Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Բուլղարիայի Հանրապետությունը, այսուհետև անվանվող «Կողմեր».

կարևոր նշանակություն տալով քաղաքացիական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության զարգացմանը.

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1 ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մի Պայմանավորվող Կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում օգտվում են իրենց անձնական և գույքային իրավունքների նույնպիսի իրավական պաշտպանությունից, ինչպես մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիները: Նրանք իրավունք ունեն ազատորեն և անարգել դիմել դատարան, դատախազություն և այլ հիմնարկներ, որոնց իրավասությանն են վերաբերվում քաղաքացիական գործերը (այսուհետև անվանվող «հիմնարկներ»), ներկայացնել հայցեր և իրականացնել այլ դատավարական գործողություններ նույնպիսի պայմաններով, ինչպես մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիները:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի տարածքում նրա ազգային օրենսդրությանը համապատասխան հիմնադրված իրավաբանական անձանց նկատմամբ:

3. Սույն Պայմանագրի նպատակների համար «քաղաքացիական գործեր» տերմինը նշանակում է այն գործերը, որոնք Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությանը համապատասխան համարվում են քաղաքացիական գործեր:

 

ՀՈԴՎԱԾ 2 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Պայմանավորվող Կողմերի հիմնարկները քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան և նրանց ազգային օրենսդրությամբ նախատեսված իրենց իրավասության սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 3 ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Մի Պայմանավորվող Կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում օգտվում են անվճար իրավական օգնության իրավունքից` նրա օրենսդրությամբ սեփական քաղաքացիների համար նախատեսված պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 4 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Պայմանավորվող Կողմերը` հանձնարարությամբ, միմյանց իրավական օգնություն ցույց կտան փաստաթղթերի կազմման և հանձնման, հարցերի ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, դատավարության մասնակիցների, վկաների և փորձագետների հարցաքննության, փորձաքննության, տեղազննության անցկացման, դատական և այլ որոշումներ ճանաչելու և կատարելու, այդ թվում` պարտատերերի հետախուզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Իրավական օգնություն ցույց տալիս, Պայմանավորվող Կողմերի հիմնարկները միմյանց հետ հաղորդակցվում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված կենտրոնական մարմինների միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված կենտրոնական մարմիններ են համարվում.

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.

Բուլղարիայի Հանրապետության համար` Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայցվող հիմնարկը իրավական օգնություն ցույց տալիս կիրառում է իր պետության ազգային օրենսդրությունը:

2. Իրավական օգնություն ցույց տալիս հայցվող հիմնարկը` հայցող Պայմանավորվող Կողմի խնդրանքով, կարող է կիրառել նաև մյուս Պայմանավորվող Կողմի դատավարական նորմերը, եթե միայն դրանք չեն հակասում հայցվող Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7 ԼԵԶՈՒՆ

 

Պայմանավորվող Կողմերի հիմնարկները սույն Պայմանագրում շոշափվող բոլոր հարցերով փոխադարձ հաղորդակցվելիս օգտվում են իրենց պետական լեզվից և ռուսերեն լեզվից:

 

ՀՈԴՎԱԾ 8 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Պայմանավորվող Կողմերի հիմնարկների կողմից իրավական օգնության կարգով ուղարկվող փաստաթղթերը կազմվում են նրանց պետական լեզվով և ուղեկցվում են ռուսերեն լեզվով վավերացված թարգմանությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

Պայմանավորվող Կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս անվճար, եթե սույն Պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Հայցվող Կողմը իրավական օգնություն ցույց տալու գծով ծախսերի հատուցում չի պահանջի: Պայմանավորվող Կողմերն իրենք են կրում բոլոր ծախսերը, որոնք առաջանում են իրենց տարածքում իրավական օգնություն ցույց տալիս:

 

ՀՈԴՎԱԾ 10 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

Եթե հայցվող Կողմը համարում է, որ իրավական օգնություն ցույց տալը կարող է վնաս հասցնել նրա ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգ ու կանոնին, կամ հակասում է նրա ազգային օրենսդրությանը, նա կարող է հրաժարվել իրավական օգնություն ցույց տալուց` հայցող Կողմին հայտնելով հրաժարման դրդապատճառները:

 

