i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԱԴԴ/1557/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1557/02/14 2018թ.
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Տ. Նազարյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արտակ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Կարինե Լալաբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի, երրորդ անձ Խաչիկ Գասպարյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանները պահանջել են 10.05.2010 թվականին կնքված գործարքի նկատմամբ կիրառել առոչինչ` շինծու գործարքի անվավերության հետևանքներ և այդ հիմքով անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Արտակ Մարտիրոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 23.09.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.06.2016 թվականի որոշմամբ Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23.09.2015 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Մարտիրոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռեփսիկ և Գեղամ Գասպարյանների ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 306-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում: Մասնավորապես` ճիշտ չի գնահատել կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները և հիմք ընդունելով քրեական գործի շրջանակներում շահագրգիռ անձանց ցուցմունքները` հանգել է սխալ եզրակացության այն մասին, որ կողմերի միջև կնքված գործարքը շինծու է, և դրանով քողարկվել են փոխառության և գրավի գործարքները: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թե՛ օրինական ուժի մեջ մտած վճռով, թե՛ դատավճռով փոխառության հետ կապված հարաբերությունները հերքվել են:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել շինծու գործարքի առկայությունը հիմնավորելու համար անհրաժեշտ վավերապայմանների առկայությունը, մասնավորապես` անտեսելով, որ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, որոնք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: Մինչդեռ տվյալ դեպքում Արտակ Մարտիրոսյանի կամքի խաթարումը չի ապացուցվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.06.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.09.2015 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանն իրականացրել է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն` հիմնավորելով, որ Ռեփսիկ ու Գեղամ Գասպարյանների և Արտակ Մարտիրոսյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որն ապացուցվում է նաև թիվ ԱՎԴ2/0449/02/11 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով և Արտակ Մարտիրոսյանի ցուցմունքով, որի համաձայն` իրենց միջև կնքվել է փոխառության պայմանագիր, և Խաչիկ Գասպարյանն Արտակ Մարտիրոսյանին վերադարձրել է 15.000 ԱՄՆ դոլար, իսկ 15.000 ԱՄՆ դոլարը պարտք է մնացել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Գեղամ ու Ռեփսիկ Գասպարյանների և Արտակ Մարտիրոսյանի միջև 10.05.2010 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի` Արտակ Մարտիրոսյանը 12.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերել ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 11):
2. Կնքման ամսաթիվ չպարունակող և հասարակ գրավոր ձևով կնքված «Պայմանագիր» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` Ռեփսիկ Գասպարյանը պարտավորվել է պայմանագիրը ստորագրելու պահից վեց ամսվա ընթացքում Արտակ Մարտիրոսյանին վճարել 30.000 ԱՄՆ դոլար, որից հետո Արտակ Մարտիրոսյանը պարտավորվել է ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 հասցեի անշարժ գույքը վաճառել (անվանափոխել) Ռեփսիկ Գասպարյանին: «Պայմանագիրը» ստորագրել են Արտակ Մարտիրոսյանը, Ռեփսիկ ու Խաչիկ Գասպարյանները և Գուրգեն Մանուկյանը (հատոր 1-ին, գ.թ. 12):
3. Թիվ ԱՎԴ2/0449/02/11 քաղաքացիական գործով` ըստ հայցի Արտակ Մարտիրոսյանի ընդդեմ Գեղամ, Ռեփսիկ, Խաչիկ, Հռիփսիմե, Շահեն, Լուսինե Գասպարյանների և Արևիկ Պողոսյանի` բնակարանից վտարելու և ուրիշի ապօրինի տիրապետումից անշարժ գույքը հետ պահանջելու պահանջների մասին, և ըստ Գեղամ ու Ռեփսիկ Գասպարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի` նախապես վճարված 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով օտարելուն` նոտարական վավերացմամբ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 20.03.2014 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Նշված վճիռը հղում է պարունակում ըստ մեղադրանքի Արտակ Մարտիրոսյանի` թիվ ԱՎԴ2/0024/01/12 քրեական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.12.2012 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռին, որով Արտակ Մարտիրոսյանը թեև ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն) մեղսագրված հանցանքի կատարման մեջ ճանաչվել է անմեղ և արդարացվել է, սակայն նույն դատավճռից կատարված հղման համաձայն` քրեական գործի շրջանակներում քննարկվել է Արտակ Մարտիրոսյանին գումարներ վերադարձրած լինելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 81-92):
