Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 345-ՐԴ, 347-ՐԴ, 877-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4663/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4663/02/15 2017 թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
                   Դատավորներ` Լ. Գրիգորյան
                                                 Մ. Հարթենյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մելսիդա Ղազարյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Օֆելյա Գրիգորյանի ընդդեմ Միքայել Ղազարյանի, Մելսիդա Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

i

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Օֆելյա Գրիգորյանը պահանջել է Մելսիդա Ղազարյանից բռնագանձել 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը և սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը հաշվեգրել ու բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 25.10.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.02.2017 թվականի որոշմամբ Օֆելյա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.10.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է. Մելսիդա Ղազարյանից հօգուտ Օֆելյա Գրիգորյանի բռնագանձվել է 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվել և բռնագանձվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 03.11.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելսիդա Ղազարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օֆելյա Գրիգորյանի ներկայացուցիչ Գայանե Գալոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 877-րդ, 878-րդ և 880-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ և 406-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա չէ պարտքի փոխանցման գործարք, առկա չէ դրա վերաբերյալ Օֆելյա Գրիգորյանի գրավոր համաձայնությունը, ավելին` Մելսիդա Ղազարյանը բացատրությունը գրել է առանց Միքայել Ղազարյանի և Օֆելյա Գրիգորյանի ներկայության, և դրա բովանդակությունը վերջիններիս նախապես հայտնի չի եղել, և նույնիսկ հայտնի չէ` ընդհանրապես Միքայել Ղազարյանն ունեցել է իր պարտքը մորը փոխանցելու ցանկություն, թե` ոչ: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում Մելսիդա Ղազարյանի կողմից տրված բացատրությունը չի կարող Մելսիդա Ղազարյանի և Օֆելյա Գրիգորյանի միջև պարտավորության ծագման հիմք հանդիսանալ:

Բացի այդ, Մելսիդա Ղազարյանի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում տրված բացատրությունը սույն գործի շրջանակներում չի կարող հանդիսանալ վերաբերելի ապացույց, քանի որ բացատրությամբ Մելսիդա Ղազարյանը չի ընդունել իր կողմից Օֆելյա Գրիգորյանից փոխառության պայմանագրով գումար վերցնելու և իր մոտ վերջինիս տվյալ գումարը վճարելու պարտականության առկայությունը, այլ ընդամենը հաստատել է Միքայել Ղազարյանի կողմից գումար վերցնելու փաստը: Մինչդեռ գրավոր փաստաթուղթը փոխառության պայմանագիր դիտարկելու և դրանից առաջացող հետևանքները կիրառելու համար անհրաժեշտ է, որ անձը ստանա գումար և ըստ այդմ էլ` ստանձնի պարտականություն` վերադարձնելու վերցված գումարը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.10.2016 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Օֆելյա Գրիգորյանն իր կողմից ներկայացված պահանջի հիմքում դրել է Մելսիդա Ղազարյանի` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում տրված բացատրությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի իմաստով պարտավորությունը հավաստող այլ ապացույց է, որով հավաստվում է պատասխանողի` հայցվորի նկատմամբ ունեցած պարտքի առկայությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Միքայել Ղազարյանի կողմից կազմված և ստորագրված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի լուսապատճենի համաձայն` վերջինս պարտավորվել է 7.000 (յոթ հազար) ԱՄՆ դոլարը, որը վերցրել է Օֆելյա Գրիգորյանից, վերադարձնել մինչև 31.12.2012 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 9).

2) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Հ. Ո. Բ. տեսուչի կողմից կազմված «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրության համաձայն` Մելսիդա Ղազարյանը հայտնել է, որ տեղյակ է, որ իր տղան Օֆելյա Գրիգորյանից վերցրել է ընդհանուր 7.205 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և գումարը չի վերադարձրել: Նշել է նաև, որ տեղյակ է որդու` Միքայել Ղազարյանի` Օֆելյա Գրիգորյանին 7.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին, պարտավորվել է սեղմ ժամկետներում` 6-7 ամսվա ընթացքում, վճարել այդ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ, 406-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորական իրավահարաբերություններում պարտատիրոջ և պարտապանի անձի փոփոխությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով: Այն գործարքով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում արտահայտելով պարտավորական իրավահարաբերություններում պարտատիրոջ և (կամ) պարտապանի անձերի փոփոխության վերաբերյալ, արձանագրել է, որ օրենսդրի կողմից իրավունք է վերապահվել ինչպես պարտատիրոջը, այնպես էլ պարտապանին օրենքով սահմանված կարգով կատարելու անձանց փոփոխություն պարտավորության մեջ մինչև դրա դադարումը: Պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, այլ տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի հիմքով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պարտապանին իր պարտքն այլ անձի փոխանցելով` դուրս գալ պարտավորություններից և իր փոխարեն ներգրավելու պարտավորության մեջ այլ անձի: Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ պարտատիրոջ համար էական և կարևոր է այն հանգամանքը, թե ով է ստանձնելու պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը, պարտքի փոխանցումն այլ անձի կարող է իրականացվել միայն պարտատիրոջ համաձայնությամբ: Ընդ որում, պարտքի իրավունքի փոխանցման գործարքը կնքվում է գործարքի այն ձևով (հասարակ գրավոր կամ նոտարական վավերացումով), որի վրա հիմնված է պարտքի փոխանցումը: Այսպիսով, պարտքի փոխանցման դեպքում նախկին պարտապանն ամբողջությամբ ազատվում է պարտավորության կատարումից, իսկ նոր պարտապանը ստանձնում է նրա իրավունքները և պարտականությունները, այդ իսկ պատճառով նոր պարտապանն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու այն ծավալով և բովանդակությամբ, որոնք հիմնված են պարտատիրոջ և սկզբնական պարտապանի հարաբերությունների վրա:

i

Ի տարբերություն պարտքը փոխանցելուն` պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելու դեպքում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին կետ) պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Տվյալ դեպքում պարտապանը պարտավորությունից դուրս չի գալիս, և երրորդ անձը նրա փոխարեն պարտավորության մեջ չի մտնում: Այսպես, հանձնարարությունը կարող է լինել գրավոր (լիազորագրի տեսքով), կամ պարտքը հաստատող փաստաթղթի մեջ կատարվում է նշում պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունը վերջինիս հանձնարարությամբ երրորդ անձի կողմից կատարելու մասին: Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով պարտավորության կատարման դեպքում պարտատիրոջ համաձայնությունն անհրաժեշտ չէ, և պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը (տե՛ս, Կարեն Քալանթարյանն ընդդեմ Մուշեղ Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի թիվ ԱՎԴ/0412/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «հայցվորի կողմից չի հիմնավորվել պատասխանող Մելսիդա Ղազարյանի կողմից իրեն գումարի վճարման պարտավորության վերաբերյալ պատշաճ իրավական հիմքի առկայությունը և չի ներկայացվել նաև պարտավորության առկայության փաստը հիմնավորող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, արդյունքում Դատարանի 25.10.2016 թվականի վճիռը բեկանելով և փոփոխելով, պատճառաբանել է, որ «Օֆելյա Գրիգորյանի կողմից ի հիմնավորումն իր պահանջի ներկայացված` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում Մելսիդա Ղազարյանի կողմից տրված բացատրության արձանագրությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի իմաստով պարտավորության ծագումը հավաստող այլ ապացույց է, որը հիմնավորում է պատասխանողի` հայցվորի նկատմամբ պարտքի առկայությունը, քանի որ Մելսիդա Ղազարյանը վերը նշված բացատրությամբ արդեն իսկ ընդունել է իր պարտավորությունը` վերադարձնելու հայցվոր Օֆելյա Գրիգորյանի նկատմամբ որդու ունեցած 7.000 ԱՄՆ դոլար պարտքը, որը չի կատարել, այն է` սահմանված ժամկետում չի վերադարձրել 7.000 ԱՄՆ դոլար պարտքը, քանի որ գործի նյութերում բացակայում է հակառակը հիմնավորող որևէ ապացույց»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Միքայել Ղազարյանի կողմից կազմվել և ստորագրվել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որի լուսապատճենի համաձայն` վերջինս պարտավորվել է 7.000 (յոթ հազար) ԱՄՆ դոլարը, որը վերցրել է Օֆելյա Գրիգորյանից, վերադարձնել մինչև 31.12.2012 թվականը: Նշված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը հիմնավորում է Միքայել Ղազարյանի կողմից հայցվորից փոխառությամբ գումար ստանալու փաստը և հենց նրա կողմից այդ գումարը վերադարձնելու պարտավորության առաջացումը:

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Հ. Ո. Բ. տեսուչի կողմից կազմված արձանագրությանը` «Բացատրություն վերցնելու մասին», ըստ որի` Մելսիդա Ղազարյանը հայտնել է, որ տեղյակ է որդու` Միքայել Ղազարյանի` Օֆելյա Գրիգորյանին 7.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին, պարտավորվել է սեղմ ժամկետներում` 6-7 ամսվա ընթացքում, վճարել այդ գումարը, ապա նշված փաստաթուղթը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի իմաստով չի կարող հանդիսանալ պարտավորության առաջացման փաստը հավաստող ապացույց, քանի որ այն իր մեջ չի պարունակում որևէ տեղեկություն Մելսիդա Ղազարյանի կողմից սույն գործով հայցվորից որոշակի գումար ստանալու մասին, որը փոխառության և դրանից բխող գումարի վերադարձման պարտավորության առկայության և առաջացման հիմք է հանդիսանում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Հ. Ո. Բ. տեսուչի կողմից կազմված «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրությունը չի կարող Օֆելյա Գրիգորյանի և Մելսիդա Ղազարյանի միջև պարտավորության ծագման հիմք հանդիսանալ, քանի որ վերոնշյալ արձանագրությունը չի պարունակում որևէ տեղեկություն ինչպես պարտապան Միքայել Ղազարյանի կողմից պարտքի փոխանցման, այնպես էլ` որևէ ձևով դրա վերաբերյալ Օֆելյա Գրիգորյանի գրավոր համաձայնության մասին: Ավելին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Հ. Ո. Բ. տեսուչի կողմից կազմված «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրությունն իր մեջ չի պարունակում որևէ տեղեկություն Միքայել Ղազարյանի կողմից իր մորը` Մելսիդա Ղազարյանին, տրված հանձնարարության մասին` Օֆելյա Գրիգորյանի հանդեպ ունեցած պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերոնշյալի անտեսմամբ սխալ եզրահանգման է եկել հայցի հիմնավոր լինելու վերաբերյալ այն պարագայում, երբ վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ներկայացված հայցապահանջը ենթակա էր մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել է Դատարանը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճռին օրինական ուժ է տալիս միայն Մելսիդա Ղազարյանի դեմ ներկայացված հայցապահանջը մերժելու մասով` հաշվի առնելով այն, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել և վերանայվել է միայն նշված մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում օրինական ուժ է տրվում Դատարանի 25.10.2016 թվականի վճռին, այսինքն` Օֆելյա Գրիգորյանի հայցը մերժվում է, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Օֆելյա Գրիգորյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 210 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (7.000$ * 3%), ինչպես նաև 03.11.2015 թվականից մինչև սույն որոշման կայացման օրն ընկած ժամանակահատվածի համար 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից գումար` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.06.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2017 թվականի որոշումը և Օֆելյա Գրիգորյանի հայցն ընդդեմ Մելսիդա Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին մերժելու մասով, օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2016 թվականի վճռին:

2. Օֆելյա Գրիգորյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 210 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 03.11.2015 թվականից մինչև սույն որոշման կայացման օրն ընկած ժամանակահատվածի համար 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից գումար` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.06.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵՇԴ/4663/02/15
Որոշում