ԳԼՈՒԽ II
ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 11 ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե դատական կամ արտադատական փաստաթղթերը վերաբերվում են հայցվող Կողմի տարածքում բնակավայր կամ գտնվելու տեղ ունեցող անձին, ապա հայցող Կողմի կենտրոնական մարմինը հայցվող Կողմի կենտրոնական մարմնին հանձնարարություն է ուղարկում ծանուցման կամ փաստաթղթերի հանձնման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 12 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Փաստաթղթերի հանձնումը կատարվում է հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

2. Փաստաթղթերի հանձնումը ձևակերպվում է հայցվող Կողմի տարածքում գործող փաստաթղթերի հանձնման կանոններին համապատասխան:

Հաստատման մեջ պետք է նշվեն հանձնման ժամանակը և վայրը, ինչպես նաև անձը, որին հանձնվել է փաստաթուղթը:

3. Փաստաթղթերի հանձնման փորձի հաստատումը ձևակերպվում է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով: Չհանձնված փաստաթղթերը վերադարձվում են հայցող Կողմի կենտրոնական մարմնին:

4. Փաստաթղթերի հանձնումը կարող է կատարվել նաև.

ա) փոստով փաստաթղթերը անմիջականորեն հասցեատիրոջը ուղարկելու միջոցով.

բ) հանձնումն իրականացնող Պայմանավորվող Կողմի տարածքում գործող ձևերին համապատասխան որոշակի փաստաթղթեր կամ նրանց մասին ծանուցումներ իր հաշվին հանձնելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 13 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

 

Պայմանավորվող Կողմերից մեկի հիմնարկների հանձնարարությամբ, մյուս Պայմանավորվող Կողմին առընթեր հավատարմագրված նրա դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները կարող են փաստաթղթերը հանձնել սեփական քաղաքացիներին: Հանձնումը, սակայն, չի կարող ուղեկցվել հարկադրական բնույթի միջոցներով և հակասել նստավայր պետության ազգային օրենսդրությանը:

 

ԳԼՈՒԽ III
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 14 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

Իրավական օգնություն ցույց տալու մասին հանձնարարությունը պետք է կազմվի գրավոր և, հանձնարարության բովանդակությունից ելնելով, պետք է ունենա հետևյալ վավերապայմանները.

ա) հայցող հիմնարկի անվանումը.

բ) հնարավորության դեպքում` հայցվոր հիմնարկի անվանումը.

գ) այն գործի բնույթը և առարկան, որով իրավական օգնություն է հայցվում, հանձնարարության բովանդակությունը.

դ) գործին առնչություն ունեցող անձանց անունները և ազգանունները, նրանց քաղաքացիությունը, սեռը, զբաղմունքը, բնակավայրը կամ գտնվելու վայրը, ծննդյան տարին և վայրը, իրավաբանական անձանց համար` անվանումը և գտնվելու վայրը.

ե) սույն հոդվածի «դ» կետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց անունները, ազգանունները և հասցեները.

զ) հանձնվող փաստաթղթի անվանումը.

է) գործին առնչություն ունեցող անձանց դատավարական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հայցող Կողմի օրենսդրությունից կատարված պատճենը կամ քաղվածքը:

 

ՀՈԴՎԱԾ 15 ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Փաստաթղթերի հանձնման մասին հանձնարարության կատարումը հաստատող փաստաթղթում պետք է նշվեն ստացման ամիս-ամսաթիվը, տարին, ստացողի ստորագրությունը և հանձնարարությունը կատարող անձի ստորագրությունը: Եթե ստացողը հրաժարվում է ստանալուց, պետք է նշվեն նաև ստացումից հրաժարվելու դրդապատճառները:

2. Եթե հանձնարարության կատարումը` հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, չի մտնում այդ Պայմանավորվող Կողմի հիմնարկների իրավասության մեջ, ապա հանձնարարությունը կարող է վերադարձվել` նշելով հրաժարման դրդապատճառները:

3. Այն դեպքում, եթե Պայմանավորվող Կողմի հայցվող հիմնարկը իրավունք չունի կատարելու հանձնարարությունը, նա պարտավոր է նշված հանձնարարությունը կատարման ուղարկել հայցվող Կողմի իրավասու հիմնարկներին, ինչպես նա. այդ մասին ծանուցել հայցող Կողմի հիմնարկին:

4. Հայցող հիմնարկը կարող է պահանջել, որպեսզի շահագրգիռ կողմերը և, ըստ հնարավորության, նրանց ներկայացուցիչները անմիջականորեն ծանուցվեն հանձնարարության կատարման ամիս-ամսաթվի, տարվա և վայրի մասին` այն հաշվով, որպեսզի նրանք կարողանան ներկա գտնվել:

5. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով` առանց հարկադրանքի կիրառման, կատարել այն դատական հանձնարարությունները, որոնք վերաբերվում են իրենց քաղաքացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 16 ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՁԵՎԸ

 

1. Պայմանավորվող Կողմերի իրավասու հիմնարկները դատական հանձնարարությունները կատարում են իրենց ներքին օրենսդրությամբ նախատեսված ձևով:

2. Հայցվող հիմնարկը կարող է բավարարել հանձնարարության կատարման հատուկ ձևի կիրառման մասին հայցող հիմնարկի խնդրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհամատեղելի է հայցվող Կողմի օրենքների հետ, չի բխում նրա դատական պրակտիկայից, կամ երբ խնդրանքի բավարարումն անհնար է գործնական դժվարությունների պատճառով:

3. Հայցվող Կողմն իրավունք ունի հայցող Կողմից պահանջելու հատուցել փորձագետներին վճարված վարձատրությունները և հանձնարարության կատարման հատուկ ձևի կիրառման հետ կապված ծախսերը:

 

ԳԼՈՒԽ IY
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 17 ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավոր են, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, իրենց տարածքներում ճանաչել և կատարել մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները:

2. Սույն Պայմանագրի տեքստում օգտագործվող «դատական որոշումներ» տերմինը նշանակում է.

Բուլղարիայի Հանրապետության համար` դատարանի վճիռները, որոշումները, դատական համաձայնությունները, վնասի հատուցման մասով քրեական գործով դատավճիռները.

Հայաստանի Հանրապետության համար` քաղաքացիական գործերով վճիռները, որոշումները, այդ թվում` տնտեսական գործերով դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունները, գույքային բռնագանձման մասով քրեական գործով դատավճիռները, միջնորդ դատարանների որոշումները:

 

ՀՈԴՎԱԾ 18 ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Դատական որոշման ճանաչման և կատարման մասին միջնորդությունը դիմողի կողմից տրվում է այդ որոշումը կայացրած դատարանին և վերջինիս կողմից մյուս Կողմի դատարանին է ուղարկվում սույն Պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով: Դիմողը կարող է միջնորդությունը ներկայացնել նաև անմիջականորեն մյուս Կողմի դատարանին:

2. Դատական որոշման ճանաչման և կատարման մասին միջնորդությանը պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը.

ա) դատարանի կողմից վավերացված դատական որոշման պատճեն, եթե պատճենի մեջ բացակայում է հստակ նշում այն մասին, որ որոշումը մտել է օրինական ուժի մեջ և կարող է կատարվել, ապա պետք է կցվի դատարանի փաստաթուղթը` դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտած լինելու մասին.

բ) դատարանի փաստաթուղթը` որոշման մի մասը հայցող Կողմի տարածքում կատարած լինելու մասին.

գ) այն փաստաթուղթը, որով հավաստվում է, որ դատավարությանը չմասնակցած կողմին, իսկ նրա անգործունակության դեպքում` նրա պատշաճ ներկայացուցչին, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է հանձնվել դատականչի մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը պետք է ուղեկցվեն վավերացված թարգմանությամբ` կատարված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կամ միջնորդող Պայմանավորվող Կողմի այլ լիազորված անձի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 19 ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Դատական որոշման ճանաչումը և կատարումը իրականացվում է այն Պայմանավորվող Կողմի դատարանի կողմից, որին ուղղված է միջնորդությունը, համաձայն այդ Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգի:

2. Դատարանը, որին ուղղված է միջնորդությունը, որոշումն ըստ էության չի քննարկում, այլ այն դիտարկում է միայն սույն Պայմանագրի պահանջներին դրա համապատասխան լինելու տեսանկյունից:

3. Այն որոշման վերաբերյալ, ըստ որի ճանաչման և կատարման մասին միջնորդություն է ստացվել, միջնորդությունն ստացած դատարանը` անհրաժեշտության դեպքում, կարող է որոշում կայացրած դատարանից պահանջել ներկայացնել լրացուցիչ նյութեր:

 

ՀՈԴՎԱԾ 20 ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺԸ

 

Մի Պայմանավորվող Կողմի դատարանի կողմից մյուս Պայմանավորվող Կողմի դատարանի որոշումների ճանաչումն ու կատարումն ունեն նույն իրավաբանական ուժը, ինչ այդ Պայմանավորվող Կողմի դատարանի որոշումների ճանաչումը և կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 21 ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

Դատական որոշման ճանաչումն ու կատարումը կարող են մերժվել, եթե.

ա) որոշումը օրինական ուժի մեջ չի մտել կամ ենթակա չէ կատարման այն Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որտեղ որոշումը կայացվել է.

բ) այն Պայմանավորվող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որին ուղղված է որոշման ճանաչման և կատարման միջնորդությունը, գործը վերաբերվում է հայցվող Կողմի դատարանի բացառիկ իրավասությանը.

գ) գործին մասնակցություն չունեցած կողմին` Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, որոշումն ընդունած հիմնարկի կողմից չի հանձնվել դատականչի մասին ծանուցագիրը, կամ նրա լրիվ կամ սահմանափակ անգործունակության դեպքում բացակայել է պատշաճ ներկայացուցիչը.

դ) նույն կողմերի միջև, նույն իրավական վեճով հայցվող Պայմանավորվող Կողմի դատարանի կողմից արդեն կայացվել է օրինական ուժի մեջ մտած որոշում, կամ այդ գործը հայցվող Կողմի դատարանում քննության տակ է գտնվում, կամ արդեն ճանաչվել է այդ նույն գործով երրորդ պետության դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը:

 

ԳԼՈՒԽ Y
ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 22 ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի տարածքում կազմված պաշտոնական փաստաթղթերը ազատվում են օրինականացումից կամ համանման այլ պայմանականություններից, երբ անհրաժեշտ է դրանք ներկայացնել մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում:

Սույն Պայմանագրի նպատակների համար պաշտոնական փաստաթղթեր են համարվում.

- դատարանի, դատախազության կամ դատավոր-կատարողի կողմից տրված փաստաթղթերը.

- գործադիր-կարգադրիչ մարմինների կողմից տրված փաստաթղթերը.

- նոտարական փաստաթղթերը.

- պաշտոնական վկայագրերը, մասնավորապես, ռեգիստրում կատարված նշումները, ամիս-ամսաթվի, տարվա հավաստումները և մասնավոր փաստաթղթերի վրա ստորագրությունների հավաստումները:

 

ՀՈԴՎԱԾ 23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը` պահանջի և օրինական հիմքի առկայության դեպքում, անվճար մյուս Պայմանավորվող Կողմին է փոխանցում հայցող Կողմի քաղաքացիների քաղաքացիական կացությանը վերաբերվող ակտերը և դատական որոշումների պատճեները:

2. Քաղաքացիական կացության դիմումները և ակտերը փոխանցվում են դիվանագիտական կամ հյուպատոսական ճանապարհով դիմումները և դատական որոշումների պատճեները փոխանցվում են կենտրոնական մարմինների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 24 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

Կենտրոնական մարմինները` պահանջի դեպքում, ուղարկում են ազգային օրենսդրության և դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև դատական որոշումների պատճեները:

 

ԳԼՈՒԽ YI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 25 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Պայմանավորվող Կողմի դատարանի կամ այլ հիմնարկի կողմից կազմված կամ վավերացված փաստաթղթերը վավերական են այդ Պայմանավորվող Կողմի հիմնարկի պաշտոնական կնիքի առկայության դեպքում: Այդ տեսքով դրանք ընդունվում են մյուս Պայմանավորվող Կողմի դատարանի կամ այլ հիմնարկի կողմից` առանց օրինականացման:

 

ՀՈԴՎԱԾ 26 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Պայմանավորվող Կողմերը սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կատարման հարցերով ծագած վեճերը լուծում են սույն Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված համապատասխան կենտրոնական մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով, կամ դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 27 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարբերաբար տեղեկատվություն կփոխանակեն սույն Պայմանագրի կիրառման պրակտիկայի վերաբերյալ և խորհրդակցություններ կանցկացնեն նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերով:

2. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 28-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 28 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:

2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից 30 օր անցնելուց հետո:

3. Սույն Պայմանագիրը կնքված է անորոշ ժամանակով և գործելու է ընդհուպ մինչև վեց ամիս անցնելը այն օրից, երբ Պայմանավորվող Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով կհայտնի մյուս Պայմանավորվող Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է 1995 թվականի ապրիլի _____-ին ք. Սոֆիայում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, բուլղարերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում Պայմանագրի ռուսերեն լեզվով տեքստը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                      ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ԿՈՂՄԻՑ`                                        ԿՈՂՄԻՑ`

 

 

pin
Բուլղարիայի Հանրապետություն
Միջազգային պայմանագիր