Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ ԵՎ 337-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0349/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0349/02/16 2017 թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ`                    Ա. Խառատյան
                                                 Ս. Թորոսյան

                                                               

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի

                   

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկանուշ Օհանյանի ներկայացուցիչ Կորյուն Քիշմիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկանուշ Օհանյանի ընդդեմ Սուսաննա Եղիազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Հայկանուշ Օհանյանը պահանջել է Սուսաննա Եղիազարյանից բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Սահակյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.04.2017 թվականի որոշմամբ Սուսաննա Եղիազարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 11.10.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկանուշ Օհանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Եղիազարյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 337-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, միայն վկայի ցուցմունքը հիմք ընդունելով, եզրահանգել է, որ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը պարտավորագրով որոշված չլինելու պարագայում և գումարը վերադարձնելու պահանջը դեռևս 2011 թվականի ամռանը ներկայացված ու Սուսաննա Եղիազարյանի կողմից մերժված լինելու պայմաններում հայցը ենթակա է մերժման հայցվորի կողմից հայցային վաղեմության եռամյա ժամկետը բաց թողնելու հիմքով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված ցուցմունքով չի հաստատվում, թե Հայկանուշ Օհանյանը որքան գումարի պահանջ է ներկայացրել, արդյոք այդ պահանջն ուղղված է եղել 24.02.2010 թվականին Սուսաննա Եղիազարյանի կողմից տրված` «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթով սահմանված պարտավորության կատարմանը, արդյոք Հայկանուշ Օհանյանը գումարը վերադարձնելու արտոնյալ ժամկետ նշել է, որի լրանալուց հետո միայն նրա մոտ կծագեր պարտավորության կատարում պահանջելու իրավունքը, և կսկսվեր հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետը, 877-րդ, 878-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 24.02.2010 թվականի պարտավորագրում որպես փոխատու նշված է «Հայկուշ Օհանյան», իսկ որպես հայցվոր հանդես է եկել «Հայկանուշ Օհանյան»-ը, որպիսի պայմաններում նրանց նույնական լինելը պետք է ապացուցի Հայկանուշ Օհանյանը: Մինչդեռ Հայկանուշ Օհանյանի կողմից պարտքային փաստաթղթի բնօրինակը դատարան ներկայացված լինելու պարագայում գործում է վերջինիս` փոխատու լինելու կանխավարկածը, հետևաբար Սուսաննա Եղիազարյանն է կրում Հայկանուշ Օհանյանի` փոխատու չհանդիսանալու փաստի ապացուցման պարտականությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.10.2016 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայկանուշ Օհանյանը ներկայացրել է «Հայկուշ Օհանյանի» անվամբ կազմված պարտքային փաստաթուղթ և նշվել է, որ Սուսաննա Եղիազարյանը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվի, որ փոխատուն այլ անձ է:

Մինչդեռ Հայկանուշ Օհանյանը որպես հիմնավորում ներկայացրել է միայն այլ անձի անվամբ կազմված փաստաթուղթ, որը միայն հիմք ընդունելով` հնարավոր չէ հայցը բավարարել: Նման պարագայում Հայկանուշ Օհանյանը չի հիմնավորել իր վկայակոչած փաստը, ուստի վերջինս է կրում դրա բացասական հետևանքները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 24.02.2010 թվականի պարտավորագրի համաձայն` Սուսաննա Եղիազարյանը Հայկուշ Օհանյանին պարտք է 20.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերը վաճառելուց անմիջապես հետո վերադարձնել նշված գումարը: Պարտավորագրի բնօրինակը 26.09.2016 թվականի դատական նիստի ժամանակ ներկայացրել է Հայկանուշ Օհանյանի ներկայացուցիչ Կորյուն Քիշմիրյանը (հատոր 1-ին, գ.թ. 11, 120, 122):

2) Ռուզաննա Խալաթյանը գրավոր հայտնել է, որ ճանաչում է Հայկանուշ Օհանյանին: Վերջինս իր ամուսնու հետ պարբերաբար այցելել է սրճարան` Սուսաննա Եղիազարյանին հանդիպելու և նրա կողմից վերցրած գումարները վերադարձնելու հարցը քննարկելու համար: Նրանց միջև քննարկվող հարցի մասին տեղյակ է, քանի որ գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նրանք բարձրաձայն վիճաբանել են: 2011 թվականի ամռանը սրճարանում տեղի ունեցած հերթական հանդիպման ժամանակ` նրանց սեղանը սպասարկելիս, իր ներկայությամբ Սուսաննա Եղիազարյանը, պատճառաբանելով, որ արդեն վերցրած գումարից մի քանի անգամ ավել գումար է Հայկանուշ Օհանյանին վերադարձրել, հրաժարվել է այլևս որևէ գումար նրան վճարելուց և պահանջել է, որ այդ հարցով իրեն չանհանգստացնեն (հատոր 1-ին, գ.թ. 100):

3) 26.09.2016 թվականի դատական նիստի ժամանակ վկա Ռուզաննա Խալաթյանը ցուցմունք է տվել առ այն, որ սրճարանում աշխատելու ընթացքում ականատես է եղել Հայկանուշ Օհանյանի և Սուսաննա Եղիազարյանի վեճերին, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսին, երբ Սուսաննա Եղիազարյանը Հայկանուշ Օհանյանի հետ վիճելիս ասել է, որ բավական է` ինչքան գումար է տվել: Միաժամանակ Դատարանի այն հարցին, թե արդյոք վկան կարող է ասել, թե ինչ գումարի մասին է եղել խոսքը, Ռուզաննա Խալաթյանը պատասխանել է` ոչ (հատոր 1-ին, գ.թ. 122-123, 126):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ, 424-րդ, 877-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փոխառության պայմանագրում դրա կատարման ժամկետը նշված չլինելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը որոշելու առանձնահատկություններին:

1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): Միաժամանակ օրենսդիրը սահմանել է հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգն այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ: Նշված պարտավորությունների համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, ապա այդ ժամկետի ավարտից հետո (տե՛ս, «Բեյց» ՍՊԸ-ն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի թիվ ԵՔԴ/0075/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուի սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Ընդ որում, երբ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, ապա փոխառուն այն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրում փոխառության գումարի վերադարձման ժամկետի վերաբերյալ պայմանի շուրջ կողմերի կամահայտնությունը պետք է լինի հնարավորինս հստակ ձևակերպված, այսինքն` լինի որոշակի և չպարունակի անորոշ ձևակերպումներ, որն իր հերթին հնարավորություն կտա հնարավորինս ճշգրիտ հաշվարկելու փոխառուի` գումարը վերադարձնելու պարտականության կատարման ծագման պահը: Ըստ այդմ, այն դեպքում, երբ փոխառության պայմանագրում փոխառությամբ վերցված գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանը ձևակերպվել է անորոշ, որը հնարավորություն չի տալիս այն մեկնաբանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոններին համապատասխան, ապա կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված կանոնակարգումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ փոխառությամբ տրված գումարը բոլոր դեպքերում ենթակա է վերադարձման փոխատուին, և փոխառության պայմանագրում փոխառության գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանի վրա հասնելը չի կարող ուղղակի կախվածության մեջ դրվել փոխառուի կողմից որևէ գործողության կատարումից կամ պայմանավորվել վերջինիս անգործությամբ: Հակառակ պարագայում փոխառուի` փոխառությամբ վերցված գումարը վերադարձնելու պարտականությունը հնարավոր է, որ երբևէ չծագի, ինչն անթույլատրելի է փոխառության իրավահարաբերությունների պայմաններում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելիս արձանագրել է, որ Հայկանուշ Օհանյանը 24.02.2010 թվականի պարտավորագրով նախատեսված փոխառության գումարը վերադարձնելու գրավոր պահանջը ներկայացրել է 09.03.2016 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումով, ինչը Սուսաննա Եղիազարյանը ստացել է 10.05.2016 թվականին, իսկ պարտավորությունը կատարելու համար նախատեսված երեսնօրյա ժամկետը լրացել է 09.06.2016 թվականին, ուստի գտել է, որ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն այդպես էլ չի սկսվել:

Վերաքննիչ դատարանը, Սուսաննա Եղիազարյանի վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով, արդյունքում` հայցը մերժելով, պատճառաբանել է, որ վկա Ռուզաննա Խալաթյանի ցուցմունքով հիմնավորվել է, որ 2011 թվականի ամռանը Հայկանուշ Օհանյանը ներկայացրել է պարտավորության կատարման պահանջ, որը մերժվել է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 24.02.2010 թվականի պարտավորագրի բովանդակությունից բխում է, որ փոխառությամբ տրամադրվել է գումար ոչ թե անորոշ ժամկետով, այլ` հետաձգող պայմանով, որը դեռևս չի իրականացվել:

Վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում մեկնաբանելով 24.02.2010 թվականի պարտավորագիրը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նշված պարտավորագրով պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով` հնարավոր չէ մեկնաբանել այդ պայմանը` կապված դրանում նշված պարտավորության կատարման հստակ ժամկետը պարզելու հետ, քանի որ Սուսաննա Եղիազարյանն այն պայմանավորել է «անշարժ գույքեր վաճառելու հետ»` առանց նշելու դրանք վաճառելու վերջնաժամկետը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ էության փոխառության պայմանագրով (պարտավորագրով) որոշված չէ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը: Այդ պայմանի վերաբերյալ հնարավոր չէ մեկնաբանություն կատարել նաև պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի համադրման կանոնի կիրառմամբ, քանի որ 24.02.2010 թվականի պարտավորագրով այլ պայմաններ առկա չեն: Հետևաբար ենթակա է կիրառման պայմանագրի մեկնաբանման հաջորդ կանոնը, որի ժամանակ ենթակա է պարզման կողմերի իրական ընդհանուր կամքը:

Այսպես, 24.02.2010 թվականին Սուսաննա Եղիազարյանն իր կողմից ստորագրված պարտավորագրում նշել է, որ «Հայկուշ» Օհանյանից վերցրել է 20.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է նշված գումարը վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերը վաճառելու դեպքում: Այսինքն` Սուսաննա Եղիազարյանն ընդունել է, որ փոխառությամբ գումար է վերցրել և կամք է դրսևորել այդ գումարը վերադարձնելու: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կողմերի ընդհանուր իրական կամքն ուղղված է եղել միմյանց միջև փոխառության իրավահարաբերություններ առաջացնելուն, որոնք և առաջացել են:

Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ փոխառությամբ տրված գումարը բոլոր դեպքերում ենթակա է վերադարձման, և փոխառության պայմանագրում փոխառության գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանի վրա հասնելը չի կարող ուղղակի կախվածության մեջ դրվել փոխառուի կողմից որևէ գործողության կատարումից կամ պայմանավորվել վերջինիս անգործությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Սուսաննա Եղիազարյանի` փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը չի կարող կախվածության մեջ դրվել պարտավորագրում նշված անշարժ գույքերը վաճառելու պայմանից, քանի որ հնարավոր է, որ Սուսաննա Եղիազարյանին չհաջողվի այն ընդհանրապես վաճառել, կամ վաճառվի պարտավորագրում նշված գումարից պակաս գումարով, կամ վերջինս փոխի այն վաճառելու իր մտադրությունը, որոնցից յուրաքանչյուրի դեպքում նա չի ազատվում փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը կատարելուց:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագրով, ըստ էության, որոշված չէ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը, որի դեպքում ստացված փոխառության գումարը Սուսաննա Եղիազարյանը պետք է վերադարձներ այդ մասին իրեն պահանջ ներկայացվելու օրվանից երեսնօրյա ժամկետում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում պարտատերը պարտապանին իր պահանջը պետք է ներկայացնի այնպիսի եղանակով, որով հնարավոր է ապացուցել պարտապանին իր պարտավորությունների վերաբերյալ տեղեկացնելու փաստը: Նման պահանջ պարտատերը կարող է ներկայացնել նաև դատարան հայց հարուցելու միջոցով: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է հայցի ինստիտուտի էությունից, մասնավորապես` հայցը նյութաիրավական և դատավարական հասկացություն է, որի նյութաիրավական կողմն արտահայտվում է հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող իրավական պահանջի մեջ, իսկ դատավարական կողմը դատարանին հասցեագրված պահանջն է` քննել և լուծել կողմերի միջև ծագած վեճը:

Սույն գործով Հայկանուշ Օհանյանը 24.02.2010 թվականի պարտավորագրից բխող փոխառության գումարը վերադարձնելու պահանջը Սուսաննա Եղիազարյանին ներկայացրել է 09.03.2016 թվականին դատարան մուտքագրված հայցադիմումով, որը Սուսաննա Եղիազարյանը ստացել է 10.05.2016 թվականին, սակայն իր այդ պարտավորությունն օրենքով նախատեսված երեսնօրյա ժամկետում չի կատարել: Նման պայմաններում հիմնավոր է Դատարանի այն պատճառաբանությունը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն այդպես էլ չի սկսվել, քանի որ Հայկանուշ Օհանյանը հայցադիմումով ներկայացրել է և՛ իր խախտված իրավունքները վերականգնելու` դատարանին հասցեագրված պահանջ, և՛ փոխառության գումարը վերադարձնելու` Սուսաննա Եղիազարյանին հասցեագրված պահանջ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վկա Ռուզաննա Խալաթյանի ցուցմունքով հիմնավորվել է, որ Հայկանուշ Օհանյանը նման պահանջ ներկայացրել է ավելի վաղ, հետևաբար հայցը ենթակա էր մերժման հայցային վաղեմության եռամյա ժամկետը բաց թողնելու հիմքով, ապա Վճռաբեկ դատարանն այն համարում է անհիմն, քանի որ վկա Ռուզաննա Խալաթյանի ցուցմունքով հիմնավորվում է միայն, որ Հայկանուշ Օհանյանի կողմից 2011 թվականի ամռանը ներկայացվել է գումարի վերադարձման պահանջ, որը մերժվել է, միևնույն ժամանակ, սակայն, վկան չի նշել, թե ինչ պարտավորություններից ծագած գումարի վերադարձման մասին է խոսքը, արդյոք նշված պահանջն ուղղված է եղել 24.02.2010 թվականի պարտավորագրում նշված 20.000 ԱՄՆ դոլարի վերադարձմանը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վկա Ռուզաննա Խալաթյանի ցուցմունքը բավարար չէ` հայցային վաղեմության ժամկետը Հայկանուշ Օհանյանի կողմից բացթողնված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար:

ՈՒստի, անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողը թույլատրելի և վերաբերելի ապացույցներով չի հիմնավորել հայցային վաղեմության եռամյա ժամկետի հոսքի այնպիսի մեկնարկ, որը հանգեցրած կլիներ հայցային վաղեմության ժամկետի հոսքի ավարտին:

2. Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությանը` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ օրենսդիրը պարտատիրոջ վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ, իսկ պարտապանի կողմից պարտատիրոջն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ տրված լինելու դեպքում` պարտապանին վերադարձնել այդ փաստաթուղթը, դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Ընդ որում, այլ բան ապացուցված չլինելու դեպքում նշված փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2012 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումից հետևում է, որ պարտավորության կատարման փաստն ապացուցված չլինելու պարագայում քանի դեռ պարտքային փաստաթղթի բնօրինակը գտնվում է պարտատիրոջ մոտ, գործում է պարտավորությունը կատարված չլինելու կանխավարկածը:

i

Այսպիսով, պայմանավորված այն հանգամանքով, թե պարտավորության որ կողմն է (պարտատերը կամ պարտապանը) դատարան ներկայացնում պարտքային փաստաթղթի բնօրինակը, այն մի դեպքում կարող է հաստատել պարտավորության առկայության, մեկ այլ դեպքում` պարտավորության դադարման փաստը (տե՛ս, նաև Ղասեմ Աբդոլահ Նեժադին ընդդեմ Աշոտ Հարությունյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0704/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 24.02.2010 թվականի պարտավորագրի բնօրինակը գտնվել է Հայկանուշ Օհանյանի մոտ, և վերջինս է այն ներկայացրել դատարան` ի հիմնավորումն իր պահանջի, մինչդեռ Սուսաննա Եղիազարյանի կողմից չի ներկայացվել այլ ապացույց, որով կհիմնավորվեր, որ 24.02.2010 թվականի պարտավորագրով փոխատու է հանդիսանում այլ անձ:

Վերաքննիչ դատարանը Սուսաննա Եղիազարյանի վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի վճիռը բեկանելու և հայցը մերժելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ 24.02.2010 թվականի պարտավորագրում որպես պարտատեր (փոխատու) նշված է «Հայկուշ Օհանյանը», այլ ոչ թե «Հայկանուշ Օհանյանը», և նշված պարտավորագիրը Հայկանուշ Օհանյանի մոտ գտնվելու փաստն ինքնին չի կարող հիմք ծառայել այդ փաստաթղթի պատկանելությունը կոնկրետ անձին հաստատված համարելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի վերը նշված հետևությունը ևս համարում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով, այդ թվում նաև հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներից հետևում է, որ պարտքային փաստաթուղթը պատկանում է հայցվոր Հայկանուշ Օհանյանին և տրվել է ի հավաստումն նրա նկատմամբ ունեցած պարտավորության:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի այն պատճառաբանությունը, որ փոխատու է հանդիսանում Հայկանուշ Օհանյանը, քանի որ 24.02.2010 թվականի պարտավորագրի բնօրինակը գտնվել է Հայկանուշ Օհանյանի մոտ, և վերջինս է այն ներկայացրել դատարան` ի հիմնավորումն իր պահանջի, մինչդեռ Սուսաննա Եղիազարյանի կողմից չի ներկայացվել այլ ապացույց, որով կհիմնավորվեր, որ 24.02.2010 թվականի պարտավորագրով փոխատու է հանդիսանում այլ անձ:

Միաժամանակ անդրադառնալով 20.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձելու պահանջին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ ՈՒզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայկանուշ Օհանյանը վիճելի գումարի բռնագանձման հայցապահանջը ներկայացրել է 09.03.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 7), որը Սուսաննա Եղիազարյանը ստացել է 10.05.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17), սակայն օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետում փոխառության գումարը Հայկանուշ Օհանյանին չի վերադարձրել, որպիսի պայմաններում 10.06.2016 թվականից սկսած վերջինիս դրամական միջոցները պահել է ապօրինի: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է նաև Դատարանի այն հետևությունը, որ ենթակա է բավարարման նաև վերադարձման ենթակա գումարի մնացորդին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու հայցվորի պահանջը, որը պետք է հաշվարկել սկսած 10.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, միաժամանակ հաշվի առնելով, որ Սուսաննա Եղիազարյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի մնացած մասի վճարումը Վերաքննիչ դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 20), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուսաննա Եղիազարյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 600 ԱՄՆ (20.000 *3%) դոլարին համարժեք ՀՀ դրամ և սկսած 10.06.2016 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար` հաշվանցելով Սուսաննա Եղիազարյանի կողմից նախապես վճարված 20.000 ՀՀ դրամը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուսաննա Եղիազարյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև 600 ԱՄՆ (20.000 *3%) դոլարին համարժեք ՀՀ դրամ և սկսած 10.06.2016 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը (նշված պետական տուրքերի հանրագումարը)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 31.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2016 թվականի վճռին:

2. Սուսաննա Եղիազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և սկսած 10.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար` հաշվանցելով Սուսաննա Եղիազարյանի կողմից նախապես վճարված 20.000 ՀՀ դրամը:

Սուսաննա Եղիազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և սկսած 10.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը (նշված պետական տուրքերի հանրագումարը)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԱՎԴ2/0349/02/16
Որոշում