Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 226-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 226-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ ԵԱՆԴ/2466/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2466/02/16 2017 թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ`                     Տ. Նազարյան
                                                  Ա. Պետրոսյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ռ. Հակոբյանի
  Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ «Արարատբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լուսինե Ավագյանի ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Ավագյանը պահանջել է կեղծ (առոչինչ) լինելու հիմքով անվավեր ճանաչել իր և Համլետ Ճարոյանի միջև 15.05.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը` կիրառելով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի տան նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2016 թվականի վճռով Լուսինե Ավագյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.02.2017 թվականի որոշմամբ Լուսինե Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.10.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. որոշվել է «Հայցը բավարարել` Լուսինե Ավագյանի և Համլետ Ճարոյանի միջև կնքված «Անշարժ գույքի վաճառքի» 15.05.2013 թվականի պայմանագրի նկատմամբ կիրառել կեղծ գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Համլետ Ճարոյանի սեփականության իրավունքի 16.05.2013 թվականի պետական գրանցումը` վերականգնելով նույն անշարժ գույքի նկատմամբ Լուսինե Ավագյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 35-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել և լուծել է առանց Բանկին դատավարությանը մասնակից դարձնելու, մասնավորապես` Բանկը, կնքելով գրավի պայմանագիր և ձեռք բերելով գրավի իրավունք, ունեցել է իրավաչափ ակնկալիք առ այն, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում պարտքի գումարը կարող է ստանալ գրավադրված գույքի իրացումից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման առկայության պայմաններում Լուսինե Ավագյանը կարող է իր գույքի նկատմամբ ցանկացած ժամանակ դադարեցնել Բանկի գրավի իրավունքը, հետևաբար Բանկը կզրկվի գրավադրված գույքից բավարարում ստանալու հնարավորությունից: Այսինքն, քանի որ սույն գործով վիճարկվել է սեփականության ծագման հիմքում ընկած գործարքը, հայցի բավարարման արդյունքում ծագում է նաև գրավի պայմանագիր կնքելու իրավունքի հարցը:

Փաստորեն, գործին մասնակից չդարձվելով` Բանկը զրկվել է հայցի առարկայի նկատմամբ իր դիրքորոշումը հայտնելու, հետևաբար և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 15.05.2013 թվականի «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի» համաձայն` Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը Լուսինե Ավագյանը վաճառել է Համլետ Ճարոյանին. տվյալ գույքի նկատմամբ գրանցվել է Համլետ Ճարոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 6-7, 30-31):

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.02.2016 թվականին տրված թիվ ԵԿԴ/1081/17/15 կատարողական թերթի համաձայն` ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալը, 29.06.2015 թվականին քննելով ըստ հայցի Բանկի ընդդեմ «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի, Ասյա Առաքելյանի, Համլետ և Սուսաննա Ճարոյանների` վարկային պայմանագրով սահմանված վարկի գումարը, տոկոսները և տույժերը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու պահանջի մասին, վճռել է Բանկի հայցը բավարարել ամբողջությամբ. «1. Պատասխանողներ «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ից և Ասյա Առաքելյանից հօգուտ Բանկի համապարտությամբ բռնագանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով հաշվարկված համարժեք ՀՀ դրամով բռնագանձել` 1.1. Բանկի և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 30.09.2013 թվականին կնքված թիվ 007-13/ՋՎԵՓ-001 վարկային համաձայնագրի խախտման հետևանքով` 8.481,31 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից ..., 1.2. Բանկի և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 30.09.2013 թվականին կնքված թիվ 007-13/ՋՎԵՓ-002 վարկային համաձայնագրի խախտման հետևանքով` 74.655,72 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից...: 2. Նույն վճռի 1-ին կետով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը տարածել նաև Բանկի, Համլետ և Սուսաննա Ճարոյանների և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 15.10.2013 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրով» հօգուտ Բանկի գրավադրված` Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի բնակելի տան վրա» (հատոր 1-ին, գ.թ. 53-55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների` իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` «Անշարժ գույքի առուվաճառքի» 15.05.2013 թվականի պայմանագրով Լուսինե Ավագյանը Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը վաճառել է Համլետ Ճարոյանին: Վերջինիս սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: Հետագայում` 15.10.2013 թվականին, Բանկի, Համլետ Ճարոյանի, Սուսաննա Ճարոյանի և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև, ի ապահովումն Բանկի կողմից «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի հետ կնքած վարկային պայմանագրի, կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով գրավադրվել է Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը:

Լուսինե Ավագյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների` պահանջելով կեղծ (առոչինչ) լինելու հիմքով անվավեր ճանաչել իր և Համլետ Ճարոյանի միջև 15.05.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը` կիրառելով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի տան նկատմամբ:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ կողմերը պայմանագրի կնքմամբ հստակ իրավական հետևանքներ են նկատի ունեցել, և այդ հետևանքներն առաջացել են, որպիսի պայմաններում անհիմն են հայցվորի փաստարկները` գործարքի կեղծ լինելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, Լուսինե Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարելով, Դատարանի վճիռը բեկանելով և այն փոփոխելով, պատճառաբանել է, որ պայմանագրի երկու կողմերի հայտնած տեղեկություններով հաստատված փաստերից և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից ակնհայտ է, որ պայմանագիրը կնքվել է դրա կողմերի` անշարժ գույքի առուվաճառքի գործարքին համապատասխանող իրավական հետևանքներն առաջացնելուն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հատուցմամբ օտարելուն, այսինքն` անշարժ գույքի գինը վաճառողին վճարելուն և այդ գնի դիմաց անշարժ գույքը գնորդին հանձնելուն ուղղված մտադրության իսպառ բացակայության պայմաններում:

Գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի առարկան` Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը, 15.10.2013 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրով» գրավադրված է Բանկում: Այսինքն` Բանկը, որպես իր վարկային պայմանագրերի կատարման ապահովում, իրավունք ունի այդ գույքից ստանալու հատուցում: Ավելին, առկա է ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով վճռվել է բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը տարածել նաև Բանկի, Համլետ և Սուսաննա Ճարոյանների և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 15.10.2013 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրով» հօգուտ Բանկի գրավադրված` Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի բնակելի տան վրա:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բավարարվել է Լուսինե Ավագյանի հայցը, շոշափում է նաև Բանկի իրավունքները և օրինական շահերը, հետևաբար կայացված դատական ակտը վերաբերում է վերջինիս իրավունքներին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև` վճռաբեկ ատյանում:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն` դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնի համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԱՆԴ/2466/02/16
Որոշում