i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԱՐԴ1/1063/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1063/02/15 2018թ.
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոզա Վարդանյանի ներկայացուցիչ Դիանա Շախրամանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոզա Վարդանյանի ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի, Արթուր Հարությունյանի, «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձինք Տարոն Պետրոսյանի, Սամվել Սնխչյանի, Ռաֆայել Մխիթարյանի` որպես շինծու գործարք Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը և Ռոզա Վարդանյանի ու Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագիրն առոչինչ (անվավեր) ճանաչելու, որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև 01.03.2013 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Արթուր Հարությունյանի և Տարոն Պետրոսյանի միջև 01.03.2013 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև 30.09.2013 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, պայմանագրերի հիման վրա բաժնեմասերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, Ռոզա Վարդանյանի սեփականության իրավունքն Ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռոզա Վարդանյանը պահանջել է առոչինչ (անվավեր) ճանաչել
իր և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը, ինչպես նաև իր և Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև 01.03.2013 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Արթուր Հարությունյանի և Տարոն Պետրոսյանի միջև 01.03.2013 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև 30.09.2013 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, այդ պայմանագրերի հիման վրա բաժնեմասերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները և ճանաչել իր սեփականության իրավունքն Ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Մելքոնյան) (այսուհետ` Դատարան) 06.05.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.05.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Վարդանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի վկայակոչել որևէ օրենք կամ այլ իրավական ակտ, որի համաձայն` փոխառության իրավահարաբերությունների առկայությունը կարող է հաստատվել միայն բնօրինակով ներկայացվող փաստաթղթերով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը գործի քննության ժամանակ փաստաթղթերի բնօրինակներ չի պահանջել, հետևաբար հայցվորը պարտավորություն չի ունեցել ներկայացնելու ստացականի բնօրինակը:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ սույն քաղաքացիական գործում առկա ապացույցներով հիմնավորվում է ոչ միայն փոխառության իրավահարաբերությունների առկայությունը, այլև այն, որ նշված հարաբերությունների ապահովման համար Ռոզա Վարդանյանը գրավադրել է իր գույքը: Գործին մասնակցող անձանցից գրեթե բոլորը, բացի Տարոն Պետրոսյանից, ընդունել են այն հանգամանքը, որ վիճարկվող գործարքները կրել են ձևական բնույթ, իրականում դրանք հանդիսացել են գրավի պայմանագրեր, որոնք կնքվել են Ռաֆայել Մխիթարյանի պարտավորություններն ապահովելու համար: Նշված հանգամանքները հաստատվում են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Սուքիասյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 23.01.2015 թվականի և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննիչ Ն. Տոնոյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 21.03.2015 թվականի որոշումներով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չիրականացնելով գործում առկա ապացույցների բազմակողմանի և լրիվ քննություն, նշել է, որ դրանք չեն կարող վիճելի հանգամանքների ապացուցման բավարար հիմք հանդիսանալ` առանց պատճառաբանելու իր այդ եզրահանգումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության մասնակից Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագրի համաձայն` Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Վարդան Հովհաննիսյանին (հատոր 1-ին, գ.թ. 11):
2) Ընկերության մասնակից Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագրի համաձայն` Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Արթուր Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 12):
3) 01.03.2013 թվականին Ընկերության մասնակից Արթուր Հարությունյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արթուր Հարությունյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում իրեն պատկանող 25.000 ՀՀ դրամ արժողությամբ բաժնեմասը, որը կազմում է կանոնադրական կապիտալի 50 տոկոսը, իսկ Տարոն Պետրոսյանը գնել է վաճառվող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 13):
4) 01.03.2013 թվականին Ընկերության մասնակից Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Վարդան Հովհաննիսյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում իրեն պատկանող 25.000 ՀՀ դրամ արժողությամբ բաժնեմասը, որը կազմում է կանոնադրական կապիտալի 50 տոկոսը, իսկ Սամվել Սնխչյանը գնել է վաճառվող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 15):
5) 30.09.2013 թվականին Ընկերության մասնակից Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Վարդան Հովհաննիսյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում իրեն պատկանող 25.000 ՀՀ դրամ արժողությամբ բաժնեմասը, որը կազմում է կանոնադրական կապիտալի 50 տոկոսը, իսկ Տարոն Պետրոսյանը գնել է վաճառվող բաժնեմասն ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 14):
6) 03.08.2012 թվականի ստացականի պատճենի համաձայն` Ռաֆայել Մխիթարյանն Արթուր Հարությունյանից գնել է «Պորշ» մակնիշի մեքենա 31.000 ԱՄՆ դոլարով, որի գումարը պետք է վճարեր օրական 500 ԱՄՆ դոլարով, սակայն կարողացել է վճարել 12.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 19.000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է վերադարձնել 01.10.2012 թվականին (հատոր 3-րդ,գ.թ. 1):
7) 12.02.2013 թվականի պարտավորագրի պատճենի համաձայն` Ռաֆայել Մխիթարյանը պարտավորվել է մինչև 05.03.2013 թվականը մարել Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ ունեցած 20.000.000 ՀՀ դրամ պարտքը և Սամվել Սնխչյանի նկատմամբ ունեցած 32.000.000 ՀՀ դրամ պարտքը (հատոր 1-ին, գ.թ. 17):
8) ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Սուքիասյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 23.01.2015 թվականի որոշմամբ նշվել է. «(...) Ռաֆայել Մխիթարյանի հաղորդման հիման վրա նյութերի լրացուցիչ նախապատրաստմամբ պարզվել և հիմնավորվել է հետևյալը. (...) Ռաֆայել Մխիթարյանը, (...) գազալցակայան գնելու նպատակով (...) վերցրել է վարկ: (...) Նշված գազալցակայանը պատկանել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ին, (...) Ռաֆայել Մխիթարյանը դարձել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրա մայր Ռոզա Վարդանյանը` ընկերության 100 տոկոսի բաժնետերը (...): (...) գազալցակայանի հետագա գործունեությունը շարունակելու համար Ռաֆայել Մխիթարյանի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել, որի պատճառով նա դիմել է իր ընկեր Վարդան Հովհաննիսյանին և առաջարկել ընկերության 50% բաժնեմասը նվիրատվության հիմունքներով հանձնել նրան և միասին բաժնեմասերով շարունակել գազալցակայանի հետագա գործունեությունը (...): Հետագայում Ռաֆայել Մխիթարյանը, գումարային պարտք ու պահանջ ունենալով Արթուր Հարությունյանի հետ, գազալցակայանի 50 տոկոս իր բաժնեմասը ձևակերպել է նրա անվամբ (...):Ռաֆայել Մխիթարյանը, ունենալով գումարային պարտք և պահանջ Սամվել Սնխչյանի և Ռազմիկ Պետրոսյանի հետ, 12.02.2013 թվականին գրավոր կարգով պարտավորվել է մինչև 05.03.2013 թվականի ժամը 17:00-ն ամբողջությամբ մարել Ռազմիկ Պետրոսյանի 20.000.000 ՀՀ դրամ և Սամվել Սնխչյանի 32.000.000 ՀՀ դրամ պարտքը, իսկ նշված օրը և ժամին պարտավորվածությունը չկատարելու դեպքում գազալցակայանը (...) դառնում է նշված անձանց սեփականությունը (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 59-63):
9) ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննիչ Ն. Տոնոյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 21.03.2015 թվականի որոշմամբ նշվել է. «(...) Ռոզա Վարդանյանը և Ռաֆայել Մխիթարյանը նույնաբովանդակ բացատրություններ են տվել` հայտնելով, որ 2012 թվականին «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից ստացել են 218.000 ԱՄՆ դոլար, որով գնել են «ՌՎ ԳԱԶ» գազալցակայանը` գրավադրելով իրենց բնակարանը (...): Վարկը ձևակերպելու համար, ունեցած պայմանավորվածության համաձայն, նվիրատվության հիմունքներով Վարդան Հովհաննիսյանին են հանձնել գազալցակայանի 50 տոկոս բաժնեմասը: Իսկ մյուս մասը ձևակերպել են Արթուր Հարությունյանի անվամբ (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 57-58):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և 54-րդ հոդվածի 2-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք փաստաթղթերը պատճենի տեսքով ներկայացնելու պայմաններում վերաքննիչ դատարանը կարող է դրանք գնահատել որպես ոչ թույլատրելի ապացույցներ այն պարագայում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահանջել ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները:
1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու և գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն օժտված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: Ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանված է գրավոր փաստաթղթերի` որպես ապացույցների տեսակի ներկայացման կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է վկայակոչված իրավանորմի մեկնաբանությանը և նշել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գրավոր ապացույցները դատարան կարող են ներկայացվել կամ բնօրինակով, կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Միևնույն ժամանակ օրենսդիրը վերոնշյալ ընդհանուր կանոնից սահմանել է հետևյալ բացառությունները`
ա) փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով,
բ) անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է պահանջել ներկայացնելու փաստաթղթերի բնօրինակները: Նման անհրաժեշտություն կարող է, մասնավորապես առաջանալ, երբ գործով ներկայացված միևնույն փաստաթղթի պատճենները տարբերվում են իրենց բովանդակությամբ, և դատարանը չի կարող պարզել գրավոր ապացույցի իրական բովանդակությունն առանց դրա բնօրինակը հետազոտելու: Այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել նաև պատճենի անորակության, դրա իսկության մեջ համոզվելու անհրաժեշտության և այլ դեպքերում (տե՛ս, Ղասեմ Աբդոլահ Նեժադն ընդդեմ Աշոտ Հարությունյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0704/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության մասնակից Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագրի համաձայն` Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Վարդան Հովհաննիսյանին: Ընկերության մասնակից Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագրի համաձայն` Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Արթուր Հարությունյանին: 03.08.2012 թվականի ստացականի պատճենի համաձայն` Ռաֆայել Մխիթարյանն Արթուր Հարությունյանից գնել է «Պորշ» մակնիշի մեքենա 31.000 ԱՄՆ դոլարով, որի գումարը պետք է վճարեր օրական 500 ԱՄՆ դոլարով, սակայն կարողացել է վճարել 12.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 19.0000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է վերադարձնել 01.10.2012 թվականին: 12.02.2013 թվականի պարտավորագրի պատճենի համաձայն` Ռաֆայել Մխիթարյանը պարտավորվել է մինչև 05.03.2013 թվականը մարել Ռազմիկ Պետրոսյանի 20.000.000 ՀՀ դրամ պարտքը և Սամվել Սնխչյանի 32.000.000 ՀՀ դրամ պարտքը:
Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, նշել է, որ Ռաֆայել Մխիթարյանի և Արթուր Հարությունյանի, ինչպես նաև Ռաֆայել Մխիթարյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև առկա փոխառության պարտավորական հարաբերությունները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ նվիրատվության պայմանագրերը որպես շինծու գործարքներ որակելու համար:
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով նվիրատվության պայմանագրերը` որպես շինծու գործարքներ որակելու բավարար հիմքերի բացակայությունը և մերժելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ հայցվոր կողմն ի հաստատումն փոխառության իրավահարաբերությունների առկայության` ներկայացրել է պարտավորագիր և ստացական` պատճենի տեսքով, որը չի կարող գնահատվել որպես վերաբերելի կամ թույլատրելի ապացույց:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, գործը դատաքննության նախապատրաստելիս պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը և գործի դատաքննության ընթացքում հետազոտելով ներկայացված ապացույցները, հայցվորից չի պահանջել պարտավորագրի և ստացականի բնօրինակները: Այսինքն` Դատարանը, պարզելով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և բաշխելով ապացուցման բեռը, ստացականի և պարտավորագրի բնօրինակները ներկայացնելու պարտականություն կողմերից որևէ մեկի վրա չի դրել, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ փաստաթղթերի բնօրինակները` որպես գրավոր ապացույց, չներկայացնելու բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը, անհիմն է, քանի որ վերջինիս վրա առաջին ատյանի դատարանում նման պարտականություն չի դրվել:
2. Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, անդրադառնալով գործում առկա` ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 23.01.2015 թվականի և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննիչ Ն. Տոնոյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 21.03.2015 թվականի որոշումներին, նշել է, որ դրանք չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրանցում պարունակող բացատրությունները հիմք չեն կարող հանդիսանալ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը բացահայտելու համար:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, գտել է, որ վիճելի իրավահարաբերության փաստական հանգամանքների համակազմում նշված որոշումները չեն կարող վիճելի հանգամանքների ապացուցման բավարար հիմք հանդիսանալ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումների գնահատման հարցին, արձանագրել է, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
Սույն գործում առկա` ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Սուքիասյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 23.01.2015 թվականի որոշմամբ նշվել է. «(...) Ռաֆայել Մխիթարյանի հաղորդման հիման վրա նյութերի լրացուցիչ նախապատրաստմամբ պարզվել և հիմնավորվել է հետևյալը. (...) Ռաֆայել Մխիթարյանը, (...) գազալցակայան գնելու նպատակով (...) վերցրել է վարկ: (...) Նշված գազալցակայանը պատկանել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ին, (...) Ռաֆայել Մխիթարյանը դարձել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրա մայր Ռոզա Վարդանյանը` ընկերության 100 տոկոսի բաժնետերը (...): (...) գազալցակայանի հետագա գործունեությունը շարունակելու համար Ռաֆայել Մխիթարյանի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել, որի պատճառով նա դիմել է իր ընկեր Վարդան Հովհաննիսյանին և առաջարկել ընկերության 50% բաժնեմասը նվիրատվության հիմունքներով հանձնել նրան և միասին բաժնեմասերով շարունակել գազալցակայանի հետագա գործունեությունը (...): Հետագայում Ռաֆայել Մխիթարյանը գումարային պարտք ու պահանջ ունենալով Արթուր Հարությունյանի հետ, գազալցակայանի 50 տոկոս իր բաժնեմասը ձևակերպել է նրա անվամբ (...):Ռաֆայել Մխիթարյանը, ունենալով գումարային պարտք և պահանջ Սամվել Սնխչյանի և Ռազմիկ Պետրոսյանի հետ, 12.02.2013 թվականին գրավոր կարգով պարտավորվել է մինչև 05.03.2013 թվականի ժամը 17:00-ն ամբողջությամբ մարել Ռազմիկ Պետրոսյանի 20.000.000 ՀՀ դրամը և Սամվել Սնխչյանի 32.000.000 ՀՀ դրամ պարտքը, իսկ նշված օրը և ժամին պարտավորվածությունը չկատարելու դեպքում գազալցակայանը (...) դառնում է նշված անձանց սեփականությունը (...)»:
ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննիչ Ն. Տոնոյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 21.03.2015 թվականի որոշմամբ նշվել է. «(...) Ռոզա Վարդանյանը և Ռաֆայել Մխիթարյանը նույնաբովանդակ բացատրություններ են տվել` հայտնելով, որ 2012 թվականին «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից ստացել են 218.000 ԱՄՆ դոլար, որով գնել են «ՌՎ ԳԱԶ» գազալցակայանը` գրավադրելով իրենց բնակարանը (...): Վարկը ձևակերպելու համար, ունեցած պայմանավորվածության համաձայն, նվիրատվության հիմունքներով Վարդան Հովհաննիսյանին են հանձնել գազալցակայանի 50 տոկոս բաժնեմասը: Իսկ մյուս մասը ձևակերպել են Արթուր Հարությունյանի անվամբ (...)»:
Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վկայակոչված որոշումներն ինքնուրույն գրավոր ապացույցներ են, որոնք պարունակում են որոշակի տեղեկություններ վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայության կամ բացակայության մասին: Այնինչ ստորադաս դատարանները, գործում առկա ապացույցների բազմակողմանի և լրիվ քննություն չիրականացնելով, գնահատական չեն տվել նշված ապացույցների բովանդակությանը` սահմանափակվելով միայն դրանց վերաբերյալ ապացուցողական նշանակության տեսանկյունից գնահատականներով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, ուստի առկա է նոր քննության անհրաժեշտություն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան