Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԿԴ/0115/01/16
Գործ թիվ ԵԿԴ/0115/01/16  
Նախագահող դատավոր` Ա. Ազատյան  
                  Դատավորներ`   Տ. Սահակյան
                                                  Ա. Խաչատրյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ`
ամբաստանյալ Դ. Վարդանյանի
դատախազ Տ. Պողոսյանի

 

 

                 

2017 թվականի դեկտեմբերի 20-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Դավիթ Գագիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի մայիսի 18-ի որոշմամբ հարուցվել է թիվ 15103615 քրեական գործը:

i

2016 թվականի ապրիլի 13-ին Դավիթ Գագիկի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2016 թվականի մայիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Դ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի ժամկետով: Դ.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Վերոհիշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Դ.Վարդանյանը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի ապրիլի 14-ին որոշել է Դ.Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել, Դ.Վարդանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել ամբաստանյալ Դ.Վարդանյանը և տուժող Խ.Հովհաննիսյանը` խնդրելով Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել անփոփոխ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինը Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա «(...) 2015 թվականի մայիսի 03-ին, ժամը 22:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 90 VV 550 պ/հ-ի ավտոմեքենայով Երևան քաղաքի Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկի մոտ ընկել է խցանման մեջ: Հաշվի չառնելով խցանման հանգամանքը` խուլիգանական մղումներով, այն է` ինքնահաստատման, անպարկեշտ վարքագծով իր անձը հասարակությանը հակադրելու, իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով` ճանապարհը զիջելու նպատակով ձայնային տևական ազդանշան է տվել առջևում խցանման մեջ գտնվող «Օպել» մակնիշի 35 ՍՍ 005 պ/հ ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Հրաչի Հովհաննիսյանին և տեսնելով, որ վերջինս ճանապարհը չի զիջում, բացի այդ, զրկված է ճանապարհը զիջելու հնարավորությունից` ճանապարհի աջ հատվածով մի պահ հավասարվել է վերջինիս ավտոմեքենային և չնչին առիթով սկսել է սպառնալ ու սեռական բնույթի հայհոյանքներ տալ Խ.Հովհաննիսյանի հասցեին: Ապա, շուրջ 5 րոպե տևողությամբ, հիշյալ վայրում, քաղաքացիների ներկայությամբ շարունակել է հայհոյել և վիճաբանել Խաչատուր Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Խ.Հովհաննիսյանի գլխի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` ձախ ակնակապճային շրջանի հյուսվածքների արյունազեղման, արյունահավաքի, նույն շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնագնդի 1-ին աստիճանի սալջարդի, N 24 ատամի հոդախախտի և ձախ այտոսկրի բեկորային կոտրվածքի ձևերով, որն ուղեկցվել է ձախ հայմորյան խոռոչի հեմոսինուսիտով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 195-196):

i

6. Առաջին ատյանի դատարանը դատավճռում արձանագրել է. «(...) Դ.Վարդանյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ուստի, վերջինս կատարած հանցավոր արարքի համար ենթակա է պատժի:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կողմից կատարած հանցագործության բնույթն ու դրա հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Որպես ամբաստանյալ Դավիթ Գագիկի Վարդանյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի անցնում, նախկինում դատված կամ որևէ այլ կերպ արատավորված չի եղել:

(...)

i

Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որպես ամբաստանյալ Դավիթ Գագիկի Վարդանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում` պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքի տակ մանկահասակ երեխայի` 30.03.2016թ.-ին ծնված Գագիկ Դավիթի Վարդանյանի, առկայությունը:

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դավիթ Գագիկի Վարդանյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:

(...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Գագիկի Վարդանյանի կողմից կատարված հանցավոր արարքի համար նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակվի ազատազրկման ձևով` որպիսի պատիժը նա պետք է կրի» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 1-25):

i

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը` «(...) Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալ Դավիթ Վարդանյանի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին:

(...)

(...) Առաջին ատյանի դատարանը Դավիթ Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես`

ա) վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, որ Դավիթ Վարդանյանը Խաչատուր Հովհաննիսյանին հարվածել է ձեռքերով,

բ) չի գնահատել հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես` այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է միջին ծանրության վնաս, չի նախատեսել իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

գ) հաշվի չի առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ չնայած ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, սակայն այն չէր կարող առաջ բերել ավելի ծանր հետևանքներ:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վերոհիշյալ հանգամանքներն օբյեկտիվորեն նվազեցնում են ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցագործության հանգամանքները, եղանակը, Դավիթ Վարդանյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:

(...)

i

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատական ակտին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին: Առաջին ատյանի դատարանի դատական ակտում Դավիթ Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ արված հետևությունը հիմնված չէ դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 60-71):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների խախտումներով:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանն անտեսել է Դ.Վարդանյանի կատարած արարքի բնույթը, դրա վտանգավորության աստիճանն ու կատարման հանգամանքները, անձի առողջության պահպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների կարևորությունը, Դ.Վարդանյանի կողմից հասցված հարվածների հետևանքով տուժողի ստացած վնասվածքների բնույթը և առավել վտանգավոր հետևանքների առաջացման իրական հնարավորությունը, ամբաստանյալի վարքագծի խուլիգանական շարժառիթը, ակնհայտ արհամարհանքը համակեցության կանոնների նկատմամբ:

