i
COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՍԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 3571/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
27 ապրիլի 2017թ.
i
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Լեդի Բիանկու [Ledi Bianku],
Ռոբերտ Սպանո [Robert Spano],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]` դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2017 թվականի մարտի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Սիլվա Ասատրյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2009 թվականի հունիսի 15-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 3571/09) հիման վրա:
2. Դիմումատուն ծնվել է 1960 թվականին և մինչև ազատազրկվելն ապրել է Երևանում: Նրան Դատարանում ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Կ. Մեժլումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ դատարանում չհրապարակված նախաքննական ցուցմունքները Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվելու և իր` այդ վկաներին հարցաքննել չկարողանալու հետևանքով զրկվել է արդար դատաքննության իր իրավունքից:
4. 2012 թվականի մայիսի 24-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Սույն գործը վերաբերում է դիմումատուի դատաքննությանը և գործարար ու նախկին պատգամավոր Մ.Գ.-ի դեմ կատարված սպանության փորձի համար դատապարտմանը: Միևնույն գործով ամբաստանյալ Յ.Վ.-ն քննվել և դատապարտվել է հանցանքը կատարած անձին օժանդակելու համար:
6. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
7. 2001 թվականի դեկտեմբերի 29-ին Մ.Գ.-ի մեքենայի տակ տեղադրված ռումբը պայթել է, երբ վերջինս առավոտյան գործի է գցել շարժիչը: Մ.Գ.-ն ողջ է մնացել` առանց լուրջ վնասվածքների:
8. Նույն օրը վարչական շրջանի դատախազությունում սկսվել է գործի քննությունը: Ոստիկանների կողմից հարցաքննվելիս Մ.Գ.-ն որպես հանցագործությունը կատարած միակ հնարավոր անձ նշել է դիմումատուի նախկին ամուսին Ա.Գ.-ին, ում հետ բիզնեսին վերաբերող հարցերի շուրջ լուրջ տարաձայնություններ ուներ:
9. Միևնույն օրը Ա.Գ.-ն հրավիրվել է ոստիկանություն: Ընդունելով Մ.Գ.-ի հետ տարաձայնությունների առկայությունը, նա հերքել է հանցանքը և նշել է, որ դեպքի նախորդ գիշերը եղել է տանը` իր որդի Վ.Գ.-ի հետ:
10. Միևնույն օրը Վ.Գ.-ն սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Նրա դեմ առաջադրված մեղադրանքները մի քանի ամիս հետո ի վերջո հանվել են, քանի որ հանցանքի մեջ նրա ներգրավվածությունը չէր հաստատվել:
11. 2002 թվականի փետրվարի 18-ին հարցաքննվել է Ա.Գ.-ի ընկեր Ա.Աթ.-ն, որը նույնպես ճանաչում էր դիմումատուին և նրա ընտանիքին: Նա նշել է, inter alia (ի թիվս այլնի), որ տեղյակ է եղել Մ.Գ.-ի հետ Ա.Գ.-ի խնդիրներին, և որ դիմումատուն միշտ դեմ է եղել, որ Ա.Գ.-ն բիզնեսով զբաղվի Մ.Գ.-ի հետ, քանի որ վերջինիս համարում էր «խարդախ մարդ»:
12. Նույն օրը Ա.Գ.-ի հարևան Ա.Ա.-ն հարցաքննվել է և նրա ընտանիքը բնութագրել որպես նորմալ և սովորական: Նա նշել է, որ մոտ մեկ տարի առաջ դիմումատուն բողոքել է Մ.Գ.-ից, որովհետև նա իրենց որոշակի գումար էր պարտք:
13. 2002 թվականի հունվարի 29-ին դիմումատուի դուստր Լ.Գ.-ն հարցաքննվել է և նշել, inter alia, որ իր ծնողների ամուսնալուծության մասին իմացել է երեք կամ չորս տարի առաջ: Ծնողները պահպանել են լավ հարաբերություններ, և ընտանիքը գրեթե ամեն օր շփման մեջ է եղել: Նա նաև նշել է, որ դիմումատուն ժամանակի մեծ մասն անցկացրել է այն բնակարանում, որտեղ ապրել է հայրը:
14. 2002 թվականի փետրվարի 21-ին հարցաքննվել է դիմումատուի հարևան Ա.Բ.-ն: Նա նշել է, որ ընտանիքի անդամներին` Ա.Գ.-ին, դիմումատուին և նրանց երկու զավակներին` Վ.Գ.-ին և Լ.Գ.-ին ճանաչել է 2001 թվականից, երբ նրանք բնակություն են հաստատել այդ շենքում:
15. 2005 թվականի սեպտեմբերի 16-ին ձերբակալվել է ընտանիքի ընկերներից մեկը` նրա տանը մեծ քանակությամբ հրազեն և պայթուցիկ նյութեր հայտնաբերվելուց հետո: Կարճ ժամանակ անց Յ.Վ.-ն խոստովանել է Մ.Գ.-ի դեմ սպանության փորձ կատարելը և նշել, որ գործել է դիմումատուի կարգադրությամբ:
16. 2005 թվականի սեպտեմբերի 23-ին դիմումատուն ձերբակալվել է, և նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելուն դրդելու և գույքին վնաս հասցնելու համար:
17. Չհստակեցված ամսաթվին քննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան` դատական քննության: Լ.Գ.-ն ներառվել է մեղադրական եզրակացությանը կից ներկայացված` դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակում, մինչդեռ Ա.Աթ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Բ.-ն, ինչպես պարզվում է, այնտեղ ներառված չեն եղել:
18. Դատական քննության ժամանակ Յ.Վ.-ն հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից` պնդելով, որ դրանք ձեռք են բերվել ճնշման ազդեցության տակ: Դիմումատուն հերքել է Մ.Գ.-ի դեմ կատարված սպանության փորձում որևէ ներգրավվածությունը` նշելով, որ ինքն Ա.Գ.-ից ամուսնալուծվել է 1999 թվականին և այդ ժամանակվանից ապրել է իրենց դուստր Լ.Գ.-ի հետ` այլ բնակարանում, մինչդեռ Ա.Գ.-ն ապրել է իրենց որդի Վ.Գ.-ի հետ: Նա նաև նշել է, որ որոշակի պահի նրան խնդրել են ստորագրել որոշ փաստաթղթեր` կապված Ա.Գ.-ի և Մ.Գ.-ի միջև կնքված պայմանագրի հետ, քանի որ պայմանագիրը վերաբերում էր այն տան վաճառքին, որտեղ նա նախկինում բնակվել էր, ինչը նա արել է: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ նա Ա.Գ.-ի հետ կապ չի ունեցել և փորձել է նրա հետ որևէ շփում չպահպանել:
19. 2006 թվականի հունիսի 22-ի նիստի ժամանակ դիմումատուի իրավաբանը միջնորդել է, որ Լ.Գ.-ն հանվի դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակից, քանի որ վերջինս դիմումատուի դուստրն էր: Այդ միջնորդությունը բավարարվել է, երբ Լ.Գ.-ն արտահայտել է ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու արտոնությունից օգտվելու իր ցանկությունը:
20. 2007 թվականի հոկտեմբերի 12-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուին բոլոր կետերով մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել ընդհանուր առմամբ ինը տարի ժամկետով ազատազրկման: Յ.Վ.-ն նույնպես դատապարտվել է: Վարչական շրջանի դատարանը հաստատված է համարել այն, որ դիմումատուն պատվիրել է Մ.Գ.-ի սպանությունը, քանի որ վերջինիս և Ա.Գ.-ի միջև գույքի հետ կապված վեճերն ազդել են նաև իր գույքային իրավունքների վրա: Այս կապակցությամբ Վարչական շրջանի դատարանը հիմնականում հիմնվել է Յ.Վ.-ի կնոջ` Ս.Ա.-ի և նրա նախկին գործընկեր Լ.Ք.-ի ցուցմունքների և այն փաստի վրա, որ դիմումատուն ներգրավված է եղել Մ.Գ.-ի հետ դատական վեճերում, որոնք ցույց էին տալիս, որ և՛ նա, և՛ Ա.Գ.-ն, վերջինիս հետ լարված հարաբերություններ ունեին:
21. 2007 թվականի հոկտեմբերի 29-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի վճռի դեմ: 2007 թվականի դեկտեմբերի 3-ին նա իր բողոքին լրացում է ներկայացրել` պնդելով, inter alia, որ ինքը Մ.Գ.-ին սպանելու պատճառ չուներ, քանի որ 1999 թվականին իրենց ամուսնալուծությունից հետո Ա. Գ.-ից առանձին է ապրել և հետաքրքրված չի եղել նրա բիզնես գործունեությամբ:
22. Վերաքննիչ քրեական դատարանում իրականացվող վարույթի ընթացքում Յ.Վ.-ն հրաժարվել է Վարչական շրջանի դատարանում տված իր ցուցմունքներից և ներկայացրել, որ իրականում նա էր կազմակերպել Մ.Գ.-ի ավտոմեքենայի պայթյունը` դիմումատուի պահանջով: Այնուամենայնիվ, ինքը Մ.Գ.-ին սպանելու դիտավորություն չի ունեցել, այլ փորձել է վախեցնել նրան: Դիմումատուն պնդել է իր պաշտպանական դիրքորոշումը:
23. 2008 թվականի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և 2007 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը նրա դատապարտման և պատժի մասով թողել է անփոփոխ, իսկ Յ.Վ.-ի պատիժը նվազեցրել է: Իր որոշման մեջ Վերաքննիչ դատարանը, inter alia, հաստատել է, որ չնայած դիմումատուն ամուսնալուծվել էր Ա.Գ.-ից, նա նրա հետ պահպանել է ընտանեկանին մոտ հարաբերություններ և տարբեր մարդկանց ներկայությամբ արտահայտել է իր դժգոհությունը Մ.Գ.-ի գործողություններից: Այս առնչությամբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ հղում է կատարվել Լ.Գ.-ի` 2002 թվականի հունվարի 29-ի նախաքննական ցուցմունքին, Ա.Աթ.-ի` 2002 թվականի փետրվարի 18-ի նախաքննական ցուցմունքին, ինչպես նաև երկու հարևանների` Ա.Ա.-ի և Ա.Բ.-ի նախաքննական ցուցմունքներին` տրված համապատասխանաբար 2002 թվականի փետրվարի 18-ին և 21-ին:
24. 2008 թվականի նոյեմբերի 21-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել` պնդելով, inter alia, որ Վերաքննիչ դատարանն իր եզրակացություններում հիմնվել է Լ.Գ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ա.Աթ.-ի նախաքննական ցուցմունքների վրա, որոնք չեն հրապարակվել և չեն հետազոտվել ո՛չ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի, ո՛չ Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, ինքը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու այդ վկաներին:
25. 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումատուի բողոքը` հիմքերի բացակայության պատճառով:
26. 2009 թվականի ապրիլի 14-ին դիմումատուն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՔԴՕ) որոշ դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը, որոնք Վճռաբեկ դատարանին թույլ են տալիս վճռաբեկ բողոքը վերադարձնելիս չնշել պատճառները:
27. 2009 թվականի հուլիսի 28-ին Սահմանադրական դատարանը դիմումը բավարարել է` գտնելով, որ ՔԴՕ-ի այդ դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը:
28. 2009 թվականի օգոստոսի 11-ին դիմումատուն Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանից պահանջել է հարուցել վերանայման վարույթ և վերանայել 2008 թվականի նոյեմբերի 21-ի նրա վճռաբեկ բողոքը:
29. 2009 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը հարուցել է վերանայման վարույթ, վերանայել է դիմումատուի վճռաբեկ բողոքը և այն վերադարձրել` հիմքերի բացակայության պատճառով: Այդպիսով Վճռաբեկ դատարանը, inter alia, նշել է, որ դիմումատուի մեղավորության վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի եզրակացությունը ճիշտ էր և հիմնված, ի թիվս այլնի, Լ.Գ.-ի և Ա.Ա.-ի ցուցմունքների վրա:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
30. Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՔԴՕ) 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշվում է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց:
i
31. 23-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
i
32. ՔԴՕ-ի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վկան պարտավոր է ցուցմունք տալու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով: Վկան իրավունք ունի հրաժարվելու իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց, ինչպես նաև իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց (86-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):
i
33. ՔԴՕ-ի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 կետով նախատեսվում է, որ վկայի` նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող դրվել քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում և օգտագործվել որպես ապացույց:
i
34. ՔԴՕ-ի 332-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ դատական քննությանը հրավիրված անձի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին: Դատական քննությունը կարող է շարունակվել, եթե նշված անձանցից որևէ մեկի չներկայանալը չի խոչընդոտի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը:
i
35. Համաձայն ՔԴՕ-ի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` վկայի հարցաքննությունից առաջ նախագահողն այդ վկային տեղեկացնում է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ վկայելուց հրաժարվելու նրա իրավունքի մասին:
i
36. ՔԴՕ-ի 342-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը դատական քննության ժամանակ թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա` դատարան ներկայանալու հնարավորությունը:
i
37. Համաձայն ՔԴՕ-ի 358-րդ հոդվածի 1-ին մասի` դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: 3-րդ մասով այնուհետև սահմանվում է, որ դատավճիռը հիմնավորված է, եթե դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:
i
38. Համաձայն ՔԴՕ-ի 393-րդ հոդվածի 2-րդ մասի` վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է ՔԴՕ-ով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով նույն դրույթի պահանջները: Դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանն իրավունք ունի հիմնվելու վերաքննիչ դատարանի նիստին չկանչված, սակայն առաջին ատյանի դատարանում հարցաքննված անձանց ցուցմունքների վրա:
i
39. ՔԴՕ-ի 426.1 հոդվածի 1-ին մասում նշվում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի դատական ակտերը` Վճռաբեկ դատարանը (426.1 հոդվածի 2-րդ մաս):
i
40. Համաձայն ՔԴՕ-ի 426.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը կարող են վերանայվել, եթե միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է այն միջազգային կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտում, որի կողմ է հանդիսանում Հայաստանը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
i
41. Դիմումատուն բողոքել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում չի ապահովվել իր` արդար դատաքննության իրավունքը, քանի որ դատարանն իր որոշման մեջ հիմնվել է այնպիսի նախաքննական ցուցմունքների վրա, որոնք դատարանում չեն հրապարակվել և չեն հետազոտվել: Նա նաև բողոքել է, որ վարույթի որևէ փուլում հնարավորություն չի ունեցել հարցաքննելու այդ վկաներին: Նա պնդել է, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի «դ» ենթակետը, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը`
«1. Յուրաքանչյուր ոք, նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունք:
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները:»:
42. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա. Ընդունելիությունը
43. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել սույն բողոքի մասով իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Նրանք ներկայացրել են, որ նրան մինչև դատական քննությունը տրամադրվել են գործի բոլոր նյութերը` ներառյալ քննարկվող նախաքննական ցուցմունքները: Այնուամենայնիվ, նա չի խնդրել հարցաքննել նշված վկաներին ո՛չ դատական քննությունից առաջ, ո՛չ դրա ընթացքում:
44. Դիմումատուն ներկայացրել է, որ անհրաժեշտ չի համարել դատարանից պահանջել կանչել այդ վկաներին, քանի որ նրանց հրավիրելը դատարանի պարտականությունն էր, եթե նրանց նախաքննական ցուցմունքները հետո օգտագործվելու էին որպես իր դեմ ապացույցներ:
i
45. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից` դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև պատասխան տալուց այնպիսի գործողությունների համար, որոնք նա հնարավորություն չի ունեցել լուծելու իր սեփական իրավական համակարգի միջոցով: Այդ կանոնի պահանջները կատարելու համար դիմումատուն պետք է դիմի այն իրավական պաշտպանության միջոցներին, որոնք առկա են և բավարար իրավունքի ենթադրյալ խախտումները վերացնելու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վուչկովիչն ու այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vu?kovi? and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և 29 այլ, §§ 70 և 71, 2014 թվականի մարտի 25, Ասենովն ու այլք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], 1998 թվականի հոկտեմբերի 28, «85, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VIII):
46. Դատարանը նկատում է, որ նշված ցուցմունքները Վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունիսի 18-ի որոշման մեջ (տե՛ս 23-րդ պարբերությունը) օգտագործվել են որպես դիմումատուի դեմ ապացույցներ: Դատարանը նաև նկատում է, որ դիմումատուն հետո 2008 թվականի նոյեմբերի 21-ի իր վճռաբեկ բողոքում (տե՛ս վերևում` 24-րդ պարբերությունը) ներկայացրել է նշված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու մասին բողոք` այդպիսով օգտագործելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակներում ներկայացված իր բողոքներն ըստ էության ներպետական մարմինների առջև բարձրացնելու ամենավաղ և միակ հնարավորությունը:
47. Հետևաբար, սույն բողոքը չի կարող մերժվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու պատճառով, և Կառավարության առարկությունը, հետևաբար, մերժվում է:
48. Դատարանն այնուհետև նշում է, որ բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
49. Դիմումատուն ներկայացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ հիմնվել է վկաներ Լ.Գ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ա.Աթ.-ի նախաքննական ցուցմունքների վրա: Այս ապացույցները, չնայած որ Վերաքննիչ դատարանի կողմից օգտագործվել են նրան մեղավոր ճանաչելը հիմնավորելու համար, դատարանում չեն հրապարակվել և չեն հետազոտվել. ավելին, նա հնարավորություն չի ունեցել հարցաքննելու այս վկաներին: Դիմումատուն ընդունել է, որ վկա Ա.Ա.-ն ցուցմունք է տվել Վարչական շրջանի դատարանում: Նա, այնուամենայնիվ, նկատել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ հղում է կատարել Ա.Ա.-ի` 2002 թվականի փետրվարի 18-ին տված նախաքննական ցուցմունքին, այլ ոչ թե դատական քննության ժամանակ նրա տված ցուցմունքին:
50. Կառավարությունը նշել է, որ չնայած Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ հղում է կատարել նշված նախաքննական ցուցմունքներին, դատարանի եզրակացությունները հիմնված են եղել այլ ապացույցների վրա: Այդ ցուցմունքները նշանակալի արժեք չեն ունեցել դիմումատուի մեղքը հաստատելու համար, այլ ավելի շուտ նպաստել են գործի որոշ փաստեր հաստատելուն: Կառավարությունը նշել է, որ վկա Ա.Ա.-ն փաստացի հարցաքննվել է Վարչական շրջանի դատարանում իրականացվող վարույթի ընթացքում, իսկ Լ.Գ.-ն, լինելով դիմումատուի դուստրը, չի հարցաքննվել նույն դատարանի կողմից` ինչպես որ պահանջել է դիմումատուն: Ինչ վերաբերում է վկաներ Ա.Բ.-ի և Ա.Աթ.-ի նախաքննական ցուցմունքներին, ապա դրանք կապ չունեին դիմումատուի մեղքը հաստատելու հետ: Իրականում, դիմումատուի դատապարտումը հիմնված էր այլ ծանրակշիռ ապացույցների վրա, ինչպիսիք են քննության ընթացքում և Վերաքննիչ դատարանում Յ.Վ.-ի տված ցուցմունքները, վկաներ Լ.Ք.-ի և Ս.Ա.-ի ցուցմունքներն ու դիմումատուի ներգրավվածությունը Մ. Գ.-ի հետ դատական վեճերում:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
51. Դատարանը կրկին նշում է, որ 6-րդ հոդվածի կիրառությունը կարգավորող հիմնական սկզբունքը արդարացիությունն է: Արդար դատաքննության իրավունքը ժողովրդավարական հասարակության մեջ այնքան կարևոր տեղ է զբաղեցնում, որ 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները նեղ իմաստով մեկնաբանելը որևէ կերպ չի կարող արդարացվել (տե՛ս Մորեյրա դե Ազեվեդոն ընդդեմ Պորտուգալիայի [Moreira de Azevedo v. Portugal], 1990 թվականի հոկտեմբերի 23, § 66, շարք Ա թիվ 189, Գրեգաչեվիչն ընդդեմ Խորվաթիայի [Gregacevic v. Croatia], թիվ 58331/09, § 49, 2012 թվականի հուլիսի 10):
52. Արդար դատաքննության հասկացությունը ենթադրում է, inter alia, մրցակցային դատավարության իրավունքը, ինչը քրեական գործի պարագայում նշանակում է, որ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերին պետք է տրվի մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ու ապացույցներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու հնարավորություն (տե՛ս Բրանդշթեթերն ընդդեմ Ավստրիայի [Brandstetter v. Austria], 1991 թվականի օգոստոսի 28, § 67, շարք Ա թիվ 211): Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ հնարավոր է, որ դատավարական այնպիսի իրավիճակը, որի դեպքում մի կողմի համար հակառակ կողմի համեմատ անբարենպաստ պայմաններ չեն ստեղծվում, այնուամենայնիվ հանդիսանա մրցակցային դատավարության իրավունքի խախտում, եթե տվյալ կողմին չի տրվել ներկայացված բոլոր ապացույցներին կամ փաստարկներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու հնարավորություն, ինչը թույլ կտար ազդել դատարանի որոշման վրա (տե՛ս Կրչմարը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Krcmnr and Others v. the Czech Republic], թիվ 35376/97, §§ 38-46, 2000 թվականի մարտի 3 և Գրեգաչեվիչի գործը` վերևում հիշատակված, § 50):
53. Դատարանն այնուհետև նշում է, որ որպես ընդհանուր կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին տրվի վկայի` իր դեմ տված ցուցմունքի թույլատրելիությունը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու համարժեք և պատշաճ հնարավորություն` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (տե՛ս Ալ-Խավաջան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Khawaja and Tahery v. the United Kingdom [GC]], թիվ 26766/05 և թիվ 22228/06, § 118, ՄԻԵԴ 2011, Պոլետանը և Ազիրովիկն ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [Poletan and Azirovik v. the former Yugoslav Republic of Macedonia], թիվ 26711/07, 32786/10 և 34278/10, § 81, 2016 թվականի մայիսի 12): Ոստիկանության կողմից հետաքննության կամ դատական քննության փուլերում ստացված ցուցմունքները որպես ապացույց օգտագործելն ինքնին չի հակասում վերոնշյալ դրույթներին` պայմանով, որ դրա արդյունքում պաշտպանության կողմի իրավունքները չեն խախտվել (տե՛ս Սայիդին ընդդեմ Ֆրանսիայի [Saտdi v. France], 1993 թվականի սեպտեմբերի 20, § 43, շարք Ա թիվ 261-Գ):
54. Ալ-Խավաջայի և Թահերիի գործում (վերևում հիշատակված, §§ 119-147) Մեծ պալատը հստակեցրել է այն սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքում, երբ վկան դռնբաց դատական քննությանը չի ներկայանում: Այդ սկզբունքները կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ`
i) Դատարանը նախապատրաստական փուլում նախ պետք է քննի այն հարցը, թե արդյոք հիմնավոր պատճառ կա չներկայացած վկայի տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար` հաշվի առնելով, որ վկաները պետք է, որպես ընդհանուր կանոն, ցուցմունք տան դատական քննության ժամանակ, և որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` նրանց ներկայանալն ապահովելու համար.
ii) չներկայանալու ամենահաճախ հանդիպող պատճառներն են, օրինակ, ինչպես Ալ-Խավաջայի և Թահերիի գործում (վերևում հիշատակված), վկայի մահը կամ վախը վրեժխնդրությունից: Այնուամենայնիվ, վկան դատական քննությանը կարող է չներկայանալ նաև այլ օրինական պատճառներով.
iii) այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել վարույթի նախորդ որևէ փուլում, դատական քննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի` նախկինում տված ցուցմունքի գրավոր հաստատումը որպես ապացույց ճանաչելը պետք է ծայրահեղ միջոց լինի.
iv) չներկայացած վկաների` նախկինում տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում ամբաստանյալի համար, որը, ըստ էության, քրեական դատավարության ժամանակ պետք է ունենա իր դեմ ներկայացված ապացույցների թույլատրելիությունը վիճարկելու արդյունավետ հնարավորություն: Մասնավորապես, նա պետք է կարողանա ստուգել վկաների տված ցուցմունքների ճշմարտացիությունը և հավաստիությունը` իր ներկայությամբ վկաներին բանավոր հարցաքննելու միջոցով` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ վարույթի հետագա փուլերում.
v) «միակ կամ վճռորոշ ապացույցի սկզբունքի» համաձայն` այն դեպքում, երբ ամբաստանյալին դատապարտելու համար հիմք են ծառայում բացառապես կամ հիմնականում այն վկաների տված ցուցմունքները, որոնց մեղադրյալը չի կարող հարցաքննել դատավարության փուլերից որևէ մեկում, նրա պաշտպանության իրավունքներն անհիմն սահմանափակվում են.
vi) այս համատեքստում «վճռորոշ» ցուցմունք պետք է նշանակի միայն այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունք, որը կարող է որոշել գործի ելքը: Եթե վկայի չստուգված ցուցմունքը հիմնավորվում է այլ հաստատված ապացույցներով, ապա գնահատականն այն մասին` արդյոք այն վճռորոշ է, կախված կլինի հիմնավորող ապացույցների հավաստիությունից. որքան հավաստի են մեղավորությունը հաստատող մյուս ապացույցները, այնքան քիչ հավանական է, որ չներկայացած վկայի ցուցմունքը կհամարվի վճռորոշ.
vii) այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի դատաքննության արդարացիության ընդհանուր ուսումնասիրության համատեքստում, միակ կամ վճռորոշ ապացույցի սկզբունքը չպետք է կիրառվի ոչ ճկուն եղանակով.
viii) մասնավորապես, եթե ուրիշի խոսքի վրա հիմնված ցուցմունքը միակ կամ վճռորոշ ապացույցն է ամբաստանյալի դեմ, ապա այն որպես ապացույց ճանաչելն ինքնըստինքյան չի հանգեցնի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման: Միևնույն ժամանակ, եթե դատապարտման համար միակ կամ վճռորոշ հիմք են չներկայացած վկաների ցուցմունքները, ապա Դատարանը պետք է դատական քննությունը հանգամանորեն ուսումնասիրի: Պայմանավորված այն վտանգներով, որոնք կարող են առաջանալ այդ ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու հետևանքով, դրանք մեծ ազդեցություն կունենան հավասարակշռության վրա, և անհրաժեշտ կլինեն դրանց հակակշռող բավարար գործոններ, այդ թվում` հուսալի դատավարական երաշխիքներ: Ամեն դեպքում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ գնահատել այդ ցուցմունքների հավաստիությունը` դրանք որպես ապացույց ճանաչելու համար: Սա թույլ կտա, որ դատապարտումը հիմնված լինի այդ ցուցմունքների վրա միայն այն դեպքում, երբ դրանք բավականաչափ հավաստի են` հաշվի առնելով գործի համար դրանց կարևորությունը:
55. Այս սկզբունքները մանրամասնորեն պարզաբանվել են Շաչաշվիլիի գործում (տե՛ս Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]], թիվ 9154/10, §§ 111-131, ՄԻԵԴ 2015), որի ժամանակ Մեծ պալատը հաստատել է, որ վկայի չներկայանալու համար հիմնավոր պատճառի բացակայությունը չի կարող ինքնին վկայել դատաքննության անարդարացի լինելու մասին, թեև ընդհանուր արդարացիությունը գնահատելիս այն ամեն դեպքում կարևոր գործոն է` հավասարակշռությունը որոշելու համար և կարող է որոշիչ դեր ունենալ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում արձանագրելու հարցում: Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի խնդիրն է պարզել` արդյոք դատաքննությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել, այն պետք է ուսումնասիրի բավարար հակակշռող գործոնների առկայությունը ոչ միայն այն գործերում, որոնց դեպքում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է եղել դիմումատուին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնց դեպքում այն չի կարողացել հստակ պարզել` արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այդ ցուցմունքը կարևոր նշանակություն է ունեցել և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները: Հակակշռող գործոնների` դատաքննությունն արդար համարելու համար անհրաժեշտ շրջանակը կախված է չներկայացած վկայի ցուցմունքի նշանակությունից: Որքան կարևոր նշանակություն ունենա այդ ցուցմունքը, այնքան ավելի կարևոր նշանակություն պետք է ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատաքննությունն ընդհանուր առմամբ համարվի արդարացի (տե՛ս Սեթոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Seton v. the United Kingdom], թիվ 55287/10, §§ 58 և 59, 2016 թվականի մարտի 31):
56. Քանի որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները պետք է դիտարկվեն որպես 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի հատուկ ասպեկտներ, Դատարանն այս դեպքում բողոքները կքննի` հիմք ընդունելով 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի «դ» ենթակետը` դրանք դիտարկելով համատեղ (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով)` Վան Մեխելենը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [Van Mechelen and Others v. the Netherlands], 1997 թվականի ապրիլի 23, § 49, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-III և Գրեգաչեվիչի գործը` վերևում հիշատակված, § 52):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
57. Դատարանը նշում է, որ Վարչական շրջանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել Մ.Գ.-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Այդպիսով դատարանը հաստատել է, որ նա Մ.Գ.-ին սպանելու շարժառիթ է ունեցել, քանի որ բիզնեսի առնչությամբ Մ.Գ.-ի և իր նախկին ամուսնու` Ա.Գ.-ի միջև ծագած վեճի մեջ նա իր գույքային շահն է ունեցել: Դիմումատուի այն արդարացումը, որ ինքը Ա.Գ.-ի հետ 1999 թվականին իրենց ամուսնալուծությունից ի վեր որևէ կապ չի ունեցել, հերքվել է այն փաստով, որ նա իր նախկին ամուսնու հետ ներգրավված է եղել Մ.Գ.-ի հետ նրա գույքային վեճերում (տե՛ս վերևում` 20-րդ պարբերությունը): Դատարանը նաև նշում է, որ Վարչական շրջանի դատարանի դատավճռի մեջ նշված ապացույցներից բացի, Վերաքննիչ դատարանը հիմնվել է վկաներ Ա.Աթ.-ի, Լ.Գ.-ի, Ա.Ա.-ի և Ա.Բ-ի նախաքննական ցուցմունքների վրա (տե՛ս վերևում` 11-րդ, 12-րդ, 19-րդ և 14-րդ պարբերությունները) և եկել է այն եզրահանգման, որ դիմումատուի` դատական քննության ժամանակ և իր վերաքննիչ բողոքում ներկայացրած արդարացումն արժանահավատ չէ (տե՛ս վերևում` 21-րդ և 23-րդ պարբերությունները):
58. Դիմումատուն իր բողոքները հիմնավորել է հետևյալ երկու փաստերով: Նախ, նա պնդում է, որ Վերաքննիչ դատարանն իր վարույթում չի հրապարակել և չի հետազոտել խնդրո առարկա վկաների նախաքննական ցուցմունքները. դրանք չի հետազոտել նաև առաջին ատյանի դատարանը: Երկրորդ, նա իր բողոքներում նշել է, որ իրեն չի տրվել այդ վկաներին հարցաքննելու հնարավորություն, սակայն նրանց նախաքննական ցուցմունքները հետագայում Վերաքննիչ դատարանի կողմից օգտագործվել են որպես իր դեմ ապացույց:
59. Ինչ վերաբերում է դիմումատուի առաջին փաստարկին, ապա Դատարանը նշում է, որ Կառավարությունը որևէ ապացույց չի ներկայացրել` հիմնավորելու համար այն, որ խնդրո առարկա նախաքննական ցուցմունքներն իրականում հրապարակվել և հետազոտվել են Վարչական շրջանի դատարանի կամ Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, Կառավարությունը պնդել է, որ խնդրո առարկա ցուցմունքները դիմումատուին դատապարտելիս վճռորոշ չեն եղել (տե՛ս վերևում` 50-րդ պարբերությունը):
60. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Վարչական շրջանի դատարանի դատավճռում, որն այնուհետև ամբողջությամբ անփոփոխ է թողնվել Վերաքննիչ դատարանի կողմից այնքանով, որքանով այն վերաբերում էր դիմումատուի դատապարտմանը, անշուշտ նշվել են դիմումատուի մեղավորությունն ուղղակիորեն հաստատող այլ ապացույցներ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել հիմք ընդունել նաև վկաներ Լ.Գ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ա.Աթ.-ի նախաքննական ցուցմունքները` հաստատելու համար Վարչական շրջանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ դիմումատուն` հակառակ իր արդարացումներին, Մ.Գ.-ին սպանելու շարժառիթ է ունեցել, Դատարանը գտնում է, որ այդ ցուցմունքները նշանակություն են ունեցել գործի համար: Ինչ վերաբերում է այդ ապացույցներին, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր էր մեղադրյալին իր պաշտպանությունը պատշաճորեն կազմակերպելու և իր բոլոր համապատասխան փաստարկները ներկայացնելու հնարավորություն ընձեռել:
61. Ավելին, ինչպես բազմաթիվ անգամներ Դատարանը նշել է, արդար դատաքննության պահանջներից մեկն այն է, որ մեղադրյալին տրվի այն դատավորի ներկայությամբ վկաներին առերես հարցաքննելու հնարավորություն, որը վերջնական որոշում է կայացնելու գործի վերաբերյալ, քանի որ դատավորի դիտարկումները տվյալ վկայի վարքագծի վերաբերյալ և այն մասին, թե որքանով կարելի է վստահել նրան, կարող են հետևանքներ ունենալ մեղադրյալի համար (տե՛ս Հանուն ընդդեմ Ռումինիայի [Hanu v. Romania], թիվ 10890/04, § 40, 2013 թվականի հունիսի 4, հաջորդող հղումների հետ միասին): Ճիշտ է, որ Վերաքննիչ դատարանը դիմումատուի մեղավորության վերաբերյալ նոր եզրակացության չի հանգել: Այնուամենայնիվ, ունենալով Վարչական շրջանի դատարանի դատավճիռը փաստերի և օրենքի տեսանկյունից վերանայելու ամբողջական իրավասություն` Վերաքննիչ դատարանն իր եզրահանգումները կատարելիս ոչ միայն հիմք է ընդունել վկաների` Վերաքննիչ դատարանում չստուգված ցուցմունքները, այլ նաև խնդրո առարկա վկաները չեն հարցաքննվել Վարչական շրջանի դատարանի կողմից (տե՛ս a contrario (հակառակը)` Կաշլևն ընդդեմ Էստոնիայի [Kashlev v. Estonia], թիվ 22574/08, § 47, 2016 թվականի ապրիլի 26): Վարչական շրջանի դատարանն այդ ապացույցներին չի անդրադարձել նաև դիմումատուին դատապարտելիս: Այս հանգամանքներում այն փաստը, որ Վերաքննիչ դատարանն անձամբ չի քննել այն վկաներին, որոնց ցուցմունքները հետագայում օգտագործվել են դիմումատուի դեմ, կարող էր մեծապես ազդել դիմումատուի պաշտպանության իրավունքների վրա:
62. Միևնույն ժամանակ, Դատարանը նշում է, որ վկա Լ.Գ.-ն, լինելով դիմումատուի դուստրը, ներպետական օրենսդրության համաձայն ունեցել է ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու իրավունք և օգտվել է այդ իրավունքից (տե՛ս վերևում` 19-րդ, 30-րդ, 32-րդ և 35-րդ պարբերությունները): ՈՒստի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն վերլուծելու տեսանկյունից` Լ.Գ.-ն, օգտվելով մերձավոր ազգականի` դիմումատուի դեմ ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու իր օրինական իրավունքից, դիմումատուի վերաբերյալ գործով դատական քննությանը չներկայացած մյուս երեք վկաներից տարբեր կարգավիճակ է ունեցել: Այնուամենայնիվ, չնայած այն փաստին, որ Լ.Գ.-ն օգտվել է ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու` օրենքով սահմանված իր իրավունքից, Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հիմնվել է նրա նախաքննական ցուցմունքների վրա, որոնք նա տվել էր այն փուլում, երբ դիմումատուն վարույթում դեռևս մեղադրյալի կարգավիճակ չուներ (տե՛ս վերևում` 10-րդ, 13-րդ և 16-րդ պարբերությունները):
63. Ինչ վերաբերում է վկաներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին և Ա.Աթ.-ին, ապա Դատարանը նշում է, որ այդ վկաները Վերաքննիչ դատարանի կողմից չեն հարցաքննվել: Նրանք նաև չեն հարցաքննվել առաջին ատյանի դատարանի կողմից և ոչ էլ ընդգրկվել են դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակում (տե՛ս վերևում` 17-րդ պարբերությունը): Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հիմնվել է նախաքննության ընթացքում նրանց տված ցուցմունքների վրա, երբ մեղադրյալին դեռ որևէ մեղադրանք առաջադրված չի եղել, ինչի արդյունքում դիմումատուն զրկված է եղել նրանց ցուցմունքները վիճարկելու հնարավորությունից, մինչդեռ քրեական դատավարության ներպետական օրենսդրության համաձայն` Վերաքննիչ դատարանը չէր կարող հիմնվել վերաքննիչ վարույթին չներկայացած և առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաների ցուցմունքների վրա (տե՛ս վերևում` 38-րդ պարբերությունը):
64. Դատարանի համար պարզ չէ` արդյոք վկաներ Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ա.Աթ.-ի ցուցմունքները միակը և վճռորոշն են եղել, սակայն այն այդուհանդերձ համոզված է, որ դրանք նշանակալի դեր են ունեցել, և դրանք որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները (տե՛ս վերևում` 55-րդ պարբերությունը` տվյալ հարցի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքին հղումներով): Դատարանը նշում է, որ պաշտպանության կողմի հնարավորությունների սահմանափակումը փոխհատուցելու համար որևէ դատավարական երաշխիք չի եղել: Մասնավորապես, դիմումատուն նախաքննության ընթացքում այդպես էլ հնարավորություն չի ունեցել խնդրո առարկա վկաների ցուցմունքների թույլատրելիությունը վիճարկելու և հիմնավոր պատճառով չէր կարող այդպիսի պահանջ ներկայացնել դատական քննության ժամանակ, քանի որ այդ վկաները չէին ընդգրկվել դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակում: Ավելին, քանի որ խնդրո առարկա ապացույցները չէին հետազոտվել դռնբաց դատական քննության ժամանակ, պաշտպանության կողմը տեղյակ չէր անգամ, որ Վերաքննիչ դատարանը դիմումատուի մեղավորությունը հաստատելու համար հիմնվելու է այդ ապացույցների վրա (տե՛ս Ալ-Խավաջայի և Թահերիի գործը` վերևում հիշատակված, §§ 119-147):
65. Վերոնշյալ դատողությունները բավարար են, որպեսզի Դատարանը գա այն եզրահանգման, որ տվյալ դեպքում խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը:
66. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
67. Դիմումատուն նաև այլ բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածների կապակցությամբ:
68. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այդ բողոքների քննությունը գտնվում է իր իրավասության շրջանակներում, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Այստեղից հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի` ակնհայտ անհիմն լինելու հիմքով` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
i
69. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:
Ա. Վնասը
70. Դիմումատուն պահանջել է 46 200 եվրո` որպես բաց թողնված օգուտի հատուցում և 100 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
71. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի կրած նյութական և ոչ նյութական վնասների և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ենթադրյալ խախտման միջև որևէ պատճառահետևանքային կապ չկա:
72. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. ուստի, այն մերժում է այս պահանջը: Մյուս կողմից, այն դիմումատուին շնորհում է 2 400 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
73. Դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ վճիռը, որով այն Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում է արձանագրում, պատասխանող Պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարելու արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, եթե այդպիսիք կան, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրելու ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական բնույթի միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել իր ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրելու համար, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (տե՛ս Սկոզարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scozzari and Giunta v. Italy [GC]], թիվ 39221/98 և թիվ 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000-VIII, Իլաշկուն և այլք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] [Ilascu and Others v. Moldova and Russia [GC]], թիվ 48787/99, § 487, ՄԻԵԴ 2004-VII, և Լունգոկին ընդդեմ Ռումինիայի [Lungoci v. Romania], թիվ 62710/00, § 55, 2006 թվականի հունվարի 26): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու դեպքում դիմումատուի համար պետք է հնարավորինս վերականգնվի այն իրավիճակը, որում նա կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (տե՛ս mutatis mutandis Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Sejdovic v. Italy [GC]], թիվ 56581/00, § 127, ՄԻԵԴ 2006-II, և Յանակիևն ընդդեմ Բուլղարիայի [Yanakiev v. Bulgaria], թիվ 40476/98, § 89, 2006 թվականի օգոստոսի 10):
74. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1 և 426.4 հոդվածներով նախատեսվում է ներպետական դատական ակտը վերանայելու հնարավորություն, եթե Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (տե՛ս վերևում` 39-րդ և 40-րդ պարբերությունները): Ինչպես Դատարանը սահմանել է սույն գործին նման նախորդ գործերում` հատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, կլինի գործի պատշաճ կարգով վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (տե՛ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի [Gabrielyan v. Armenia], թիվ 8088/05, § 104, 2012 թվականի ապրիլի 10, և Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Avetisyan v. Armenia], թիվ 13479/11, § 75, 2016 թվականի նոյեմբերի 10):
Բ. Ծախսերը և ծախքերը
75. Դիմումատուն նաև պահանջել է 15 700 եվրո` որպես կրած ծախսերի և ծախքերի հատուցում, որը ներառում է 9 000 եվրո` որպես ներպետական վարույթում կրած դատական ծախսերի հատուցում, ինչպես նաև 6 000 եվրո` որպես Դատարանում կրած դատական ծախսերի և 700 եվրո` որպես փոստային և թարգմանչական ծառայությունների ծախսերի (համապատասխանաբար` 500 և 200 եվրո) հատուցում: Ինչ վերաբերում է Դատարանի վարույթում կրած դատական ծախսերին, ապա դիմումատուն ներկայացրել է իր ներկայացուցչի` պրն Մեժլումյանի հետ կնքած պայմանագիրը, որի համաձայն ինքը պարտավոր էր նրան վճարել 3 000 000 ՀՀ դրամ (տվյալ պահի փոխարժեքով` մոտավորապես 5 700 եվրո), եթե Դատարանն իր օգտին վճիռ կայացներ:
76. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց, որը ցույց կտար, որ ինքն իրականում կրել է այդ դատական ծախսերը: Նա նաև չի տրամադրել ապացույցներ իր ենթադրյալ կրած փոստային ծախսերի վերաբերյալ:
77. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ նա դրանք կրել է իրականում և ըստ անհրաժեշտության, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուն ներպետական դատարաններում իր կրած դատական ծախսերի հետ կապված պահանջները հիմնավորող որևէ փաստաթղթային ապացույց չի ներկայացրել: ՈՒստի, Դատարանը դիմումատուի պահանջն այս մասով մերժում է:
78. Ինչ վերաբերում է Դատարանում դիմումատուի կրած դատական ծախսերի հետ կապված պահանջներին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուն իր ներկայացուցչի հետ պայմանագիր է կնքել նրան վճարվելիք գումարի մասին, որը նման է փաստաբանի` ըստ արդյունքի վարձատրության մասին պայմանագրի, որի դեպքում փաստաբանի վստահորդը համաձայնվում է դատարանի կողմից դատավարության կողմին գումար շնորհելու դեպքում փաստաբանին վճարել այդ գումարի որոշակի տոկոսը: Այդպիսի պայմանագրերը, իրավաբանական ուժ ունենալու դեպքում, կարող են փաստել, որ պահանջվող գումարներն իսկապես ենթակա են վճարման դիմումատուի կողմից (տե՛ս Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Iatridis v. Greece (just satisfaction) [GC]], թիվ 31107/96, § 55, ՄԻԵԴ 2000-XI, և Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի [Kamasinski v. Austria], 1989 թվականի դեկտեմբերի 19, § 115, շարք Ա թիվ 168):
79. Դատարանը նշում է, որ դիմումատուն համաձայնվել է իր ներկայացուցչին վճարել 3 000 000 ՀՀ դրամ այն դեպքում, երբ Դատարանն իր օգտին վճիռ կայացնի: Դատարանը նաև նշում է, որ փաստաբանի` ըստ արդյունքի վարձատրության մասին պայմանագրերի կատարումը կարող է ապահովվել Հայաստանի Հանրապետության օրենքով: Մասնավորապես, «Փաստաբանության մասին» օրենքով որևէ կերպ չի սահմանափակվում այն պայմանագրերի շրջանակը, որոնք կարող են կնքվել փաստաբանի և նրա վստահորդի միջև, և այդպիսի պայմանագրերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով: ՈՒստի, Դատարանը ճանաչում է դիմումատուի և նրա ներկայացուցիչ պրն Մեժլումյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության օրինականությունը (տե՛ս Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Saghatelyan v. Armenia], թիվ 7984/06, § 62, 2015 թվականի հոկտեմբերի 20, Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի [Safaryan v. Armenia], թիվ 576/06, § 63, 2016 թվականի հունվարի 21):
80. Ինչ վերաբերում է դիմումատուի` այս մասով ներկայացված մյուս պահանջներին, ապա Դատարանը նշում է, որ ներկայացված փաստաթղթային ապացույցներով հիմնավորվում են միայն թարգմանչական ծառայության ծախսերը, որոնք կազմել են 200 եվրո:
81. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափորոշիչները` Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 700 եվրո` որպես Դատարանում կրած դատական ծախսերի և թարգմանչական ծառայության ծախսերի հատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
82. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է դիմումատուի` մրցակցային դատավարության իրավունքի ենթադրյալ խախտման և վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի.
i
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում.
3. Վճռում է, որ
i
ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց` 2 400 եվրո (երկու հազար չորս հարյուր եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց` 1 700 եվրո (հազար յոթ հարյուր եվրո)` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի ապրիլի 27-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Ռենատա Դեգեներ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
Քարտուղար տեղակալ Նախագահ