Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԿԴ3/0001/06/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0001/06/17

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ

                   պաշտպան                    Մ. Թովմասյանի

 

2017 թվականի նոյեմբերի 15-ին

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ մեղադրյալ Արտակ Վրեժի Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մարտի 12-ին Հասմիկ Սարգսյանը ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ի սահմաններում, անհայտ անձն Արգել գյուղի գերեզմանատանը կայանված, որդուն պատկանող «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է իրեն և Կարինե Բադալյանին պատկանող կանացի կաշվե պայուսակները, որոնց մեջ եղել են ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և տարբեր տեսակի իրեր:

2017 թվականի մարտի 13-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 46153617 քրեական գործը, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:

2017 թվականի մարտի 13-ին հանցագործություն կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել է Արտակ Մացակյանը:

2017 թվականի մարտի 16-ին որոշում է կայացվել Ա.Մացակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ա.Մացակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

3. Մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 16-ի որոշումը թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ մեղադրյալի պաշտպանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա.Սարգսյանը և խնդրել մերժել ներկայացված վճռաբեկ բողոքը` հայտնելով, որ Ա.Մացակյանը բերման ենթարկվելուց և անհրաժեշտ գործողություններին մասնակցելուց հետո ազատ է արձակվել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, որ բերման ենթարկված անձին երեք ժամը լրանալուց հետո ազատ արձակելիս ոստիկանության աշխատակիցը պետք է կազմի որևէ փաստաթուղթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Մացակյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(...) Նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի մարտի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտ նկատելով «Միտսուբիշի Գոլդ» մակնիշի 34 LZ 430 պ/հ ավտոմեքենան, աննկատ մոտեցել ու բացել է ավտոմեքենայի ձախակողմյան դուռն ու սրահից գաղտնի հափշտակել Հասմիկ Ռուբիկի Սարգսյանին և Կարինե Արտավազդի Բադալյանին պատկանող ընդհանուր խոշոր չափերի` 2.270.500 ՀՀ դրամ արժողության գույքը` կանացի երկու պայուսակներ ու դրանց մեջ գտնվող տարատեսակ ոսկյա զարդեր, պճնանքի պարագաներ, դրանց համար նախատեսված փոքրիկ պայուսակ, թվով երեք օպտիկական և մեկ արևային ակնոցներ, «Սամսունգ J-120F» մոդելի բջջային հեռախոս` իր սնուցման սարքով ու ականջակալով, կանացի դրամապանակ, ինչպես նաև 49.572 ՀՀ դրամին համարժեք 102 ԱՄՆ դոլար ու 2.600 ՀՀ դրամ կանխիկ գումար» (տե՛ս նյութեր, թերթ 45):

5.1. «Անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մասին» 2017 թվականի մարտի 13-ի արձանագրության համաձայն` «(...) Ոստիկանության Նաիրիի բաժնի ՀՈԲ տեսուչ ոստ. լ-նտ Ս.Մխիթարյանս (...) ս/թ մարտի 13-ին, ժամը 06:45-ին Կոտայքի մ. գ. Նոր-Գեղի Բանավան թաղամասից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին բերման ենթարկեցի քաղաքացի Արտակ Վրեժի Մացակյանին (...): Ա.Մացակյանը բերման է ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով: (...)» (տե՛ս նյութեր, թերթ 6):

5.2. «Անձին անձնական զննության ենթարկելու մասին» 2017 թվականի մարտի 13-ի արձանագրության համաձայն` «(...) Ես` ՀՀՈ Նաիրիի բաժնի ՀՈԲ տեսուչ ոստ. լ-նտ Ս.Մխիթարյանս (...) կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ ս/թ մարտի 13-ին, ժամը 06:45-ին (...) ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում անձնական զննության ենթարկեցի քաղաքացի Արտակ Վրեժի Մացակյանին (...)» (տե՛ս նյութեր, թերթ 7):

5.3. «Բացատրություն վերցնելու մասին» 2017 թվականի մարտի 13-ի արձանագրության համաձայն` Ա.Մացակյանից բացատրություն վերցնելը սկսվել է ժամը 07:05-ին և ավարտվել 08:00-ին (տե՛ս նյութեր, թերթ 9):

