i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԿԴ/1490/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1490/02/16 2018 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Ա. Սմբատյան
Ս. Միքայելյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի ապրիլի 07
դռնբաց դատական նիստում, քննելով Հրազդան համայնքի (այսուհետ` Համայնք) ներկայացուցիչ Գոռ Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Նազարյանի ընդդեմ Համայնքի ղեկավարի` պաշտոնից ազատելու մասին 01.07.2016 թվականի թիվ 39 կարգադրությունն առոչինչ և անվավեր ճանաչելու, Անահիտ Նազարյանին պաշտոնում վերականգնելու և օրենքով սահմանված վճարումները բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Անահիտ Նազարյանը պահանջել է առոչինչ և անվավեր ճանաչել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնից իրեն ազատելու մասին Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի 01.07.2016 թվականի թիվ 39 կարգադրությունը, պարտավորեցնել Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանին ապահովել իր նախապատվության իրավունքը և նշանակել նախկինում իր ենթակայության տակ գտնված, սակայն Համայնքի ավագանու 28.04.2016 թիվ 32 որոշմամբ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով վերանվանված բաժնի պետի պաշտոնին, Հրազդան համայնքապետարանից բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչիկյան) (այսուհետ` Դատարան) 26.01.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.08.2017 թվականի որոշմամբ Անահիտ Նազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 26.01.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Համայնքի ղեկավարի 01.07.2016 թվականի թիվ 39 կարգադրությունը, Անահիտ Նազարյանը վերականգնվել է Համայնքի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի հարցերի բաժնի պետի պաշտոնում, ինչպես նաև որոշվել է Համայնքից հօգուտ Անահիտ Նազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վերջինիս միջին աշխատավարձի գումարը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը, 34-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 219-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորը թե՛ հայցադիմումում, և թե՛ վերաքննիչ բողոքում նշել է, որ հաստիքը կրճատվել է, սակայն ուներ վերակառուցված կամ նոր ստեղծված աշխատատեղում աշխատելու նախապատվության իրավունք, մինչդեռ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ Անահիտ Նազարյանի հաստիքը չի կրճատվել, այն դեպքում, երբ հայցվորի հաստիքը կրճատված լինելու փաստը վերաքննիչ բողոքով չի վիճարկվել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նախկինում գոյություն են ունեցել երկու ստորաբաժանումներ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է առանձին բաժնի պետ, բաժինները վերակազմակերպումից հետո վերացել են, և դրանց փոխարեն ստեղծվել է մեկ բաժին` մեկ բաժնի պետով, որպիսի պայմաններում ակնհայտ է առնվազն մեկ բաժնի պետի հաստիքը կրճատված լինելու հանգամանքը: Ավելին` տեղի է ունեցել ոչ թե առանձին հաստիքների կրճատում, այլ աշխատակազմի վերակազմակերպում` ամբողջ աշխատակազմի նոր կառուցվածքի հաստատում, պաշտոնների անվանացանկի նոր խմբագրությամբ հաստատում: Տեղի ունեցած կառուցվածքային փոփոխության արդյունքում առաջացել է նոր պաշտոն` նոր ծածկագրով, կրթության, մշակույթի և սպորտի հարցերով վերանվանված բաժնի պետի պաշտոնը մինչև Համայնքի ավագանու 28.04.2016 թվականի թիվ 32 որոշումն աշխատակազմի կառուցվածքում առկա չի եղել:
Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Անահիտ Նազարյանի 65 տարին լրացել է 03.01.2017 թվականին, այսինքն` վերջինս օրենքի ուժով այլևս իրավունք չունի աշխատել որպես համայնքային ծառայող, մինչդեռ վերականգնվել է համայնքային ծառայության պաշտոնում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Համայնքի ղեկավարի 28.04.2016 թվականի ծանուցմամբ Անահիտ Նազարյանն իրազեկվել է իր զբաղեցրած հաստիքի հնարավոր կրճատման, հետևաբար նաև` 01.07.2016 թվականից աշխատանքից ազատվելու մասին: Օրենսդրի տրամաբանությունն ուղղված է նրան, որ հաստիքի կրճատման և աշխատանքային պայմանագրի լուծման պահերը պետք է համընկնեն միմյանց, հետևաբար ծանուցումը պետք է կատարվի մինչև հաստիքի կրճատումը, այլ ոչ թե կրճատումից հետո:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Համայնքի ավագանու որոշումը պատճենի տեսքով ներկայացնելը չի նշանակում որոշման գոյության բացակայություն: Ավելին` հայցվորը կասկածի տակ չի դրել Համայնքի ավագանու որոշման բովանդակությունը կամ դրանով կարգավորված հարաբերությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.08.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.01.2017 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համայնքի ավագանու 28.04.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 32 որոշմամբ հաստատվել են Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների (հատոր 1-ին, գ.թ. 12):
2) Համայնքի ղեկավարի կողմից Անահիտ Նազարյանին հասցեագրված 28.04.2016 թվականի ծանուցագրի համաձայն` աշխատակազմի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության պատճառով հնարավոր է Անահիտ Նազարյանի հաստիքի կրճատում: Վերջինս ծանուցվել է, որ 01.07.2016 թվականից ազատվելու է աշխատանքից. հիշյալ ծանուցագիրն Անահիտ Նազարյանին հանձնվել է 28.04.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 4, 14):
3) Համայնքի ղեկավարի 01.07.2016 թվականի թիվ 39 կարգադրության համաձայն` ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 115-րդ հոդվածով` Անահիտ Նազարյանը 01.07.2016 թվականից ազատվել է համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 15):
4) Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմում նախկինում (2009 թվականի պաշտոնի անձնագրով) գոյություն ունեցող կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ու ներկայումս (2016 թվականի պաշտոնի անձնագրով) առկա կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոններն ունեն տարբեր ծածկագրեր, միմյանցից տարբերվում են պաշտոնատար անձանց ենթակայությամբ և գործառութային պարտականություններով: Մասնավորապես` կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը ենթակա և հաշվետու էր աշխատակազմի քարտուղարին, իսկ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը` համայնքի ղեկավարին և (կամ) աշխատակազմի քարտուղարին: Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը մասնակցում է հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի աշխատանքներին, իրականացնում լիազորություններ դատարանում և հարկադիր կատարման մարմիններում, որպիսի գործառույթներ նախատեսված չէին կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի համար (հատոր 1-ին, գ.թ. 64-65):
5) Անահիտ Նազարյանի կողմից հայցադիմումին կից ներկայացված ՀՀ քաղաքացու թիվ AK0336592 անձնագրի համաձայն` Անահիտ Նազարյանի 65 տարին լրացել է 03.01.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9):
6) 12.01.2017 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Մարատ Կոստանյանը պնդել է Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանին հայցվորի նախապատվության իրավունքն ապահովելուն պարտավորեցնելու պահանջը և որպես հիմնավորում հայտնել, որ կազմել է համեմատական տեղեկագիր հայցվորի ու Գեղամ Միքայելյանի անհատական հատկանիշների վերաբերյալ, որը ևս մեկ անգամ հիմնավորում է հայցվորի նախապատվության իրավունք ունենալը (հատոր 1-ին, դատական նիստի արձանագրություն, գ.թ. 123-128):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածների խախտումների հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդիրներին.
1) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի կիրառման առանձնահատկություններին,
2) աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցման ընթացակարգի առանձնահատկություններին,
3) աշխատանքում վերականգնվելու անհնարինությանը` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համատեքստում:
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունենում հաստիքների կրճատում: Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն` համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոններ ունեցող աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման նշված հաստիքներից մեկի կամ մի քանիսի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համապատասխանաբար աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման համայնքային ծառայության պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբի պաշտոն զբաղեցնող հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` այն համայնքային ծառայողին, որն ունի համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` որն ունի համայնքային ծառայության առավել երկար ստաժ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` աշխատակազմի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններն անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող են համալրվել վերակազմակերպված կամ կառուցվածքային փոփոխություններ կրած համապատասխան աշխատակազմի կամ կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման, նույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները բավարարող և այդ մասին գրավոր համաձայնություն տված, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այդ թվում` վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կապակցությամբ հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց) միջոցով, ովքեր համարվում են համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունեն տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու են առավելագույնը համայնքային ծառայության իրենց զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն: Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն` նույն մասում նշված ժամկետի ավարտից հետո թափուր մնացած պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` համայնքային ծառայության վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքները:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են` 1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների գերակայությունը, (...) 3) հանրային ծառայության կայունությունը, (...), 8) հանրային ծառայողների արհեստավարժությունը, (...) 9) հանրային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը (...):
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կարգավորում են միևնույն` համայնքի աշխատակազմի հաստիքների կրճատմամբ ուղեկցվող վերակազմակերպման, անվանափոխության և կառուցվածքային փոփոխության գործընթացի տարբեր փուլերը: Այսպես, նշված հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ դա կարգավորում է այն հարցը, թե հաստիքների կրճատումներով ուղեկցվող աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունն ինչպե՞ս, ի՞նչ կանոնների պահպանմամբ պետք է իրականացվի, արդյո՞ք այդ փոփոխությունը հանգեցնում է համայնքային ծառայողներին պարտադիր կերպով պաշտոնից ազատելուն կամ եթե պաշտոնից ազատելը դրա պարտադիր հետևանք չէ, ապա ինչպե՞ս է ապահովվում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը, այսինքն` ո՞ր համայնքային ծառայողները նախապատվության իրավունքով պետք է շարունակեն աշխատել կրճատման հետևանքով մնացած նվազ թվով հաստիքներում: Մինչդեռ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է այն հարցը, թե վերը նկարագրված գործընթացն ավարտվելուց հետո ինչպե՞ս, ի՞նչ կանոնների պահպանմամբ են համալրվում աշխատակազմի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության հետևանքով ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները, մասնավորապես սահմանելով որոշակի պահանջներին բավարարող համայնքային ծառայողներին նոր պաշտոններում նշանակելու` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությունը: Դա նշանակում է, որ համայնքի աշխատակազմի վերակազմակերպման, անվանափոխության և կառուցվածքային փոփոխության հետևանքով հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը որոշելիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն օժտված չէ լիակատար հայեցողությամբ, այլ սահմանափակված է օրենսդրի սահմանած նախապատվության որոշակի կանոնները պահպանելու պարտականությամբ: Հակառակ մեկնաբանության պարագայում կրճատումների դեպքում օրենսդրի սահմանած աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը կդառնա ձևական պահանջ: Եթե կրճատումներով ուղեկցվող աշխատակազմի վերակազմակերպման, անվանափոխության և կառուցվածքային փոփոխության ընթացքում համայնքային ծառայության բոլոր պաշտոններում նշանակումներ կատարելը թողնվեր պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությանը, ապա բոլորովին ավելորդ կլիներ որոշակի համայնքային ծառայողների համար օրենքով աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունք նախատեսելը, մինչդեռ այդ իրավունքի և դրա իրացման պայմանների սահմանումն օրենսդրի կողմից որոշակի երաշխիք է` ուղղված կրճատումների դեպքում առավել որակյալ, փորձառու կամ սոցիալապես խոցելի անձանց աշխատանքը շարունակելու հնարավորության ապահովմանը:
Այլ խոսքով` համայնքային ծառայության հաստիքների կրճատման պարագայում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համապատասխան կրճատված հաստիքում աշխատող համայնքային ծառայողին այդ հաստիքից ազատելիս միաժամանակ պարտավոր է նաև քննարկել նախապատվության իրավունքով նրան նոր առաջացած հաստիքում աշխատանքի թողնելու հարցը և նախապատվության իրավունքի ու դրա պայմանների առկայության դեպքում նրան նշանակել նոր առաջացած պաշտոնում` համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության: Դրանից հետո միայն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է օրենքի նշված հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համալրել նոր առաջացած մյուս թափուր մնացած պաշտոնները` իր հայեցողությամբ: Եթե նախապատվության իրավունք ունեցող անձն այդ իրավունքի պահպանմամբ նշանակվում է նոր առաջացած պաշտոնում, այլևս մյուս նոր առաջացած թափուր պաշտոններում նրան նշանակելու հարց չի առաջանում, իսկ եթե նա, ի խախտումն նախապատվության իրավունքի, չի նշանակվում կրճատման հետևանքով առաջացած նվազ թվով պաշտոններից իր նախապատվության իրավունքի պայմաններին համապատասխանող պաշտոնում, ապա նրա իրավունքի խախտումը կարող է վերացվել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին նման նշանակումը պարտավորեցնելու միջոցով և ոչ թե նոր պաշտոնում վերականգնելու եղանակով:
Վերոգրյալից հետևում է, որ համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքի կրճատման դեպքում այդ հաստիքը զբաղեցնող համայնքային ծառայողը չի կարող պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ չնշանակվել նոր առաջացող թափուր պաշտոնում` պայմանով, որ իր անհատական հատկանիշներով համապատասխանում է այդ պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջներին և միևնույն խմբի միևնույն ենթախմբի մյուս համայնքային ծառայողների նկատմամբ ունի նախապատվության իրավունք: Վճռաբեկ դատարանի նման մեկնաբանությունը համահունչ է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքներին:
2) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ չեն սահմանված:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն` համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է հաստիքների կրճատումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: (...) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով (...) նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են` 1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին, 2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածներում նոր աշխատանք փնտրելու համար գործատուն պետք է աշխատողին տրամադրի ազատ ժամանակ: Տրամադրվող ժամանակի տևողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից: Աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը տրամադրվում է աշխատողի առաջարկած ժամանակացույցով: Այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը: Այդ ժամկետում չեն հաշվարկվում աշխատողի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը կարգավորում չի պարունակում աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուի կողմից աշխատողին ծանուցելու ընթացակարգի վերաբերյալ, հետևաբար կիրառելի են ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոգրյալ կարգավորումները:
Վերը նշված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքից ազատելու ծանուցումը տրամադրվում է աշխատանքային հարաբերությունների առկայության պայմաններում` նկատի ունենալով, որ աշխատողը դեռևս նույն գործատուի մոտ կատարում է աշխատանք, ստանում աշխատավարձ, հնարավորություն ունենում կատարվող աշխատանքին զուգահեռ փնտրել այլ աշխատանք, ինչը չէր կարող ապահովվել, եթե հաստիքն արդեն կրճատված լիներ կամ գոյություն չունենար: Այլ կերպ ասած` աշխատողին ծանուցում տրվում է այն ժամանակ, երբ գործատուն որոշում է աշխատակազմում կատարել փոփոխություններ, որոնք ապագայում հանգեցնելու են կամ կարող են հանգեցնել հաստիքների կրճատման: Ընդ որում, հաստիքների նախատեսված կրճատումը կարող է տարբեր պատճառներով տեղի չունենալ կամ չկատարվել նախատեսվող ժամանակահատվածում: Հնարավոր են նաև դեպքեր, երբ կատարվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ընդհանուր առմամբ հաստիքների կրճատում տեղի ունենա, սակայն ծանուցված աշխատողի կոնկրետ հաստիքը չկրճատվի: Օրենսդիրը գործատուին չի պարտավորեցնում ամենայն որոշակիությամբ բոլոր աշխատողներին ծանուցել, թե կոնկրետ որ հաստիքներն են ապագայում կրճատվելու, սակայն գործատուն պարտավոր է կոնկրետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս պահպանել սահմանված ծանուցման ընթացակարգի պահանջները, մասնավորապես` ժամկետը:
Վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է աշխատողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ` հնարավորություն տալով նախապես տեղեկանալ աշխատանքից հնարավոր ազատման մասին, փնտրել նոր աշխատանք, տեղեկացման ժամանակահատվածում աշխատել և ստանալ աշխատավարձ: Ընդ որում, ծանուցումն անպայմանորեն չի ենթադրում աշխատանքից ազատում` նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` ծանուցումը կարող է նաև ուժը կորցրած ճանաչվել` չհանգեցնելով աշխատանքային պայմանագրի լուծման:
3) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն` համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու` նույն օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտով ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով կայացրած որոշմամբ անդրադառնալով նշված հոդվածի կիրառման դեպքին, դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս, թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
Բացի այդ, Քրիստինա Նեբիշն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին` արձանագրելով, որ`
1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.
2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է նաև տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով.
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` վերոգրյալ հոդվածի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի գործով եզրակացրել է, որ նշված հոդվածով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգնման դեպքերը` առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.
1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,
2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց:
Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետևյալ դեպքերում.
1. առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ, մասնավորապես` նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք (տե՛ս, օրինակ, Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):
2. Գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել` հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը (տե՛ս, թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` աշխատանքում վերականգնվելու անհնարինության հիմք կարող է հանդիսանալ նաև վեճի լուծման պահին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը, որի պարագայում անգամ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքից ազատված համայնքային ծառայողը չի կարող վերականգնվել նախկին աշխատանքում, ինչպես նաև չի կարող կիրառվել վերջինիս` աշխատանքային հարաբերությունները շարունակելու նախապատվության իրավունքը` նշանակելով նրան կրճատումից հետո նոր ստեղծված պաշտոնում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքի ավագանու 28.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել են Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Համայնքի ղեկավարի կողմից 28.04.2016 թվականին Անահիտ Նազարյանին հասցեագրված` վերջինիս հաստիքի` 01.07.2016 թվականից հնարավոր կրճատման վերաբերյալ ծանուցագրի համաձայն` վերջինս 01.07.2016 թվականից ազատվելու է աշխատանքից: Համայնքի ղեկավարի 01.07.2016 թվականի կարգադրությամբ Անահիտ Նազարյանը 01.07.2016 թվականից ազատվել է համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնից` հաստիքի կրճատման հիմքով: Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմում նախկինում (2009 թվականի պաշտոնի անձնագրով) գոյություն ունեցող կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ու ներկայումս (2016 թվականի պաշտոնի անձնագրով) առկա կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոններն ունեն տարբեր ծածկագրեր, միմյանցից տարբերվում են պաշտոնատար անձանց ենթակայությամբ և գործառութային պարտականություններով: Անահիտ Նազարյանին ՀՀ համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան է շնորհվել 07.07.2008 թվականին: Գեղամ Միքայելյանին ՀՀ համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել 28.12.2015 թվականին: Անահիտ Նազարյանի 65 տարին լրացել է 03.01.2017 թվականին: Անահիտ Նազարյանը, ի թիվս այլ պահանջների, դատարանից պահանջել է պարտավորեցնել Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանին ապահովել իր նախապատվության իրավունքը և նշանակել կրթության, մշակույթի և սպորտի հարցերով վերանվանված բաժնի պետի պաշտոնին:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել ոչ թե առանձին հաստիքների կրճատում, այլ աշխատակազմի վերակազմակերպում` նոր կառուցվածքի հաստատում, պաշտոնների անվանացանկի նոր խմբագրությամբ հաստատում: Տեղի ունեցած կառուցվածքային փոփոխության արդյունքում առաջացել է նոր պաշտոն` նոր ծածկագրով: Հայցվորի ակնկալած` Համայնքի ավագանու 28.04.2016 թվականի թիվ 32 որոշմամբ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով վերանվանված բաժնի պետի պաշտոնը մինչև նշված որոշումը Համայնքի աշխատակազմի կառուցվածքում առկա չի եղել: Միաժամանակ Դատարանը պատճառաբանել է, որ Համայնքի ավագանու որոշմամբ հաստատված նոր կառուցվածքում առաջացած կրթության, մշակույթի և սպորտի հարցերով բաժնի պետի պաշտոնում այս կամ այն աշխատակցի ընտրության իրավունքը վերապահված է համայնքի ղեկավարին, և վերջինս պարտավոր է պահպանել միայն այդ պաշտոնում նշանակվող անձի համար տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները, և գտել է, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը տվյալ դեպքում կիրառելի չէ, այսինքն` նախապատվության իրավունքի հարցը սույն իրավահարաբերությունում քննարկման առարկա չի կարող դառնալ: Բացի այդ, Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից նշված ավագանու որոշման դեռևս ուժի մեջ մտած չլինելու պարագայում տրված ծանուցման փաստը հիմք չէ վերջինիս աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու համար, քանի որ Անահիտ Նազարյանն աշխատանքից ազատվել է 01.07.2016 թվականին, այսինքն` Համայնքի ավագանու 28.04.2016 թվականի որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում հայցվորին ուղարկված ծանուցման մեջ նշվել է Համայնքի ավագանու թիվ 32 որոշմամբ հաստիքի հնարավոր կրճատման մասին, մինչդեռ ծանուցմամբ պետք է փաստարկվեր, որ նշված որոշմամբ հաստիքը կրճատվել է և կցվեր համապատասխան որոշումը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, քանի որ հայցվորը տեղեկացվել է իր հաստիքի հնարավոր կրճատման, այլ ոչ թե կրճատման մասին, ուստի պատասխանողը չի պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, հետևաբար ծանուցումն իրավաչափ համարվել չի կարող: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Համայնքի ավագանու 28.04.2016 թվականի որոշումը ստորագրված չէ, ներկայացված է պատճենի տեսքով, ինչպես նաև առկա չէ Համայնքի ավագանու կողմից կայացված որոշում, քանի որ ներկայացված որոշման եզրափակիչ մասում նշված է ոչ թե Համայնքի ավագանու անդամների, այլ Համայնքի ղեկավարի անուն-ազգանունը: Նշված որոշման թիվ 2 և թիվ 3 հավելվածները, որոնցով հաստատվել են Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, քաղաքացիական գործի նյութերում բացակայում են, ուստի Դատարանը չէր կարող հանգել այն հետևության, որ Անահիտ Նազարյանի հաստիքը կրճատվել է: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ աշխատանքում վերականգնելու հայցվորի պահանջը ենթակա էր բավարարման: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ հայցվորի զբաղեցրած Համայնքի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի հաստիքն ըստ էության չի կրճատվել, այլ միայն անվանափոխվել է Հրազդանի քաղաքային համայնքի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի հարցերի բաժնի պետի հաստիքի, քանի որ երկու հաստիքներն իրենց գործառույթներով ու պարտականություններով նույնն են:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում վերահաստատել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում ձևավորած հետևյալ դիրքորոշումը.
Հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա: Հայցի իրավական հիմքն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը (տե՛ս, օրինակ, Վիգեն ՈՒրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը, դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից (տե՛ս, Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Անահիտ Նազարյանի կողմից ներկայացված` իրեն համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնից ազատելու մասին Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի 01.07.2016 թվականի թիվ 39 կարգադրությունն առոչինչ և անվավեր ճանաչելու, Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանին հայցվորի նախապատվության իրավունքն ապահովելուն պարտավորեցնելու և նախկինում հայցվորի ենթակայության տակ գտնված, սակայն Համայնքի ավագանու 28.04.2016 թիվ 32 որոշմամբ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով վերանվանված բաժնի պետի պաշտոնին նշանակելուն պարտավորեցնելու, ինչպես նաև Համայնքից հայցվորի միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու հայցապահանջների հիման վրա: Հետևաբար սույն գործով հայցվորը պահանջել է ապահովել իր նախապատվության իրավունքի իրացումը` հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը:
Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել ոչ թե առանձին հաստիքների կրճատում, այլ աշխատակազմի վերակազմակերպում` նոր կառուցվածքի հաստատում, պաշտոնների անվանացանկի նոր խմբագրությամբ հաստատում, իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը չէր կարող հանգել այն հետևության, որ Անահիտ Նազարյանի հաստիքը կրճատվել է:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Անահիտ Նազարյանի հաստիքի կրճատված լինելուն, արձանագրում է հետևյալը. Համայնքի ավագանու 28.04.2016 թվականի որոշման, Համայնքի ղեկավարի կողմից 28.04.2016 թվականին Անահիտ Նազարյանին հասցեագրված` վերջինիս հաստիքի` 01.07.2016 թվականից հնարավոր կրճատման վերաբերյալ ծանուցագրի, Համայնքի ղեկավարի 01.07.2016 թվականի կարգադրության բովանդակության վերլուծությունից, ինչպես նաև Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմում նախկինում գոյություն ունեցող կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ու աշխատակազմի վերակազմակերպումից հետո առկա կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնների անձնագրերի բովանդակությունից բխում է, որ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում նախկինում գոյություն ունեցող երկու բաժինները` կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը և առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը, դարձել են մեկ` կրթության, մշակույթի և սպորտի բաժին: Այլ կերպ ասած` կառուցվածքային փոփոխությունը հանգեցրել է բաժիններից մեկի պետի հաստիքի կրճատման: Ընդ որում, նոր ձևավորված պաշտոնը նախկինում գործող պաշտոնից տարբերվում է պաշտոնատար անձանց ենթակայությամբ և գործառութային պարտականություններով: Այսինքն` հիմնավորվում է, որ հաստիքների կրճատման հետևանքով ստեղծվել է նոր հաստիք: Հետևաբար նման պայմաններում դատարանների եզրահանգումները հիմնավորված չեն:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հաստիքները կրճատված լինելու պարագայում քննության առարկա պետք է դառնար հայցվորի ներկայացրած պահանջը` նախապատվության իրավունքի ապահովումը: Մինչդեռ Դատարանն անհիմն կերպով եզրահանգել է, որ սույն գործով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ: Վերաքննիչ դատարանը, դուրս գալով ինչպես հայցվորի ներկայացրած հայցի հիմքի և առարկայի շրջանակներից, այնպես էլ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, գտել է, որ հաստիքների կրճատված լինելու վերաբերյալ ապացույցները պատշաճ չեն, ընդհանրապես գնահատման չի արժանացրել նախապատվության իրավունքի հարցը, եզրահանգել է, որ հայցվորի զբաղեցրած հաստիքն ըստ էության չի կրճատվել, և որոշել է հայցվորին վերականգնել աշխատանքում այն դեպքում, երբ հայցվորն ինքն է պահանջել ապահովել իր նախապատվության իրավունքը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը թեև փաստել է, որ հաստիքների կրճատում տեղի չի ունեցել, սակայն որոշել է հայցվորին «վերականգնել» նոր ստեղծված պաշտոնում:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատարանների կողմից պատշաճ քննություն չի իրականացվել` պարզելու համար հայցվորի ներկայացրած հայցի հիմքի և առարկայի շրջանակներում հայցի հիմնավորվածությունը, որպիսի պայմաններում առկա է նոր քննության անհրաժեշտություն` մասնավորապես պարզելու հայցվորի` սույն գործով նախապատվության իրավունք ունենալու հանգամանքը:
Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Անահիտ Նազարյանին տրված ծանուցումն իրավաչափ համարվել չի կարող, Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում` հետևյալ պատճառաբանությամբ.
Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի տրամաբանությունից պարզ է դառնում, որ աշխատանքից ազատելու ծանուցումը տրամադրվում է աշխատանքային հարաբերությունների առկայության և ենթադրաբար կրճատման ենթակա հաստիքների գոյության պայմաններում: Հետևաբար կրճատումների մասին որոշումը կրճատվող աշխատողներին ուղարկելու (տրամադրելու) պահանջ առաջադրելով` Վերաքննիչ դատարանը գործատուին ծանրաբեռնել է օրենքով չնախատեսված պարտականությամբ:
Ինչ վերաբերում է կրճատումների մասին գործում գտնվող ապացույցների բացակայության, դրանց պատճեններ կամ ոչ պատշաճ ապացույցներ հանդիսանալու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա դրանք ևս անհիմն են, քանի որ ապացույցների իսկությունը կողմերը չեն վիճարկել, ավելին` նրանք ընդունել են այդ ապացույցներով հաստատվող փաստերի գոյությունը և դրանք դրել իրենց պահանջների և առարկությունների հիմքում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Անահիտ Նազարյանի` համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրացած լինելու պարագայում հայցն ամբողջությամբ բավարարելու հնարավորության հարցին:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում, փաստում է, որ Անահիտ Նազարյանի 65 տարին լրացած լինելու պայմաններում վերջինիս պահանջն ամբողջությամբ բավարարվել չէր կարող: Հետևաբար, եթե անգամ գործի նոր քննության արդյունքում պարզվի, որ Անահիտ Նազարյանն օրենքի խախտմամբ է աշխատանքից ազատվել, ապա վերջինս բոլոր դեպքերում չի կարող նշանակվել նոր առաջացած պաշտոնում` նկատի ունենալով պաշտոնավարելու համար օրենսդրական արգելք հանդիսացող առավելագույն տարիքի հասած լինելը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նոր քննության ընթացքում պետք է պարզվի հայցվորի` նոր առաջացած պաշտոնում նշանակվելու նախապատվության իրավունքի առկայության կամ բացակայության հարցը, որպիսի հանգամանքի ուժով էլ վերջինիս աշխատանքից ազատելու օրինականությունն ու հարկադիր պարապուրդի գումար վճարելու պահանջի հիմնավորվածությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում` Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան