Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 352-ՐԴ ԵՎ 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 352-ՐԴ ԵՎ 447-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1171/02/15
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1171/02/15 2017թ.
Նախագահող դատավոր`  Լ. Գրիգորյան 
Դատավորներ`                    Ն. Բարսեղյան
                                                Մ. Հարթենյան

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուբեն Ղազարյանի ընդդեմ Գայանե Հայրապետյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուբեն Ղազարյանը պահանջել է Գայանե Հայրապետյանից բռնագանձել 3.000 ԱՄՆ դոլար և այդ գումարի մնացորդի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 15.09.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 04.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.11.2016 թվականի որոշմամբ Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 04.07.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ և 447-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում սխալ հետևություն է կատարել այն մասին, որ 2011 թվականի օգոստոս ամսին կողմերի միջև առկա է եղել բնակարանի առուվաճառքի վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն, իսկ վիճելի գումարն իր կողմից Գայանե Հայրապետյանին տալու հանգամանքը բխել է հենց այդ պայմանավորվածությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 2011 թվականին ձեռք բերված վերը նշված պայմանավորվածությունը նույն թվականի սեպտեմբեր ամսին դադարել է իր կողմից տունը ձեռք բերելուց հրաժարվելու հիմքով, որից հետո միայն նույն տարվա հոկտեմբեր ամսին կազմվել է վիճելի ստացականը:

Բացի այդ, գումարը Գայանե Հայրապետյանին տրվել է ոչ թե որպես գնվելիք բնակարանի արժեքի մի մաս, այլ վերջինիս խնդրանքով նրա կարիքների համար:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ստացականը, հետևություն է արել այն մասին, որ գումարը վերադարձնելու պայմանը կապված է բնակարանը վաճառելու հետ` անտեսելով, որ դրանում պարտավորության կատարման ժամկետը հստակ և որոշակի նշված չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.11.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.07.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 11.10.2011 թվականին Գայանե Հայրապետյանն ստացական է տվել այն մասին, որ «Ռուբեն Ղազարյանից վերցրել է 3.000 ԱՄՆ դոլար, և պարտավորվում է վերադարձնել բնակարանը վաճառելու դեպքում» (հատոր 1-ին, գ.թ. 5).

2) Ռուբեն Ղազարյանը գրավոր պահանջ է ներկայացրել Գայանե Հայրապետյանին` 5-օրյա ժամկետում վերը նշված գումարը վերադարձնելու մասին` այն 04.08.2015 թվականին «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժանմունքի միջոցով ուղարկելով նրան: Նշված գրությունը Գայանե Հայրապետյանը 14.08.2015 թվականին ստացել է, սակայն փոխառության գումարը չի վերադարձրել (հատոր 1-ին, գ.թ. 6-8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փոխառության պայմանագրում դրա կատարման ժամկետը նշված չլինելու դեպքում պայմանագրի կատարման ժամկետի որոշման առանձնահատկություններին` վերահաստատելով պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուի սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Ընդ որում, երբ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, ապա փոխառուն այն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրում փոխառության գումարի վերադարձման ժամկետի վերաբերյալ պայմանի շուրջ կողմերի կամահայտնությունը պետք է լինի հնարավորինս հստակ ձևակերպված, այսինքն` լինի որոշակի և չպարունակի անորոշ ձևակերպումներ, որն իր հերթին հնարավորություն կտա հնարավորինս ճշգրիտ հաշվարկելու փոխառուի` գումարը վերադարձնելու պարտականության կատարման ծագման պահը: Ըստ այդմ, այն դեպքում, երբ փոխառության պայմանագրում փոխառությամբ վերցված գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանը ձևակերպվել է անորոշ, որը հնարավորություն չի տալիս այն մեկնաբանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոններին համապատասխան, ապա կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված կանոնակարգումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ փոխառությամբ տրված գումարը բոլոր դեպքերում ենթակա է վերադարձման փոխատուին, և փոխառության պայմանագրում փոխառության գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանի վրա հասնելը չի կարող ուղղակի կախվածության մեջ դրվել փոխառուի կողմից որևէ գործողության կատարումից կամ պայմանավորվել վերջինիս անգործությամբ: Հակառակ պարագայում փոխառուի` փոխառությամբ վերցված գումարը վերադարձնելու պարտականությունը հնարավոր է, որ երբևէ չծագի, ինչն անթույլատրելի է փոխառության իրավահարաբերությունների պայմաններում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ռուբեն Ղազարյանի և Գայանե Հայրապետյանի միջև ծագել են փոխառության իրավահարաբերություններ` Ռուբեն Ղազարյանը Գայանե Հայրապետյանի սեփականությանն է հանձնել 3.000 ԱՄՆ դոլար, որը վերջինս պարտավորվել է վերադարձնել «բնակարանը վաճառելու դեպքում»: Փոխառության պայմանագիրը կնքվել է գրավոր` ի հավաստումն նրանց միջև փոխառության պայմանագրի և այդ պայմանների` Գայանե Հայրապետյանը տվել է ստացական: Ռուբեն Ղազարյանը գրավոր պահանջ է ներկայացրել Գայանե Հայրապետյանին` 5-օրյա ժամկետում վերը նշված գումարը վերադարձնելու մասին` այն 04.08.2015 թվականին «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժանմունքի միջոցով ուղարկելով նրան: Նշված գրությունը Գայանե Հայրապետյանը 14.08.2015 թվականին ստացել է, սակայն փոխառության գումարը չի վերադարձրել:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս արձանագրել է, որ «ստացականի բովանդակությունը մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոններով` դատարանը գտնում է, որ դրանում պարտավորության կատարման ժամկետը նախատեսված չէ, իսկ դրանում գրառված արտահայտությունը «վերադարձնել բնակարանը վաճառելու դեպքում» չի պարունակում պարտավորության կատարման կոնկրետ` որոշակի ժամկետի վերաբերյալ պայմաններ»: Միաժամանակ Դատարանը նշել է, որ պարտատերը պարտավորության կատարման պահանջ է ներկայացրել պարտապանին 04.08.2015 թվականին, որը վերջինս ստացել է 14.08.2015 թվականին, որպիսի պայմաններում հայցը` 3.000 ԱՄՆ դոլար վերադարձնելու պահանջի մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման: Բացի այդ, Դատարանը, անդրադառնալով վերադարձման ենթակա գումարի մնացորդին տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջին, արձանագրել է, որ պատասխանողն ուրիշի` հայցվորի դրամական միջոցները պահել է ապօրինի, որպիսի պայմաններում բավարարման է ենթակա նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով սահմանված հայցվորի պահանջը:

Վերաքննիչ դատարանը Գայանե Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 04.07.2016 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության` նաև նշելով, որ «դատարանի կողմից պատշաճ չի հետազոտվել և գնահատվել գործում առկա` պատասխանողի կողմից կազմված և ստորագրված ստացականը, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ պատասխանողը պարտավորվել է վերադարձնել գումարը բնակարանը վաճառելու դեպքում, այսինքն` նշված ստացականով կողմերը պայմանավորվել են գումարի վերադարձման պայմանի շուրջ»:

Վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում մեկնաբանելով 11.10.2011 թվականի ստացականը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նշված ստացականում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով` հնարավոր չէ մեկնաբանել պայմանագրի այդ պայմանը` կապված դրանում նշված պարտավորության կատարման հստակ ժամկետը պարզելու հետ, քանի որ Գայանե Հայրապետյանն այն պայմանավորել է ինչ-որ «բնակարան վաճառելու հետ»` առանց նշելու այն վաճառելու վերջնաժամկետը: Ստացականում նշված չէ անգամ բնակարանի նկարագիրը (այդ թվում նաև` գտնվելու վայրը): Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ էության փոխառության պայմանագրով (ստացականով) որոշված չէ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը: Այդ պայմանի վերաբերյալ հնարավոր չէ մեկնաբանություն կատարել նաև պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի համադրման կանոնի կիրառմամբ, քանի որ ստացականում այլ պայմաններ առկա չեն: Հետևաբար ենթակա է կիրառման պայմանագրի մեկնաբանման հաջորդ կանոնը, որի ժամանակ ենթակա է պարզման կողմերի իրական ընդհանուր կամքը: Այսպես` 11.10.2011 թվականին Գայանե Հայրապետյանը ստացական է տվել այն մասին, որ Ռուբեն Ղազարյանից վերցրել է 3.000 ԱՄՆ դոլար, և պարտավորվում է նշված գումարը վերադարձնել բնակարանը վաճառելու դեպքում: Այսինքն` Ռուբեն Ղազարյանը կամք է դրսևորել Գայանե Հայրապետյանին փոխառությամբ հանձնելու որոշակի գումար, իսկ Գայանե Հայրապետյանն իր հերթին կամք է դրսևորել այդ գումարը վերադարձնելու: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կողմերի ընդհանուր իրական կամքն ուղղված է եղել միմյանց միջև փոխառության իրավահարաբերություններ առաջացնելուն, որոնք և առաջացել են:

Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ փոխառությամբ տրված գումարը բոլոր դեպքերում ենթակա է վերադարձման, և փոխառության պայմանագրում փոխառության գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանի վրա հասնելը չի կարող ուղղակի կախվածության մեջ դրվել փոխառուի կողմից որևէ գործողության կատարումից կամ պայմանավորվել վերջինիս անգործությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Գայանե Հայրապետյանի` փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը չի կարող կախվածության մեջ դրվել ստացականում նշված բնակարանը վաճառելու պայմանից, քանի որ հնարավոր է, որ Գայանե Հայրապետյանին չհաջողվի այն ընդհանրապես վաճառել, կամ վաճառվի ստացականում նշված գումարից պակաս գումարով, կամ վերջինս փոխի այն վաճառելու իր մտադրությունը, որոնցից յուրաքանչյուրի դեպքում նա չի ազատվում փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը կատարելուց:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագրով, ըստ էության, որոշված չէ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը, որի դեպքում ստացված փոխառության գումարը Գայանե Հայրապետյանը պետք է վերադարձներ այդ մասին Ռուբեն Ղազարյանի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում: Ռուբեն Ղազարյանն այդ գրավոր պահանջը ներկայացրել է 04.08.2015 թվականին, Գայանե Հայրապետյանն այն ստացել է 14.08.2015 թվականին, սակայն երեսնօրյա ժամկետում պահանջը չի կատարել: Այսինքն` Գայանե Հայրապետյանն իր այդ պարտավորությունն օրենքով նախատեսված երեսնօրյա ժամկետում չի կատարել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունն անհիմն է, և չի բխում նաև վճռաբեկ բողոքի հիմքում նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածից, ուստի Դատարանը, 3.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայցապահանջը բավարարելով, հանգել է իրավաչափ եզրահանգման:

Միաժամանակ անդրադառնալով 3.000 ԱՄՆ դոլարի մնացորդի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 15.09.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձելու պահանջին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ ՈՒզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Հայրապետյանը, 14.08.2015 թվականին ստանալով վիճելի գումարը վերադարձնելու վերաբերյալ Ռուբեն Ղազարյանի գրավոր պահանջը, օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետում փոխառության գումարը Ռուբեն Ղազարյանին չի վերադարձրել, որպիսի պայմաններում 15.09.2015 թվականից սկսած վերջինիս դրամական միջոցները պահել է ապօրինի: Հետևաբար հիմնավոր է նաև Դատարանի այն հետևությունը, որ ենթակա է բավարարման նաև վերադարձման ենթակա գումարի մնացորդին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու հայցվորի պահանջը, որը պետք է հաշվարկել` սկսած 15.09.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Ռուբեն Ղազարյանը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 50.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուբեն Ղազարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Գայանե Հայրապետյանի կողմից: Միաժամանակ Գայանե Հայրապետյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 90 ԱՄՆ (3.000 *3%) դոլարին համարժեք ՀՀ դրամի և սկսած 15.09.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 3.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 02.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից` 19.01.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրն այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2016 թվականի վճռին:

2. Գայանե Հայրապետյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և սկսած 15.09.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 3.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Գայանե Հայրապետյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից` 19.01.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրն այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

Գայանե Հայրապետյանից հօգուտ Ռուբեն Ղազարյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՍԴ/1171/02/15
Որոշում