8.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ տուժողի գլխին հարվածներ հասցնելիս ամբաստանյալը գիտակցել է նրան միջին ծանրության վնաս պատճառելու հանգամանքը, բողոքաբերը նշել է, որ Դ.Վարդանյանը գործել է չկոնկրետացված դիտավորությամբ, որն ընդգրկել է նրա գործողությունների հետևանքով առաջացող բոլոր հնարավոր հետևանքները, հետևաբար այդ փաստարկը ողջամիտ չէ: Բողոք բերած անձն անընդունելի է համարել նաև ստորադաս դատարանի այն հետևությունը, որ Դ.Վարդանյանի գործողությունների արդյունքում առավել վտանգավոր հետևանքներ չէին կարող առաջանալ` ընդգծելով, որ այդ հանգամանքի վերաբերյալ կանխատեսական դատողություններ չեն արվում նաև դատական բժշկության բնագավառում:

Բողոքաբերի կարծիքով ամբաստանյալ Դ.Վարդանյանի արարքին կամ նրա անձին դրական բնութագիր չի տալիս նաև տուժողի կարծիքն առ այն, որ նա երիտասարդ է, դրսևորել է «տաքարյուն» վարքագիծ և նրա նկատմամբ գույքային պահանջ չունի:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Դ.Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

i

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (տե՛ս թիվ ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15, ԵԱԴԴ/0038/01/15, ԵԿԴ/0130/01/15, ՍԴ/0094/01/15, ՍԴ3/0201/01/15 գործերով որոշումները):

i

11.1. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ հանցագործության կատարման հանգամանքները յուրաքանչյուր քրեական գործով պետք է գնահատման ենթարկվեն հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում: Մասնավորապես գնահատման արդյունքում դատարանը պետք է պարզի հանցավոր վարքագծի դրսևորմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այլն (տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հրանտ Պարանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 13-րդ կետը):

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դ.Վարդանյանը, անտեսելով խցանման հանգամանքը, սկսել է տևական ազդանշան արձակել առջևում խցանման մեջ գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խ.Հովհաննիսյանին: Տեսնելով, որ վերջինս ճանապարհը չի զիջում (զրկված է ճանապարհը զիջելու հնարավորությունից), աջ հատվածով հավասարվել է Խ.Հովհաննիսյանի ավտոմեքենային և սկսել սպառնալ ու սեռական բնույթի հայհոյանքներ տալ նրա հասցեին: Քաղաքացիների ներկայությամբ Դ.Վարդանյանը շուրջ հինգ րոպե շարունակել է հայհոյանքն ու վիճաբանությունը, որի ընթացքում խուլիգանական դրդումներով ձեռքերով հարվածներ է հասցրել Խ.Հովհաննիսյանի գլխի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

12.1. Մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Դ.Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում պատշաճ վերլուծության չի ենթարկել հանցագործությանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև վնասված հասարակական հարաբերության բնույթը և հանցանքի կատարման եղանակը, այն է` տուժողի գլխի տարբեր մասերին ձեռքերով հարվածներ հասցնելը և վերջինիս առողջությանը ձախ այտոսկրի բեկորային կոտրվածքի ձևով միջին ծանրության վնաս պատճառելը: Վերոնշյալ հանգամանքներն ակնհայտորեն վկայում են հանցավորի և նրա կատարած արարքի բարձր հանրային վտանգավորության մասին:

13. Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ վերլուծելով կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, գնահատման ենթարկելով առկա մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատիժ է նշանակել մեկ տարի ժամկետով ազատազրկում և եկել իրավաչափ եզրահանգման, որ Դ.Վարդանյանի կողմից նշանակված պատիժը կրելու պայմաններում է հնարավոր հասնել պատժի նպատակների իրագործմանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դ.Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

14. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Վերաքննիչ դատարանի կողմից որպես Դ.Վարդանյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանն օբյեկտիվորեն նվազեցնող գնահատված հանգամանքներին, այն է` տուժողին միայն ձեռքերով հարվածելուն, վերջինիս առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հանգամանքը գիտակցելուն, սակայն իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը չնախատեսելուն և հանցավորի արարքի արդյունքում ավելի ծանր հետևանքների առաջացումը բացառելուն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Մասնավորապես Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժողի գլխին միայն ձեռքերով հարվածելը դեռևս հիմք չէ եզրահանգելու, որ հանցավորի կատարած արարքը իրենից նվազ վտանգավորություն է ներկայացնում:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է միջին ծանրության վնաս, չի նախատեսել իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իր մեջ հակասություն է պարունակում, քանի որ ստորադաս դատարանը մի կողմից` արձանագրել է, որ ամբաստանյալը գիտակցել է իր գործողություններով տուժողի առողջությանը հենց միջին ծանրության վնաս պատճառելու հանգամանքը, մյուս կողմից` ընդգծել, որ Դ.Վարդանյանը չի նախատեսել իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը: Վճռաբեկ դատարանը գործի փաստական տվյալների վերլուծության արդյունքում գտնում է, որ ամբաստանյալը տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելիս գործել է չկոնկրետացված դիտավորությամբ, որի պարագայում նախատեսել է ցանկացած հետևանքի առաջացման հնարավորությունը և դրանցից յուրաքանչյուրի առաջացումը նրա համար եղել է ցանկալի, ուստի և այն չի կարող դիտարկվել որպես կատարված արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող հանգամանք:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ չնայած ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, սակայն այն չէր կարող առաջ բերել ավելի ծանր հետևանքներ, ապա այն ընդամենը ենթադրություն է, հիմնված չէ գործի նյութերից բխող որևէ փաստական տվյալի վրա, հետևաբար նույնպես չի կարող գնահատվել որպես կատարված արարքի վտանգավորությունը նվազեցնող հանգամանք:

i

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նաև նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Դավիթ Գագիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.12.2017
N ԵԿԴ/0115/01/16
Որոշում