Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՄԻ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ԱՆՁԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՄԻ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ԱՆՁԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0019/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0019/02/16 2017 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Սմբատյան

                                                   Կ. Հակոբյան

                                                   Ա. Հունանյան

    

               ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի

 

                 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լիլիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լիլիթ Գրիգորյանի ընդդեմ Աղվան Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Լիլիթ Գրիգորյանը պահանջել է Աղվան Կարապետյանից բռնագանձել 2.300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարին մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 29.09.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.03.2017 թվականի որոշմամբ Լիլիթ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.09.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ Գրիգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 878-րդ, 880-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունը, սխալ է մեկնաբանել և կիրառել փոխառությանը վերաբերող դրույթները` տալով նոր մեկնաբանություն: Մասնավորապես` Դատարանը նշել է, որ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` ներկայացվող այլ փաստաթուղթը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, որ փոխառուի համար առաջացել է փոխատուին գումարը վերադարձնելու պարտավորություն, ինչպես նաև պետք է նշված լինի գումարի փոխանցման նպատակը:

Ավելին, Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ ներկայացվել են ապացույցներ, որոնցով հիմնավորվում է, որ Աղվան Կարապետյանին տրամադրվել է 2.300 եվրո, ինչը, մասնավորապես, հավաստվում է 08.01.2013 թվականին տրված գումարի փոխանցման թիվ 258517281 բանկային անդորրագրի հայերեն թարգմանությամբ: Այնինչ, դատարանների կողմից գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, ապացույցները սխալ են գնահատվել, ինչպես նաև անտեսվել է այն հանգամանքը, որ դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Աղվան Կարապետյանն ընդունել է գումարը վերադարձնելու իր պարտականությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.03.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «SIGUE MONEY TRANSFERT SAS» ֆինանսական գործակալի կողմից 08.01.2013 թվականին տրված գումարի փոխանցման թիվ 258517281 բանկային անդորրագրի հայերեն թարգմանության համաձայն` Լիլիթ Գրիգորյանն Աղվան Կարապետյանին է փոխանցել 2.300 եվրո (հատոր 1-ին, գ.թ. 4-5):

2) 22.02.2016 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Աղվան Կարապետյանն ընդունել է այն փաստը, որ 10.01.2013 թվականին ստացել է Լիլիթ Կարապետյանի կողմից ֆինանսական գործակալի միջոցով փոխանցված 2.300 եվրո` որպես Լիլիթ Գրիգորյանի անվամբ բնակարան ձեռք բերելու կանխավճար, ինչպես նաև նշել է, որ հետագայում վերադարձրել է այդ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 33-35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք մի անձի կողմից մեկ այլ անձին գույք հանձնելը, և վերջինիս կողմից այն վերադարձնելու պարտականություն ստանձնելը կարող են փաստել կողմերի միջև պարտավորաիրավական հարաբերություններ ծագած լինելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով պարտավորական հարաբերությունների էությանը, արձանագրել է, որ գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները հանդիսանում են պարտավորական իրավահարաբերություններ: Ընդ որում, ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ` «պարտատեր», իսկ մյուս կողմը` պարտավոր անձ` «պարտապան»: ՈՒստի իրավազոր անձի` պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի` պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը: Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե՛ս, Քարոլին Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, հարկ է համարում նշել, որ պարտավորական իրավահարաբերություններն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու հետ: Պարտավորությունները` որպես քաղաքացիական իրավահարաբերությունների տարատեսակ, կարող են ծագել ոչ միայն պայմանագրերից, այլև վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Վերոգրյալից ակնհայտ է, որ պարտավորաիրավական հարաբերություններից բխող հայց հարուցված լինելու պայմաններում դատարանները պետք է նախ և առաջ բացահայտեն պարտավորության բնույթը և ծագման հիմքը, ըստ այդմ` որոշեն վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա օրենսդրությունը, հատկապես այն պարագայում, երբ վիճելի է իրավահարաբերության բնույթը: Նշված գործառույթն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` (...) գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը (...) դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ (...) գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, նշել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: Գործող քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետևյալ հիմնական խնդիրները` վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը, (...) (տե՛ս, ըստ Արեգնազ Կարապետյանի դիմումի թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` «SIGUE MONEY TRANSFERT SAS» ֆինանսական գործակալի կողմից 08.01.2013 թվականին տրված գումարի փոխանցման թիվ 258517281 բանկային անդորրագրի հայերեն թարգմանության համաձայն` Լիլիթ Գրիգորյանն Աղվան Կարապետյանին է փոխանցել 2.300 եվրո: 22.02.2016 թվականին դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Աղվան Կարապետյանն ընդունել է այն փաստը, որ 10.01.2013 թվականին ստացել է Լիլիթ Կարապետյանի կողմից ֆինանսական գործակալի միջոցով փոխանցված 2.300 եվրոն` որպես Լիլիթ Գրիգորյանի անվամբ բնակարան ձեռք բերելու կանխավճար, ինչպես նաև նշել է, որ հետագայում վերադարձրել է այդ գումարը:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ հայցվորի կողմից ներկայացված ապացույցները, մասնավորապես` «SIGUE MONEY TRANSFERT SAS» ֆինանսական գործակալի կողմից 08.01.2013 թվականին տրված գումարի փոխանցման թիվ 258517281 բանկային անդորրագրի հայերեն թարգմանությունը բավարար ապացույց չէ` հաստատված համարելու համար այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, քանի որ «դրա բովանդակությունը չի պարունակում նման տեղեկատվություն»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, նշել է, որ 08.01.2013 թվականին տրված գումարի փոխանցման բանկային թիվ 258517281 անդորրագիրն Աղվան Կարապետյանին 2.300 եվրոյի փոխանցումը հավաստող փաստաթուղթ է, սակայն «դրա ուսումնասիրությունից հնարավոր չէ հավաստել, որ այն փոխառության հարաբերությունների առաջացմանն ուղղված ապացույց է», քանի որ «դրանում առնվազն պետք է նշված լինի գումարի փոխանցման նպատակը, ինչը տվյալ պարագայում բացակայում է»:

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լիլիթ Գրիգորյանն Աղվան Կարապետյանին է փոխանցել 2.300 եվրո, իսկ Աղվան Կարապետյանն ընդունել է այն փաստը, որ ստացել է նշված գումարը: Ավելին, Աղվան Կարապետյանը դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով ընդունել է այն փաստը, որ վերջինս կրել է պարտականություն` վերադարձնելու ստացված գումարը` դրանով ճանաչելով իր պարտավորությունը Լիլիթ Գրիգորյանի նկատմամբ:

Այսինքն` Լիլիթ Գրիգորյանի կողմից 2.300 եվրոն փոխանցված լինելու և Աղվան Կարապետյանի կողմից նշված գումարը ստացված լինելու և այն վերադարձնելու պարտականություն ստանձնելու փաստական հանգամանքների համակցությունը կարող են վկայել կողմերի միջև պարտավորաիրավական հարաբերությունների ծագման մասին` անկախ այն հանգամանքից` պարունակում է 08.01.2013 թվականին տրված թիվ 258517281 գումարի փոխանցման բանկային անդորրագիրը որևէ տեղեկություն գումարի փոխանցման նպատակի մասին, թե` ոչ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բացառելով փոխառության իրավահարաբերությունների առկայությունը, հաշվի չի առել, որ Դատարանի կողմից չի բացահայտվել կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների բնույթը, արդյունքում սխալ եզրահանգման է եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ` անտեսելով, որ պարտավորաիրավական հարաբերությունների բնույթը մնացել է վիճելի` գործի բազմակողմանի քննություն չիրականացնելու պայմաններում, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.07.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.07.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԳԴ4/0019/02/16
Որոշում