Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 215-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 215-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՇԴ3/0012/01/15
Գործ թիվ  ՇԴ3/0012/01/15 
Նախագահող դատավոր`  Ա. Դանիելյան 
                   Դատավորներ`   Կ. Ղազարյան
                                                   Ռ. Բարսեղյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
 Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
դատախազ Հ. Ենոքյանի
պաշտպան Ա. Շահբազյանի

 

                   

2017 թվականի դեկտեմբերի 20-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Հարություն Զոհրաբի Շահբազյանի պաշտպան Ա.Շահբազյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58216314 քրեական գործը:

i

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Հարություն Զոհրաբի Շահբազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Արամայիս Համիկի Գյադուկյանը նույնպես ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 38-215-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հոկտեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Հ.Շահբազյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, և նա արդարացվել է: Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է նաև Ա.Գյադուկյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում:

3. Մեղադրող Հ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը, և գործն ուղարկել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Շահբազյանի պաշտպան Ա.Շահբազյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Շահբազյանի պաշտպանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Հ.Շահբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «2012 թվականին նպատակ ունենալով իր կողմից ձեռք բերված խոշոր չափերով` 32.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով «Bentley Continental» մակնիշի, SCBCR63W55CՕ25846 նույնացման համարով ավտոմեքենան Վրաստանից մաքսանենգության եղանակով տեղափոխել Հայաստան, ՀՀ ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան «Բավրա» մաքսային կետի ԱՄՀԸ բաժանմունքի մաքսային տեսուչ Արամայիս Գյադուկյանի օժանդակությամբ, մաքսանենգությամբ` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով` 2012 թվականի նոյեմբերի 19-ին տեղափոխել է ՀՀ տարածք: Մասնավորապես, նախնական հանցավոր համաձայնության է եկել ՀՀ ՖՆ Շիրակի տարածաշրջանային մաքսատան «Բավրա» մաքսակետի տեսուչ Արամայիս Գյադուկյանի հետ` վերջինիս օժանդակությամբ` կեղծ փոխադրման ամփոփագիր կազմելու և իրեն տրամադրելու միջոցով, ավտոմեքենան ՀՀ տարածք տեղափոխելու վերաբերյալ: Այնուհետև, ի կատարման հանցավոր մտադրության, 2012 թվականի նոյեմբերի 19-ին նշված ավտոմեքենայով Վրաստանից մուտք է գործել «Բավրա» մաքսակետ, որտեղ մաքսատան տեսուչ Արամայիս Գյադուկյանը, դիտավորյալ խախտելով ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման ամփոփագրերի ձևակերպման կարգը, անձնական կամ այլ դրդումներով, ՀՀ ներմուծվող «Bentley Continental» մակնիշի, SCBCR63W55CՕ25846 նույնացման համարով ավտոմեքենայի վերաբերյալ կազմել է թիվ 2012/22/12918 կեղծ փոխադրման ամփոփագիրը` առանց հաշվառման բլանկի օգտագործման և նշված տրանսպորտային միջոցի տվյալների փոխարեն, ավտոտրանսպորտային միջոցի հիմքերի փաստաթղթերին է կցել «Toyota Seguoia» մակնիշի, 5TDBT48A22S078266 նույնացման համարով մեկ այլ ավտոմեքենայի տվյալներով փոխադրման ամփոփագիր` մաքսային էլեկտրոնային համակարգում փաստացի ներմուծվող ավտոմեքենան չարտացոլելու համար, դրանով իսկ պայմաններ է ստեղծել և օժանդակել է Հարություն Շահբազյանին վերը նշված «Bentley Continental» մակնիշի, SCBCR63W55CՕ25846 նույնացման համարով ավտոմեքենան Հայաստան տեղափոխելուն: Վերջինս էլ ստանալով կեղծ ամփոփագիրը, մուտք է գործել ՀՀ տարածք և մաքսանենգության եղանակով տեղափոխել ավտոմեքենան» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 286-287):

i

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) Հիմք ընդունելով Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հարություն Զոհրաբի Շահբազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Արամայիս Համիկի Գյադուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում պետք է արդարացնել` ճանաչելով և հռչակելով վերջիններիս անմեղությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 212-213):

i

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 16.05.2016թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն. օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:

Ընդ որում, սույն քրեական գործի շրջանակներում, (ամբաստանյալների նկատմամբ) այդ փոփոխության կիրառման և դրանից բխող հնարավոր իրավական հետևանքների առաջացման հնարավորության հարցին, (մեղադրողի կողմից վերջիններիս նկատմամբ կայացված արդարացման դատական ակտը (դատավճիռը) բողոքարկելու պայմաններում) հնարավոր է անդրադառնալ միայն հետագայում:

i

Մասնավորապես` ամբաստանյալ Հ.Շահբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (վերագրվող արարքի իմաստով` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող), իսկ ամբաստանյալ Ա.Գյադուկյանին 38-215-րդ հոդվածի 1-ին մասով (վերագրվող արարքի իմաստով` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող), այսինքն` վերագրվող արարքների կատարման ժամանակ գործող` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև ամբաստանյալ Ա.Գյադուկյանի մասով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշների առկայության կամ բացակայության հարցում, վերջիններիս առնչությամբ հիմնավոր հետևությունների հանգելուց հետո նոր միայն:

Այլ կերպ ասած, մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա ամբաստանյալ Հարություն Շահբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (վերագրվող արարքի իմաստով` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող) և ամբաստանյալ Արամայիս Գյադուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով (վերագրվող արարքի իմաստով` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներին և նշված մեղադրանքներով վերջիններիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու իրավաչափության հարցին անդրադառնալուց հետո նոր միայն:

(...)

i

Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, դատաքննությամբ վերստին քննարկման առարկա դարձնել (հետազոտել) դատաձեռագրաբանական, դատատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունն, ինչպես նաև գործում առկա և մեղադրանքի հիմքում դրված մյուս փաստական տվյալներն իրենց համակցությամբ, որից հետո նոր միայն, հնարավոր է հանգել հիմնավոր հետևության, սույն գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքի առնչությամբ, ինչպիսին է ամբաստանյալներ Հարություն Շահբազյանի և Արամայիս Գյադուկյանի մեղավորությունը քրեական օրենքով նախատեսված (այդ թվում նաև` վերագրվող արարքների իմաստով` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով) նրանց մեղսագրված արարքները կատարելու մեջ:

(...)

Քրեական օրենքում նման փոփոխություն կատարելու փաստն ինքնին չի բացառում (մեղադրողի վերաքննիչ բողոքի առկայության պայմաններում) ամբաստանյալներին վերագրվող արարքների իմաստով, իրավահարաբերության ծագման ժամանակ գործող` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալու իրավական հնարավորությունը:

Այսինքն, ամբաստանյալներին վերագրվող արարքների իմաստով, իրավահարաբերության ծագման ժամանակ գործող` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված ամբողջական հանցակազմի հատկանիշների առկայության կամ բացակայության հարցում հիմնավոր հետևության հանգելուց հետո նոր միայն հնարավոր է անդրադառնալ վերը նշված (քրեական օրենքում կատարված) փոփոխության ուժով հնարավոր իրավական հետևանքների առաջացման և վերջիններիս նկատմամբ դրանց կիրառման հնարավորության հարցին (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 146-147, 170-173):

i

7.1. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 27-ի դատական նիստի ձայնային արձանագրության վերարտադրությունից երևում է, որ մեղադրողը, բողոքի հիմնավորումները ներկայացնելու ընթացքում պնդելով իր վերաքննիչ բողոքը, նշում է, որ ապացույցները բավարար են Հ.Շահբազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճիռ կայացնելու համար, սակայն հաշվի առնելով 16.05.2016 թվականի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և այն հանգամանքը, որ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը տվյալ օրենքով ապաքրեականացվել է, ուստի դատարանին միջնորդում է բավարարել վերաքննիչ բողոքը և քրեական գործի վարույթը Հ.Շահբազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Գյադուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով կարճել` հանցակազմի բացակայությամբ` արարքի ապաքրեականացման պատճառաբանությամբ, իսկ Ա.Գյադուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (տե՛ս Վերաքննիչ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 130):

i

7.2. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի դատական նիստի ձայնային արձանագրության վերարտադրության համաձայն` մեղադրողը վերաքննիչ բողոքը պնդում է ամբողջությամբ, սակայն օրենքի փոփոխության պարագայում նշում է, որ փոփոխել է վերաքննիչ բողոքի պահանջը: Մասնավորապես խնդրում է բավարարել վերաքննիչ բողոքը, բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը, 2016 թվականի մայիսի 16-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու հիմքով, Հ.Շահբազյանի (ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով) և Ա.Գյադուկյանի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ Ա.Գյադուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով մեղավոր ճանաչել (տե՛ս Վերաքննիչ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, հատոր 3-րդ, թերթ 130):

i

8. 2016 թվականի մայիսի 16-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 25-ին: Տվյալ օրենքի 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

i

Ի հիմնավորում վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը և օրենքի հետադարձ ուժը չի տարածել կատարված արարքի նկատմամբ: Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով ապրանքների մաքսանենգությունն ապաքրեականացվել է, ինչը ենթադրում է, որ Վերաքննիչ դատարանը, այդ փաստը հայտնաբերելով, պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Հ.Շահբազյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն, ի հակառակ վերոնշյալի, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության` կատարված արարքում ամբաստանյալների մեղավորության հարցը պարզելու նպատակով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը քննության չի առել մեղադրողի կողմից քրեական հետապնդումը բացառող հանգամանք հայտնաբերելու հիմքով ներկայացված միջնորդությունը:

Միաժամանակ, բողոքաբերի համոզմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտն առերևույթ հակասում է Ֆ.Գալստյանի, Ս.Սաքանյանի, Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք արարքի հանցավորությունը վերացնող օրենքի առկայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղսագրված արարքի կատարման մեջ ամբաստանյալ Հ.Շահբազյանի մեղավորության հարցը պարզելու համար գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

12. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ»:

i

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել որևէ գործողության կամ թողտվության հետևանքով որևէ քրեական հանցագործություն կատարելու մեջ, որը, այն կատարվելու պահին գործող ներպետական օրենսդրության կամ միջազգային իրավունքի համաձայն, չի հանդիսացել քրեական հանցագործություն: Հավասարապես չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառման էր ենթակա քրեական հանցագործության կատարման պահին: Եթե հանցագործությունը կատարվելուց հետո օրենքով ավելի թեթև պատիժ է սահմանվում, այդ օրենքի գործողությունը տարածվում է տվյալ հանցագործի վրա»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:

i

ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»:

i

Մեջ բերված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Միևնույն ժամանակ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես քրեական օրենքը հետադարձ ուժ է ստանում, այսինքն` դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա հետևյալ դեպքերում.

1. նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում),

2. նոր օրենքը մեղմացնում է պատիժը,

3. նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:

Անդրադառնալով արարքի հանցավորությունը վերացնող օրենքին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նոր օրենքը դիտարկվում է որպես այդպիսին, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում), կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որի արդյունքում հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում) (տե՛ս Գասպար Արամի Պողոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11, Վաղարշակ Էդիկի Գալոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումները):

i

13. Նախքան «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` «Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների (...)»:

i

2016 թվականի մայիսի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «Օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել»:

i

2016 թվականի մայիսի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի 6-9-րդ հոդվածների համաձայն` քրեական օրենսգիրքը լրացվել է 215.1-րդ, 235.1-րդ և 267.1-րդ հոդվածներով, որոնք պատասխանատվություն են սահմանում համապատասխանաբար` կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգության, խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության համար:

i

Մեջ բերված նորմերի վերլուծությունից երևում է, որ 2016 թվականի մայիսի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն օրենքով տեղի է ունեցել մաքսանենգության հանցակազմի մասնակի ապաքրեականացում: Մասնավորապես` մաքսանենգության համար պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել, փոխարենը` ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է 215.1-րդ, 235.1-րդ և 267.1-րդ հոդվածներով, որոնք պատասխանատվություն են նախատեսում միայն որոշակի տեսակի առարկաների մաքսանենգության համար: Հետևաբար վերոնշյալ օրենքը հանդիսանում է արարքի հանցավորությունը մասնակիորեն վերացնող, ուստի տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն (եթե, իհարկե, վերջիններիս արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ, 235.1-րդ և 267.1-րդ հոդվածների հատկանիշներին):

i

14. ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով մինչդատական և դատական վարույթների շրջանակներում անձի նկատմամբ արարքի հանցավորությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու հարցին, արձանագրել է. «(...) Արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ ուժի կիրառումն ապահովելու վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ արարքի պատժելիության վերացումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (տես` ՀՀ վճռաբեկ դատարանի 05.11.2010թ. ԼԴ/0286/01/09 որոշումը) գնահատվում է որպես արարքի մեջ հանցակազմի բացակայություն, ինչը ենթադրում է, որ ապաքրեականացված արարքի փաստով քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները:

Հատկանշական է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ իրավական դիրքորոշումը վերաբերելի է միայն քրեական գործով մինչդատական և դատական վարույթների շրջանակներում անձի նկատմամբ արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու հարցին: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ քրեական գործով մինչդատական վարույթի շրջանակներում հիշյալ օրենքի կիրառումն իրականացվում է քրեական հետապնդման մարմնի` քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, առաջադրված մեղադրանքը վերացնելու կամ մեղադրանքից հրաժարվելու մասին որոշումներով, իսկ դատական վարույթի շրջանակներում` դատարանի` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ (...)» (տե՛ս 2017 թվականի փետրվարի 14-ին կայացված թիվ ՍԴՈ-1348 որոշումը):

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի վերաբերյալ գործով որոշմամբ` արձանագրելով հետևյալը. «(...) Թեև (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):

15. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ Հ.Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թվականի նոյեմբերի 19-ին խոշոր չափերով` 32.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, «Bentley Continental» մակնիշի ավտոմեքենան Վրաստանից մաքսանենգության եղանակով ՀՀ տեղափոխելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է Հ.Շահբազյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և նրան արդարացրել է (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով օրենսդրական փոփոխությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու հանգամանքին, գտել է, որ ամբաստանյալների նկատմամբ այդ փոփոխության կիրառման հնարավորությանը և դրանից բխող իրավական հետևանքների առաջացմանը հնարավոր է անդրադառնալ միայն հետագայում` դատարանի կողմից ամբաստանյալներին մեղսագրված արարքների կատարման մեջ վերջիններիս մեղավորության հարցը լուծելուց հետո: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ քրեական օրենքում նման փոփոխություն կատարելու փաստն ինքնին չի բացառում ամբաստանյալներին վերագրվող արարքների` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալու իրավական հնարավորությունը: Արդյունքում եզրահանգել է, որ դատական ակտն անհրաժեշտ է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

i

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, 2016 թվականի մայիսի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել ամբաստանյալ Հ.Շահբազյանի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

Այսպես` քննարկվող օրենքի ընդունմամբ ամբաստանյալին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է, ուստի Հ.Շահբազյանի արարքում հանցակազմը բացակայում է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերը կրում են իմպերատիվ բնույթ, և դրանցից մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը: Մինչդեռ, հակառակ առկա օրենսդրական կարգավորումների, Վերաքննիչ դատարանը գործի վարույթը բացառող հանգամանք հայտնաբերելու պայմաններում շարունակել է այն, արարքի հանցավորությունը վերացնող օրենքն անձի նկատմամբ հետադարձությամբ չի կիրառել` դրա կիրառումը պայմանավորելով որոշակի հանգամանքներով (արդարացման դատական ակտ կայացնելու իրավաչափության հարցին անդրադառնալուց հետո միայն) (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքի հանցավորությունը վերացնող օրենքի առկայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղսագրված արարքի կատարման մեջ ամբաստանյալ Հ.Շահբազյանի մեղավորության հարցը պարզելու համար գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:

i

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, արարքի հանցավորությունը վերացնող օրենքին հետադարձ ուժ չտալով և քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությամբ գործի քննությունը շարունակելով, կայացված դատական ակտը բեկանելով և այն նոր քննության ուղարկելով, խախտել է ՀՀ Սահմանադրության 72-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը Վճռաբեկ դատարանին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, հիմք է տալիս բեկանելու Վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժի մեջ թողնելու Հ.Շահբազյանի մասով Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հարություն Զոհրաբի Շահբազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշումը բեկանել և նրա մասով օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.12.2017
N ՇԴ3/0012/01/15
Որոշում