Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 189 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3076/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3076/02/16  2017 թ.
Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան
                                                 Ս. Միքայելյան
                                                 Հ. Ենոքյան

    

                                       

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
 Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Զոյա Գաբրիելյանի ներկայացուցիչ Տաթևիկ Շալջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ Զոյա Գաբրիելյանի դիմումի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Զոյա Գաբրիելյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Զոյա Գաբրիելյանի ծնունդը գրանցվել է Ադրբեջանի Հանրապետության Նիզամիի շրջանի գյուղ Կիրովաբադի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում, համաձայն որի` վերջինս ծնվել է 21.08.1942 թվականին Ադրբեջանի Հանրապետության Նիզամիի շրջանի գյուղ Կիրովաբադում, հայրն է Ռուբեն Դավիդի Գաբրիելյանը, մայրը` Աննա Հարությունի Գաբրելյանը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Բաբայան) (այսուհետ` Դատարան) 16.12.2016 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.04.2017 թվականի որոշմամբ Զոյա Գաբրիելյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.12.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զոյա Գաբրիելյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 189-191-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ Զոյա Գաբրիելյանի անձնագրում նշված է վերջինիս ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, ինչպես նաև որպես ծննդավայր` նշված է Ադրբեջանը, այսինքն` ապացուցման կարիք ուներ միայն այն, թե որ շրջանում է վերջինս ծնվել:

Բացի այդ, Դատարանն ու Վերաքննիչ դատարանը կասկածի տակ չեն դրել այն փաստը, որ Զոյա Գաբրիելյանը Գաբրիյելյան Յուրայի և Գաբրիյելյան Վլադիմիրի հարազատ քույրն է, որպիսի պայմաններում, փաստորեն, ընդունել են նաև, որ վերջիններիս հայրը Գաբրիյելյան Ռուբենն է, իսկ մայրը` Գաբրիյելյան Աննան:

Դատարանն ու Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ ապացուցման կարիք ունի միայն այն փաստը, թե Ադրբեջանի որ շրջանում է բողոքաբերը ծնվել, սակայն Զոյա Գաբրիելյանը երկու երկրների միջև տիրող լարված հարաբերությունների պատճառով զրկված է Ադրբեջան դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Զոյա Գաբրիելյանի անվամբ 12.12.2014 թվականին տրված թիվ 003567518 նույնականացման քարտում նշված է, որ նա ծնվել է 21.08.1942 թվականին Ադրբեջանում (գ.թ. 6):

2) 22.08.1953 թվականին տրված ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` Վլադիմիր Ռուբենի Գաբրիյելյանը ծնվել է 15.08.1946 թվականին Ադրբեջանի ԽՍՀ, Նիզամիի շրջան, գյուղ Կիրովաբադում, հայրը Ռուբեն Դավիդի Գաբրիյելյանն է, մայրը` Աննա Հարությունի Գաբրիյելյանը (գ.թ. 10):

3) 09.09.1953 թվականին տրված ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` Յուրա Ռուբենի Գաբրիյելյանը ծնվել է 02.08.1953 թվականին Ադրբեջանի ԽՍՀ, Շամխորի շրջան, քաղաք Չարդախլիում, հայրն է Ռուբեն Դավիդի Գաբրիյելյանը, մայրը` Աննա Արտյոմի Գաբրիյելյանը (գ.թ. 11):

4) 25.03.2003 թվականին տրված մահվան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` Աննա Հարությունի Գաբրելյանը` ծնված 02.05.1917 թվականին Ադրբեջանի Հանրապետության Դաշկեստանի շրջանի գյուղ Բայանում, մահացել է 25.03.2003 թվականին (գ.թ. 12):

5) 07.12.1967 թվականին Զոյա Գաբրիելյանին տրված թիվ T N 495212 դիպլոմի հայերեն թարգմանության համաձայն` Զոյա Ռուբենի Գաբրիելյանը 1961 թվականին ընդունվել է Վ. Ի. Լենինի անվան Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը և 1965 թվականին ավարտել է նշված ինստիտուտի լրիվ դասընթացը` ստանալով տարրական դպրոցի բարձրագույն կրթությամբ ուսուցչի որակավորում (գ.թ. 9):

6) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից 03.06.2015 թվականին տրված գրության համաձայն` 21.08.1942 թվականին ծնված Զոյա Ռուբենի Գաբրիելյանը 02.11.1979 թվականին Երևան քաղաքի Լենինյան շրջանի ՆԳ բաժնի կողմից անձնագրավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի VI-ՍԼ սերիայի 651317 անձնագրով, որի տրման համար հիմք է հանդիսացել նախկին ԽՍՀՄ նմուշի XVII-MT սերիայի թիվ 550829 անձնագիրը (այլ ոչ թե ծննդյան վկայականը), տրված 16.07.1975 թվականին նույն ՆԳ բաժնի կողմից: Միաժամանակ հայտնվել է, որ նախկին ԽՍՀՄ նմուշի MT սերիայի անձնագրերի տրման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը, սահմանված կարգի համաձայն, ոչնչացվել են (գ.թ. 7):

7) Երևանի Նոր Նորքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժնի պետի 18.03.2015 թվականի գրությամբ հայտնվել է, որ Զոյա Գաբրիելյանի ծննդյան ակտային գրանցումը վերականգնելու վերաբերյալ դիմումը ենթակա չէ քննարկման, քանի որ չեն ներկայացվել պատշաճ փաստաթղթեր (գ.թ. 8):

8) 20.10.2016 թվականին Վլադիմիր Ռուբենի Գաբրիելյանի կողմից նոտարական կարգով տրված թիվ 23 ԱԱ 6496352 հայտարարության հայերեն թարգմանության համաձայն` 21.08.1942 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Զոյա Ռուբենի Գաբրիելյանն իր հարազատ քույրն է (գ.թ. 34):

9) 21.10.2016 թվականին Յուրի Ռուբենի Գաբրիելյանի կողմից նոտարական կարգով տրված թիվ 23 ԱԱ 6496398 հայտարարության հայերեն թարգմանության համաձայն` 21.08.1942 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Զոյա Ռուբենի Գաբրիելյանն իր հարազատ քույրն է (գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով ապացույցների գնահատման խնդրին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են նաև` ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը դիմումի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Զոյա Գաբրիելյանը, պահանջելով հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` չի ապացուցել իր վկայակոչած փաստը և դրա վերաբերյալ չի ներկայացրել համապատասխան ապացույցներ: Բացի այդ, Դատարանը նշել է, որ համաձայն դիմումին կից ներկայացված ծննդյան վկայականների` Վլադիմիր Ռուբենի Գաբրիյելյանի հայրը Ռուբեն Դավիդի Գաբրիյելյանն է, մայրը` Աննա Հարությունի Գաբրիյելյանը, իսկ Յուրա Ռուբենի Գաբրիյելյանի հայրը` Ռուբեն Դավիդի Գաբրիյելյանը, մայրը` Աննա Արտյոմի Գաբրիյելյանը, որպիսի պայմաններում հիշյալ փաստաթղթերում առկա են Աննա Գաբրիյելյանի հայրանվան` «Հարությունի» և «Արտյոմի» տարբերությունները: Ավելին` դիմողի ազգանունը նշվել է Գաբրիելյան, իսկ դիմումին կից ներկայացված ծննդյան վկայականներում Վլադիմիր Գաբրիյելյանի հայրը` Ռուբեն Գաբրիյելյանն է, մայրը` Աննա Գաբրիյելյանը, իսկ Յուրա Գաբրիյելյանի հայրը Ռուբեն Գաբրիյելյանն է, մայրը` Աննա Գաբրիյելյանը, այսինքն` առկա են նաև ազգանվան տարբերություններ` «Գաբրիելյան» և «Գաբրիյելյան»:

Վերաքննիչ դատարանը, Զոյա Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա` Զոյա Գաբրիելյանի անվամբ 12.12.2014 թվականին տրված թիվ 003567518 նույնականացման քարտից և 07.12.1967 թվականին Զոյա Գաբրիելյանին տրված թիվ T N 495212 դիպլոմի հայերեն թարգմանությունից հետևում է, որ Զոյա Ռուբենի Գաբրիելյանը ծնվել է 21.08.1942 թվականին Ադրբեջանում:

Վերը նշված ապացույցները համակցության մեջ գնահատելով սույն գործում առկա` Վլադիմիր և Յուրա Գաբրիելյանների ծննդյան վկայականների հայերեն թարգմանությունների հետ, համաձայն որոնց` Վլադիմիր Ռուբենի Գաբրիյելյանը ծնվել է 15.08.1946 թվականին Ադրբեջանի ԽՍՀ, Նիզամիի շրջան, գյուղ Կիրովաբադում, իսկ Յուրա Ռուբենի Գաբրիյելյանը ծնվել է 02.08.1953 թվականին Ադրբեջանի ԽՍՀ, Շամխորի շրջան, քաղաք Չարդախլիում, նրանց կողմից տրված հայտարարությունների հայերեն թարգմանությունների հետ, համաձայն որոնց` 21.08.1942 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Զոյա Ռուբենի Գաբրիելյանն իրենց հարազատ քույրն է, ինչպես նաև 25.03.2003 թվականին տրված մահվան վկայականի հայերեն թարգմանության հետ, համաձայն որի` Աննա Հարությունի Գաբրելյանը մահացել է 25.03.2003 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված ապացույցները պարունակում են տեղեկություններ, որոնք կարող էին վկայել դիմումում նշված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հնարավոր առկայության մասին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն գնահատել գործում առկա ապացույցները, որպիսի պայմաններում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԱՆԴ/3076/02/16
Որոշում