i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱԴԴ/3614/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3614/02/15 2018թ.
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
Դատավորներ` Ա. Պետրոսյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Գագիկ Հովհաննիսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Գագիկ Հովհաննիսյանից բռնագանձել 3.578.150 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 25.09.2015 թվականից մինչև վճռի կատարման օրը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 24.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է: Դատարանը վճռել է. «Գագիկ Հովհաննիսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 3.578.150 ՀՀ դրամ` որպես աշխատողի կողմից պատճառված վնասի հատուցում: Գագիկ Հովհաննիսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 72.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ` սկսած 25.09.2015 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների պարտքի գումարի` 3.578.150 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և Գագիկ Հովհաննիսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել տոկոսներ, իսկ հօգուտ պետական բյուջեի բռնագանձել հաշվարկվող տոկոսների երկու տոկոսը` որպես պետական տուրքի գումար»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2016 թվականի որոշմամբ Գագիկ Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.08.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորը չի ապացուցել պատասխանողի դրսևորած հակաիրավական վարքագիծը` չհիմնավորելով հայցվորի կողմից պատասխանողին 3.578.150 ՀՀ դրամի չափով գնում կատարելու մասին հանձնարարություն տալու փաստը, անտեսել է, որ գործում առկա տեղեկանքներով հիմնավորվում է պատասխանողին փոխանցված գումարների չափը և ժամանակագրությունը, փոխանցման բանկային անդորրագրերի վրա նշված է փոխանցման նպատակը` առհաշիվ: Այսինքն` հայցվորի դրամական միջոցները փոխանցվել են պատասխանողին առհաշիվ` հայցվորի կարիքների համար որոշ գործողություններ կատարելու համար: Բացի այդ, Ընկերությունը ծանուցում է տվել պատասխանողին դրամական գումարները վերադարձնելու վերաբերյալ, որին ի պատասխան` պատասխանողը ոչ միայն չի հերքել 3.578.150 ՀՀ դրամի չվերադարձման փաստը, այլ նաև ընդունել է խախտման փաստը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վնասի հատուցման պայմաններից հակաիրավական վարքագծի դրսևորման ևս մեկ հիմք է վկայակոչվել, այն է` պատասխանողը բարեխիղճ չի վերաբերվել Ընկերության գույքին:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց այն մասին, որ գործատուն աշխատողին տվել է հանձնարարություն գնումներ կատարելու վերաբերյալ, անտեսել է, որ աշխատանքային պայմանագրի համաձայն` աշխատողը պարտավորվել է կատարել իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան աշխատանքային պարտականություններ, կատարել ղեկավարի ընթացիկ հանձնարարությունները: Բացի այդ, պատասխանողի կողմից 2011-2015 թվականների ընթացքում որոշակի պարբերականությամբ ներկայացվել են հաշվետվություններ առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ, Ընկերության 24.09.2015 թվականի ծանուցման և 30.09.2015 թվականի գրության մեջ շեշտվել է, որ 3.578.150 ՀՀ դրամը փոխանցվել է գնումներ կատարելու համար, իսկ պատասխանողն այս հանգամանքը չի հերքել: Այսինքն` Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռքբերված ապացույցները, հաշվի չի առել գործատուի կողմից աշխատողին հանձնարարություն տալու առանձնահատկությունները` հանգելով սխալ եզրահանգման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.08.2016 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հայցվորի և պատասխանողի միջև կնքված աշխատանքային պայմանագրում առկա չէ որևէ դրույթ այն մասին, որ պատասխանողի անմիջական պարտականությունների մեջ է մտել գնումներ կատարելը: Ղեկավարի ընթացիկ հանձնարարությունների կատարման փաստը չի նշանակում, որ աշխատողը դրանով իսկ պարտավորված է եղել համակարգված ձևով, որպես աշխատանքային պարտականություն, առանց ղեկավարի նոր համապատասխան հանձնարարության, կատարել նախկինում տրված հանձնարարությանը նման հանձնարարություն: Դա նաև չի նշանակում, որ նման հանձնարարության բացակայության պայմաններում նմանատիպ հանձնարարության չկատարման հանգամանքը կարող է դիտվել որպես աշխատանքային պարտականությունների չկատարում, որպիսի հանգամանքները պատշաճ գնահատվել են Վերաքննիչ դատարանի կողմից: Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է, որ առկա չի եղել գնումներ կատարելու վերաբերյալ հանձնարարություն, որի պարագայում փաստել է, որ առկա չէ վնասի հատուցման պարտադիր վավերապայմաններից մեկի` ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու հանգամանքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Գագիկ Հովհաննիսյանի միջև 30.06.2010 թվականին կնքված թիվ 1/0610 աշխատանքային պայմանագրի համաձայն` Գագիկ Հովհաննիսյանն աշխատանքի է ընդունվել որպես վարորդ: Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Գագիկ Հովհաննիսյանը, ի թիվս այլ պարտականությունների, պարտավորվել է կատարել տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան աշխատանքային պարտականությունները և կատարել իր ղեկավարների ընթացիկ հանձնարարությունները (հատոր 1-ին, գ.թ. 49-50).
2) Ընկերության տնօրենի կողմից Գագիկ Հովհաննիսյանին ուղղված 24.09.2015 թվականի ծանուցման համաձայն` առհաշիվ եղանակով վերջինիս բանկային հաշվին փոխանցվել են դրամական միջոցներ` ընթացիկ գնումներ կազմակերպելու համար: Փոխանցված գումարներից 3.578.150 ՀՀ դրամով որևէ գնում չի իրականացվել: Ծանուցմամբ Գագիկ Հովհաննիսյանը տեղեկացվել է մինչև 25.09.2015 թվականը գումարները բանկային փոխանցմամբ կամ Ընկերության հետ համաձայնեցված այլ եղանակով Ընկերությանը փոխանցելու անհրաժեշտության մասին: Գագիկ Հովհաննիսյանը 24.09.2015 թվականին ստացել է նշված ծանուցումը (հատոր 1-ին, գ.թ. 7).
3) Ընկերության տնօրենի կողմից Գագիկ Հովհաննիսյանին ուղղված և վերջինիս կողմից 30.09.2015 թվականին ստացված գրության համաձայն` Գագիկ Հովհաննիսյանին տրված հանձնարարականները կատարելու, մասնավորապես Ընկերության կարիքների համար գնումներ կատարելու նպատակով, Ընկերության կողմից պարբերաբար փոխանցված առհաշիվ դրամական միջոցներին առնչվող հարցերի ուսումնասիրության համար ստեղծվել է հանձնաժողով, որի ուսումնասիրություններն ի հայտ են բերել մի շարք խախտումներ: Գրությամբ առաջարկվել է ներկայացնել գրավոր բացատրություն դրանց կապակցությամբ մինչև պահանջը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը (հատոր 2-րդ, գ.թ. 6).
4) Գագիկ Հովհաննիսյանը 01.10.2015 թվականին Ընկերությանը դիմում է ներկայացրել` հայտնելով, որ որպես վարորդ` ամեն ինչ արել է Ընկերության տնօրինությանը և աշխատակիցներին գոհացնելու նպատակով: Հայտնել է, որ իր աշխատանքը թերի է եղել ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ կատարել է իր հաստիքից դուրս աշխատանքներ, և խախտումներն առաջացել են լարված աշխատանքի արդյունքում: Նշված դիմումով Գագիկ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև իր կողմից ձեռքբերված ապրանքների գներին և քանակին (հատոր 2-րդ, գ.թ. 7).
5) 06.10.2015 թվականի «Աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու մասին» Ընկերության հրամանի համաձայն` Գագիկ Հովհաննիսյանի նկատմամբ աշխատանքային կարգապահության խախտումների համար կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը` գործատուի նախաձեռնությամբ 06.10.2015 թվականին լուծվել է Գագիկ Հովհաննիսյանի հետ 30.06.2010 թվականին կնքված թիվ 1/0610 աշխատանքային պայմանագիրը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու և անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքերով (հատոր 2-րդ, գ.թ. 8).
6) «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի կողմից 06.06.2016 թվականին տրված տեղեկանքների և գործում առկա վճարման հանձնարարականների համաձայն` 13.01.2015-19.09.2015 թվականներն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից Գագիկ Հովհաննիսյանի հաշվին փոխանցվել է ընդհանուր առմամբ 9.259.100 ՀՀ դրամ: Վճարման նպատակը նշվել է «առհաշիվ գումար» (հատոր 1-ին, գ.թ. 8-48, հատոր 2-րդ, գ.թ. 9-10).
7) Գագիկ Հովհաննիսյանն Ընկերությանը ներկայացրել է հաշվետվություններ առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ 01.01.2015-31.01.2015 թվականների ժամանակահատվածի համար` 503.550 ՀՀ դրամ ծախսելու կապակցությամբ: Ներկայացվել են նաև առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություններ` 01.12.2011-15.12.2011, 16.12.2011-26.12.2011, 26.12.2011-31.12.2011, 01.04.2012-10.04.2012, 10.04.2012-17.04.2014, 25.04.2012-30.04.2012, 12.03.2013-31.03.2013, 01.05.2014-31.05.2014 թվականների ժամանակահատվածների համար: Նշված հաշվետվությունների համաձայն` ձեռք են բերվել տարբեր տնտեսական ապրանքներ (հատոր 2-րդ, գ.թ. 12-13, 17-18, 22-23, 27-32, 36-41):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աշխատողի աշխատանքային գործառույթների, աշխատողին տրվող հանձնարարությունների և դրանք չկատարելու հետևանքների, ինչպես նաև աշխատողի նյութական պատասխանատվության պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`
- արդյո՞ք աշխատանքային պայմանագրով պետք է սպառիչ սահմանվեն աշխատողի աշխատանքային գործառույթները,
- ի՞նչ ձևով, եղանակով և կարգով կարող են գործատուի կողմից հանձնարարություններ տրվել աշխատողին,
- ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ աշխատողի նյութական պատասխանատվության համար:
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողից պահանջելու կատարել աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ միայն նույն օրենսգրքով և օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, (...) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին (...):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են աշխատողների` աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն աշխատողին պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճության և ողջամտության սկզբունքների պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ` այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին (տե՛ս, Արմինե Աբելյանն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Դանիելյանի թիվ ԿԴ/0125/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր բոլոր պարտականությունները, որոնք կարող են սահմանված լինել ինչպես օրենսդրությամբ կամ գործատուի ներքին իրավական ակտերով, այնպես էլ աշխատանքային պայմանագրով` այդ թվում նաև բարեխղճորեն կատարելով աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը` աշխատանքային գործառույթները:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ աշխատանքային գործառույթների սահմանմանը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պայմանավորված աշխատանքի տարբեր տեսակների առանձնահատկություններով` մի դեպքում աշխատանքային գործառույթները հնարավոր է սահմանել հստակորեն և սպառիչ կերպով, մեկ այլ դեպքում հնարավոր է միայն սահմանել գործառույթների որոշակի շրջանակ, որի դեպքում աշխատողի վրա կարող են դրվել սահմանված գործառույթներին համանման պարտականություններ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածը պարտադիր է համարում աշխատանքային պայմանագրում (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները նշելը: Այսինքն` անգամ հնարավոր է աշխատանքային գործառույթները պայմանագրում ընդհանրապես չնախատեսել, որի դեպքում աշխատանքային պարտականությունները, որպես կանոն, սահմանվում են գործատուի ներքին իրավական ակտերով (օրինակ` տվյալ պաշտոնի նկարագիրը սահմանող իրավական ակտով): Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ չնայած աշխատանքային պայմանագրով հիմնական գործառույթները կամ դրանց բնույթը (պաշտոնի սահմանման եղանակով) պետք է սահմանված լինեն, այդուհանդերձ, դա չի բացառում, որ աշխատողի վրա կարող են դրվել նաև այլ պարտականություններ, որոնք բխում են վերջինիս պաշտոնի բնույթից, գործատուի ներքին կարգապահական կանոններից կամ օրենսդրությունից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործատուի կողմից աշխատողին հանձնարարություններ տալու ձևին, եղանակին ու կարգին, արձանագրում է հետևյալը.
Աշխատանքային պայմանագրի հասկացությունից հետևում է, որ աշխատողն աշխատանք է կատարում գործատուի համար, այլ կերպ ասած` կատարում է գործատուի հանձնարարությունները: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում գործատուի կողմից աշխատողին հանձնարարություններ տալու ձև, եղանակ կամ կարգ, ինչը տրամաբանական է, քանի որ չնայած աշխատանքային հարաբերությունների առանձնահատկություններին` աշխատանքային հարաբերություններում նույնպես գործում է պայմանագրի ազատության սկզբունքը, որը, ի թիվս այլոց, ենթադրում է պայմանագրի պայմանները որոշելու ազատություն: Հետևաբար նաև նշված հանգամանքի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ գործատուի կողմից աշխատողին հանձնարարություններ տալու ձևը, եղանակը, կարգը սահմանափակված չեն: Այսինքն` գործատուի կողմից աշխատողին հանձնարարություններ կարող են տրվել ցանկացած ձևով, եղանակով և կարգով, որպիսի հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցների տեսակներով:
Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում նշել, որ այդ հանձնարարությունների ոչ պատշաճ կատարման դեպքում գործում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հետևանքները, մասնավորապես` այն կարող է համարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով սահմանված աշխատանքային կարգապահության խախտում, որի դեպքում կարող են կիրառվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված տույժերը, ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի լուծում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել նաև աշխատողի նյութական պատասխանատվության:
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներն են իրավունքը խախտված անձի այն ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար` նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս, «Էքսոլթ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի գործով անհրաժեշտ է համարել առավել մանրամասն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին:
Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):
Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում:
Վերը նշված դիրքորոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկություններին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.
1) պատճառված է վնաս.
2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.
3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.
4) առկա է խախտողի մեղքը.
5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.
6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:
Նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.
2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը` սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները (տե՛ս, թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Անդրադառնալով աշխատողի նյութական պատասխանատվության սահմաններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե`
1) վնասը պատճառվել է դիտավորությամբ.
2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով.
3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր.
4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով.
5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.
6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հատուցման ենթակա վնասը ներառում է իրական վնասը և բաց թողնված օգուտը:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային հարաբերություններում սահմանված է աշխատողի ոչ լրիվ ծավալով` սահմանափակ նյութական պատասխանատվություն, բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի: Ընդ որում, այդ դեպքերի վերլուծությունից հետևում է, որ լիակատար պատասխանատվություն սահմանվում է կա՛մ աշխատողի այնպիսի վարքագծի արդյունքում, որն առավել վտանգավոր է (վնասը պատճառվել է դիտավորությամբ, հանցավոր գործունեության արդյունքում կամ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ), կա՛մ այնպիսի դեպքերում, որոնք սահմանված են պայմանագրով կամ օրենքով (աշխատողի հետ կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, կամ վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն), կա՛մ եթե վնասը պատճառվել է կոնկրետ գույքի (վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով): Մնացած բոլոր դեպքերում աշխատողը կրում է ոչ լրիվ ծավալով նյութական պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Գագիկ Հովհաննիսյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Գագիկ Հովհաննիսյանն աշխատանքի է ընդունվել որպես վարորդ և, ի թիվս այլ պարտականությունների, պարտավորվել է կատարել տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան աշխատանքային պարտականությունները և կատարել իր ղեկավարների ընթացիկ հանձնարարությունները: Ընկերությունը գրությամբ Գագիկ Հովհաննիսյանին հայտնել է, որ ընթացիկ գնումների համար վերջինիս փոխանցված դրամական միջոցներից 3.578.150 ՀՀ դրամով որևէ գնում չի իրականացվել: Գագիկ Հովհաննիսյանը գրավոր կերպով հայտնել է, որ իր աշխատանքը թերի է եղել ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ կատարել է իր հաստիքից դուրս աշխատանքներ, և խախտումներն առաջացել են լարված աշխատանքի արդյունքում: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքների և գործում առկա վճարման հանձնարարականների համաձայն` 13.01.2015-19.09.2015 թվականներն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից Գագիկ Հովհաննիսյանի հաշվին փոխանցվել է ընդհանուր առմամբ 9.259.100 ՀՀ դրամ: Գագիկ Հովհաննիսյանը 01.01.2015-31.01.2015 թվականների ժամանակահատվածի համար առհաշիվ 503.550 ՀՀ դրամ ծախսելու կապակցությամբ Ընկերությանը ներկայացրել է հաշվետվություններ:
