Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

27 հոկտեմբերի 2018 թվականի N 25-Ն

 

i

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.2.002-18 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի «20» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2.002-18 սանիտարական կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Առողջապահության նախարարության

2018 թվականի հոկտեմբերի 27-ի

թիվ 25-Ն հրամանի

 

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.2.002-18 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները:

2. Սույն կանոնների պահանջները տարածվում են բոլոր մանկապատանեկան մարզադպրոցների վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից:

3. Նոր կառուցվող, վերակառուցվող մանկապատանեկան մարզադպրոցների շենք-շինությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին, սենքերի գործառնական խմբերին, կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային լուծումներին, կահույքի և սարքավորումների տեղադրմանը, բնական և արհեստական լուսավորությանը, ինսոլյացիային, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, ջեռուցմանը և օդափոխությանը, սենքերի ներքին հարդարմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի թիվ 103-Ն հրամանով:

4. Սույն կանոնների պահանջները չեն տարածվում մանկապատանեկան մարզադպրոցների կազմում գործող լողավազանների վրա:

 

ԳԼՈՒԽ II. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՕԴԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում ապահովվում է +17-20oC օդի ջերմաստիճանային պայմաններ, հանդերձարաններում` առնվազն +20-22oC, սպասասրահներում` +18-22oC:

6. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում դասերի ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 5oC բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքերով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է պարապմունքների ընդմիջման ժամանակ` սաների բացակայությամբ:

7. Մանկապատանեկան մարզադպրոցների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60% սահմաններում:

 

ԳԼՈՒԽ III. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Մանկապատանեկան մարզադպրոցների հիմնական տարածքները պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն: Առանց բնական լուսավորության թույլատրվում է նախագծել լվացարանները, ցնցուղարանները, մարզադահլիճների զուգարանները, անձնակազմի ցնցուղարանները և զուգարանները, պահեստները:

9. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում արհեստական լուսավորությունը լումինեսցենտային լամպերով պետք է լինի (հատակի վրա) ոչ պակաս քան 200 լյուքս, միջանցքներում, ռեկրեացիաներում (հատակի վրա)` ոչ պակաս քան 150 լյուքս:

 

ԳԼՈՒԽ IV. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. Մանկապատանեկան մարզադպրոցների շենքերն ապահովվում են շուրջօրյա խմելու-տնտեսական հոսող ջրով և ջրահեռացման համակարգով: Ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում, առնվազն սանհանգույցների սարքավորումները (լվացարանները, զուգարանակոնքերը) ապահովվում են ջրակուտակիչ տարողություններով` մշտական հոսող ջրի ապահովման նպատակով:

11. Կենտրոնացված ջրամատակարարման համակարգից, այդ թվում` մանկապատանեկան մարզադպրոցների ջրակուտակիչ տարողություններով կամ մանկապատանեկան մարզադպրոցների սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:

12. Մանկապատանեկան մարզադպրոցների սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի աղբյուրի կառույցի համար ապահովվում է սանիտարական պահպանման գոտիներին ներկայացվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 803 հրամանի պահանջները:

13. Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված մանկապատանեկան մարզադպրոցներում, միայն տեղային մաքրման սարքավորումների առկայության դեպքում, տեղադրվում է կոյուղու ներքին ցանց` միացված կեղտաջրերի կուտակման ջրաթափանց հորին կամ կեղտաջրերի տեղային մաքրման սարքավորմանը: Կեղտաջրերի կուտակման ջրաթափանց հորից կեղտաջրերի հեռացումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից` հորի 2/3 լցվելուց հետո:

 

ԳԼՈՒԽ V. ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճի հատակը և պատերը պետք է ունենան լվացման և ախտահանման ենթակա մակերես: Հատակը, պատերը և այլ մակերեսները պետք է լինեն հարթ առանց վնասվածքների` մարզիկների վնասվածքների կանխարգելման նպատակով: Ջեռուցման մարտկոցները տեղադրվում են պատուհանի տակ և ծածկվում են ցանցով:

15. Մանկապատանեկան մարզադպրոցներում 160-180 պարապողի համար կարող է լինել սպորտային ասպարեզ (մանեժ) (42x12 մ2) և մարզադահլիճ (36x18 մ2):

16. Մարզադահլիճներում պետք է տեղադրել միայն դասընթացներ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Մաքրման պարագաները պահպանվում են առանձնացված սենյակում:

17. Ըմբշամարտի դահլիճում պետք է լինի գորգ, որի հեռավորությունը պատերից պետք է լինի առնվազն 2 մ վնասվածքներից խուսափելու համար: Եթե հնարավոր չէ նման հեռավորությունը ապահովել, ապա պատերը 1,5 մ բարձրության վրա պետք է ապահովել փափուկ ծածկով:

18. Ցատկելու համար օգտագործվող ներքնակները պետք է բացառեն հատակին սողալու հնարավորությունը, դրանց մակերեսները չպետք է սայթաքիչ լինի: Ներքնակները պետք է լինեն հարթ, առանց վնասվածքների, մակերեսները ծածկված լինեն լվացման և ախտահանման ենթակա նյութերով:

19. Մարզիկների ձեռքերի համար օգտագործվող մագնեզիան պետք է պահվի կափարիչով արկղում:

20. Բացօթյա սպորտային տարածքները պետք է պահվեն մաքուր և լինեն հարթ, զերծ կողմնակի առարկաներից, որոնք կարող են վնաս պատճառել:

21. Ցատկերի համար նախատեսված ցատկափոսերը պետք է լցված լինեն մաղած մանր ավազով: Ցատկելուց առաջ ավազը պետք է հարթեցվի: Փոսերի եզրերը պետք է պատված լինեն ռետինե բիտումային ծածկույթով:

22. Ջրային մարզաձևերով պարապմունքների լողավազանի պայմանները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 534-Ն հրամանով հաստատված «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջներին:

23. Մարզադպրոցների շենքը պետք է ներառի.

1) Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության գոտիներ` բացօթյա և դահլիճային պայմաններով,

2) Տեխնիկական և մարտավարական պատրաստվածության մարզաձևերի մասնագիտացված գոտիներ` սպասարկման սենքերի խմբերի հետ,

3) Վարչատնտեսական և այլ սենքեր, կախված մարզադպրոցի պրոֆիլից:

24. Մարզական պարապմունքներին անհրաժեշտ է ներկայանալ մարզահագուստով: Մարզագույքը և վարժասարքերը պետք է լինեն սարքին վիճակում:

25. Մանկապատանեկան մարզադպրոցների սենքերում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
27.10.2018
N 25-Ն
Հրաման