5.4. 2017 թվականի մարտի 13-ի` ձերբակալման արձանագրության համաձայն` «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Քոլայանս, (...) թիվ 46153617 քրեական գործով այսօր ժամը 21:45-ին Նաիրիի քննչական բաժնում ձերբակալեցի Արտակ Վրեժի Մացակյանին (...): Ձերբակալված Ա.Մացակյանը կասկածվում է ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ (...)» (տե՛ս նյութեր, թերթ 23):

5.5. «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» 2017 թվականի մարտի 16-ի որոշման եզրափակիչ մասից հետո նշված է` «Որոշումը հայտարարված է ինձ 16.03.2017թ., ժամը 10:40-ին: Մեղադրանքի էությունը պարզաբանված է (...)» (տե՛ս նյութեր, թերթ 46):

5.6. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 16-ի դատական նիստի պարզ թղթային արձանագրության համաձայն` Ա.Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննությունը սկսվել է ժամը 14:50-ին և ավարտվել` 15:35-ին: Նույն արձանագրության համաձայն`

Քննիչ. «(...) Քրեական գործը վարույթ ընդունելուց անմիջապես հետո հանել եմ ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքը, այնուհետև հանձնարարել եմ, որպեսզի հայտնաբերեն մեղադրյալին, որից հետո մեղադրյալը հայտնաբերվել է և 10 րոպե հետո ձերբակալվել»:

Մեղադրյալի շահերի պաշտպան Մ.Թովմասյան. «(...) Իմ պաշտպանյալը բերման է ենթարկվել 13.03.2017թ. ժ.06:45-ին, ձերբակալվել է 13.03.2017թ. ժ.21:45-ին, մեղադրանքը առաջադրվել է 16.03.2017թ. ժ.10:40-ին, այսինքն ստացվում է, որ անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվել, իսկ ներկայումս առաջադրված մեղադրանքը և դրանից բխող բոլոր գործողություններն ապօրինի են» (տե՛ս նյութեր, թերթեր 51-54):

6. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 16-ի որոշման համաձայն` «(...) Ուսումնասիրելով ներկայացված գործի նյութերը, Դատարանն արձանագրում է, որ կան հիմնավոր կասկածներ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարմանը մեղադրյալ Արտակ Մացակյանի առնչության վերաբերյալ:

Միջնորդությունը բավարարելիս, Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալ Արտակ Մացակյանը մնալով ազատության մեջ կարող է կատարել քրեական օրենքով արգելված այլ արարքներ, քննությունից թաքնվել, խուսափել, դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրել:

(...)

Նման եզրահանգման գալիս Դատարանը հաշվի է առնում գործի հանգամանքները, մասնավորապես նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն որ մեղադրյալին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործության կատարում, որի համար նախատեսված է պատիժ նաև ազատազրկման ձևով, որի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, ինչը Դատարանի համոզմամբ էականորեն բարձրացնում է մեղադրյալի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը:

Ավելին, Դատարանն արձանագրում է, որ Արտակ Մացակյանը մնալով ազատության մեջ կարող է կատարել քրեական օրենքով արգելված այլ արարքներ, որպիսի եզրահանգման գալիս հաշվի է առնում նաև մեղադրյալի` նախկինում քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու հանգամանքը (հիմք` ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի` 2017թ. մարտի 13-ի պահանջագիր): (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 73-77):

7. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 13-ի որոշման համաձայն` «(...) Անդրադառնալով պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքի փաստարկին` կապված Արտակ Մացակյանին բերման ենթարկելու և ազատությունից ապօրինի 12 (չհաշվարկած 3 ժամը) ժամ պահելու հետ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերաքննության սահմանների սահմանափակ բնույթ կրելու հանգամանքով պայմանավորված, վերաքննության առարկա կարող են լինել միայն Առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգումը` տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Արտակ Մացակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2017 թվականի մարտի 16-ի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը, ուստի պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկը կապված մեղադրյալին ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ տվյալ պահին քննության չի կարող ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից, հակառակ պարագայում Վերաքննիչ դատարանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից հանդես կգա որպես Առաջին ատյանի դատարան` յուրացնելով վերջինիս լիազորությունները: (...)

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ այս պարագայում թե՛ մեղադրյալը և թե՛ վերջինիս պաշտպանը զրկված չեն Առաջին ատյանի դատարան դիմելու և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով վիճարկելու մեղադրյալին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը:

Անդրադառնալով պաշտպանի Վերաքննիչ բողոքի երկրորդ փաստարկին` կապված իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու օրինականության հետ, Վերաքննիչ դատարանը հղում կատարելով Վ.Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշմանը գտնում է, որ քննարկվող հարցը, նույնպես, տվյալ պահին դուրս է վերաքննության սահմաններից, (...):

Վերաքննիչ դատարանը նպատակահարմար է համարում նշել, որ այդ հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն Առաջին ատյանի դատարանում գործն ըստ էության քննության ընթացքում:

(...)

Վերաքննիչ դատարանն անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ տեղ գտած հիմնավորումներին, գտնում է, որ մեղադրյալ Արտակ Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները հիմնված են գործի նյութերում առկա փաստական տվյալների վրա, Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ ծանրակշիռ, գործի նյութերից բխող փաստարկների վկայակոչմամբ հիմնավորել է մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու հավանականությունը (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 92-101):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Գ.Միքայելյանի գործով 2009 թվականի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ Ա.Մացակյանի ազատության իրավունքը սահմանափակելիս այդ դիրքորոշումներին համապատասխան երաշխիքներն ապահովված չեն եղել: Այսպես` նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 06:45-ին, իր բնակության վայրից, նույն օրը` ժամը 21:45-ին, ձերբակալվել է, այսինքն` փաստացի արգելանքի վերցվելու պահից մինչև ձերբակալվելը 12 ժամ ապօրինի պահվել է բաժնում: Փաստացի արգելանքի վերցվելու պահից մինչև Առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելն ազատ չի արձակվել, այսինքն` անազատության մեջ է պահվել 72 ժամից ավելի:

Բողոքի հեղինակը նաև նշել է, որ իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի մարտի 16-ին` ժամը 10:00-10:30-ի սահմաններում, այսինքն` փաստացի արգելանքի վերցվելու պահից սկսած 72 ժամվա ընթացքում Ա.Մացակյանին մեղադրանք չի առաջադրվել:

Բողոք բերած անձը հայտնել է, որ նշված փաստական հանգամանքների առկայության պարագայում ստորադաս դատարանները չեն արձանագրել Ա.Մացակյանի ազատության իրավունքի խախտման փաստը, չեն կայացրել լրացուցիչ որոշում, չեն պարզաբանել ապօրինի անազատության մեջ գտնվելու համար քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու իրավունքը:

8.1. Անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին` բողոքաբերը հայտնել է, որ գործի նյութերում առկա չէ Ա.Մացակյանին վարույթն իրականացնող մարմին կանչելու, քննությանը խոչընդոտելու կամ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու տվյալ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մերժելով քննիչի միջնորդությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման օրինականության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու կարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք ստորադաս դատարանների կողմից Ա.Մացակյանի ձերբակալման իրավաչափությունը դատական վերահսկողության չենթարկելը:

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»

(...)

3. Սույն հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն: (...)

5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության (...) իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

3. (...) Մինչև դատարանի համապատասխան որոշումն ստանալն անձը չի կարող ձերբակալման հետևանքով անազատության մեջ պահվել 72 ժամից ավելի:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ նախադասության համաձայն` «Ձերբակալման տակ պահելու ժամկետն սկսվում է արգելանքի վերցնելու պահից»:

13. Հանցանք կատարելու մեջ կասկածով քրեական հետապնդման մարմին բերված անձի կարգավիճակի և նրան ազատությունից զրկելու օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողություն իրականացնելու ընթացակարգի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Գ.Միքայելյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ազատությունից զրկելու քրեադատավարական կառուցակարգերը չեն սահմանափակվում «ձերբակալման» և «կալանավորման» ինստիտուտներով, այլ ներառում են նաև արգելանքի վերցվելու և վարույթն իրականացնող մարմին բերվելու կառուցակարգը: Համապատասխանաբար, մինչդատական վարույթում «ձերբակալվածի» և «կալանավորվածի» կարգավիճակների հետ մեկտեղ ազատությունից զրկված անձը կարող է ունենալ նաև նախնական իրավական վիճակ, որը պայմանականորեն կարելի է անվանել «բերվածի» կարգավիճակ:

(...)

Այն բանից հետո, երբ անձին քրեական հետապնդման մարմին բերելու պահից երեք ժամվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կկազմի կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, այդ մարմինը պարտավոր է անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում` առավելագույնը մեկ ժամվա ընթացքում դրա մասին հայտարարել ազատությունից զրկված անձին: Նման ժամկետային սահմանափակումը ողջամիտ է և բխում է ազատությունից զրկված անձի սահմանադրական իրավունքների ապահովման անհրաժեշտությունից: Նշված ժամկետային սահմանափակումից միակ իրավաչափ բացառությունը կարող է վերաբերել այն դեպքերին, երբ բերվածի ֆիզիոլոգիական վիճակը` ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ լինելը կամ այլ համարժեք վիճակը, քրեական հետապնդման մարմնին օբյեկտիվորեն զրկում է ձերբակալման արձանագրությունը բերվածին հայտարարելու հնարավորությունից:

Այսպիսով, եթե քրեական հետապնդման մարմին բերելուց չորս ժամ հետո ազատությունից զրկված անձին ձերբակալման արձանագրությունը չի հայտարարվի, ապա անձն օրենքի ուժով պետք է համարվի ձերբակալված և իրավունք ունենա օգտվել ձերբակալվածի համար օրենքով սահմանված երաշխիքներից, այդ թվում` ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված` 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չկալանավորվելու դեպքում անհապաղ ազատ արձակվելու իրավունքից:

(...)

Ձերբակալման օրինականությունը չի կարող դուրս մնալ դատական վերահսկողության շրջանակից, և հարկադրանքի այդ միջոցի կիրառման ընթացքում թույլ տրված խախտումները պետք է արժանանան համարժեք իրավական գնահատականի և հանգեցնեն համարժեք իրավական հետևանքների: Հակառակ դեպքում կխախտվի ձերբակալվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

ՈՒստի կալանավորման միջնորդությունը քննելիս ձերբակալման ընթացակարգի խախտման փաստ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ: Ձերբակալման առավելագույն ժամկետի խախտման պարագայում այդ միջոցները պետք է հանգեն հետևյալին.

ա) 72-ժամյա ժամկետի խախտման փաստի արձանագրում,

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360.1 հոդվածի հիման վրա լրացուցիչ որոշման կայացում, կամ, խախտումն ակնհայտ և կոպիտ լինելու դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմում,

գ) անօրինական ձերբակալման համար փոխհատուցում ստանալու պահանջով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու ընթացակարգի պարզաբանում» (տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ին կայացված թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 20-րդ, 28-րդ և 34-րդ կետերը):

14. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու երաշխիքը կրում է բացառիկ նշանակություն անձի ազատության իրավունքի պաշտպանության համակարգում` ապահովելով ազատությունից զրկված անձի լսված լինելու իրավունքն անկախության երաշխիքով օժտված այնպիսի մարմնի առջև, որն ունի վերջինիս անհապաղ ազատ արձակելու կարգադրություն տալու իրավասություն:

Վերոնշյալի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունն ապահովում է քրեական հանցանք կատարելու կասկածով ձերբակալված անձանց համար երաշխիքներ կամայական կամ չհիմնավորված ազատությունից զրկվելու դեմ (տե՛ս Aquilina v. Malt. գործով 1999 թվականի ապրիլի 29-ի վճիռը, գանգատ թիվ 25642/94, 47-րդ կետ, Stephens v. Malta (թիվ 2) գործով 2009 թվականի ապրիլի 21-ի վճիռը, գանգատ թիվ 33740/06, 52-րդ կետ): Ավելին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ ազատությունից զրկվելու սկզբնական փուլում դատական վերահսկողությունը երաշխիք է` ա) վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի դեմ, որի դրսևորման հնարավորությունն ազատությունից զրկվելու նախնական փուլում առավել բարձր է, բ) ոստիկանության ծառայողների կամ մեկ այլ մարմնի կողմից իրենց վերապահված այն լիազորությունների չարաշահման դեմ, որոնք պետք է իրականացվեն սահմանափակ նպատակներով և սահմանված ընթացակարգերի հետ խիստ համապատասխանության պայմաններում (տե՛ս Ladent v. Poland գործով 2008 թվականի մարտի 18-ի վճիռը, գանգատ թիվ 11036/03, 72-րդ կետ):

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքն օժտված է անհետաձգելի բնույթով, ենթակա է կենսագործման անհապաղ` ազատությունից զրկվելու սկզբնական փուլում ձերբակալվածի կողմից հայցվող իրավական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու նպատակով: Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ձերբակալված անձին առաջին անգամ դատարան ներկայացնելու ժամանակ իրականացվող դատական վերահսկողությունը պետք է նախևառաջ լինի արագ, որպեսզի հնարավոր լինի բացահայտել վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում և առավելագույնս նվազեցնել անձի ազատության իրավունքի նկատմամբ ցանկացած չհիմնավորված միջամտություն: Այդ պահանջով ամրագրված ժամանակային խիստ սահմանափակումը բացառում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի ճկուն մեկնաբանման հնարավորությունը, այլապես, ի վնաս անհատի, հարվածի տակ կդրվի տվյալ հոդվածով ամրագրված ընթացակարգային երաշխիքը` հանգեցնելով նույն հոդվածով պաշտպանվող իրավունքի էությանը հակառակ հետևանքների (տե՛ս McKay v. The United Kingdom գործով 2006 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 543/03,33-րդ կետ):

15.1. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ փաստացի արգելանքի վերցվելու պահից ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու արդյունավետությունը պայմանավորված է ոստիկանության ծառայողների կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցների կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագծին օպերատիվ արձագանքելու հնարավորության ապահովմամբ:

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ ազատությունից զրկված անձն առաջին անգամ դատարանի առջև բարձրացնում է իր ձերբակալման իրավաչափության հարցը, կամ դատարանը սեփական նախաձեռնությամբ (proprio motu) հայտնաբերում է անձին ազատությունից զրկելու ընթացակարգի խախտում` անկախ ձերբակալված անձի բողոքի առկայության հանգամանքից (mutatis mutandis տե՛ս McKay v. The United Kingdom գործով 2006 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 543/03,34-րդ կետ, Varga v. Romania գործով 2008 թվականի ապրիլի 1-ի վճիռը, գանգատ թիվ 73957/01,52-րդ կետ, Viorel Burzo v. Romania գործով 2009 թվականի հունիսի 30-ի վճիռը, գանգատներ թիվ 75109/01 և 12639/02,107-րդ կետ), ապա դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի անձին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Անձի ազատության իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում դատարանը պետք է կարգադրի ազատ արձակել այդ պահի դրությամբ դեռևս ձերբակալվածի կարգավիճակում գտնվող անձին, ինչպես նաև Գ.Միքայելյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան` դատական ակտում պետք է արձանագրի ազատությունից զրկվելու առավելագույն ժամկետի խախտման փաստը, կայացնի լրացուցիչ որոշում կամ ակնհայտ և կոպիտ խախտման դեպքում դիմի դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, պարզաբանի անօրինական ձերբակալման համար փոխհատուցում ստանալու պահանջով դատարան դիմելու ընթացակարգը:

15.2 Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ձերբակալման օրինականությունը դատական վերահսկողության ենթարկելիս Դատարանի առաջնային խնդիրներից է` պարզել անձին անազատության մեջ պահելու ժամկետային սահմանափակումների համապատասխանությունը ներպետական օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է,որ ցանկացած դեպքում անձին ազատությունից զրկելու ընթացակարգը պետք է համապատասխանի ներպետական օրենսդրության պահանջներին (տե՛ս Mooren v. Germany GC գործով 2009 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 11364/03, 72-րդ կետ), իսկ անձին ազատությունից զրկելու օրինականության ապացուցման բեռը կրում են քրեական հետապնդման մարմինները, եթե արգելանքի վերցվելու պահից անձը գտնվել է նրանց իրավասության ներքո և բացակայում է հակառակը հիմնավորող համոզիչ, օբյեկտիվ բնույթ կրող փաստական տվյալ (mutatis mutandis տե՛ս Zalyan and others v. Armenia գործով Եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 36894/04 և 3521/07,302-312-րդ կետերը):

Ելնելով վերոնշյալից` ձերբակալման իրավաչափությունը դատական վերահսկողության ենթարկելիս քրեական հետապնդման մարմնի ներկայացուցիչները պետք է փաստարկված հիմնավորումներ ներկայացնեն առ այն, որ իրենց իրավասության ներքո գտնվելու ընթացքում ձերբակալվածին անազատության մեջ պահելու ժամանակահատվածը համապատասխանել է ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետային սահմանափակումներին:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման օրինականությունը հիմնավորելու և համապատասխան փաստական տվյալներ ներկայացնելու համար քրեական հետապնդման մարմինների կողմից ոչ միայն պետք է արձանագրվի անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ նաև ազատ արձակելու պահը: Վերջինս իր հերթին կապահովի ազատությունից զրկելու օրինականության նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը: Հակառակ պարագայում անհնարին կդառնա բերվածի կարգավիճակում` առավելագույնը 4 ժամ (վարույթն իրականացնող մարմին բերվելուց հետո հաշվառվող 3 ժամը և անհրաժեշտության դեպքում` ձերբակալման արձանագրությունը կազմելու 1 ժամը, տե՛ս Գագիկ Միքայելյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 28-րդ կետը), իսկ ձերբակալվածի կարգավիճակում` առավելագույնը 72 ժամ անազատության մեջ պահվելու ժամանակահատվածը հաշվարկելու, ինչպես նաև ազատության իրավունքի սահմանափակումը քրեական հետապնդման մարմինների կամայական միջամտությունից արդյունավետ պաշտպանելու իրավունքի իրացումը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդության քննության ընթացքում Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանը նշել է,որ իր պաշտպանյալը բերման է ենթարկվել 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 06:45-ին,ձերբակալվել նույն օրը` ժամը 21:45-ին,իսկ մեղադրանքն առաջադրվել է 2017 թվականի մարտի 16-ին` ժամը 10:40-ին: Պաշտպանը հայտնել է,որ իր պաշտպանյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվել, իսկ ներկայումս առաջադրված մեղադրանքը և դրանից բխող բոլոր գործողություններն ապօրինի են (տե՛ս սույն որոշման 5.6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, նշել է,որ առկա է Ա.Մացակյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարմանն առնչվելու վերաբերյալ հիմնավոր կասկած, ինչպես նաև բավարար հիմքեր` ենթադրելու, որ, մնալով ազատության մեջ, նա կարող է կատարել քրեական օրենքով արգելված այլ արարք, թաքնվել, խուսափել քննությունից և անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս հաշվի է առնում գործի հանգամանքները, մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն որ մեղադրյալին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործության կատարում, որի համար նախատեսված է պատիժ նաև ազատազրկման ձևով, որի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, ինչն էականորեն բարձրացնում է մեղադրյալի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը: Բացի այդ, դատարանը նշել է, որ մեղադրյալը ազատության մեջ մնալով կարող է կատարել քրեական օրենքով արգելված այլ արարքներ` հաշվի առնելով մեղադրյալի` նախկինում քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու հանգամանքը (հիմք` ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի` 2017թ. մարտի 13-ի պահանջագիր) (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, քննարկելով վերոնշյալ որոշման դեմ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն` պատճառաբանելով, որ վերաքննության առարկա կարող են լինել միայն առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգումը, տվյալ դեպքում` Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ Ա.Մացակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2017 թվականի մարտի 16-ի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը, ուստի պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկը մեղադրյալին ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ քննության չի կարող ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից, հակառակ պարագայում Վերաքննիչ դատարանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հանդես կգա որպես Առաջին ատյանի դատարան` յուրացնելով վերջինիս լիազորությունները:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ թե՛ մեղադրյալը, թե՛ վերջինիս պաշտպանը զրկված չեն Առաջին ատյանի դատարան դիմելու և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով մեղադրյալին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը վիճարկելու հնարավորությունից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է,որ մեղադրյալ Ա.Մացակյանի ձերբակալման օրինականության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկները դուրս են մնացել դատական վերահսկողության շրջանակից, ինչը հանգեցրել է Ա.Մացակյանի` ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքի խախտման:

Մասնավորապես ստորադաս դատարանների կողմից քննարկման առարկա չեն դարձվել Ա.Մացակյանին 72 ժամից ավել անազատության մեջ պահելու վերաբերյալ առկա փաստական տվյալները: Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի ենթարկվել այն, որ`

- Ա.Մացակյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 06:45-ին (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը), որից հետո ենթարկվել է անձնական զննության (տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը) և բացատրություն տվել ժամը 07:05-ից մինչև 08:00 (տե՛ս սույն որոշման 5.3-րդ կետը),

- Ա.Մացակյանը ձերբակալվել է 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 21:45-ին (տե՛ս սույն որոշման 5.4-րդ կետը),

- Ա.Մացակյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի մարտի 16-ին` ժամը 10:40-ին (տե՛ս սույն որոշման 5.5-րդ կետը),

- Ա.Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդության քննությունն Առաջին ատյանի դատարանում սկսվել է 2017 թվականի մարտի 16-ին` ժամը 14:50-ին, և ավարտվել` ժամը 15:35-ին (տե՛ս սույն որոշման 5.6-րդ կետը):

Նշված հանգամանքների ժամանակագրական հաջորդականությունից հետևում է,որ Ա.Մացակյանին ձերբակալելու արձանագրությունը պետք է կազմվեր ոչ ուշ, քան 2017 թվականի մարտի 13-ի ժամը 09:45-ը: Մինչդեռ այն կազմվել է նույն օրը` ժամը 21:45-ին` օրենքով սահմանված ժամկետից շուրջ 12 ժամ ուշ: Այնուամենայնիվ, քրեական հետապնդման մարմին բերվելուց չորս ժամ հետո Ա.Մացակյանն օրենքի ուժով համարվել է ձերբակալված և իրավունք ունեցել օգտվելու ձերբակալվածի համար օրենքով սահմանված երաշխիքներից, այդ թվում` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ անազատության մեջ հետագա պահվելու թույլտվության բացակայության դեպքում անհապաղ ազատ արձակվելու իրավունքից: Սակայն Ա.Մացակյանը 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 06:45-ին, բերման ենթարկվելու պահից ավելի քան 72 ժամ մնացել է անազատության մեջ, այն է` այդ պահից արգելանքի տակ պահվելու առավելագույն ժամկետին` 2017 թվականի մարտի 16-ի ժամը 06:45-ին, հաջորդող ժամանակահատվածում` շուրջ 8 ժամ Ա.Մացակյանն ապօրինի գտնվել է անազատության մեջ:

18. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Կոտայքի մարզի դատախազի տեղակալի` վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկին, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, որ բերման ենթարկված անձին երեք ժամը լրանալուց հետո ազատ արձակելիս ոստիկանության աշխատակիցը պետք է կազմի որևէ փաստաթուղթ, որպիսի պայմաններում Ա.Մացակյանը բերման ենթարկվելուց և անհրաժեշտ գործողություններին մասնակցելուց հետո ազատ է արձակվել:

Նախ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անձի ձերբակալումը կազմված է միմյանց հաջորդող հետևյալ չորս գործողություններից` անձին ազատությունից փաստացի զրկելուց, նրան իրավասու մարմին բերելուց, ձերբակալման արձանագրություն կազմելուց և այդ մասին նրան հայտարարելուց (տե՛ս Գագիկ Միքայելյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 18-րդ կետը): ՈՒստի, եթե նույնիսկ Ա.Մացակյանը բերման ենթարկվելուց և անհրաժեշտ գործողություններին մասնակցելուց հետո ազատ է արձակվել, ապա հետագայում` մինչ Ա.Մացակյանին ձերբակալելու արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը, քրեական հետապնդման մարմինը համապատասխան դատավարական փաստաթղթի կազմմամբ պետք է նրան նորից փաստացի արգելանքի վերցներ և բերեր իրավասու մարմին: Ընդ որում, կազմվող դատավարական փաստաթղթում պետք է կրկին արձանագրվեր Ա.Մացակյանին արգելանքի վերցնելու պահը` անազատության մեջ գտնվելու առավելագույն 72 ժամը հաշվարկելու համար: Վերոնշյալը պայմանավորված է անձին ազատությունից զրկելիս օրինականության սկզբունքը երաշխավորելու անհրաժեշտությամբ, որը պահանջում է ազատության իրավունքի սահմանափակումը պաշտպանել պետության կամայական միջամտությունից (տե՛ս Creanga v. Romania գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 29226/03,84-րդ կետը):

Բացի այդ, հիմք ընդունելով սույն որոշման 15.2-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական հետապնդման մարմինները կրելով անձի ձերբակալման օրինականության ապացուցման բեռը, պետք է ներկայացնեին համոզիչ, օբյեկտիվ բնույթ կրող փաստական տվյալներ այն մասին, որ Ա.Մացակյանին ազատությունից զրկելու ժամանակահատվածը համապատասխանել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետային սահմանափակումներին: Մինչդեռ Ա.Մացակյանին 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 06:45-ին, բերման ենթարկելուց հետո վերջինիս ինչպես ազատ արձակելու, այնպես էլ հետագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով կրկին արգելանքի վերցնելու փաստը հիմնավորող այդպիսի տվյալներ քրեական հետապնդման մարմինների կողմից չեն ներկայացվել: Հետևաբար Ա.Մացակյանին արգելանքի տակ պահելու ժամկետի ընդհատման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկը չի կարող հիմնավոր համարվել:

19. Նախորդ կետում վկայակոչված հանգամանքների առկայության պարագայում Առաջին ատյանի դատարանն իր կայացրած դատական ակտով անդրադարձ չի կատարել Ա.Մացակյանին ոչ իրավաչափ անազատության մեջ պահելու վերաբերյալ պաշտպան Մ.Թովմասյանի կողմից վկայակոչված փաստարկներին: Հետևաբար, դատական ակտն այդ առումով չի համապատասխանում հիմնավորվածության և պատճառաբանվածության չափանիշներին, քանի որ նախաքննական մարմնի միջնորդության քննության ընթացքում անձի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական քննության շրջանակներում պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները պետք է կանխորոշեին այն հարցերի շրջանակը, որոնց կապակցությամբ դատարանի եզրահանգումները, ի թիվս այլոց, արտացոլվելու էին կայացվող դատական ակտում (mutatis mutandis տե՛ս Էդուարդ Մուրադյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0166/06/12 որոշման 14-րդ կետը, Մկրտիչ Պողոսյանի և այլոց գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշման 14-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին քննության չի առել Ա.Մացակյանին ապօրինի անազատության մեջ պահելու վերաբերյալ պաշտպան Մ.Թովմասյանի կողմից վկայակոչված փաստարկները` ընդգծելով վերաքննության սահմանափակ բնույթը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով Առաջին ատյանի դատարան դիմելու և ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նշված պատճառաբանությունները հիմնավոր չի համարում, քանի որ ազատությունից ոչ իրավաչափորեն զրկվելու վերաբերյալ փաստարկները մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանի կողմից բարձրացված են եղել ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ բողոքում, իսկ դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքը, իր ունեցած բացառիկ կարևորությունից ելնելով, ենթակա է կենսագործման հնարավորինս սեղմ ժամկետում (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է,որ ստորադաս դատարանների կողմից Ա.Մացակյանի ձերբակալման իրավաչափությունը դատական վերահսկողության չենթարկելը հիմնավոր չէ:

20. Միևնույն ժամանակ, անդրադառնալով փաստացի արգելանքի վերցվելու պահից 72 ժամից ուշ Ա.Մացակյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի առաջադրման գործողությունն ունի ինքնուրույն բովանդակություն և նպատակ: Մասնավորապես, այն կենսագործում է ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում նախատեսված երաշխիքը, որի համաձայն` հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անհապաղ և հանգամանալից տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին: Մեղադրանքի առաջադրմամբ անձին տեղեկատվություն է տրամադրվում մեղսագրվող արարքի փաստական և իրավական հիմքերի մասին (տե՛ս Penev v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 2010 թվականի հունվարի 7-ի վճիռ, գանգատ թիվ 20494/04,33-րդ և 42-րդ կետերը, Hermi v. Italy գործով Եվրոպական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռ, գանգատ թիվ 18114/02,68-րդ կետը), ինչն իր հերթին արդյունավետ է դարձնում նրա պաշտպանության իրավունքը: Այսինքն` մեղադրանքի առաջադրման գործողությունն ունի ինքնավար բնույթ և ինքնուրույնաբար է կատարվում, ուստի անազատության մեջ 72 ժամից ավելի պահվելու հանգամանքն ինքնին չի կարող փոխպայմանավորվել մեղադրանքի առաջադրման գործողության հետ:

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերի բացակայության մասին բողոքաբերի փաստարկին (տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը գտնում է,որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գնահատման ենթարկելով նախաքննական մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերը` ստորադաս դատարանները հանգել են իրավաչափ հետևության Ա.Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության վերաբերյալ:

Հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

21. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները. Վճռաբեկ դատարանը (ա) ճանաչում է Ա.Մացակյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը` նրան, առանց իրավական հիմքի, 72 ժամից 8 ժամ ավելի երկար անազատության մեջ պահելու մասով (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը), (բ) նշված խախտման փաստով կայացնում է լրացուցիչ որոշում` այն ուղարկելով իրավասու մարմիններին, ինչպես նաև (գ) արձանագրում է, որ Ա.Մացակյանն ունի ձերբակալման ընթացակարգի խախտման համար քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու իրավունք` հաշվի առնելով սույն որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արտակ Վրեժի Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 16-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2017
N ԿԴ3/0001/06/17
Որոշում