Սույն գործով Դատարանը բավարարել է հայցը` հաստատված համարելով, որ Գագիկ Հովհաննիսյանի աշխատանքային պարտականություններն աշխատանքային պայմանագրի 2.1-րդ կետի հիմքով ներառել են նաև Ընկերության համար տնտեսական ապրանքների ձեռքբերումը: Դատարանը, հաստատված համարելով, որ փոխանցված 3.578.150 ՀՀ դրամի դիմաց Ընկերությունը տնտեսական ապրանքներ չի ստացել, եզրահանգել է, որ Գագիկ Հովհաննիսյանը, աշխատանքային պայմանագրով ստանձնելով Ընկերության համար տնտեսական ապրանքներ ձեռք բերելու պարտականություն, դրա դիմաց ստանալով համապատասխան գումար, չի կատարել իր պարտականությունը և իր գործողություններով հանգեցրել է Ընկերության գույքի կորստին, ինչը դրսևորվել է Ընկերության գույքի նվազմամբ` 3.578.150 ՀՀ դրամի չափով: Այսինքն` Գագիկ Հովհաննիսյանի կողմից դրսևորվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ օրինաչափ վարքագիծ, որն առաջացրել է վնաս` 3.578.150 ՀՀ դրամի չափով: Դատարանը հաստատված է համարել, որ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածով սահմանված` նյութական պատասխանատվության բոլոր պայմանները:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, հաստատված է համարել, որ պատասխանողը ստանձնել է պարտականություն` կատարելու նաև իր ղեկավարի ընթացիկ հանձնարարությունները: Վերաքննիչ դատարանը գտել է, որ թեպետ աշխատանքային պայմանագրում կարող էր նշված չլինել աշխատողի` գնումներ կատարելու պարտականության վերաբերյալ, սակայն այդպիսի հանձնարարություն վերջինիս կարող էր տրվել իր ղեկավարի կողմից, որպիսի պայմաններում արդեն կծագեր նրա` տրված հանձնարարությունը կատարելու պարտականությունը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հայցվոր կողմը կրել է այն հանգամանքի ապացուցման բեռը, որ առկա է եղել գործատուի համապատասխան հանձնարարությունը` ուղղված աշխատողին` կատարել գնումներ, և որ 3.578.150 ՀՀ դրամը փոխանցվել է հենց այդ նպատակով, մինչդեռ Դատարանին նման ապացույց չի ներկայացվել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից ժամանակ առ ժամանակ գնումներ կատարելը, դրա վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելը դեռևս չի կարող հիմնավորել այն, որ գնումներ կատարելը մտել է վերջինիս պարտականությունների մեջ, և որ կոնկրետ հանձնարարության բացակայության պայմաններում նախկինում կատարված նմանատիպ գործողություններ չկատարելու հանգամանքը չի կարող դիտվել որպես աշխատանքային պարտականությունների չկատարում և այդ պարտականության չկատարման արդյունքում համարվել, որ վնաս է պատճառվել գործատուին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո արձանագրում է, որ կողմերի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որում նախատեսվել է աշխատողի պարտականությունը` կատարել ղեկավարի ընթացիկ հանձնարարությունները: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային պայմանագրով չի սահմանվել հանձնարարությունների տրման հստակ ձև, եղանակ կամ կարգ: Հետևաբար գնումներ կատարելու հանձնարարություն տված լինելու հանգամանքը կարող էր հաստատվել ապացույցի ցանկացած տեսակով: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև սույն գործով չեն ներկայացվել ուղղակի ապացույցներ այն մասին, որ Ընկերության ղեկավարության կողմից Գագիկ Հովհաննիսյանին տրվել են կոնկրետ հանձնարարություններ գնումներ կատարելու վերաբերյալ, սակայն գործում առկա գրավոր ապացույցների համակողմանի գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ Ընկերության կողմից գումարներ են փոխանցվել Գագիկ Հովհաննիսյանին` տնտեսական ապրանքներ ձեռք բերելու համար, գնումներ կատարելու գործառույթ իրականացնելը չի ժխտել նաև Գագիկ Հովհաննիսյանը` մասնավորապես գրավոր դիմում ներկայացնելով Ընկերությանը: Ավելին` Գագիկ Հովհաննիսյանը փորձել է հիմնավորել, որ իր պարտականությունը բարեխիղճ է կատարել: Բացի այդ, Գագիկ Հովհաննիսյանը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացրել կատարած գնումների վերաբերյալ: Վերոգրյալ ապացույցների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հիմնավորվում է Գագիկ Հովհաննիսյանի կողմից գնումներ կատարելու աշխատանքային գործառույթ ունենալը և Գագիկ Հովհաննիսյանի կողմից գործատուի հանձնարարությամբ պարբերաբար ապրանքներ ձեռք բերելու հանգամանքը, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել նաև Դատարանը:
Անդրադառնալով Գագիկ Հովհաննիսյանի նյութական պատասխանատվության առաջացման պայմաններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ պատճառված վնասը սույն դեպքում դրսևորվել է գույքի կորստով, այն է` պատասխանողին փոխանցվել է 9.259.100 ՀՀ դրամ` գնումներ կատարելու համար, սակայն գնումներ չեն կատարվել 3.578.150 ՀՀ դրամի չափով: Այսինքն` աշխատողի անօրինական գործունեությունը տվյալ դեպքում դրսևորվել է նրանով, որ այն հանգեցրել է գործատուի գույքի կորստի: Դատարանն իրավացիորեն նաև արձանագրել է, որ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածով սահմանված` նյութական պատասխանատվության բոլոր պայմանները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև մեղքի բացակայությունն ապացուցելու պարտականությունը կրում է վնաս պատճառողը` տվյալ դեպքում Գագիկ Հովհաննիսյանը, ով այդ կապակցությամբ ապացույցներ չի ներկայացրել, այդուհանդերձ քանի որ սույն գործով քննարկվում է աշխատողի լրիվ ծավալով նյութական պատասխանատվության հարցը, որի հիմքը տվյալ դեպքում աշխատողի դիտավորությունն է, ուստի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Գագիկ Հովհաննիսյանի դիտավորությանը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գագիկ Հովհաննիսյանն ունեցել է գնումներ կատարելու աշխատանքային պարտականություն, որը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր կատարել բարեխղճորեն: Վճռաբեկ դատարանն արդեն իսկ հաստատված է համարել, որ գնումները պատշաճ չեն կատարվել, մասնավորապես` աշխատողն իրեն փոխանցված գումարների ամբողջ ծավալով գնում չի կատարել, ինչպես նաև չի վերադարձրել չծախսված գումարները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման արարքը կարող էր դրսևորվել բացառապես դիտավորությամբ, ուստի առկա է աշխատողի լրիվ ծավալով նյութական պատասխանատվության հիմք: Այլ կերպ ասած` Ընկերության կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվել է վերջինիս պահանջը, որպիսի իրավաչափ եզրահանգման հանգել է նաև Դատարանը: Հետևաբար Դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ անդրադառնալով 3.578.150 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձելու պահանջին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ ՈՒզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը 24.09.2015 թվականի ծանուցմամբ (որը Գագիկ Հովհաննիսյանը ստացել է նույն օրը) պահանջել է գումարները վերադարձնել մինչև 25.09.2015 թվականը, որը, սակայն, Գագիկ Հովհաննիսյանը չի վերադարձրել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է նաև Դատարանի այն հետևությունը, որ ենթակա է բավարարման նաև վերադարձման ենթակա գումարի մնացորդին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու հայցվորի պահանջը, որը պետք է հաշվարկել սկսած 25.09.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում բեկանվում է Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը, գտնում է, որ Գագիկ Հովհաննիսյանից հօգուտ Ընկերության պետք է բռնագանձել 127.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Միաժամանակ հաշվի առնելով, որ Գագիկ Հովհաննիսյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի մնացած մասի վճարումը Վերաքննիչ դատարանի 17.10.2016 թվականի որոշմամբ հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 94), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 87.345 ՀՀ դրամ (3.578.150 *3%-20.000) և սկսած 25.09.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 3.578.150 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 17.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև սկսած 01.03.2017 թվականից (վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու օրվանից) մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 3.578.150 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի քան 873.000 ՀՀ դրամ (1.000.000-127.000)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասի գումար` նկատի ունենալով, որ 25.09.2015-01.03.2017 թվականների ժամանակահատվածի տոկոսների բռնագանձման պահանջի մասով վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից պետական տուրքը նախապես վճարվել է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2016 թվականի վճռին:
2. Գագիկ Հովհաննիսյանից հօգուտ «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-ի բռնագանձել 127.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Գագիկ Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 87.345 ՀՀ դրամ և սկսած 25.09.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 3.578.150 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:
Գագիկ Հովհաննիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել սկսած 01.03.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 3.578.150 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի քան 873.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան