Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                       ԵԱՔԴ/3702/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3702/02/14            2018թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ն. Տավարացյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն և Ելենա Հարոյանների ներկայացուցիչ Վահան Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն, Ելենա Հարոյանների ընդդեմ Ծաղիկ Բարսեղյանի` հողամասի սահմանագծի խախտումը վերացնելու, ըստ հատակագծի` նրա սահմանը վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն և Ելենա Հարոյանները պահանջել են Երևանի Սոսեի փողոցի թիվ 70 տան հողատարածքի սահմանագծի խախտումը վերացնել, ինչպես նաև ըստ հատակագծի` վերականգնել այդ հողամասի սահմանը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2017 թվականի որոշմամբ Արմեն և Ելենա Հարոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն և Ելենա Հարոյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 62-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 05.09.2016 թվականի թիվ 16-0298դ եզրակացության համաձայն` փորձաքննությունը թողնվել է անկատար` անհրաժեշտ ելակետային պայմանների անբավարարության պայմաններում, նույնը նշվել է նաև ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 14.02.2017 թվականի թիվ 16-0402դ եզրակացությամբ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշանակված փորձաքննությամբ ոչ թե չի հաստատվել հայցվորների կողմից վկայակոչած փաստը, այլ փորձագետն այն թողել է անկատար` անհրաժեշտ ելակետային տվյալների անբավարարության պայմաններում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանը, բավարարելով հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը, 30.05.2016 թվականի որոշմամբ նշանակել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Նշված որոշմամբ փորձագետներին առաջադրել են հետևյալ հարցերը`

ա) որքա՞ն է կազմում Արմեն Հարոյանին և Ելենա Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Սոսեի փողոցի թիվ 70 տուն հասցեում գտնվող հողամասի մակերեսը,

բ) Ծաղիկ Բարսեղյանի կողմից առկա են արդյո՞ք Արմեն Հարոյանին և Ելենա Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Սոսեի փողոցի թիվ 70 հասցեում գտնվող հողամասի որոշակի հատվածը զավթելու, հողամասի սահմանագիծը խախտելու վերաբերյալ տվյալներ, եթե այո, ապա ի՞նչ չափով (հատոր 1-ին, գ.թ. 103):

2) Դատարանի 30.05.2016 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձագետի եզրակացությունը ստանալը (հատոր 1-ին, գ.թ. 104):

3) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Հ. Դեմիրճյանը և Ս. Պողոսյանը 04.07.2016 թվականին միջնորդություն են ներկայացրել Դատարան` խնդրելով փորձաքննության իրականացման համար տրամադրել հետևյալ լրացուցիչ նյութերը`

- քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպության կողմից կազմված` ք. Երևան, Սոսեի փողոց, թիվ 70 և 72 հողամասերի փաստացի ճշտված տեղագրական հանույթը` համապատասխան կոորդինատներով (թղթային և էլեկտրոնային տարբերակներով` կրիչ),

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված` վերը նշված հասցեների պետական գրանցմամբ անշարժ գույքերի (...) կադաստրային քարտեզները` ներկայիս գործող կոորդինատներով (թղթային և էլեկտրոնային տարբերակներով` կրիչ),

- ք. Երևան, Սոսեի փողոց, թիվ 72 տան նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող վկայականի լուսապատճենը (հատոր 1-ին, գ.թ. 110-111):

4) Դատարանի թիվ ԴԴ-17/Ե գրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի տեղեկատվական կենտրոնի տարածքային ստորաբաժանումից պահանջվել են ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Հ. Դեմիրճյանի և Ս. Պողոսյանի 04.07.2016 թվականի միջնորդությամբ պահանջված նյութերը (հատոր 1-ին, գ.թ. 113):

5) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 05.09.2016 թվականի թիվ 16-0298դ եզրակացության «Հետևություն» հատվածի համաձայն` փորձագետը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի պահանջներով և ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում գործող ներքին կարգով, հրաժարվել է փորձաքննության կատարումից և փորձաքննությունը թողել է անկատար` անհրաժեշտ ելակետային պայմանների անբավարարության պայմաններում (հատոր 1-ին, գ.թ. 128-131):

6) Դատարանը, Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոնի» տարածքային ստորաբաժանումից ստանալով պահանջված նյութերը, 07.09.2016 թվականի գրությամբ դրանք ուղարկել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ (հատոր 1-ին, գ.թ. 116):

7) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 14.02.2017 թվականի թիվ 16-0402դ եզրակացության «Հետազոտություն» հատվածի համաձայն` թիվ ԵԱՔԴ/3702/02/14 քաղաքացիական գործը կրկին վերադարձվել է առանց փորձաքննության կատարման` նյութերի անբավարարության, մասնավորապես` ք. Երևան, Սոսեի փողոց, թիվ 70 և 72 հողամասերի փաստացի ճշտված համապատասխան կոորդինատներով տեղագրական հանույթի բացակայության հիմնավորմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 27-31):

8) Դատարանի 23.02.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է (հատոր 2-րդ, գ.թ. 33):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետի եզրակացությամբ այդ որոշումն անկատար թողնելու, այսինքն` փորձաքննությամբ դատարանի որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում դատարանն իրավասու է, վերսկսելով գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել(...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակելու լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նման սխալից խուսափելու նպատակով դատարանը պետք է ակտիվորեն օգտագործի իր դատավարական լիազորությունները` գործով լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասով: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լրացուցիչ փորձաքննության նշանակումը թեև դատարանի բացառիկ լիազորությունն է, սակայն դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել և երաշխավորել նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմանը հանգելու պարտականության լիարժեք իրականացումը: Հակառակ դեպքում` փորձաքննություն նշանակելու հիմքով մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը գործի վարույթի կասեցումն ըստ էության կկրի ձևական բնույթ և չի ծառայի իր նպատակին: Արդյունքում նման իրավիճակը կարող է հանգեցնել անձի` ողջամիտ ժամկետում իր գործի քննության սահմանադրորեն երաշխավորված իրավունքի խախտմանը (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, բավարարելով հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը, 30.05.2016 թվականի որոշմամբ նշանակել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Նշված որոշմամբ փորձագետներին առաջադրել են հետևյալ հարցերը`

ա) որքա՞ն է կազմում Արմեն Հարոյանին և Ելենա Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Սոսեի փողոցի թիվ 70 տուն հասցեում գտնվող հողամասի մակերեսը,

բ) Ծաղիկ Բարսեղյանի կողմից առկա են արդյո՞ք Արմեն Հարոյանին և Ելենա Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Սոսեի փողոցի տուն հասցեում գտնվող հողամասի որոշակի հատվածը զավթելու, հողամասի սահմանագիծը խախտելու վերաբերյալ տվյալներ, եթե այո, ապա ի՞նչ չափով:

Դատարանի 30.05.2016 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացությունը ստանալը: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Հ. Դեմիրճյանը և Ս. Պողոսյանը 04.07.2016 թվականին միջնորդություն են ներկայացրել Դատարան` խնդրելով փորձաքննության իրականացման համար տրամադրել լրացուցիչ նյութեր, այդ թվում նաև` ք. Երևան, Սոսեի փողոց, թիվ 70 և 72 հողամասերի փաստացի ճշտված տեղագրական հանույթը` համապատասխան կոորդինատներով: Դատարանի թիվ ԴԴ-17/Ե գրությամբ Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոնի» տարածքային ստորաբաժանումից պահանջվել են ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Հ. Դեմիրճյանի և Ս. Պողոսյանի 04.07.2016 թվականի միջնորդությամբ պահանջված նյութերը: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 05.09.2016 թվականի թիվ 16-0298դ եզրակացության «Հետևություն» հատվածի համաձայն` փորձագետը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի պահանջներով և ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում գործող ներքին կարգով, հրաժարվել է փորձաքննության կատարումից և փորձաքննությունը թողել է անկատար` անհրաժեշտ ելակետային պայմանների անբավարարության պայմաններում: Դատարանը, Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոնի» տարածքային ստորաբաժանումից ստանալով պահանջված նյութերը, 07.09.2016 թվականի գրությամբ դրանք ուղարկել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 14.02.2017 թվականի թիվ 16-0402դ եզրակացության «Հետազոտություն» հատվածի համաձայն` թիվ ԵԱՔԴ/3702/02/14 քաղաքացիական գործը կրկին վերադարձվել է առանց փորձաքննության կատարման` նյութերի անբավարարության, մասնավորապես` ք. Երևան, Սոսեի փողոց, թիվ 70 և 72 հողամասերի փաստացի ճշտված համապատասխան կոորդինատներով տեղագրական հանույթի բացակայության հիմնավորմամբ:

Դատարանը, վերսկսելով գործի վարույթը, կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Դատարանը, մերժելով հայցը, պատճառաբանել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, նշանակված փորձաքննությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Ծաղիկ Բարսեղյանի կողմից կատարվել է Երևանի Սոսեի փողոցի թիվ 70 տան հողատարածքի սահմանագծի խախտում, որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի իմաստով իր կողմից վկայակոչված փաստերի չապացուցման բացասական հետևանքները պետք է կրի հայցվոր կողմը` Արմեն և Ելենա Հարոյանները:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Արմեն և Ելենա Հարոյանների վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, փորձաքննություն նշանակելով և փորձագետներին պարզաբանման համար առաջադրելով որոշակի հարցեր, փորձաքննության արդյունքների նկատմամբ չի եղել հետևողական, ինչից հետևում է, որ Դատարանի կողմից փորձաքննության նշանակումը կրել է ձևական բնույթ, որն ազդել է գործի ելքի վրա, քանի որ քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանված չլինելու պայմաններում սույն գործով հնարավոր չէ պարզել գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Տվյալ դեպքում փորձագետի կողմից փորձաքննության չիրականացումը և փորձագիտական եզրակացության չտրամադրումը պայմանավորված է եղել Դատարանի կողմից փորձագետ ճանաչված անձանց փորձաքննության իրականացման համար ելակետային տվյալների ոչ բավարար տրամադրման հետ, որպիսի հանգամանքը չէր բացառում Դատարանի կողմից լրացուցիչ ելակետային տվյալների տրամադրումը կամ փորձաքննության իրականացումն այլ անձի կամ կազմակերպության հանձնարարումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից նշանակված փորձաքննության պայմաններում փորձագետի կողմից փորձագիտական եզրակացություն չտրամադրելու պայմաններում Դատարանը կարող էր ավարտել գործի վարույթը միայն այն դեպքում, երբ անհնարին էր փորձագետին անհրաժեշտ ելակետային տվյալների տրամադրումը կամ չկային համապատասխան փորձագետներ: Ընդ որում, այն դեպքերում, երբ փորձագետին անհրաժեշտ տվյալները գտնվում են դատավարության մասնակիցների տիրապետման ներքո, ապա դրանց չտրամադրման դեպքում Դատարանն ապացուցման կանոններին համապատասխան պետք է անդրադառնա դրա բացասական հետևանքներին:

Վերոգրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը, վերսկսելով գործի վարույթը, հետամուտ չի եղել համոզվելու, թե փորձագետին անհրաժեշտ տվյալները հնարավոր է տրամադրել, թե` ոչ, կամ առկա տվյալներով այլ փորձագետ կարող է տալ փորձագիտական եզրակացություն, թե` ոչ, և այդ պայմաններում ավարտել է գործի վարույթը` գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները ոչ լիարժեք բացահայտելով, որպիսի հանգամանքներն էլ անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԵԱՔԴ/3702/02/14
Որոշում