i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ ԵԱՔԴ/2005/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2005/02/12 |
2017 թ. |
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան |
Դատավորներ` Ա. Պետրոսյան |
Կ.Չիլինգարյան |
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արմենալ Սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի, երրորդ անձինք Արայիկ Միրզոյանի, Լուսյա Ստեփանյանի, Վազգեն Հակոբյանի, Էդգար Բանդուրյանի ընդդեմ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), երրորդ անձ Կարինե Հարությունյանի` Ընկերությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 22.900.000 ՀՀ դրամ` որպես Ընկերությանը հասցված վնասի գումար:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Հունանյան) 25.12.2013 թվականի վճռով հայցը` 22.888.292 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, բավարարվել է, իսկ մնացած մասով` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա.Մկրտչյան, Ն.Տավարացյան, Ն.Բարսեղյան) 11.04.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.06.2014 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.06.2016 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչներ Նարինե Ճաղարյանը և Մերի Գևորգյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, այլապես կպարզեր, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է Կազմակերպության կողմից ղեկավար ցուցումներ տալու փաստը, ինչը պայմանավորված է ոչ թե կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցությամբ կամ հիմնված է պայմանագրի վրա, այլ Ընկերության որոշումները կանխորոշելու, այսինքն` վերջինիս հիմնադիրների` ցանկացած որոշում կայացնելու հնարավորությամբ: Հետևաբար այդ ապացույցների առկայության պայմաններում ձևավորվում է այն ներքին համոզմունքը, որ Ընկերության ցանկացած գործողություն, այդ թվում` անգործություն, եթե դրանք Կազմակերպության ցուցումները չկատարելու արդյունք չեն (որի վերաբերյալ դատարանին ապացույց չի ներկայացվել), իրականացվել են որպես Կազմակերպության կամքով իրականացված գործողություններ:
Ավելին, սույն գործով հաստատված փաստերով, կամ որ նույնն է` երկու իրավաբանական անձանց տարիների ընթացքում իրականացրած գործողություններով (նաև անգործությամբ) հիմնավորվում է Ընկերության անվերապահ կախվածությունը Կազմակերպությունից` անկախ Ընկերության կանոնադրական կապիտալում վերջինիս մասնակցության փաստից: Ընդ որում, նշված գործողությունների արդյունքում ծագող քաղաքացիաիրավական հետևանքների առումով որևէ նշանակություն չի կարող ունենալ, թե ի սկզբանե որտեղից կամ որ ընկերություններից են գալիս հանձնարարություններն ու ղեկավար ցուցումները, քանի որ Ընկերությանը ղեկավար ցուցումներ տրվել են ու նրա որոշումները կանխորոշվել են անմիջականորեն Կազմակերպության կողմից, որպիսի հանգամանքն էլ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` այդ երկու ընկերություններին բնորոշում է որպես դուստր և հիմնական ընկերություններ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.06.2016 թվականի որոշումը, և փոփոխել այն` հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ վերջինիս կողմից ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ հանդիսանալով առանձին իրավաբանական անձ` Ընկերությունն իր անունից կնքել է պայմանագրեր, ստացել շահույթ, կայացրել որոշումներ` աշխատավարձերի դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ, ձեռնարկել է համապատասխան միջոցներ` իր գործունեությունն ապահովելու համար, որպիսի պարագայում անհիմն են դառնում այն փաստարկները, որ Կազմակերպությունն Ընկերության որոշումները կանխորոշելու, ինչպես նաև պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու լիազորություն է ունեցել: Ավելին` Ընկերության կողմից չեն ներկայացվել ապացույցներ այն մասին, որ ա) Ընկերությունը հանդիսանում է Կազմակերպության դուստր ընկերությունը, բ) Կազմակերպությունն ուներ պարտադիր ցուցումներ տալու իրավունք, գ) այդ ցուցումներն եղել են պարտադիր կատարման ցուցումներ, դ) աշխատավարձի չվճարման արդյունքում սնանկության հիմքերի առաջացման համար պատասխանատու է Կազմակերպությունը, և աշխատավարձ չի վճարվել Կազմակերպության ցուցումների արդյունքում, ե) Կազմակերպությունը գիտեր կամ կարող էր իմանալ համապատասխան հետևանքների առաջացման մասին: Ավելին, չի հիմնավորվել նաև պատճառահետևանքային կապը Կազմակերպության գործողությունների և Ընկերության վնասի միջև:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 020812 և թիվ 020813 վկայագրերի, Ընկերության մասնակիցների 24.05.2011 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրության, ինչպես նաև Կազմակերպության գրանցված սեփականատերերի ցուցակի համաձայն` Ընկերությունում և Կազմակերպությունում միևնույն համամասնությամբ մասնակիցներ են հանդիսանում «ՌՖԼ-ՖՈՅԼ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունը` 99 տոկոս, և «ՌՈՒՍԱԼ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունը` 1 տոկոս (հատոր 1-ին, գ.թ. 13, 40, 67).
2. Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանի 21.02.2005 թվականի թիվ 18 հրամանի համաձայն` Արայիկ Միրզոյանը, հանդիսանալով նույն Կազմակերպության կորպորատիվ հաշվարկների գծով ֆինանսական տնօրենի տեղակալ, 28.02.2005 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից` տեղափոխվելով Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնին` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի (հատոր 1-ին, գ.թ. 65).
3. «ՊԵՊՍ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Սարգսյանը 06.06.2005 թվականի թիվ 001 գրությամբ Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանին խնդրել է ցուցում տալ համապատասխան ծառայություններին` վերջինիս վստահված կազմակերպությունում առկա որոշ ապրանքների վաճառքի գները սահմանելու և կանխիկ հաշվարկով դիմողին հատկացնելու վերաբերյալ, քանի որ ունեցել է տեղեկություն Գ. Ավետիքյանին վստահված ձեռնարկությունում այդպիսի ապրանքների առկայության մասին: Գրության վրա առկա է Գ. Ավետիքյանի ձեռագիր մակագրությունն Ա. Գևորգյանին և Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանին` «քննարկել հարցը և զեկուցել» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 76).
4. «Ռուսալ Սայանսկայա Ֆոլգա» ընկերության գլխավոր տնօրեն Ի. Տիխոմիրովը 14.04.2005 թվականի թիվ ՈՒԴ/03-45/1 գրությամբ խնդրել է Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանին պահուստավորել և նախապատրաստել որոշ ապրանքների առուվաճառքի պայմանագրերը: Գրության վրա առկա է Գ. Ավետիքյանի ձեռագիր մակագրությունն Ա. Գևորգյանին և Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանին` «խնդրում եմ ձևակերպել» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 75).
5. «Ար-Ալ» ՀՁ ՓԲԸ-ի տնօրեն Բ. Փահլևանյանը 28.07.2006 թվականի թիվ 01-34 գրությամբ խնդրել է Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանին տալ ցուցում 70 հատ 200 կգ տարողությամբ պողպատյա տակառներ բաց թողնելու համար: Գրության վրա առկա է Գ. Ավետիքյանի ձեռագիր մակագրությունն Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանին (հատոր 1-ին, գ.թ. 74).
6. Ռուսական «Ռուսալ» ընկերության ներկայացուցիչը ««Արմենալ-Սերվիս» ՍՊԸ-ի մասնակիցների փոխարինում» թեմայով 07.07.2006 թվականին գրություն է ուղարկել Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանին` հայտնելով, որ «Ընթացիկ տարվա ապրիլին սկսվել է «Ռուսալ-Արմենալ» ԲԲԸ-ի և «Արմենալ-Սերվիս» ՍՊԸ-ի մասնակիցների փոխարինումը: «Ռուսալ-Արմենալ» ԲԲԸ-ի մասնակիցների փոխարինումն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսին, «Արմենալ-Սերվիս» ՍՊԸ-ի մասնակիցների փոխարինումը մինչ այդ պահը չի ավարտվել:
«Ռուսալ» ընկերության ներկայացուցիչը խնդրել է Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանին ցուցում տալ համապատասխան ծառայություններին` «Արմենալ-Սերվիս» ՍՊԸ մասնակիցների փոխարինման ընթացակարգն արագ ավարտելու և համապատասխան փաստաթղթերի պատճենները ԴՖՎիՌՊ «Ռուսալ-ՈՒկ» ՍՊԸ-ի հասցեով ներկայացնելու վերաբերյալ: Գրության վրա առկա է Գ. Ավետիքյանի ձեռագիր մակագրությունն Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանին` «Որն է պատճառը» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 78).
7. Ռուսական «Ռուսալ» ընկերության ներկայացուցիչը ««Արմենալ-Սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր փաստաթղթեր» թեմայով 11.09.2006 թվականի էլեկտրոնային գրությամբ Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանին հայտնել է, որ «կառավարիչ ընկերությունում որոշում է ընդունվել տեխնիկական մասնակցին Ընկերությունից հանելու վերաբերյալ, ինչպես նաև խնդրել է շտապ կարգով ներկայացնել Ընկերության հիմնադիր փաստաթղթերի վերջին խմբագրությունները և 2005 թվականի արձանագրությունները: Գրության վրա առկա է Գ. Ավետիքյանի ձեռագիր մակագրությունն Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանին`»Ի կատարումն» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 77).
8. Համաձայնեցնելով Կազմակերպության անձնակազմի գծով տնօրեն Կ. Գյոզալյանի հետ` արարողակարգի և կատարման վերահսկողության բաժնի պետ Ա. Սերոբյանը ծառայողական գրությամբ (ընդհանուր բաժին մուտքագրվել է 14.07.2009 թվականին) դիմել է Կազմակերպության գլխավոր տնօրեն Ս. Բորովիկին` Ընկերության աշխատակից հանդիսացող, այգեպան Կոմիսար Հայրապետյանի դրույքի 50 տոկոսանոց հավելավճարը վերականգնելու խնդրանքով: Գրության վրա նշագրվել է «համաձայն եմ» մակագրությունը, և Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանի 13.07.2009 թվականի թիվ 14 հրամանով Կոմիսար Հայրապետյանի համար սահմանվել է ամսական լրավճար` 50 տոկոս հավելավճարով (հատոր 1-ին, գ.թ. 79-81).
9. Ռուսական «Ռուսալ» ընկերության ֆինանսական տնօրեն Դ. Տրուբնիկովը 08.12.2009 թվականի թիվ 0274-03-18/4Դ գրությամբ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ս. Բորովիկին հայտնել է, որ «Կառավարման համակարգի պարզեցման և հարկային ռիսկերի բացառման նպատակով անհրաժեշտ է համարում «Արմենալ-Սերվիս» ՍՊԸ-ի անձնակազմին 01.01.2010 թվականից մտցնել ձեռնարկության կառուցվածք` աշխատավարձի ֆոնդի փոխանցումով»:
Գրության մեջ նշված է նաև «Ձեռնարկության լուծարման անհրաժեշտության հարցը հանձնել մշակման ՌԳՄ ՈՒԴ իրավաբանական բաժնի վարիչ Ե. Յու. Ստարչիկովային» (հատոր 2-րդ, գ.թ. 35).
10. Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանը 24.12.2009 թվականի թիվ 41/c գրությամբ «Ռուսալ» միավորման փաթեթավորման բիզնեսի տնօրեն Ա. Բուրդինին առաջարկել է Ընկերության լուծարման օպտիմալ տարբերակ (հատոր 1-ին, գ.թ. 44).
11. Ընկերության մասնակիցների 24.05.2011 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրության համաձայն` Ընկերության լուծարման հանձնաժողովի անդամներ են նշանակվել Ե. Ստարչիկովան և Կարինե Հարությունյանը, ով 22.06.2006 թվականից աշխատել է Կազմակերպությունում (հատոր 1-ին, գ.թ. 40, 72).
12. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0143/04/11 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Ընկերությունն Ընկերության լուծարման հանձնաժողովի անդամներ Կարինե Հարությունյանի և Ե. Ստարչիկովայի դիմումի հիման վրա ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 14-20).
13. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.05.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0143/04/11 որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` ընդհանուր 20.807.538 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 25-34):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.
i
2) Վերաքննիչ դատարանի կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում նրա պարտքերի համար հիմնական ընկերության (ընկերակցության)` սուբսիդիար պատասխանատվություն կրելու խնդրին այն դեպքում, երբ երկու ընկերություններն էլ, ըստ էության, ղեկավարվում են նույն սեփականատիրոջ ցուցումներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է նույն օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից: Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության 8-րդ ենթակետի համաձայն` (...) քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տնտեսական ընկերակցությունները կարող են ստեղծվել լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության (կոմանդիտային ընկերակցության) ձևով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` տնտեսական ընկերությունները կարող են ստեղծվել սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տնտեսական ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշել նման ընկերության որոշումները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտքերի համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` (...) Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքը նախատեսված է դուստր ընկերության հետ կնքված պայմանագրում: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով առաջացած է համարվում, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` բաժնետիրական ընկերության իրավական վիճակը և բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նույն օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) ընկերություն կամ ընկերակցություն նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ` օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշել այդ ընկերության որոշումները:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության (ընկերակցության) պարտավորությունների համար:
(...)
Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքն ամրագրված է նրանց միջև կնքված պայմանագրում կամ ծագում է օրենքով չարգելված այլ ձևով:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը համարվում է առաջացած հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:
Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) ենթակա է պատասխանատվության, եթե նա գիտեր կամ կարող էր իմանալ համապատասխան հետևանքների առաջացման մասին:
Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ դուստր ընկերությունն իրավաբանական անձի ինքնուրույն կազմակերպաիրավական ձև չէ, այլ այդ հասկացությամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել պաշտպանելու այլ ընկերության կամ ընկերակցության ցուցումներով կաշկանդված ընկերության, դրա պարտատերերի և մասնակիցների շահերը: Դուստր ընկերության ինքնավար կամք դրսևորելու հնարավորությունը սահմանափակված է մեկ այլ` հիմնական ընկերությունից (ընկերակցությունից) ունեցած տնտեսական կախվածության պատճառով: Դուստր ընկերություն կարող է լինել ինչպես բաժնետիրական, այնպես էլ սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընդ որում, դուստր ընկերության հանդեպ հիմնական կարող է լինել ինչպես այլ տնտեսական ընկերություն, այնպես էլ ընկերակցություն: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը չի հստակեցրել, թե որ տեսակի ընկերություններն ու ընկերակցությունները կարող են լինել հիմնական, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դուստր ընկերության հանդեպ որպես հիմնական կարող են հանդես գալ ինչպես բոլոր տեսակի տնտեսական ընկերությունները, այնպես էլ ընկերակցությունները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընկերության` դուստր համարվելու վերաբերյալ իրավակարգավորումներ առկա են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, այնպես էլ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավանորմերի կառուցվածքային վերլուծությունից բխում է, որ ընկերությունը կարող է համարվել դուստր հետևյալ դեպքերում.
1. այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով հնարավորություն ունի կանխորոշելու նման ընկերության որոշումները,
2. այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու նման ընկերության որոշումները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում արտացոլված է այն տրամաբանությունը, ըստ որի` ընկերության դուստր լինելու համար էական է, որ մեկ այլ ընկերություն (ընկերակցություն) հնարավորություն ունենա կանխորոշելու տվյալ ընկերության որոշումները, և դրանով պայմանավորված` օրենսդիրը նախատեսել է հիմնական ընկերության` դուստր ընկերության գործունեությունից բխող հետևանքների համար պատասխանատվություն կրելու որոշակի դեպքեր: Այսինքն` դուստր ընկերության իրավական կարգավիճակի առանձնահատուկ կարգավորման անհրաժեշտությունը թելադրված է վերջինիս որոշումները մեկ այլ ընկերության (ընկերակցության) կողմից կանխորոշելու հնարավորությամբ` պայմանավորված տվյալ ընկերությունների միջև ձևավորված փոխհարաբերությունների բնույթով և դրանից բխող պատասխանատվության առանձնահատկություններով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսել է նաև, թե ինչ ձևերով պետք է հիմնական ընկերությունը մեկ այլ ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենա, որպեսզի վերջինս համարվի դուստր: Մասնավորապես` այդ ձևերն են դուստր ընկերության կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության առկայությունը կամ ընկերությունների միջև կնքված պայմանագիրը:
Շարունակելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տրամաբանությունն առ այն, որ ընկերությունը դուստր ճանաչելու համար հատկապես կարևոր է վերջինիս որոշումներն այլ ընկերության կողմից կանխորոշվելու հնարավորության առկայությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը, ի հավելումն վերոնշյալ երկու ձևերի, սահմանում է, որ ընկերությունը կարող է համարվել դուստր նաև, եթե մեկ այլ ընկերություն օրենքով չարգելված որևէ այլ ձևով հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ ընկերության որոշումները: Ընդ որում, հիմնական ընկերությունը դուստր ընկերության որոշումների վրա կարող է ազդել, օրինակ, դուստր ընկերության գույքը գրավ վերցնելու, փոխառություն տրամադրելու, իր ներկայացուցիչներին դուստր ընկերության կառավարման մարմիններում ընդգրկելու և այլ եղանակներով: Հետևաբար վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում, հաշվի առնելով նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընկերությունը դուստր ճանաչելու համար բավարար է միայն հետևյալ փաստերի հաստատումը.
ա) որևէ ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն ունի մեկ այլ` հիմնական ընկերություն (ընկերակցություն),
բ) հիմնական ընկերության (ընկերակցության)` դուստր ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորությունը պայմանավորված է օրենքով չարգելված որևէ կառուցակարգի առկայությամբ:
Անդրադառնալով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերության պատասխանատվության առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով այդ կապակցությամբ սահմանված են նույնաբնույթ իրավակարգավորումներ: Մասնավորապես` երկու իրավական ակտերով էլ նախատեսված է, որ հիմնական ընկերությունը դուստր ընկերության սնանկության դեպքում կրում է սուբսիդիար պատասխանատվություն վերջինիս պարտքերի համար, և պատասխանատվությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ դուստր ընկերության սնանկությունն առաջացել է հիմնական ընկերության մեղքով: Այսինքն` հիմնական և դուստր ընկերությունների առկայությունը դեռևս բավարար չէ` վերջինիս սնանկության դեպքում հիմնական ընկերության սուբսիդիար պատասխանատվության առաջացման համար, այլ պատասխանատվությունն առաջանում է միայն հիմնական ընկերության մեղավորության փաստը հաստատվելու դեպքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և թե՛ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` դուստր ընկերության սնանկությունը համարվում է հիմնական ընկերության մեղքով առաջացած, եթե դա տեղի է ունեցել հիմնական ընկերության` պարտադիր կատարման ենթակա ցուցումներին հետևելու արդյունքում: Հետևաբար նախ պետք է պարզել, թե արդյոք հիմնական ընկերությունը դուստր ընկերությանը պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու իրավունք ունեցել է, թե` ոչ, այնուհետև պարզել դուստր ընկերության սնանկության և հիմնական ընկերության ցուցումների միջև առկա պատճառահետևանքային կապը:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հիմնական ընկերության` վերոնշյալ իրավանորմերով ամրագրված` դուստր ընկերությանը պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու իրավունքին, արձանագրում է, որ այդ իրավունքն ինքնին չի ենթադրվում, և միայն հիմնական ու դուստր ընկերության առկայությունը դեռևս բավարար չէ հիմնական ընկերության` պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու իրավունքի վերաբերյալ եզրահանգում կատարելու համար: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի բովանդակության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու հիմնական ընկերության իրավունքը կարող է ծագել ոչ միայն ընկերությունների միջև կնքված պայմանագրից, այլև օրենքով չարգելված որևէ այլ ձևով: Ավելին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը նաև հավելում է, որ հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) ենթակա է սուբսիդիար պատասխանատվության, եթե նա գիտեր կամ կարող էր իմանալ համապատասխան հետևանքների (տվյալ դեպքում դուստր ընկերության սնանկության) առաջացման մասին:
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում նրա պարտքերի համար հիմնական ընկերության (ընկերակցության) սուբսիդիար պատասխանատվություն կրելու համար անհրաժեշտ է հետևյալ փաստերի միաժամանակյա առկայությունը.
ա) հիմնական ընկերության առկայությունը,
բ) դուստր ընկերության առկայությունը,
գ) հիմնական ընկերության` դուստր ընկերությանը պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու իրավունքի առկայությունը,
դ) դուստր ընկերության սնանկ լինելը,
ե) հիմնական ընկերության մեղքի առկայությունը դուստր ընկերության սնանկության հարցում, որը պետք է պայմանավորված լինի պարտադիր ցուցումների կատարման հետևանքով սնանկության առաջացմամբ,
զ) այն հանգամանքի առկայությունը, որ հիմնական ընկերությունը գիտեր կամ կարող էր իմանալ սնանկության առաջացման մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
i
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված ապացույցների թույլատրելիությանը, գտել է, որ դատարանը պետք է վերոնշյալ հոդվածը կիրառելիս ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (տե՛ս, Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի և այլոց թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորը չի ապացուցել, որ Կազմակերպությունն Ընկերության որոշումները կանխորոշելու, ինչպես նաև պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու լիազորություն է ունեցել, մինչդեռ այդ հանգամանքների ապացուցման բեռը կրել է հայցվոր կողմը: Ավելին, Դատարանը հաստատված է համարել, որ սնանկության հիմքերն առաջացել են Ընկերության` սահմանված ժամկետում աշխատավարձ չվճարելու արդյունքում, սակայն հայցվորը և երրորդ անձինք Դատարանին չեն ներկայացրել որևէ ապացույց, որն ուսումնասիրելու արդյունքում կպարզվեր, որ պատասխանող Կազմակերպությունը պարտադիր կատարման ենթակա ցուցում է տվել Ընկերության տնօրենին` աշխատակիցներին աշխատավարձ չվճարելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «(...) Դատարանի կողմից սույն գործով կատարվել է պատշաճ քննություն, ներկայացված բոլոր ապացույցներն ուսումնասիրվել և գնահատվել են իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կատարվել են իրավաչափ եզրահանգումներ: (...) տվյալ դեպքում հայցվորը չի հիմնավորել, որ իր կողմից վկայակոչված նամակագրությունները և կատարված գործողությունները հնարավորություն են տվել պատասխանող Կազմակերպությանը կանխորոշելու սնանկ ճանաչված ընկերության որոշումները»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(...) տվյալ դեպքում, անգամ եթե հիմնավոր են բողոքաբերի պնդումները, ըստ որի` «Արմենալ Սերվիս» ՍՊԸ-ն հանդիսանում է դուստր ընկերություն, ապա վերջինս պետք է հիմնավորեր, որ ընկերության սնանկությունը առաջացել է հենց «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի մեղքով` վերջինիս պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով: Մինչդեռ սույն գործով նշված հանգամանքը որևէ կերպ չի հիմնավորվել (...): Ավելին, սույն գործով հայցվորը կրել է նաև այն հանգամանքի ապացուցման բեռը, ըստ որի` «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն իմացել է կամ կարող էր իմանալ իր ցուցումները կատարելու արդյունքում համապատասխան հետևանքների առաջացման մասին»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` «ՊԵՊՍ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Սարգսյանի 06.06.2005 թվականի թիվ 001 գրությամբ, «Ռուսալ Սայանսկայա Ֆոլգա» ընկերության գլխավոր տնօրեն Ի. Տիխոմիրովի 14.04.2005 թվականի թիվ ՈՒԴ/03-45/1 գրությամբ, Կազմակերպության գլխավոր տնօրեն Գ. Ավետիքյանի 21.02.2005 թվականի թիվ 18 հրամանով, «Ար-Ալ» ՀՁ ՓԲԸ-ի տնօրեն Բ. Փահլևանյանի 28.07.2006 թվականի թիվ 01-34 գրությամբ, Կազմակերպության արարողակարգի և կատարման վերահսկողության բաժնի պետ Ա. Սերոբյանի ծառայողական գրությամբ, Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանի 13.07.2009 թվականի թիվ 14 հրամանով, ռուսական «Ռուսալ» ընկերության ներկայացուցչի`, «Արմենալ-Սերվիս» ՍՊԸ-ի մասնակիցների փոխարինում» թեմայով 07.07.2006 թվականի գրությամբ, ռուսական «Ռուսալ» ընկերության ներկայացուցչի, «Արմենալ-Սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր փաստաթղթեր» թեմայով 11.09.2006 թվականի էլեկտրոնային գրությամբ, ռուսական «Ռուսալ» ընկերության ֆինանսական տնօրեն Դ. Տրուբնիկովի 08.12.2009 թվականի թիվ 0274-03-18/4Դ գրությամբ, Ընկերության տնօրեն Ա. Միրզոյանի 24.12.2009 թվականի թիվ 41/c գրությամբ, Ընկերության մասնակիցների 24.05.2011 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությամբ հիմնավորվում է այն հանգամանքը, որ Կազմակերպությունն Ընկերության որոշումները կանխորոշելու և պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու լիազորություն է ունեցել, ինչպես նաև պատասխանատու է աշխատավարձի չվճարման արդյունքում վերջինիս սնանկության հիմքերի առաջացման համար, քանի որ հենց Կազմակերպությունն է փաստացի ղեկավարել Ընկերության ընդհանուր գործունեությունը: Մասնավորապես` վերոնշյալ փաստերում առկա հետևյալ արտահայտությունների` «քննարկել հարցը և զեկուցել», «խնդրում եմ ձևակերպել», «ի կատարում», ինչպես նաև այդ փաստերի համակցության մեջ գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունը, օրենքով չարգելված ձևով ցուցումներ տալով, կանխորոշել է Ընկերության որոշումները, ինչը, ըստ էության, դրսևորվել է Կազմակերպության կողմից Ընկերության ցանկացած որոշում ստանալու հնարավորությամբ: Ավելին, Ընկերության ողջ տնտեսական գործունեությունը, ըստ էության, գտնվել է Կազմակերպության ընդհանուր ղեկավարման ներքո: Հետևաբար Կազմակերպության կողմից Ընկերության տնտեսական գործունեությունը ղեկավարելու պայմաններում վերջինիս սնանկության առաջացումը ևս տեղի է ունեցել Կազմակերպության տված ցուցումների արդյունքում` անկախ աշխատավարձ չվճարելու վերաբերյալ հստակ ցուցում տալու մասին ուղղակի ապացույցների առկայության: Ավելին, նման պայմաններում Կազմակերպությունը եթե նույնիսկ չգիտեր, ապա առնվազն կարող էր իմանալ Ընկերության սնանկության առաջացման մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Ընկերության համար Կազմակերպության կողմից տրված ցուցումների պարտադիր լինելը, ինչպես նաև Ընկերության դուստր լինելու հանգամանքը պայմանավորված են եղել երկու ընկերություններում բաժնեմասերի նույն սեփականատիրոջ առկայությամբ, որն իր իրավազորություններն իրականացրել է միջնորդավորված` Կազմակերպության միջոցով:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության կողմից Ընկերության որոշումների վրա ազդելու հնարավորությունը պայմանավորված է եղել սնանկ ճանաչված Ընկերության բաժնեմասի սեփականատիրոջ կողմից տրված մանդատով, որպիսի հանգամանքն արգելված չէ օրենքով և հիմք է սուբսիդիար պատասխանատվության համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, եկել են սխալ եզրահանգման` անտեսելով, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.05.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0143/04/11 որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` ընդհանուր 20.807.538 ՀՀ դրամի չափով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս:
Նկատի ունենալով, որ թիվ ԵԱՔԴ/0143/04/11 գործի շրջանակներում պարտատերերի պահանջների չափը կազմում է 20.807.538 ՀՀ դրամ, որի 10 տոկոսը կազմում է 2.080.753,8 ՀՀ դրամ (ընդհանուր` 22.888.292 ՀՀ դրամ), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կազմակերպության սուբսիդիար պատասխանատվությունն Ընկերության պարտքերի համար կազմում է 22.888.292 ՀՀ դրամ: Հետևաբար հայցը` 22.888.292 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, ենթակա է բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը բավարարման ենթակա է միայն 22.888.292 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, քանի որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 22.888.292 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, իսկ մնացած մասով մերժվել է, ու այդ մասով հայցվորի կողմից այն չի բողոքարկվել:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, ինչի արդյունքում մասնակիորեն բավարարման ենթակա է նաև Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի հայցը` 22.888.292 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 457.776 ՀՀ դրամ (22.888.292 ՀՀ դրամ * 2%)` որպես հայցադիմումի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար: Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև 686.648,80 ՀՀ դրամ (22.888.292 ՀՀ դրամ * 3%)` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար, ինչպես նաև 686.648,80 ՀՀ դրամ (22.888.292 ՀՀ դրամ * 3%)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2016 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել մասնակիորեն` «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ից հօգուտ «Արմենալ Սերվիս» ՍՊԸ-ի բռնագանձել 22.888.292 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:
2. «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 457.776 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 686.648,80 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 686.648,80 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ե. Սողոմոնյան |