Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ, 157-ՐԴ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ, 157-ՐԴ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԿԴ1/0014/01/16 
Գործ թիվ  ԿԴ1/0014/01/16 
Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան  
                  Դատավորներ`  Ա. Խաչատրյան

                                                 Ս. Համբարձումյան

 

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ`
ամբաստանյալ Ա. Մկրտչյանի
պաշտպան Ա. Ղազարյանի

                   

 

2017 թվականի օգոստոսի 30-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Նորիկ Արտուշի Հարությունյանի և Արտաշես Միշայի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2015 թվականի մայիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ս.Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է թիվ 20119515 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

i

2016 թվականի մարտի 12-ի որոշմամբ Նորիկ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ն.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2016 թվականի մարտի 12-ի որոշմամբ Արտաշես Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ն.Հարությունյանի և Ա.Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 5-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Ն.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով:

i

Նույն դատավճռով Ա.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և շահագործման բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով:

i

3. Ամբաստանյալ Ն.Հարությունյանի պաշտպան Ա.Ղազարյանի և ամբաստանյալ Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ պաշտպան Ա.Ղազարյանի բողոքն ամբողջությամբ, իսկ ամբաստանյալ Ա.Մկրտչյանի բողոքը մասնակիորեն բավարարել է` Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 5-ի դատավճիռը պատժի մասով բեկանել է, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալներ Ն.Հարությունյանի և Ա.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է փորձաշրջան` համապատասխանաբար 1 (մեկ) և 2 (երկու) տարի ժամկետներով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալներ Ն.Հարությունյանի և Ա.Մկրտչյանի պաշտպան Ա.Ղազարյանը, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել բողոքաբերի փաստարկներին և խնդրել վճռաբեկ բողոքը մերժել` ստորադաս դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Ն.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա, ունենալով վարորդական իրավունքի վկայական և խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի, «Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման» հրահանգի 4-րդ բաժնի 2.3 կետի և «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման և տեխնիկական կանոնագրքի 5-րդ կետի պահանջները, այն է` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում կարող են կատարել միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված հավատարմագրման վկայագիր, 2009թ. գազաբալոն ձեռք բերելուց հետո չունենալով համապատասխան իրավասություն սեփականության իրավունքով իր հայր` Արտուշ Բագրատի Հարությունյանին պատկանող «Վազ 2121» մակնիշի 43 OS 399 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի բեռնախցիկում տեղադրելով սեղմված բնական գազով լիցքավորման համար նախատեսված բալոն և առանց գազաբալոնային սարքավորման համապատասխան վերասարքավորման, ընդունման հանձնման և բալոնների ճնշափորձարկման փաստաթղթերի, վերջին պլանավորված փորձարկումների բացակայության պայմաններում շահագործելով հիշյալ ավտոմեքենան` 2015թ. մայիսի 14-ին` ժամը 09:30-ի սահմաններում, «Վազ 2121» մակնիշի 43 OS 399 հաշվառման համարանիշի ավտոմեքենան գազով լիցքավորելու նպատակով վարել է «Արտաշես Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1-ին հասցեում գտնվող գազալցակայան, որտեղ պատվիրել է այն ամբողջությամբ լիցքավորել, որից հետո գազ լիցքավորող Ռոման Բագրատի Սիմոնյանը գազաբալոնը 200 կգ/սմ քառակուսի ավել ճնշում լիցքավորելուց հետո, ավտոմեքենայի գազաբալոնից փորձել է անջատել AEG-1 տիպի գազի լիցքավորման բաշխիչ աշտարակի ռետինե խողովակը և քանի որ գազաբալոնի պատի հաստությունը թույլատրելի նվազագույնից փոքր է եղել և բալոնի փորձարկման պայմաններում ենթակա է եղել հայտնաբերման ու չի համապատասխանել սեղմված բնական մեթան գազով լիցքավորվող բալոնների տեխնիկական չափանիշներին, գազաբալոնը պայթել է, ինչի հետևանքով Ռոման Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 223-224):

i

5.1. Ա.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա, 2008թ. հանդիսանալով «Արտաշես Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1-ին հասցեում գործող գազալցակայանի տնօրեն և համաձայն «Հայռուսգազարտ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 0061 վկայականի ստանձնելով տվյալ ԱԳԼՃԿ-ի պետի և աշխատանքի անվտանգության հրահանգավորման, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության ապահովման պատասխանատու անձի պարտականությունները, խախտել է «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի 22-րդ բաժնի 94-րդ կետի և 13-րդ բաժնի 72-րդ կետի, ինչպես նաև «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և շահագործման նվազագույն պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 94-րդ կետի պահանջները, այն է` թույլատրել է շահագործել անսարք և ապա կարգաբերված վիճակում գտնվող գազ լիցքավորող աշտարակը, որով հնարավոր է եղել ավտոմոբիլների գազաբալոնների լիցքավորումը 200 կգ/սմ-ից ավելի ճնշմամբ: Բացի այդ, Ա.Մկրտչյանը գազ լիցքավորող Ռոման Բագրատի Սիմոնյանին և մյուս աշխատակիցներին չի հրահանգավորել ավտոտրանսպորտային միջոցները բնական սեղմված գազով լցավորման անվտանգության պահանջների վերաբերյալ հրահանգները, դրանով իսկ խախտել է 2005թ.-ի հոկտեմբերի 24-ին ընդունված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի, 8-րդ կետի պահանջները, այն է` անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են առնվազն տարին երկու անգամ անցկացնել գազի օգտագործման հետ առնչվող բոլոր աշխատողների հրահանգավորում գազի սարքավորումների անվտանգ շահագործման կանոնների վերաբերյալ, ինչի հետևանքով անհրաժեշտ հրահանգավորում չստացած, գազալիցքավորող Ռոման Սիմոնյանը խախտելով ՀՀ Կառավարության 22.12.2005թ.-ի, N 2399-Ն որոշմամբ սահմանված «անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի 7-րդ գլխի 13-րդ կետի 71-րդ ենթակետի պահանջները` գազով վարելու իրավունքի, գազաբալոնի տեղադրման և փորձարկման ակտերի բացակայության պայմաններում 2015թ.-ի մայիսի 14-ին` ժամը 09:30-ի սահմաններում, նշված գազալցակայանում Նորիկ Արտուշի Հարությունյանի վարած «Վազ 2121» մակնիշի 43 OS 399 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեղմված բնական մեթան գազով լցավորվող բալոնների տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող գազաբալոնը AEG-1 տիպի գազի լիցքավորման բաշխիչ աշտարակի միջոցով 200 կգ/սմ-ից ավելի ճնշմամբ լիցքավորելով տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն, ինչի արդյունքում Ռ.Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ Ն.Հարությունյանին պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 222-223):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «Պատիժ նշանակելիս (...) որպես Նորիկ Հարությունյանի անձը բնութագրող հանգամանք, Դատարանը հաշվի է առնում նրա դրական բնութագրվելը (...):

(...) Դատարանը ամբաստանյալ Նորիկ Հարությունյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում կատարած հանցանքի համար զղջալը, ինչպես նաև նրա վատառողջ լինելու հանգամանքը, այն որ նրա մոտ ախտորոշվել է «Շաքարային դիաբետ տիպ II, պոլիարթրիթ»,(...):

(...) Ամբաստանյալ Նորիկ Հարությունյանի արարքում պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Որպես Արտաշես Մկրտչյանի անձը բնութագրող հանգամանք, Դատարանը հաշվի է առնում նրա դրական բնութագրվելը (...), ինչպես նաև նախկինում նրա դատապարտված չլինելու հանգամանքը (...):

Դատարանը, (...) ամբաստանյալ Արտաշես Մկրտչյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նրա խնամքին է գտնվում մինչև 14 տարեկան մեկ երեխան (...):

Բացի այդ ամբաստանյալ Արտաշես Մկրտչյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում կատարած հանցանքի համար զղջալը:

(...) Ամբաստանյալ Ա.Մկրտչյանի արարքում պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(...) Դատարանն ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս, պատժի տեսակն ու չափն ընտրելիս հաշվի է առնում նրանց կողմից կատարված հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ նրանց մեղավորության աստիճանը, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններն ու պատճառները, ինչպես նաև հանցանքը կատարելուց հետո նրանց վարքագիծը:

(...) Հաշվի առնելով ամբաստանյալների անձը դրական բնութագրող հանգամանքները, նրանց կողմից կատարած արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը, Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ամբաստանյալների նկատմամբ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու հիմքեր չկան, քանի որ միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում հնարավոր է ապահովել պատժի նպատակները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 160-166):

i

7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով Առաջին ատյանի դատական ակտը, փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն ամբաստանյալների նկատմամբ պատժատեսակի ու պատժաչափի ընտրության հարցում թեև հանգել է ճիշտ հետևության, սակայն ազատազրկման ձևով նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելու հարցում հանգել է ոչ իրավաչափ հետևության:

Վերաքննիչ դատարանը (...) սույն գործում առկա, օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա գալիս է համոզման, որ վերջիններիս ուղղվելը հնարավոր է նաև առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու միջոցով:

Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգում է` հիմնվելով ամբաստանյալներ Ա.Մկրտչյանի և Ն.Հարությունյանի կողմից կատարած հանցագործությունների, նրանց անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, գործի կոնկրետ տվյալների բազմակողմանի գնահատման վրա` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան:

Սույն գործի նյութերով հաստատված և հիմնավորված է, որ ամբաստանյալներ Ն.Հարությունյանը և Ա.Մկրտչյանն իրենց մեղսագրված հանցանքները կատարել են առաջին անգամ, որոնցից երկուսն էլ (...) ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` դասակարգվում են միջին ծանրության անզգույշ հանցագործությունների շարքին, ամբաստանյալները նախկինում դատապարտված չեն եղել, բնակության վայրից բնութագրվում են դրական, (...):

Ամբաստանյալ Ն.Հարությունյանը վատառողջ է, պայթյունի ալիքի ներգործության հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ, (...):

Ամբաստանյալներից Ա.Մկրտչյանն ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում 03.10.2014 թվականին ծնված մանկահասակ երեխան` Ջուլիետա Արտաշեսի Մկրտչյանը:

Ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը, անկեղծորեն զղջացել են կատարած հանցանքների համար, դեպքի կապակցությամբ ի սկզբանե տվել են ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ:

(...) Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև սույն գործի կոնկրետ տվյալները, մասնավորապես այն, որ տուժողի իրավահաջորդը հաշտվել է ամբաստանյալների հետ և խնդրել է վերջիններիս նկատմամբ սահմանել մեղմ պատիժ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) պատժի նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է նաև հանցավորների դրսևորած վարքագիծը` կատարած հանցագործություններից հետո: Մասնավորապես ամբաստանյալները հանցագործությունները կատարելուց հետո դրսևորել են դրական վարքագիծ, ինչն արտահայտվել է նրանում, որ հատուցել են հանցագործությունների հետևանքով տուժողին պատճառված վնասը, բացի այդ, շուրջ 1 տարի 6 ամիս գտնվելով ազատության մեջ, դրսևորել են պատշաճ վարքագիծ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք այլևս գիտակցել են իրենց արարքների հանրային վտանգավորության աստիճանը և զղջացել են դրա համար, որպիսի պայմաններում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձանց ուղղվելու հավանականությունը զգալիորեն բարձրանում է:

Վերաքննիչ դատարանն (...) պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող որևէ հանգամանք չի արձանագրում:

i

(...) Մատնանշված վերոգրյալ հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ամբաստանյալների կողմից կատարած հանցանքների` հանրության համար վտանգավորության աստիճանը և հիմք են հանդիսանում վերջիններիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 81-86):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, կայացված որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Դ.Հովհաննիսյանի, Գ.Մադաթյանի, Ա.Սահակյանի, Պ.Բայրամյանի և Է.Ասատրյանի գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները, գնահատելով ստորադաս դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված փաստական հանգամանքները, գտել է, որ ստորադաս դատարանի կողմից ամբաստանյալներին վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ չի գնահատվել, կարևորություն չի տրվել հանցագործության արդյունքում վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքներին` անտեսելով, որ դրսևորած անզգուշության արդյունքում վնասվել է օրենքով առավել խիստ պաշտպանվող օբյեկտը, այն է` մարդու կյանքի անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Բողոքաբերը փաստել է նաև, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքները կապված են առավել վտանգի աղբյուր հանդիսացող տեխնիկական միջոցների անվտանգության և շահագործման կանոնների այնպիսի խախտման հետ, որն ավելի է բարձրացնում դրանցից բխող վտանգը, վերաբերելի է անձանց անորոշ շրջանակի, ինչն իր հերթին էական նշանակություն ունի արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատման համար:

8.1. Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ գործով որոշումը` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանի կողմից որպես մեղմացնող դիտված` հանցանքն առաջին անգամ կատարելը, նախկինում դատապարտված չլինելը, պատշաճ վարքագիծ դրսևորելը չեն կարող գնահատվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ: Իսկ ինչ վերաբերում է տուժողի դիրքորոշմանը, ապա ամբաստանյալներին մեղսագրվել են հանրային հետապնդման հանցանքներ, ուստի տուժողի բողոք չունենալը և ամբաստանյալներին մեղմ վերաբերվելու խնդրանքը որևէ կերպ չեն կարող ազդել հանցանք կատարած անձի կամ նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա, ուստի չեն կարող հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 5-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալներ Արտաշես Մկրտչյանի և Նորիկ Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանն արդյո՞ք պատշաճ իրավական գնահատականի է ենթարկել նրանց մեղսագրվող հանցագործությունների (նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ և 242-րդ հոդվածների 2-րդ մասերով) հանրային վտանգավորության աստիճանը:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

i

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (տե՛ս Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները):

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Քննարկվող հանցակազմը զետեղված է «Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությունը կրող` ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ գլխում և կոչված է ապահովելու ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածով երաշխավորված` առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքի իրացումը, որն ապահովելու պարտականությունը յուրաքանչյուր աշխատողի համար կրում է գործատուն (տե՛ս Ատոմ Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԿԴ/0032/01/12 որոշման 13-րդ կետը):

i

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Սույն հանցագործությունն ընդգրկված է «Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությունը կրող` ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ գլխում և կոչված է ապահովելու ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման կապակցությամբ մարդու, հասարակության և պետության անվտանգության պաշտպանությունը:

i

12.1. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող հանցագործություններն ունեն միևնույն լրացուցիչ օբյեկտը, այն է` մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Ինչ վերաբերում է հանցագործությունների սուբյեկտիվ կողմին, ապա վերջիններս դրսևորվում են անզգույշ մեղքի ձևով: Մասնավորապես հանցավորը կա՛մ նախատեսում է իր կողմից թույլ տրված տեխնիկայի անվտանգության, աշխատանքի պաշտպանության կամ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման արդյունքում հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի, ինքնավստահորեն հույս է ունենում, որ դրանք կկանխվեն (հանցավոր ինքնավստահություն), կա՛մ թեև չի նախատեսում հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն տվյալ իրադրությունում ոչ միայն պարտավոր էր, այլև կարող էր նախատեսել դա (հանցավոր անփութություն) (տե՛ս Ատոմ Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԿԴ/0032/01/12 որոշման 14-րդ կետը, Էդմոն Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 17-րդ կետը):

i

13. Հիմք ընդունելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հանցագործությունների դեպքում պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև դրանց կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը պետք է, ի թիվս այլոց, մանրամասն գնահատման ենթարկի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են թույլ տրված կանոնների խախտման բնույթը, կանոնների խախտման, ինչպես նաև առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, քանի որ համապատասխան կանոնները գիտակցաբար խախտելը, ինչպես նաև հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը նախատեսելը վկայում են հանցավորի անձի և կատարված արարքի առավել բարձր վտանգավորության աստիճանի մասին (տե՛ս Արամ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 19-րդ կետը, Էդմոն Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 18-րդ կետը, Արտակ Գասպարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՇԴ3/0014/01/15 որոշման 12-րդ կետը, Գագիկ Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0071/01/16 որոշման 13-րդ կետը):

i

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Մկրտչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ն.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով կատարված հանցանքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, գնահատելով նրանց անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտել է, որ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են, քանի որ միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու պայմաններում է հնարավոր հասնել պատժի նպատակների իրագործմանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

i

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալներ Ա.Մկրտչյանի և Ն.Հարությունյանի կատարած հանցագործությունների ծանրության աստիճանը (միջին), անզգուշությամբ կատարված լինելը, ամբաստանյալների նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, անկեղծորեն զղջալը և ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, տուժողի իրավահաջորդի հետ հաշտվելը, նրան նյութական հատուցում տալը, Ն.Հարությունյանի վատառողջ լինելը, Ա.Մկրտչյանի ամուսնացած լինելը և խնամքին մանկահասակ երեխայի առկայությունը, ինչպես նաև ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, 1 տարի 6 ամիս ազատության մեջ գտնվելով նրանց կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելը, գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ն.Հարությունյանի և Ա.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն կիրառման ենթակա չեն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջ բերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ վերլուծության է ենթարկել ամբաստանյալներ Ն.Հարությունյանի և Ա.Մկրտչյանի կողմից կատարված հանցանքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը և հանգել հետևության, որ նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի գնահատել Ա.Մկրտչյանի և Ն.Հարությունյանի արարքների հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման բնույթը և առաջացած հետևանքների նկատմամբ Ա.Մկրտչյանի հոգեբանական վերաբերմունքը, ինչպես նաև Ն.Հարությունյանի կողմից թույլ տրված տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման բնույթն ու դրա արդյունքում առաջացած հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես ամբաստանյալները, մշտապես առնչվելով առավել վտանգի աղբյուրի հետ, նախատեսելով վերջինիս հետ վարվելակերպի սահմանված կանոնների խախտման արդյունքում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, ինքնավստահորեն հույս են ունեցել, որ հետևանքների առաջացումից կարող են խուսափել: Այսինքն` ամբաստանյալներ Ա.Մկրտչյանը և Ն.Հարությունյանն իրենց ամենօրյա գործունեությամբ յուրաքանչյուր պահի իրական վտանգ են ստեղծել իրենց շրջապատող անորոշ թվով անձանց կյանքի և առողջության համար:

Այսպես` ամբաստանյալ Ա.Մկրտչյանը թույլատրել է օգտագործել անսարք, ապա կարգաբերված վիճակում գտնվող գազ լիցքավորող աշտարակը, չի հրահանգավորել ավտոտրանսպորտային միջոցները բնական սեղմված գազով լցավորման անվտանգության պահանջների վերաբերյալ հրահանգները` չապահովելով գազաբալոնային սարքավորումների լիցքավորման համար սահմանված նորմատիվները` այդ կերպ յուրաքանչյուր պահի վտանգի տակ դնելով գազալիցքավորման սարքից օգտվող կամ սարքի տեղաբաշխման վայրում գտնվող անձանց կյանքն ու առողջությունը:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ն.Հարությունյանին, ապա վերջինս տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ, առանց համապատասխան իրավասության, իր կողմից վարած ավտոմեքենայում տեղադրել է սահմանված տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող գազաբալոնային սարքավորում և օգտագործել այն` այդ կերպ վտանգելով իր ավտոմեքենայով երթևեկող կամ ավտոմեքենայի շահագործման ընթացքում շրջակայքում գտնվող անձանց կյանքն ու առողջությունը:

i

16. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալների կողմից թույլ տրված խախտումների բնույթը, ինչպես նաև արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրանց դրսևորած հոգեբանական վերաբերմունքն էականորեն բարձրացնում են կատարված հանցանքների հանրային վտանգավորության աստիճանը, քանի որ վերջիններս, այդ խախտումները գիտակցաբար թույլ տալով, թեպետ նախատեսել են դրանց արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, այնուամենայնիվ շարունակել են իրենց գործունեությունը` հույսը դնելով պատահականության վրա, որը ենթադրաբար կարող էր չեզոքացնել վտանգավոր հետևանքների առաջացումը: Արդյունքում համապատասխան արարքները հանգեցրել են Ռ.Սիմոնյանի մահվան և Ն.Հարությունյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Արտաշես Մկրտչյանի և Նորիկ Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի ենթարկել նրանց մեղսագրվող հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ և 157-րդ հոդվածների 2-րդ մասեր) հանրային վտանգավորության աստիճանը:

i

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը հիմք է դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Արտաշես Միշայի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով և Նորիկ Արտուշի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 5-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2017
N ԿԴ1/0014/01/16
Որոշում