Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1092-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1092-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1065/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1065/02/15 2017 թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ`                     Ա. Սմբատյան
                                                  Հ. Ենոքյան

                                                                      

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էլզա Մուրադովայի և Լարիսա Հարությունյանի ներկայացուցիչ Արսեն Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էլզա Մուրադովայի, Լարիսա Հարությունյանի ընդդեմ Ջանիբեկ Ազատյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էլզա Մուրադովան և Լարիսա Հարությունյանը պահանջել են Ջանիբեկ Ազատյանից բռնագանձել 13.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 240.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ.Մելքոնյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանի 15.03.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.04.2017 թվականի որոշմամբ Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 15.03.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլզա Մուրադովայի և Լարիսա Հարությունյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ջանիբեկ Ազատյանին գումարը փոխանցվել է Էլզա Մուրադովայի և Լարիսա Հարությունյանի կամքով ու ցանկությամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ջանիբեկ Ազատյանին գումար է փոխանցվել Էլզա Մուրադովայի և Լարիսա Հարությունյանի անվամբ բնակարան ձեռք բերելու նպատակով, որը վերջինս չի կատարել: Ջանիբեկ Ազատյանն իր պատասխանատվությամբ գումարը տրամադրել է Ներինա Պինխասովային` էժան գնով բնակարաններ ձեռք բերելու համար, սակայն վերջինս չի վերադարձրել նշված գումարները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ներինա Պինխասովան հետագայում դատավճռով մեղավոր է ճանաչվել և վճռվել է վերջինից հօգուտ Ջանիբեկ Ազատյանի բռնագանձել 47.000 ԱՄՆ դոլար` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Արդյունքում Վերաքննիչ դատարանը վերոնշյալի անտեսմամբ բեկանել է դատական ակտը և փոփոխել այն` մերժելով հայցը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.03.2016 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ջանիբեկ Ազատյանը 13.000 ԱՄՆ դոլարի չափով գումար է պարտքով տվել Էլզա Մուրադովային, որի վերաբերյալ առկա է բացատրություն` տրված ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում: Բացի այդ, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/0067/01/10 դատավճռի բովանդակությունից բխում է, որ Լարիսա Հարությունյանի կողմից փոխանցված գումարը հետագայում տրվել է Ներինա Պինխասովային, այսինքն` Ջանիբեկ Ազատյանի մոտ գույքի ավելացում տեղի չի ունեցել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «ԷՆՕ-ԲԱՆԿ» կրեդիտ-դրամարկղային գրասենյակի կողմից տրված` առանց հաշիվ բացելու փոխանցման հայտարարության համաձայն` «Յունիբանկ» ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղի միջոցով Լարիսա Հարությունյանը 01.09.2008 թվականին 23.500 ԱՄՆ դոլար է փոխանցել Ջանիբեկ Ազատյանին (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) Ջանիբեկ Ազատյանը 04.08.2015 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի առարկությամբ նշել է, որ Էլզա Մուրադովան և Լարիսա Հարությունյանը 2008 թվականին ցանկացել են բնակարան գնել և իր միջոցով Ներինա Պինխասովային տվել են 23.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 45-46):

3) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Մելիքյանի` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 30.04.2015 թվականի որոշման համաձայն` Լարիսա Հարությունյանը բանկի միջոցով 01.09.2008 թվականին 23.500 ԱՄՆ դոլար է փոխանցել Ջանիբեկ Ազատյանի անվամբ` իր և Էլզա Մուրադովայի համար բնակարան գնելու նպատակով: Նույն օրը գումարը ստանալուց հետո Ջանիբեկ Ազատյանը չի գնել բնակարանը, ինչպես նաև հրաժարվել է վերադարձնել գումարի մի մասը (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

4) Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/0067/01/10 դատավճռով Ներինա Պինխասովան մեղավոր է ճանաչվել և վճռվել է վերջինիս տնտեսությունից հօգուտ Ջանիբեկ Ազատյանի բռնագանձել 47.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի սխալ կիրառման, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք անհիմն հարստացման ինստիտուտը կարգավորող նորմերը կարող են կիրառվել այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են մի անձի կողմից մյուսին` սեփական կամքով գույք փոխանցելու արդյունքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են նաև անհիմն հարստացման հետևանքով:

Վերը նշված պարտավորությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ» վերտառությամբ 61-րդ գլխով նախատեսված նորմերով: Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Վկայակոչված նորմի բովանդակությունից բխում է, որ անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորության բովանդակությունն են կազմում անհիմն հարստացողից անհիմն ձեռք բերածը պահանջելու` տուժողի իրավունքը և անհիմն ձեռք բերածը կամ անհիմն խնայածը վերադարձնելու` անհիմն հարստացողի պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով անհիմն հարստացման ինստիտուտին, փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

i

2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս, Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը տարբերակում է անհիմն հարստացման երկու տեսակ`

1) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի ձեռքբերում,

2) առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի գույքի խնայում:

Ըստ այդմ, գույքի ձեռքբերման դեպքում տեղի է ունենում անհիմն հարստացողի գույքի ավելացում` տուժողի գույքի հաշվին, իսկ գույքի խնայումը նշանակում է, որ անձը պետք է իր գույքի հաշվին կատարեր որոշակի ծախսեր, սակայն դա չի անում` ի հաշիվ տուժողի ծախսերի, որի արդյունքում անհիմն հարստացողի գույքի ծավալային փոփոխություն տեղի չի ունենում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անհիմն հարստացման հետևանքով պարտավորությունների ծագման համար էական չէ ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց կամքը: Այլ կերպ ասած` անհիմն հարստացում կարող է տեղի ունենալ ինչպես ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանքով, այնպես էլ` նրանց կամքից անկախ: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի վերլուծությունից, որի համաձայն` նույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:

Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ անհիմն հարստացման ինստիտուտը կարգավորող նորմերի կիրառման համար անհրաժեշտ և բավարար է օբյեկտիվ արդյունքի առկայությունը, այն է` անձն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի տուժողի հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները պարզելու համար դատարանն օժտված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով, որոնց լիարժեք իրացման պայմաններում միայն կարելի է դատողություն անել անհիմն հարստացման առկայության կամ բացակայության վերաբերյալ: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` «ԷՆՕ-ԲԱՆԿ» կրեդիտ-դրամարկղային գրասենյակի կողմից տրված` առանց հաշիվ բացելու փոխանցման հայտարարության համաձայն` «Յունիբանկ» ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղի միջոցով Լարիսա Հարությունյանը 01.09.2008 թվականին 23.500 ԱՄՆ դոլար է փոխանցել Ջանիբեկ Ազատյանին: Ջանիբեկ Ազատյանը 04.08.2015 թվականին դատարան ներկայացված առարկությամբ նշել է, որ Էլզա Մուրադովան և Լարիսա Հարությունյանը 2008 թվականին ցանկացել են բնակարան գնել և իր միջոցով Ներինա Պինխասովային տվել են 23.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Մելիքյանի` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 30.04.2015 թվականի որոշման համաձայն` Լարիսա Հարությունյանը բանկի միջոցով 01.09.2008 թվականին 23.500 ԱՄՆ դոլար է փոխանցել Ջանիբեկ Ազատյանի անվամբ` իր և Էլզա Մուրադովայի համար բնակարան գնելու նպատակով: Նույն օրը գումարը ստանալուց հետո Ջանիբեկ Ազատյանը չի գնել բնակարան, ինչպես նաև հրաժարվել է վերադարձնել գումարը:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Ջանիբեկ Ազատյանը Լարիսա Հարությունյանի հաշվին ձեռք է բերել գույք, իսկ Ջանիբեկ Ազատյանի մոտ գույքի` 23.500 ԱՄՆ դոլարի ավելացումը պայմանավորվել է Լարիսա Հարությունյանի մոտ նշված գումարի պակասեցմամբ, այսինքն` Ջանիբեկ Ազատյանն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ձեռք է բերել դրամական միջոց: Բացի այդ, Ջանիբեկ Ազատյանը վերադարձրել է գումարի մի մասը` հրաժարվելով վերադարձնել 13.000 ԱՄՆ դոլարը, այնինչ պարտավոր է վերադարձնել գումարի չվերադարձված մասը: Միաժամանակ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/0067/01/10 քրեական գործով Էլզա Մուրադովան և Լարիսա Հարությունյանը որևէ դատավարական կարգավիճակ չեն ստացել, իսկ 01.10.2012 թվականին տվյալ քրեական գործով կայացված դատավճռով վճռվել է Ներինա Պինխասովայի տնտեսությունից հօգուտ Ջանիբեկ Ազատյանի բռնագանձել 47.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, ներառյալ` 23.500 ԱՄՆ դոլարը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ «գործում առկա նյութերով չի հիմնավորվում վիճելի գումարը Ջանիբեկ Ազատյանի կողմից առանց օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքի ձեռք բերելու փաստը: Այսինքն` գումարի փոխանցումը կատարվել է օրինական հիմքով, այն է` հայցվորներ Էլզա Մուրադովայի և Լարիսա Հարությունյանի կամքով ու ցանկությամբ», բացի այդ, նշել է, որ «վիճելի գումարը չի գտնվել պատասխանող Ջանիբեկ Ազատյանի մոտ, այլ վերջինս հայցվորների համար բնակարան գնելու նպատակով նշված գումարը հանձնել է երրորդ անձի»: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման և հայցի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/0067/01/10 քրեական գործով 01.10.2012 թվականի դատավճռով հաստատվել է, որ վիճելի գումարը չի գտնվել Ջանիբեկ Ազատյանի մոտ, այլ նշված գումարը բնակարան գնելու նպատակով հանձնվել է Ներինա Պինխասովային:

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ջանիբեկ Ազատյանը Լարիսա Հարությունյանից ստացել է 23.500 ԱՄՆ դոլար, այսինքն` Լարիսա Հարությունյանի մոտ գույքի պակասեցում է տեղի ունեցել նշված գումարի չափով: Ընդ որում, տվյալ պարագայում իրավաբանական նշանակություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ գումարի փոխանցումը եղել է վերջիններիս գործելակերպի հետևանք: Ավելին, կամքի առկայությունն ինքնին չի կարող փաստել գումարի փոխանցման օրինական հիմքի առկայությունը: Հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ գումարը փոխանցվել է Էլզա Մուրադովայի և Լարիսա Հարությունյանի կամքով ու ցանկությամբ, ուստի առկա է գումարի փոխանցման օրինական հիմք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի այն պատճառաբանությունը, որ Ջանիբեկ Ազատյանը Լարիսա Հարությունյանի հաշվին ձեռք է բերել գույք, իսկ Ջանիբեկ Ազատյանի մոտ գույքի` 23.500 ԱՄՆ դոլարի ավելացումը պայմանավորվել է հայցվորի մոտ նշված գումարի պակասեցմամբ, այսինքն` Ջանիբեկ Ազատյանն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ձեռք է բերել դրամական միջոց և պարտավոր է վերադարձնել գումարի չվերադարձված մասը` 13.000 ԱՄՆ դոլարը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ վիճելի գումարը չի գտնվել պատասխանող Ջանիբեկ Ազատյանի մոտ, այլ վերջինս հայցվորների համար բնակարան գնելու նպատակով նշված գումարը հանձնել է երրորդ անձի, որպիսի պարագայում վերջինիս մոտ գույքի ավելացում տեղի չի ունեցել, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, որպես անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների պարտադիր պայման, չի նախատեսել գույքի գտնվելն անհիմն հարստացողի փաստացի տիրապետության ներքո: ՈՒստի միայն այն հանգամանքը, որ ստացված գույքը փոխանցվել է այլ անձի կամ այլ կերպ օգտագործվել է, չի կարող մեկնաբանվել որպես անհիմն հարստացման պայմաններից` անհիմն հարստացողի մոտ գույքի ավելացման հանգամանքի բացակայություն: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն իրավացիորեն հայցի բավարարման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ սույն գործում առկա` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/0067/01/10 քրեական գործով 01.10.2012 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Ներինա Պինխասովան ճանաչվել է մեղավոր, և վճռվել է վերջինիցս հօգուտ Ջանիբեկ Ազատյանի բռնագանձել 47.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, ներառյալ` 23.500 ԱՄՆ դոլարը:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, իսկ պետական տուրքի վճարումը Վերաքննիչ դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 29), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 390 ԱՄՆ (13.000 *3%) դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև 390 ԱՄՆ (13.000 *3%) դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 30.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2016 թվականի վճռին:

2. Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 390 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ջանիբեկ Ազատյանի իրավահաջորդ Կարինե Ազատյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 390 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԱՐԴ1/1065/02/15
Որոշում