Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466-ՐԴ, 470...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466-ՐԴ, 470-ՐԴ, 561-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՆԴ/0168/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0168/02/11  2018թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Հունանյան

                       Ա. Սմբատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի

                                             Ս. Անտոնյանի

                                             Վ. Ավանեսյանի

                                             Ա. Բարսեղյանի

                                             Մ. Դրմեյանի

                                             Գ. Հակոբյանի

                                             Տ. Պետրոսյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալֆրեդ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանի և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահե Միրաքյանի ընդդեմ Ալֆրեդ Հովհաննիսյանի, երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի և Բանկի` առուվաճառքի պայմանագիրը լուծելու, գործարքն առոչինչ ճանաչելու, որպես հետևանք` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վահե Միրաքյանը պահանջել է լուծել Ալֆրեդ Հովհաննիսյանի հետ 24.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, գործարքը ճանաչել առոչինչ և որպես հետևանք` անվավեր ճանաչել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բաբայան) 27.06.2011 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Տավարացյան, Ս. Միքայելյան, Ն. Հովսեփյան) 02.11.2011 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 04.09.2014 վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան) 27.11.2014 թվականի որոշմամբ Վահե Միրաքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 03.09.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2016 թվականի որոշմամբ Վահե Միրաքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 03.09.2015 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ալֆրեդ Հովհաննիսյանի ներկայացուցիչը և Բանկը:

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Վահե Միրաքյանը:

2. Ալֆրեդ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է միայն հայցվոր Վահե Միրաքյանի կողմից ներկայացված փաստերի հիման վրա` չիրականացնելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե հատկապես որ ապացույցի հիման վրա է հաստատված համարել և հանգել այն եզրակացության, որ Ալֆրեդ Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել Վահե Միրաքյանին, երբ գործում առկա ապացույցները վկայում են հակառակի մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Բանկի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե հատկապես որ ապացույցի հիման վրա է հաստատված համարել և հանգել այն եզրակացության, որ Ալֆրեդ Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել Վահե Միրաքյանին, ուստի և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարել է լուծված: Մինչդեռ գործում առկա ապացույցները վկայում են հակառակի մասին, այն է` Ալֆրեդ Հովհաննիսյանը տվել է գումարը, իսկ Վահե Միրաքյանը որևէ պարտք ու պահանջ չունի Ալֆրեդ Հովհաննիսյանի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքներն անհիմն են, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, իրականացնելով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, արձանագրել է, որ պատասխանող կողմն իր կողմից առուվաճառքի պայմանագրի գինը վճարած չլինելու փաստն ուղղակի ընդունել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տրված բացատրություններով: Այսինքն` այդ փաստը չի վիճարկել, իսկ հայցվորը պայմանագրի լուծման հիմքում դրել է հենց պայմանագրի գինը վճարված չլինելու փաստը, ուստի Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ հայցը ենթակա էր բավարարման:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ալֆրեդ Հովհաննիսյանի և Վահե Միրաքյանի միջև 25.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ալֆրեդ Հովհաննիսյանը Վահե Միրաքյանին է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 69):

2) ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ա. Մանուկյանի «Բացատրություն վերցնելու մասին» 06.09.2010 թվականի արձանագրության համաձայն` Ալֆրեդ Հովհաննիսյանը բացատրություն է տվել այն մասին, որ «Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանը 25.02.2010 թվականին ձևականորեն վաճառել է Վահե Միրաքյանին` որպես Գագիկ Մկրտչյանին փոխառությամբ տրված 13.000.000 ՀՀ դրամի երաշխիք` վեց ամիս անց վերաձևակերպելու պայմանով, սակայն Վահե Միրաքյանը չի կատարում խոստումը» (հատոր 1-ին, գ.թ. 73):

3) ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ա. Մանուկյանի 08.09.2010 թվականի «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրության համաձայն` Վահե Միրաքյանը բացատրությամբ նշել է, որ «(...) ճանաչում է Գագիկ Մկրտչյանին: Վերջինս իրեն հայտնել է, որ ֆինանսական խնդիրներ ունի և վեց ամսով իրենից խնդրել է 13.000.000 ՀՀ դրամ պարտքով գումար: Ինքը համաձայնվել է նրան տալ այդ գումարը` պայմանով, որ նա որպես գումարի վերադարձման երաշխիք իր անունով, ձևականորեն, նոտարական վավերացմամբ կգրանցի ինչ-որ անշարժ գույք, իսկ երբ պարտքը վերադարձնի, ինքն այդ անշարժ գույքը նորից հետ կվերադարձնի նրան: Մի քանի օր անց Գագիկն իրեն տեղեկացրել է, որ ընկերը` Արսենը, և նրա ծնողները համաձայնվել են Երևան քաղաքի Նարեկացի 39 շենքի թիվ 54 բնակարանը ձևականորեն գրանցել իր անվամբ` վեց ամիս հետո վերադարձնելու պայմանով: Ինքը համաձայնվել է: Վեց ամիս հետո, իր հետ հանդիպել է Ալֆրեդը և խնդրել է հետ վերադարձնել իրենց տունը: Ինքը պատասխանել է, որ մտադրություն չունի նրանց տունը չվերադարձնել և երբ Գագիկը կվերադարձնի իր պարտքը, տունը հետ կվերադարձնի նրան» (հատոր 1-ին, գ.թ. 83):

4) ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ա. Մանուկյանին 16.09.2010 թվականին տրված լրացուցիչ բացատրությամբ Ալֆրեդ Հովհաննիսյանը հայտնել է, որ «(...) իր հետ հանդիպել է Վահեն, որի անվամբ, Գագիկի խնդրանքով ձևակերպվել էր իր բնակարանը, խոստացել է, որ մեկ շաբաթվա ընթացքում հետ կվերադարձնի իր բնակարանը» (հատոր 1-ին, գ.թ. 88):

5) Վահե Միրաքյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ա. Մանուկյանին 27.09.2010 թվականին լրացուցիչ բացատրություն է տվել այն մասին, որ «Ս.թ. փետրվարի 25-ին Գագիկ Մկրտչյանին պարտքով տվել էր 13.000.000 ՀՀ դրամ և որպես գումարի վերադարձման երաշխիք` Գագիկի առաջարկով Ալֆրեդ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի 39 շենքի 54 բնակարանը ձևականորեն, առուվաճառքի պայմանագրով գրանցել էին իր անվամբ` հետագայում առուվաճառքով բնակարանը վերադարձնելու պայմանով: (...) քանի որ փետրվարի 25-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ի սկզբանե կրում էր ձևական բնույթ, ինքը սեպտեմբերի 24-ին կնքված առուվաճառքի պայմանագրով Ալֆրեդ Հովհաննիսյանին հետ է վերադարձրել նրա բնակարանը» (հատոր 1-ին, գ.թ. 94):

6) Վահե Միրաքյանի և Ալֆրեդ Հովհաննիսյանի միջև 24.09.2010 թվականին ստորագրված և նոտարական վավերացում ստացած հայտարարության համաձայն` Վահե Միրաքյանը և Ալֆրեդ Հովհաննիսյանը հայտարարություն են տվել այն մասին, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը համարել են լուծված: Միաժամանակ Վահե Միրաքյանը և Ալֆրեդ Հովհաննիսյանը հայտարարել են, որ միմյանց նկատմամբ գույքային և գումարային պարտք ու պահանջ չունեն: Հայտարարությունը նույն օրը գրանցվել է սեղանամատյանում 9413 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 42):

7) Վահե Միրաքյանի և Ալֆրեդ Հովհաննիսյանի միջև 24.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Վահե Միրաքյանն Ալֆրեդ Հովհաննիսյանին է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանը: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 12.999.000 ՀՀ դրամ: Պայմանագրի 7-րդ կետի համաձայն` գնորդը պարտավոր է անշարժ գույքի համար վճարել նույն պայմանագրով սահմանված չափով և կարգով պայմանագրի կնքման պահին: Պայմանագիրը նույն օրը գրանցվել է սեղանամատյանում 9414 համարի տակ: Վահե Միրաքյանի կողմից պայմանագրի վերջում առկա` ստորագրությամբ հաստատված ձեռագիր գրության համաձայն` «ստացա վաճառքի գումարն ամբողջությամբ» (հատոր 5-րդ, գ.թ. 2):

8) Բանկի և Ալֆրեդ Հովհաննիսյանի միջև 12.11.2010 թվականին կնքված թիվ 2Է 1543 գրավի (հիփոթեքի) պայմանագրի 1.2 կետի համաձայն` Ալֆրեդ Հովհաննիսյանը 4.500.000 ՀՀ դրամ վարկի դիմաց գրավադրել է Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանը (հատոր 3-րդ, գ.թ. 33):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, դրա արդյունքում նաև` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է լուծվել մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտման հիմքով այն պարագայում, երբ կողմը չի ապացուցել իր համար այնպիսի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը, որը զգալիորեն զրկել է վերջինիս ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

4.1) Քննելով Ալֆրեդ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն` վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 501-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ առուվաճառքի պայմանագիրն այն իրավական միջոցն է, որն ապահովում է ապրանքադրամական փոխանակության իրականացումը: Նշված պայմանագիրը կնքվում է գույքը սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով, ընդ որում` գույքը փոխանցվում է դրամական հատուցմամբ: Առուվաճառքի պայմանագրի առանձնահատկությունն այն է, որ վաճառողը, վաճառելով իրեն սեփականության իրավունքով պատկանող որևէ ապրանք, իսկ գնորդը, դրամական հատուցմամբ գնելով այն, երկուստեք դադարեցնում են իրենց սեփականության իրավունքը համապատասխանաբար ապրանքի և դրամական միջոցների նկատմամբ (տե՛ս, Ստանիսլավ Հովակիմյանն ընդդեմ Արտաշես Դավթյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1791/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալից բխում է, որ առուվաճառքի պայմանագիրը հատուցելի գործարք է, քանի որ գույքը հանձնելու դիմաց գնորդը պարտավորվում է վաճառողին վճարել որոշակի գումար: Այլ կերպ ասած` առուվաճառքի պայմանագիրն իր բնույթով վաճառողի և գնորդի միջև առաջացնում է միմյանց փոխկապակցված, հանդիպակաց պարտավորություններ, որոնք հանգում են հետևյալին` վաճառողը պարտավորվում է հանձնել պայմանագրով նախատեսված գույքը, իսկ գնորդը, ընդունելով հանձնվող գույքը, պարտավորվում է վճարել դրա դիմաց որոշակի գումար` գինը: Ըստ այդմ, այն պարագայում, երբ կողմերից մեկը խախտում է առուվաճառքի պայմանագրից բխող վերոնշյալ պարտավորություններից որևէ մեկը, մյուս կողմը կարող է դատական կարգով պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնել: Մասնավորապես`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով պայմանագիրը կողմերից մեկի պահանջով լուծելիս ապացուցման բեռի բաշխման հարցին, նշել է, որ պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն հետևյալ երեք դեպքերում`

1. մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման առկայության դեպքում կամ

2. օրենքով նախատեսված դեպքում կամ

3. պայմանագրով նախատեսված դեպքում:

Վերոնշյալ երեք հիմքերից որևէ մեկով պահանջ ներկայացված լինելու դեպքում պայմանագրի փոփոխման կամ լուծման պահանջ ներկայացրած կողմը պետք է ապացուցի իր համար այնպիսի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը, որը զգալիորեն զրկում է վնաս կրած կողմին (պայմանագրի լուծման պահանջ ներկայացրած կողմին) ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հետևաբար պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացած հանգամանքի ապացուցման բեռը կրում է այդպիսի պահանջ ներկայացնող կողմը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածում «վնաս» եզրույթը ենթադրում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում ամրագրված իրական վնաս, բաց թողնված օգուտ կամ խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ծախսեր: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի հիմքով հայցապահանջ ներկայացվելու դեպքում ապացուցման առարկան են կազմում պայմանագրի խախտման փաստը (կամ օրենքով նախատեսված դեպքը կամ պայմանագրով նախատեսված դեպքը), այդ խախտումը պայմանադիր կողմի կողմից կատարելը, խախտման արդյունքում վնասի առաջացումը: Նշված փաստերի հաստատումից բացի դատարանի կողմից ինքնուրույն գնահատման են ենթակա խախտման էական լինելը և վնասի այնպիսին լինելը, որը պահանջ ներկայացրած կողմին զրկել է պայմանագրով ստացվող ակնկալիքից (տե՛ս, Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ քննարկվող դրույթում օգտագործված «զգալիորեն» հասկացությունը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր դեպքում այն գնահատելու համար պետք է ելնել պայմանագրից ստացվող այն ակնկալիքի բնույթից և ծավալից, որից զրկվել է պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնող կողմը (տե՛ս, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքն ընդդեմ Տարոն Գասպարյանի թիվ ՇԴ/0613/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացած հանգամանքի ապացուցման բեռը կրում է այդպիսի պահանջ ներկայացնող կողմը: Հետևաբար վերջինս պարտավորվում է ապացուցել, որ իր համար առաջացել է այնպիսի բացասական հետևանք (վնաս), որը զգալիորեն զրկել է վնաս կրած կողմին (պայմանագրի լուծման պահանջ ներկայացրած կողմին) ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավիճակին, երբ վաճառողը նշում է կատարել պայմանագրում` գումարը ստանալու վերաբերյալ, սակայն հետագայում վիճարկում է այդ փաստը: Ինչպես արդեն նշվեց` առուվաճառքի պայմանագրով նշված գումարը վճարելը գնորդի պարտականությունն է: Պայմանագրով նախատեսված գինը վճարված լինելու հանգամանքի մասին կարող է վկայել նաև պայմանագրում դրա վերաբերյալ նշում կատարելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավանորմերը չեն պարտավորեցնում առուվաճառքի պայմանագրի կողմերին կանխիկ գումարով պայմանագրի գնի վճարում նախատեսող պայմանով առուվաճառքի պայմանագրի շրջանակներից դուրս առանձին փաստաթուղթ կազմել կամ պայմանագրում հատուկ նշում կատարել պայմանագրի գինը գնորդի կողմից վճարված լինելու մասին: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրում որպես ապրանքի դիմաց վճարման պահ նշվում է պայմանագրի ստորագրման պահը, ապա պայմանագիրը գնորդի և վաճառողի կողմից ստորագրված լինելու հանգամանքը կարող է վկայել գնորդի կողմից ապրանքի դիմաց վճարում կատարած լինելու փաստը: Այնուամենայնիվ, չեն բացառվում նաև այն դեպքերը, երբ պայմանագրի կողմերը ցանկություն հայտնեն պայմանագրում նշում կատարել գնորդի կողմից պայմանագրի գինը վճարելու և վաճառողի կողմից այն ստացած լինելու վերաբերյալ: Հետևաբար, եթե առուվաճառքի պայմանագրում որպես ապրանքի դիմաց վճարման պահ նշվում է պայմանագրի ստորագրման պահը, և պայմանագրում գումարն ստանալու վերաբերյալ վաճառողի կողմից նշում առկա չէ, պայմանագրի գինը գնորդի կողմից վճարած լինելու կամ չլինելու վերաբերյալ վեճի դեպքում դրա վերաբերյալ դատարանի ներքին համոզմունքի ձևավորման համար էական նշանակություն ունի պայմանագիրն ստորագրելուց հետո կողմերի դրսևորած հետագա վարքագծի և այդ վարքագիծը պայմանավորող հանգամանքների պարզումը (տե՛ս, Հայկ Նազարյանն ընդդեմ Արմինե Թադևոսյանի թիվ ԵՇԴ/4213/02/14 քաղաքացիական գործով 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոշարադրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ պայմանագրի կողմերը պայմանագրում նշում են կատարել գնորդի կողմից պայմանագրի գինը վճարելու և վաճառողի կողմից այն ստացած լինելու վերաբերյալ, ապա գործում է այն կանխավարկածը, որ գնորդը վճարել է, իսկ վաճառողը` ստացել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

Սույն գործի փաստերի համաձայն` Ալֆրեդ Հովհաննիսյանի և Վահե Միրաքյանի միջև 25.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ալֆրեդ Հովհաննիսյանը Վահե Միրաքյանին է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանը: Վահե Միրաքյանի և Ալֆրեդ Հովհաննիսյանի միջև 24.09.2010 թվականին ստորագրված և նոտարական վավերացում ստացած հայտարարության համաձայն` Վահե Միրաքյանը և Ալֆրեդ Հովհաննիսյանը հայտարարություն են տվել այն մասին, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը համարել են լուծված: Միաժամանակ Վահե Միրաքյանը և Ալֆրեդ Հովհաննիսյանը հայտարարել են, որ միմյանց նկատմամբ գույքային և գումարային պարտք ու պահանջ չունեն: Հայտարարությունը նույն օրը գրանցվել է սեղանամատյանում 9413 համարի տակ: Վահե Միրաքյանի և Ալֆրեդ Հովհաննիսյանի միջև 24.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Վահե Միրաքյանն Ալֆրեդ Հովհաննիսյանին է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 39 շենքի 54-րդ բնակարանը: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 12.999.000 ՀՀ դրամ: Պայմանագրի 7-րդ կետի համաձայն` գնորդը պարտավոր է անշարժ գույքի համար վճարել նույն պայմանագրով սահմանված չափով և կարգով պայմանագրի կնքման պահին: Պայմանագիրը նույն օրը գրանցվել է սեղանամատյանում 9414 համարի տակ: Վահե Միրաքյանի կողմից պայմանագրի վերջում առկա ձեռագիր գրության համաձայն` վերջինս ամբողջությամբ ստացել է վաճառքի գումարը:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ հավաստի է համարում կողմերի պնդումները վիճելի պայմանագիրը ձևականորեն կնքված լինելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ դա բխում է կողմերի` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տրված բացատրություններից, որպիսի պայմաններում եզրակացրել է, որ «վիճելի պայմանագիրը որևէ կերպ չի առնչվում Վահե Միրաքյանի իրավունքներին և պարտականություններին, վերջինիս վերաբերյալ չի առաջացնում որևէ պարտավորություն այլ անձանց կողմից»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ պատասխանող կողմն առուվաճառքի պայմանագրի գինն իր կողմից վճարած չլինելու փաստն ուղղակի ընդունել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տրված բացատրությամբ, այսինքն` այդ փաստը չի վիճարկել, իսկ հայցվորը պայմանագրի լուծման պահանջի հիմքում դրել է հենց պայմանագրի գինը վճարված չլինելու փաստը, ուստի գտել է, որ հայցը ենթակա էր բավարարման:

Վերը շարադրված վերլուծությունների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Սույն գործով Վահե Միրաքյանը, ներկայացնելով առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջ, դրա հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողը չի վճարել պայմանագրով սահմանված գինը: Ի հիմնավորումն նշված փաստարկի` Վահե Միրաքյանը, մասնավորապես, վկայակոչել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի կողմից կազմված` բացատրություն վերցնելու մասին արձանագրությունները: Վերաքննիչ դատարանը, գնահատելով նշված ապացույցները, հետևություն է արել առ այն, որ հայցվորի կողմից վկայակոչված փաստը` առուվաճառքի գումարը վճարված չլինելու վերաբերյալ, հիմնավոր է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վահե Միրաքյանը, կրելով իր կողմից վկայակոչված փաստերն ապացուցելու պարտականությունը, ի հիմնավորումն դրանց` չի ներկայացրել բավարար ապացույցներ: Այսպես, հաշվի առնելով Վահե Միրաքյանի և Ալֆրեդ Հովհաննիսյանի միջև 24.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 7-րդ կետը, համաձայն որի` գնորդը պարտավոր է անշարժ գույքի համար վճարել նույն պայմանագրով սահմանված չափով և կարգով պայմանագրի կնքման պահին, ինչպես նաև նույն պայմանագրի վերջում առկա` Վահե Միրաքյանի ստորագրությամբ հաստատված գրառումը, համաձայն որի` վերջինս ամբողջությամբ ստացել է վաճառքի գումարը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում գործում է պայմանագրով սահմանված գինը գնորդի կողմից վճարված լինելու կանխավարկածը: Ի հերքումն այդ կանխավարկածի ներկայացված` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի կողմից կազմված` բացատրություն վերցնելու մասին արձանագրությունների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեԲ Վահե Միրաքյանը, թեԲ Ալֆրեդ Հովհաննիսյանը որևէ բացատրություն չեն տվել 24.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանների, և մասնավորապես` պայմանագրի գինը վճարված կամ չվճարված լինելու կապակցությամբ, առավել ևս` նրանցից որևէ մեկն ուղղակիորեն չի հայտարարել կամ ընդունել այդ փաստը: Ինչպես Վահե Միրաքյանը, այնպես էլ Ալֆրեդ Հովհաննիսյանը բացատրություն են տվել միայն այդ պայմանագրի կնքման շարժառիթների վերաբերյալ, ինչից միանշանակ չի կարող հետևություն արվել պայմանագրի գինը` վճարված չլինելու փաստի վերաբերյալ: Հետևաբար սույն գործում առկա ապացույցների հետազոտումից հետո վիճելի է նշված փաստի առկայությունը, ինչի բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, տվյալ պարագայում` Վահե Միրաքյանը:

Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե անգամ սույն գործով հիմնավորվեր պայմանագրի խախտման` առուվաճառքի գնի չվճարման փաստը, այդուհանդերձ, այն հիմք չէր կարող հանդիսանալ պայմանագիրը լուծելու համար, քանի որ հայցվորը չի հիմնավորել նաև իր համար այնպիսի բացասական հետևանքի` վնասի առաջացումը, որը զգալիորեն զրկել է վերջինիս ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Այսպես, սույն գործում առկա` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի կողմից կազմված` բացատրություն վերցնելու մասին արձանագրությունների ուսումնասիրությունից հետևում է, որ Վահե Միրաքյանը 24.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առարկա գույքն Ալֆրեդ Հովհաննիսյանից ի սկզբանե ձեռք է բերել առանց որևէ հատուցման և այն վերադարձնելու պարտականություն է ունեցել, Ալֆրեդ Հովհաննիսյանը Վահե Միրաքյանի նկատմամբ ստանձնած որևէ պարտավորություն չի ունեցել, ինչը հիմնավորվել է նաև Վահե Միրաքյանի կողմից նոտարական վավերացում ստացած հայտարարությամբ, որպիսի պայմաններում չի հիմնավորվում նաև Վահե Միրաքյանի կողմից վնաս կրելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատում, ինչն ազդել է գործի ելքի վրա:

4.2) Քննելով Բանկի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի վճռաբեկ բողոքի հիմքը և հիմնավորումները նույնանման են Ալֆրեդ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքի հիմքին և հիմնավորումներին, որոնց սույն որոշմամբ արդեն իսկ անդրադարձ է կատարվել, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պատճառաբանություններով Բանկի վճռաբեկ բողոքը ևս հիմնավոր է և ենթակա բավարարման:

Վճռաբեկ բողոքների դեմ Վահե Միրաքյանի կողմից բերված պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Վահե Միրաքյանից հօգուտ Ալֆրեդ Հովհաննիսյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, իսկ հօգուտ Բանկի` 60.000 ՀՀ դրամ` դարձյալ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար: Միաժամանակ Վահե Միրաքյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ` որպես Ալֆրեդ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2015 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Վահե Միրաքյանից հօգուտ Ալֆրեդ Հովհաննիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Վահե Միրաքյանից հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Վահե Միրաքյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԵԱՆԴ/0168/02/11
Որոշում