4. «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2011 թվականի գրության համաձայն` ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 բնակելի տան շուկայական արժեքը կազմում է 30.000.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը` 21.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 34):
5. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` ՀՀ Արարատի մարզի Գետափնյա համայնքի 9-րդ փողոցի թիվ 5 անշարժ գույքի շուկայական արժեքը 23.08.2013 թվականի դրությամբ կազմում է 25.318.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` շինծու գործարքի իրավական բնույթի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 306-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել շինծու գործարքի իրավական բնույթը` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը շինծու գործարքի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում չի կարող այդ գործարքը գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս, Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարել անդրադառնալ այն դեպքերին, երբ որպես շինծու գործարքով քողարկված իրավահարաբերություն վկայակոչվում է հիմնական պարտավորության կատարման ապահովմանն ուղղված պարտավորությունը (օրինակ` գրավի, երաշխավորության, երաշխիքի և այլն):
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը, այդ իսկ պատճառով էլ պարտավորությունների ապահովման միջոցներից որևէ մեկն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող:
Վերը նշված առանձնահատկության հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ որպես շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառում շահագրգիռ անձը դատարանից պահանջել է կիրառել պարտավորության կատարման ապահովման միջոցներից որևէ մեկի կանոնները, վերջինս նախևառաջ պարտավոր է ապացուցել հիմնական պարտավորության առկայության փաստը (տե՛ս, Ասյա Դավթյանը և մյուսներն ընդդեմ Կարինե Սիրեկանյանի թիվ ԵԱԴԴ/0134/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ շինծու գործարքներն ամեն դեպքում կամքի արատով գործարքներ են, քանի որ կողմերի` սահմանված ձևով արտահայտած կամահայտնությունը չի համապատասխանում նրանց ներքին կամքին: Ընդ որում, շինծու գործարք կնքելիս կողմերը նպատակ են հետապնդում հասնելու այն արդյունքին, որը նրանք կունենային քողարկված գործարքը բացահայտ կնքելիս` միաժամանակ խուսափելով քողարկված գործարքի կնքման հետևանքով առաջացող իրենց համար իրավական հետևանքներից:
Բոլոր այն դեպքերում, երբ շինծու գործարքով քողարկվում է պարտավորության կատարման ապահովումը, նախքան շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումը հարկ է ապացուցել հիմնական պարտավորության գոյության փաստը, քանի որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը և ինքնուրույն գոյություն ունենալ չեն կարող: Հետևաբար, երբ բավարար ապացույցներ չեն ներկայացվում հիմնական պարտավորության առկայության փաստը հիմնավորելու համար, գործարքի նկատմամբ շինծու լինելու հիմքով պարտավորության ապահովման համապատասխան միջոցի կանոնները չեն կարող կիրառվել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ամեն դեպքում շինծու գործարքի առկայությունն ապացուցելիս գործարքը վիճարկողը պետք է կարողանա ցույց տալ ոչ միայն գործարքի կողմերի կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը, այլ` նաև շինծու գործարքով այլ գործարք քողարկելու նպատակի առկայությունը, քողարկող գործարքի իրավական նպատակի իրականացված չլինելը, իսկ այնուհետև քողարկված գործարքի իրավական արդյունքի առկայությունը, այսինքն` իրավական նպատակին հասած լինելը, իսկ պարտավորության կատարման ապահովում քողարկելիս` նաև հիմնական պարտավորությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Գեղամ ու Ռեփսիկ Գասպարյանների և Արտակ Մարտիրոսյանի միջև 10.05.2010 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի` Արտակ Մարտիրոսյանը ձեռք է բերել ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 հասցեի անշարժ գույքը 12.000.000 ՀՀ դրամով: Կնքման ամսաթիվ չպարունակող և հասարակ գրավոր ձևով կնքված «Պայմանագիր» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` Ռեփսիկ Գասպարյանը պարտավորվել է պայմանագիրը ստորագրելու պահից վեց ամսվա ընթացքում Արտակ Մարտիրոսյանին վճարել 30.000 ԱՄՆ դոլար, որից հետո Արտակ Մարտիրոսյանը պարտավորվել է ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի թիվ 5 հասցեի անշարժ գույքը վաճառել Ռեփսիկ Գասպարյանին: «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2011 թվականի գրության համաձայն` ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի 5-րդ բնակելի տան շուկայական արժեքը կազմում է 30.000.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը` 21.000.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` նույն գույքի շուկայական արժեքը 23.08.2013 թվականի դրությամբ կազմում է 25.318.000 ՀՀ դրամ:
Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ սույն գործով նախադատելիության ուժով հերքվել է շինծու գործարքի առկայությունը, հետևաբար առկա չէ որևէ հիմք` գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար: Դատարանը գտել է, որ թիվ ԱՎԴ2/0024/01/11 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, նույն գործով կայացված ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, թիվ ԱՎԴ2/0449/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված, սույն գործի համար նախադատելի ճանաչված հանգամանքների առկայության պայմաններում գործում առկա մնացած ապացույցները չեն կարող կողմերի միջև կնքված գործարքի շինծու լինելը փաստելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու համար բավարար ապացույցներ համարվել:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ռեփսիկ ու Գեղամ Գասպարյանների վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում հաշվի չի առել գործում առկա ապացույցները, մասնավորապես` այն, որ բացի Գեղամ ու Ռեփսիկ Գասպարյանների և Արտակ Մարտիրոսյանի միջև 10.05.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից, նույն անձանց միջև կնքված մեկ այլ պայմանագրի համաձայն` վաճառողները պարտավորվել են պայմանագիրը ստորագրելու պահից 6 ամսվա ընթացքում Արտակ Մարտիրոսյանին վճարել 30.000 ԱՄՆ դոլար, որից հետո վերջինս պարտավորվել է անշարժ գույքը վաճառել Ռեփսիկ Գասպարյանին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված պայմանագրի առկայությունը վկայում է կողմերի այլ կամահայտնության մասին, այն է` կողմերի միջև ծագել են ոչ թե առուվաճառքի, այլ` փոխառության և գրավի իրավահարաբերություններ: Վերաքննիչ դատարանը հղում է կատարել թիվ ԱՎԴ2/0024/01/11 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման փաստերին, վկաների, ինչպես նաև Արտակ Մարտիրոսյանի` որպես կասկածյալի ցուցմունքներին` արձանագրելով, որ դրանցով հիմնավորվում է գործարքի շինծու լինելը:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ շինծու գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի շինծու գործարքին բնորոշ սույն որոշմամբ արձանագրված բոլոր հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար շինծու գործարքի առկայությունը հաստատված համարելու պահանջի վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման վրա հիմնված ներքին համոզմամբ պարզել շինծու գործարքին բնորոշ հատկանիշների առկայությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը գործարքի շինծու լինելը հիմնավորել է` հիմք ընդունելով «Պայմանագիր» վերտառությամբ փաստաթուղթը, ինչպես նաև թիվ ԱՎԴ2/0024/01/11 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը գործում առկա չէ (առկա է միայն գրավոր փաստաթուղթ` նշված քրեական գործի տվյալներով, սակայն փաստաթղթից հնարավոր չէ հաստատել դրա իսկությունը): Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հղում է կատարել Արտակ Մարտիրոսյանի ցուցմունքներին, մինչդեռ գործում առկա հարցաքննության արձանագրությունն անընթեռնելի է, հետևաբար չէր կարող Վերաքննիչ դատարանի կողմից դիտվել որպես պատշաճ ապացույց: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը չի իրականացրել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել գործում առկա ապացույցները, այդուհանդերձ գործով պատշաճ քննություն իրականացված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` շինծու գործարքի առկայության համար պայմանները բացահայտելու համար` նկատի ունենալով, որ Դատարանը դատական ակտերի (այդ թվում` քրեական գործով առկա, սակայն սույն գործով չներկայացված դատական ակտերի) ենթադրաբար նախադատելի լինելու վկայակոչմամբ գործում առկա այլ ապացույցների գնահատում չի իրականացրել, իսկ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Դատարանը պատշաճ քննություն չի իրականացրել, վեճը լուծել է` հիմք ընդունելով միայն «Պայմանագիր» վերտառությամբ փաստաթուղթը` չգնահատելով շինծու գործարքի առկայությունը հիմնավորելու համար անհրաժեշտ այլ հանգամանքները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` գնահատելու համար շինծու գործարքի համար անհրաժեշտ և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով բացահայտված պայմանների առկայությունը, մասնավորապես` պարզելու համար գործարք կնքած երկու կողմի կամքի և կամահայտնության հարաբերակցությունը, փաստացի այլ պարտավորական (ընդ որում` և՛ հիմնական, և՛ լրացուցիչ) պարտավորությունների առկայությունը, շինծու գործարքի կնքման նպատակը, Արտակ Մարտիրոսյանին հայցվորների կողմից առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո ենթադրաբար գումարներ վճարած լինելու հանգամանքը և նման վճարման նպատակը, առուվաճառքի պայմանագրի գնի հարաբերակցությունը պայմանագրի առարկայի շուկայական գնին, ինչպես նաև` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան