացքում:
4. 2013 թվականի սեպտեմբերի 11-ին դիմումատու ընկերության` իր դեմ ցուցմունք տված վկաներին կանչելու և հարցաքննելու հնարավորություն չունենալու վերաբերյալ բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով` ներառյալ դիմումատու ընկերության` դատահաշվապահական փորձագետին հարցաքննելու ենթադրյալ անհնարինության վերաբերյալ բողոքը, հայտարարվել է անընդունելի` համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատու ընկերությունը` «ՉԱՊ» ՍՊԸ-ն, հայկական մասնավոր ընկերություն է, որն ստեղծվել է 1999 թվականին և գտնվում է Գյումրիում:
6. 2005 թվականին դիմումատու ընկերությունը ստեղծել է տարածաշրջանային հեռուստաալիք` ԳԱԼԱ ՀԸ-ն` նպատակ ունենալով հեռարձակումներ իրականացնելու տարածաշրջանում:
7. 2005 թվականի փետրվարի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից դիմումատու ընկերությանը տրվել է լիցենզիա, որով թույլատրվել է հեռարձակումներ իրականացնել Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում, և հարակից շրջանի տարածքում: Լիցենզիան տրվել է յոթ տարի ժամկետով: ԳԱԼԱ ՀԸ-ն Գյումրիում գործող չորս հեռուստաալիքներից մեկն էր, և, ըստ դիմումատու ընկերության` այն լայնորեն ճանաչված էր որպես Հայաստանում հեռուստահեռարձակման ոլորտում մի քանի անկախ ձայներից մեկը:
8. 2007 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 12-ը Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) իրականացրել է դիմումատու ընկերության հաշիվների տեսչական ստուգում: Արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 12-ին այն հաշվետվություն է ներկայացրել, որում նշվել է, որ դիմումատու ընկերությունը 2005 թվականից մինչև 2007 թվականների համար ունի մեծ հարկային պարտավորություն, և պահանջել է, որ այն վճարի 25 665 100 ՀՀ դրամ (մոտավորապես 51 000 եվրո)` ներառյալ տույժերն ու տուգանքները: Հաշվետվության մեջ նշվել է, որ այդ գումարը պետք է 10 օրվա ընթացքում վճարվի պետական բյուջե:
9. ՀՊԾ-ն իր հաշվետվության մեջ նշել է, որ դիմումատու ընկերությունը չի տրամադրել ամբողջական տեղեկություններ իր հարկային պարտավորության մասին` թաքցնելով գովազդներից ստացված եկամուտը: Հաշվետվության մեջ նաև նշվել է, որ դիմումատու ընկերությունն իր հաշիվ-ապրանքագրերում չի ներառել իր ծառայությունների գները կամ չի պահպանել փաստաթղթերը, ինչպես պահանջվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով: Ավելին, հաստատվել է, որ դիմումատու ընկերությունը, առանց Կառավարության թույլտվության, հրագործական ապրանքներ է արտադրել և վաճառել:
10. ՀՊԾ-ի հաշվետվությունը հիմնված է եղել, inter alia (ի թիվս այլնի)`
ա) ՀՌԱՀ նախագահ Գր. Ա.-ից պահանջված և հետագայում նրա կողմից ներկայացված փաստաթղթերի վրա,
բ) ընկերությունների ղեկավարների և անհատ գործարարների հայտարարությունների վրա այն մասին, որ իրենք գովազդներ են տեղադրել ԳԱԼԱ ՀԸ-ում, սակայն չեն ստացել այդպիսի ծառայությունների դիմաց դիմումատու ընկերությանը կատարած վճարումը հավաստող որևէ փաստաթուղթ:
11. Դիմումատու ընկերությունն առարկել է հարկերից խուսափելու վերաբերյալ բոլոր պնդումների դեմ` համարելով դրանք կեղծ և քաղաքական շարժառիթներով պայմանավորված, քանի որ ապառքները հաշվարկելիս իշխանությունները հաշվի են առել ԳԱԼԱ ՀԸ-ի կողմից անվճար հեռարձակված տեղական արտադրության սոցիալական գովազդները:
12. Չհստակեցված օրը ՀՊԾ-ն հարկերից խուսափելու համար քրեական վարույթ է հարուցել դիմումատու ընկերության գլխավոր տնօրեն Կ. Հ.-ի դեմ: Քննություն իրականացնող մարմինները դադարեցրել են վարույթն այն բանից հետո, երբ պահանջվող գումարը վճարվել է:
13. 2007 թվականի նոյեմբերի 12-ի իր հաշվետվության մեջ նշված գումարի հետ կապված որևէ վճարում դիմումատու ընկերության կողմից չստանալով` ՀՊԾ-ն 2007 թվականի նոյեմբերի 26-ին հայց է ներկայացրել Տնտեսական դատարան` դիմումատու ընկերությանը որպես հարկային պարտք 25 212 800 ՀՀ դրամ (մոտավորապես 50 000 եվրո) վճարելուն պարտավորեցնելու և նրա բանկային հաշիվներն ու մյուս ակտիվները ենթադրյալ հարկային պակասորդի չափով սառեցնելու համար:
14. 2007 թվականի նոյեմբերի 27-ին Տնտեսական դատարանը հայցն ընդունել է վարույթ և, միևնույն ժամանակ, մերժել է դիմումատու ընկերության բանկային հաշիվները սառեցնելու մասին միջնորդությունը:
15. 2007 թվականի դեկտեմբերի 3-ին Տնտեսական դատարանը կայացրել է դիմումատու ընկերության ակտիվները սառեցնելու մասին որոշում` որպես հայցի ապահովման միջոց:
16. 2007 թվականի դեկտեմբերի 17-ին դիմումատու ընկերությունը հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՊԾ-ի դեմ` վիճարկելով հարկային ստուգման արդյունքները: Այն պնդել է, inter alia, որ ընկերությունների ղեկավարների և անհատ գործարարների կողմից արված համապատասխան հայտարարությունները, ինչպես նաև Գր. Ա.-ի կողմից ստացված տեղեկությունները չէին կարող օգտագործվել որպես ապացույց` ՀՊԾ-ի հաշվետվություններում դրա կողմից արված եզրահանգումները հիմնավորելու համար:
17. 2007 թվականի դեկտեմբերի 24-ին դիմումատու ընկերության գործը տեղափոխվել է Վարչական դատարան, որն ստեղծվել էր այդ տարի` որպես դատական համակարգի բարեփոխման մաս:
18. 2008 թվականի հունվարի 29-ին Վարչական դատարանը գործն ընդունել է վարույթ:
19. 2008 թվականի մարտի 12-ին դիմումատու ընկերության փաստաբանը ներկայացրել է միջնորդություն` այն ընկերությունների հարկային փաստաթղթերը ձեռք բերելու և ուսումնասիրելու վերաբերյալ, որոնք գովազդներ են տեղադրել ԳԱԼԱ ՀԸ-ում և ստուգման են ենթարկվել ՀՊԾ-ի կողմից: Նա պնդել է, որ այդ հարկային փաստաթղթերը պարունակել են այնպիսի հարկային հաշվետվություններ և այլ փաստաթղթեր, որոնցով կարող էր հերքվել ՀՊԾ-ի կողմից ներկայացված ապացույցը: Այդ միջնորդությունը մերժվել է:
20. Նույն օրը դիմումատու ընկերության փաստաբանը Վարչական դատարանին խնդրել է կանչել, inter alia, համապատասխան ընկերությունների այն ղեկավարներին և գործարարներին, մասնավորապես, Ա. Ջ.-ին, Ս. Ա.-ին, Ս. Մ.-ին, Հ. Պ.-ին, Գ. Ս.-ին, Գ. Ա.-ին և Հ. Մ.-ին, որոնց հայտարարություններին ՀՊԾ-ն հղում էր կատարել իր հաշվետվության մեջ:
21. Նույն օրը ներկայացված մեկ այլ միջնորդությամբ փաստաբանը Վարչական դատարանին խնդրել է կանչել Գր. Ա.-ին` ՀՊԾ-ին նրա կողմից տրամադրված տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ ցուցմունք տալու և այդ փաստաթղթերի վավերականությունը հաստատելու համար:
22. Վարչական դատարանը մերժել է դիմումատու ընկերության միջնորդությունները` համարելով, որ տվյալ վկաների ցուցմունքները չեն առնչվում գործին:
23. 2008 թվականի մարտի 19-ին Վարչական դատարանը մասնակի բավարարել է ՀՊԾ-ի` դիմումատու ընկերության դեմ ներկայացված հայցը: Այն անվավեր է ճանաչել հրագործական ապրանքների ենթադրյալ անօրինական արտադրության և վաճառքի համար դիմումատու ընկերության համար սահմանված 96 000 ՀՀ դրամ (մոտավորապես 190 եվրո) տուգանքի հետ կապված ՀՊԾ-ի հաշվետվությունը: Վարչական դատարանը որոշել է ընկերությունից բռնագանձել ընդհանուր 25 116 700 ՀՀ դրամ (մոտավորապես 50 000 եվրո), այդ թվում` Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համար 14 291 300 ՀՀ դրամ (մոտավորապես 28 400 եվրո), որի մեջ մտնում են ապառքները, վճարումների ուշացման համար տուգանքների և տույժերի 60%-ը. եկամտահարկի համար` 8 338 300 ՀՀ դրամ (մոտավորապես 16 600 եվրո), որի մեջ մտնում են ապառքները, վճարումների ուշացման համար տուգանքների և տույժերի 60%-ը. և հարկային մարմինների զարգացման հիմնադրամի համար` 2 487 100 ՀՀ դրամ (մոտավորապես 5 000 եվրո): Տույժեր և տուգանքներ սահմանելիս Վարչական դատարանը հղում է կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի և «Հարկերի մասին» օրենքի համապատասխան դրույթներին: Դիմումատու ընկերության` ԱԱՀ-ի և եկամտահարկի հետ կապված պատասխանատվությունը սահմանելիս այն հիմնվել է, inter alia, Գր. Ա.-ի տրամադրած փաստաթղթերի և Ա. Ջ.-ի, Ս. Ա.-ի, Ս. Մ.-ի, Հ. Պ.-ի, Գ. Ս.-ի, Գ. Ա.-ի և Հ. Մ.-ի հայտարարությունների վրա, որոնց հղում էր կատարվել ՀՊԾ-ի զեկույցում: Դիմումատու ընկերության կողմից դատարանին վճարվելիք պետական տուրքի գումարը կազմել է 502 334 ՀՀ դրամ (մոտավորապես 1 000 եվրո):
24. 2008 թվականի հունիսի 18-ին դիմումատու ընկերությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչական դատարանի վճռի կապակցությամբ:
25. 2008 թվականի օգոստոսի 4-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքն այն հիմքով, որ այն չի վճարել պետական տուրքի ճշգրիտ գումարը, և սահմանել է վերջնաժամկետ` բողոքը կրկին ներկայացնելու համար:
26. Պահանջվող պետական տուրքը վճարելուց հետո դիմումատու ընկերությունը 2008 թվականի սեպտեմբերի 3-ին կրկին ներկայացրել է իր վճռաբեկ բողոք:
27. 2008 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է` հիմքերի բացակայության պատճառով:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
28. Համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի` վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս կողմը պետք է նշի, թե ինչ փաստի կամ փաստերի առնչությամբ պետք է հարցաքննվի վկան:
i
29. 180-րդ կետում նշվում է, որ օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
i
30. 182-րդ հոդվածը, որը վերաբերում է նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայմանը, այնքանով, որքանով վերաբերելի է, շարադրված է հետևյալ կերպ.
«1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
...
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանը կայացրել է դատական ակտ, որով հաստատվել է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած դատական ակտով խախտվել է դատավարության մասնակցի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված իրավունքը:»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
31. Դիմումատու ընկերությունը բողոքել է, որ իրեն հնարավորություն չի տրվել հարցաքննելու վկաներ Գր. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Ա.-ին, Ս. Մ.-ին, Հ. Պ.-ին, Գ. Ս.-ին, Գ. Ա.-ին և Հ. Մ.-ին` խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված` արդար դատաքննության իր իրավունքը, որը շարադրված է հետևյալ կերպ`
«1. Յուրաքանչյուր ոք, ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... դատարանի կողմից ....արդարացի ... դատաքննության իրավունք:
...
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
...
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները:»:
32. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա. Ընդունելիությունը
33. Կառավարությունը պնդել է, որ բողոքը եղել է Կոնվենցիայի դրույթների հետ ratione materiae (առարկայական ընդհատության առումով) անհամատեղելի, քանի որ 6-րդ հոդվածը չի կիրառվել տվյալ վարույթի նկատմամբ:
34. Դիմումատու ընկերությունը պնդել է, որ 6-րդ հոդվածը կիրառվել է այդ վարույթի նկատմամբ, քանի որ ՀՊԾ-ի կողմից սահմանված տուգանքներն ու տույժերը պատժիչ բնույթ են կրել, այսինքն` վարույթը վերաբերել է քրեական մեղադրանք առաջադրելուն:
35. Դատարանը նկատում է, որ դիմումատու ընկերության նկատմամբ կիրառվել են բավականին զգալի պատիժներ, այն է` հարկային պարտավորության գումարի 60%-ից ավելի չափով տուգանքներ և տույժեր (տե՛ս վերևում` 23-րդ պարբերությունը):
i
36. «Պայքար և հաղթանակ» գործում (տե՛ս «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության [Paykar Yev Haghtanak Ltd v. Armenia], թիվ 21638/03, 2007 թվականի դեկտեմբերի 20) Դատարանը, անդրադառնալով տվյալ հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքով հաստատված համապատասխան սկզբունքներին (տե՛ս Յուսիլան ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ] [Jussila v. Finland [GC]], թիվ 73053/01, §§ 29-38, ՄԻԵԴ 2006-XIV` քրեական ասպեկտի կիրառելիության գնահատման «Էնգելի չափանիշները» վերլուծելու համար. նաև` Չեկետտին ընդդեմ Սան Մարինոյի (որոշում) [Cecchetti v. San Marino (dec.)], թիվ 40174/08, 2013 թվականի ապրիլի 9), գտել է, որ 6-րդ հոդվածը քրեական դրույթների մասով կիրառվել է չվճարված կամ քիչ վճարված եկամտահարկի և ԱԱՀ-ի համար տուգանքներ և տույժեր նշանակելու վերաբերյալ վարույթի նկատմամբ (նույն տեղում, §§ 32-37): Դատարանը սույն գործով այլ եզրակացության հանգելու որևէ պատճառ չի տեսնում և, հետևաբար, վճռում է, որ 6-րդ հոդվածը կիրառվում է դրա քրեական դրույթների մասով:
37. Կառավարության այն առարկությունը, որ դիմումատու ընկերության բողոքը Կոնվենցիայի դրույթների հետ ratione materiae անհամատեղելի է, պետք է, հետևաբար, մերժվի:
38. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
39. Կառավարությունը պնդել է, որ նույնիսկ եթե 6-րդ հոդվածը կիրառվել է տվյալ վարույթի նկատմամբ, այդ դրույթի որևէ խախտում տեղի չի ունեցել: Նրանք նշել են, որ Վարչական դատարանը մերժել է դիմումատու ընկերության` տվյալ վկաներին հարցաքննելու մասին պահանջը, քանի որ այն չէր հիմնավորել գործի քննությանը նրանց ցուցմունքների վերաբերելիության մասին իր փաստարկը:
40. Դիմումատու ընկերությունը նշել է, որ տվյալ վկաներին հարցաքննելու մասին իր պահանջն անհիմն մերժվել է, մինչդեռ նրանց ցուցմունքները վարույթի ընթացքում օգտագործվել էին իր դեմ:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
41. Դատարանը կրկին նշում է, որ չնայած այն դիտարկմանը, որ քրեական պատասխանատվության ենթարկելու և պատժիչ ու կանխարգելիչ պատժամիջոցներ նշանակելու հետ կապված` քրեական վարույթին հաղորդում է որոշակի ծանրություն, գոյություն ունեն քրեական գործեր, որոնք չեն պարունակում զգալի աստիճանի խարան: Դրանք հստակորեն տարբեր ծանրության «քրեական մեղադրանքներ» են: Ավելին, «քրեական մեղադրանք» հասկացությունը կոնվենցիոն կարգավորումներում ընդունված` ավտոնոմ ձևով, Էնգելի չափանիշի կիրառմամբ մեկնաբանելը հիմք է հանդիսացել, որպեսզի քրեական դրույթները տարածվեն այն գործերի վրա, որոնք հստակորեն չեն դասվում քրեական իրավունքի ավանդական կատեգորիաների շարքին (տե՛ս Յուսիլայի գործը` վերևում հիշատակված, § 43): Այսպիսով, հաստատելով, որ լրացուցիչ հարկի գործով վարույթի նկատմամբ կարող էր կիրառվել 6-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը` Դատարանն ընդունել է, որ լրացուցիչ հարկերը տարբերվում են քրեական իրավունքի արմատավորված տարրերից. հետևաբար, պարտադիր չէ, որ քրեական դրույթներով նախատեսված երաշխիքները կիրառվեն իրենց ողջ խստությամբ (նույն տեղում):
42. 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված երաշխիքներն այդ դրույթի 1-ին պարբերությամբ սահմանված արդար դատաքննության իրավունքի առանձնահատուկ ասպեկտներն են (տե՛ս Ալ-Քավայան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Khawaja and Tahery v. the United Kingdom [GC]], թիվ 26766/05 և 22228/06, § 118, ՄԻԵԴ 2011): Դատարանն այնուհետև կդիտարկի դիմումատու ընկերության բողոքը` համաձայն երկու դրույթների` միասին վերցված (տե՛ս Վինդիշն ընդդեմ Ավստրիայի [Windisch v. Austria], 1990 թվականի սեպտեմբերի 27, § 23, շարք Ա թիվ 186):
43. Դատարանը վերահաստատում է, որ գործով բոլոր ցուցմունքները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց լսումների ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Այս սկզբունքից բացառություններ կան, սակայն դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները: Որպես ընդհանուր կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի` վկայի կողմից իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ նրան հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (տե՛ս Ալ-Քավայայի և Թահերիի գործը` վերևում հիշատակված, §§ 119-147. Խոդորկովսկին և Լեբեդևն ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy and Lebedev v. Russia], թիվ 11082/06 և 13772/05, § 707, 2013 թվականի հուլիսի 25 և Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]], թիվ 9154/10, §§ 111-131, ՄԻԵԴ 2015):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
44. Հաշվի առնելով վերոնշյալ այն եզրահանգումը, որ 6-րդ հոդվածը, համաձայն իր քրեական դրույթների, կիրառելի է եղել դիմումատու ընկերության նկատմամբ տուգանքներ և տույժեր սահմանելու վերաբերյալ վարույթի նկատմամբ (տե՛ս վերևում` 36-րդ պարբերությունը)` Դատարանը կշարունակի ուսումնասիրել, թե արդյոք լրացուցիչ հարկի գործով վարույթը համապատասխանել է 6-րդ հոդվածի պահանջներին, թե ոչ` պատշաճորեն հաշվի առնելով սույն գործի փաստերը, այդ թվում` հարկման համատեքստի առանձնահատկությունները:
45. Ինչպես նշվել է վերևում, այն եղանակները, որոնց դեպքում 6-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են լրացուցիչ հարկերի գործով վարույթի համատեքստում, կարող են տարբերվել այն եղանակներից, որոնք կիրառվել են քրեական իրավունքի ողջ խստությամբ (տե՛ս վերևում` 41-րդ պարբերությունը): Վերևում հիշատակված Յուսիլայի գործում, §§ 47 և 48, Դատարանը բանավոր լսումներից զերծ մնալը համարել է 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համատեղելի այն դեպքում, երբ այն համոզված չի եղել, որ վարույթում, որով պահանջվել է, որ ցուցմունքները բանավոր ներկայացվեն կամ վկաները խաչաձև հարցաքննվեն, եղել է ճշգրտության հետ կապված որևէ խնդիր: Այնուամենայնիվ, սույն գործում դիմումատու ընկերությունը վիճարկել է հարկային մարմինների փաստացի եզրահանգումները, որոնք հիմնված են եղել վկաների հայտարարությունների վրա այն մասին, որ իրենց չեն տրամադրվել համապատասխան փաստաթղթեր (տե՛ս վերևում` 10-րդ և 16-րդ պարբերությունները):
46. Չնայած կողմերի միջև այն հատուկ չի վիճարկվել, Դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել այն հարցը, թե արդյոք Գր. Ա.-ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի իմաստով հանդես է եկել որպես «վկա»` հաշվի առնելով այն փաստը, որ, ի տարբերություն Ա. Ջ.-ի, Ս. Ա.-ի, Ս. Մ.-ի, Հ. Պ.-ի, Գ. Ս.-ի, Գ. Ա.-ի և Հ. Մ.-ի, նա դիմումատու ընկերության դեմ որևէ ցուցմունք չի տվել:
47. Դատարանն այս առնչությամբ կրկին նշում է, որ կոնվենցիոն համակարգում «վկա» եզրույթն ունի «ավտոնոմ» նշանակություն (տե՛ս Վիդալն ընդդեմ Բելգիայի [Vidal v. Belgium], 1992 թվականի ապրիլի 22, «33, շարք Ա թիվ 235-Բ): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված երաշխիքները կիրառվում են գործի նյութերին կից ներկայացված ապացույցի նկատմամբ, որը կարող է, որպես դատապարտման համար հիմք, նյութական նշանակություն ունենալ (տե՛ս Լուկան ընդդեմ Իտալիայի [Luca v. Italy], թիվ 33354/96, § 41, ՄԻԵԴ 2001-II):
48. Սույն գործում, ՀՊԾ-ի կողմից պահանջն ստանալուց հետո Գր. Ա.-ն` որպես ՀՌԱՀ-ի նախագահ, տրամադրել է դիմումատու ընկերության հեռարձակման գործունեության վերաբերյալ որոշակի փաստաթղթեր (տե՛ս վերևում` 10-րդ պարբերությունը): Ճիշտ է, որ Գր. Ա.-ն դիմումատու ընկերության վերաբերյալ որևէ բանավոր կամ գրավոր հայտարարություն չի արել և որ իր պաշտոնավարման ընթացքում տրամադրել է համապատասխան փաստաթղթերը, քանի որ նման պահանջ էր ստացել հարկային մարմինների կողմից: Այդուհանդերձ, նրա կողմից տրամադրված փաստաթղթերը ՀՊԾ-ի հաշվետվության մեջ օգտագործվել են դիմումատու ընկերության դեմ` դրա հարկային պարտավորությունը սահմանելու համար, և հետագայում դրանց հղում է կատարվել Վարչական դատարանի կողմից կայացված վճռում (տե՛ս վերևում` 10-րդ և 23-րդ պարբերությունները): Ավելին, Գր. Ա.-ին [դատարան] կանչելու մասին իր միջնորդության մեջ դիմումատու ընկերության ներկայացուցիչը հստակ նշել էր, որ ինքը ցանկանում է նրան հարցեր ուղղել միմիայն նրա կողմից տրամադրված տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ: Նա նաև, ըստ էության, վիճարկել է Գր. Ա.-ի կողմից տրամադրված տեղեկությունների հավաստիությունը: Այդ հանգամանքներում այն փաստը, որ Գր. Ա.-ն դիմումատու ընկերության դեմ որևէ հայտարարություն չի արել, որևէ նշանակություն չունի: Փոխարենը, Գր. Ա.-ի կողմից տրամադրված փաստաթղթերում առկա տեղեկությունները հարկային մարմինների և դատարանների համար համարվել են այնպիսի ապացույց, որի նկատմամբ կիրառվում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված երաշխիքները:
49. Ինչ վերաբերում է վկաներ Գր. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Ա.-ին, Ս. Մ.-ին, Հ. Պ.-ին, Գ. Ս.-ին, Գ. Ա.-ին և Հ. Մ.-ին, ապա Վարչական դատարանը հրաժարվել է բավարարել նրանց [դատարան] կանչելու վերաբերյալ դիմումատուի միջնորդությունը` համարելով, որ նրանց ցուցմունքները վերաբերելի չէին, և, հետևաբար, նրանց չներկայանալու հարգելի պատճառների հարցն անգամ չի բարձրացվել (տե՛ս վերևում` 21-րդ և 22-րդ պարբերությունները):
50. Դատարանն այնուհետև նշում է, որ Գր. Ա.-ի տրամադրած փաստաթղթերը և Ա. Ջ.-ի, Ս. Ա.-ի, Ս. Մ.-ի, Հ. Պ.-ի, Գ. Ս.-ի, Գ. Ա.-ի և Հ. Մ.-ի կողմից արված հայտարարությունները Վարչական դատարանում վարույթի ընթացքում ընդունվել են որպես դիմումատու ընկերության դեմ ներկայացված ապացույց: Այդ վկաների կողմից տրված ցուցմունքները, անկասկած, չեն եղել դիմումատու ընկերության դեմ ներկայացված միակ ապացույցը: Այնուամենայնիվ, դիմումատու ընկերության նկատմամբ հարկային պարտավորություն սահմանելիս և դիմումատու ընկերության հաշիվներն ստուգելուց հետո ՀՊԾ-ի` դրա հաշվետվության մեջ ներառված հաշվարկներն ընդունելիս Վարչական դատարանը հիմնվել է դրա վրա (տե՛ս վերևում` 23-րդ պարբերությունը): Հետևաբար, կարելի է ենթադրել, որ տվյալ վկաների կողմից տրված ցուցմունքները որոշիչ են եղել դիմումատու ընկերության նկատմամբ լրացուցիչ հարկեր սահմանելիս:
51. Վերջապես, Դատարանը նշում է, որ տվյալ վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու հետևանքով դիմումատու ընկերության հնարավորությունների սահմանափակումը փոխհատուցելու համար որևէ դատավարական երաշխիք չի եղել: Վարչական դատարանը, որը եղել է գործն ըստ էության քննող միակ դատարանը, հրաժարվել է բավարարել դիմումատու ընկերության` այդ վկաներին կանչելու մասին միջնորդությունը` համարելով, որ նրանց ցուցմունքները վերաբերելի չեն` չնայած այն փաստին, որ հետագայում իր վճիռը կայացնելիս հիմնվել է հենց այդ նույն ցուցմունքների վրա (տե՛ս վերևում` 22-րդ և 23-րդ պարբերությունները): Ավելին, Վարչական դատարանը մերժել է դիմումատու ընկերության` այն ընկերությունների և անհատ գործարարների հարկային փաստաթղթերն ուսումնասիրելու պահանջը, որոնք պնդել են, որ դիմումատու ընկերության կողմից չեն ստացել պատշաճ ձևով փաստաթղթավորված ծառայություններ (տե՛ս վերևում` 19-րդ պարբերությունը), ինչը կարող էր հնարավորություն տալ գնահատելու նրանց հայտարարությունների արժանահավատությունը:
52. Վերոնշյալ փաստարկները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ անհիմն կերպով սահմանափակվել է դիմումատու ընկերության` իր դեմ հարուցված վարույթի ընթացքում վկաներ Գր. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Ա.-ին, Ս. Մ.-ին, Հ. Պ.-ին, Գ. Ս.-ին, Գ. Ա.-ին և Հ. Մ.-ին հարցաքննելու իրավունքը:
53. Հետևաբար» տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
54. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:
Ա. Վնասը
55. Դիմումատու ընկերությունը նյութական վնասի դիմաց պահանջել է 64 003 եվրո` ներառյալ դատական որոշման մեջ սահմանված պարտքը (55 634 եվրո), կատարման վճարները (2 646 եվրո), լրացուցիչ գանձումները (3 173), ԱԱՀ-ի գծով գանձումը (209 եվրո), Վճռաբեկ դատարան դիմելու համար տուրքը (1 643 եվրո), դատական փորձագետի վճարը (78 եվրո) և ներպետական վարույթների ընթացքում կրած` իրավաբանական օգնության հետ կապված ծախսերը (620 եվրո): Այն նաև պահանջել է 10 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
56. Կառավարությունը պահանջել է, որ այս մասով ներկայացված պահանջները մերժվեն` պնդելով, inter alia, որ դիմումատուի կրած նյութական և ոչ նյութական վնասների և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ենթադրյալ խախտման միջև որևէ պատճառահետևանքային կապ չի եղել:
57. Նախ և առաջ, Դատարանը նպատակահարմար է համարում ուսումնասիրել դիմումատու ընկերության` ներպետական վարույթների համար դատական ծախսերի ու իրավաբանական օգնության հետ կապված ծախսերի (ընդհանուր 2 263 եվրո) վերաբերյալ պահանջների մի մասը` համաձայն ծախսերի և ծախքերի վերաբերյալ դրույթի: Հետևաբար, Դատարանը կուսումնասիրի դիմումատու ընկերության` նյութական վնասի հետ կապված պահանջները` առանց դատական ծախսերի ու իրավաբանական օգնության հետ կապված ծախսերի մասով պահանջված գումարների: Այդ առնչությամբ, Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև և, հետևաբար, մերժում է այդ հայցապահանջը: Մյուս կողմից, նա դիմումատու ընկերությանը շնորհում է 2 400 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
58. Դիմումատու ընկերությունը պահանջել է նաև 888 եվրո` Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար: Որպես իր պահանջի հիմնավորում` դիմումատու ընկերությունը ներկայացրել է իրավաբանական ծառայություններ մատուցելու համար 2014 թվականի հուլիսի 7-ին «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի համաձայն, իրավաբան Արա Ղազարյանը պետք է կազմեր դիմումատու ընկերության` Կառավարության դիտարկումներին ուղղված պատասխանը և վերջինիս արդար փոխհատուցման մասով պահանջը: Դիմումատու ընկերությունը ներկայացրել է նաև 2014 թվականի հուլիսի 9-ի ամսաթվով հաշիվ-ապրանքագիր, որտեղ երևում է, որ պահանջվող գումարը փոխանցվել է «Արնի Քնսալթ» կազմակերպությանը:
59. Կառավարությունը նշել է, որ դիմումատու ընկերության` իրենց դիտարկումներին ուղղված պատասխանը և արդար փոխհատուցման մասով պահանջը ստորագրվել է դիմումատու ընկերության ներկայացուցիչ Կ. Թումանյանի կողմից և 2014 թվականի հուլիսի 11-ին նրա կողմից ներկայացվել է Դատարան: Կառավարությունը խնդրել է, որպեսզի այս մասով ներկայացված պահանջները մերժվեն, քանի որ դիմումատու ընկերությունը չի կարողացել ցույց տալ, որ Դատարանում հարուցված վարույթների ընթացքում իրեն փաստացի իրավաբանական օգնություն են ցույց տվել «Արնի Քնսալթ» կազմակերպության ներկայացուցիչները:
60. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատու ընկերությունն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ նա դրանք կրել է իրականում և ըստ անհրաժեշտության, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Դատարանը համաձայնվում է Կառավարության հետ այն հարցի շուրջ, որ դիմումատու ընկերությունը չի կարողացել հիմնավորել իր այն պնդումը, որ Դատարանում հարուցված վարույթների ընթացքում «Արնի Քնսալթ» կազմակերպությունն իսկապես մատուցել է 888 եվրո արժողությամբ իրավաբանական ծառայություններ: Հետևաբար, այն մերժում է այդ պահանջը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվել է, Դատարանը կուսումնասիրի դիմումատու ընկերության` սույն կետի համաձայն ներպետական դատարաններում կրած դատական ծախսերի և իրավաբանական օգնության հետ կապված ծախսերի մասով պահանջը (տե՛ս վերևում` 57-րդ պարբերությունը): Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշը` Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 500 եվրո` որպես ներպետական վարույթում կրած ծախսերի ու ծախքերի փոխհատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
61. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ.
3. Վճռում է, որ
ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատու ընկերությանը վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց` 2 400 եվրո (երկու հազար չորս հարյուր եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց` 1 500 եվրո (հազար յոթ հարյուր եվրո)` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատու ընկերության` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի մայիսի 4-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Աբել Կամպոս Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
Քարտուղար Նախագահ