(ուժը կորցրել է 29.03.2022 թիվ 121-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2018 թվականի Թիվ 21-Ն
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2018 թվականի փետրվարի 19-ի դռնբաց նիստում Արթուր Բալյանի (այսուհետ` Դիմումատու) 2018 թվականի փետրվարի 2-ի դիմումի հիման վրա քննարկեց համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին հարցը:
Հանձնաժողովը 2018 թվականի փետրվարի 2-ին Արթուր Բալյանից ստացել է պաշտոնական պարզաբանում տալու վերաբերյալ դիմում, որով Դիմումատուն խնդրել է տրամադրել պաշտոնական պարզաբանում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին:
Դիմումատուն նշել է, որ պարզաբանման անհրաժեշտությունը բխում է առևտրային հարաբերություններում տնտեսվարող սուբյեկտի ակտիվները ձեռք բերելու պարագայում տոկոսային սահմանաչափերի հաշվարկման և կատարվող գործարքների ժամանակահատվածների հստակեցման անհրաժեշտությունից:
Դիմումատուն հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. արդյո՞ք վերոնշյալ հոդվածով նախատեսված 20 տոկոս և ավելի ակտիվների արժեքի սահմանաչափը տարածվում է մեկ գործարքի, թե տարբեր ժամանակահատվածներում կնքվող մի քանի գործարքների նկատմամբ,
2. եթե վերոնշյալ հոդվածով նախատեսված 20 տոկոս և ավելի ակտիվների արժեքի չափանիշը տարածվում է տարբեր ժամանակահատվածներում կնքվող գործարքների նկատմամբ, ապա
ա) ի՞նչ ժամանակահատվածում պետք է դրանք կնքվեն` հաշվի առնելով, որ երկարաժամկետ տնտեսական գործունեության պայմաններում ցանկացած առևտրային հարաբերություններում կարող է գալ մի պահ, երբ մեկ տնտեսվարող սուբյեկտը իր մատակարարից կարող է ձեռք բերել նրա ընդհանուր ակտիվների 20 տոկոս և ավելին,
բ) վաճառող տնտեսվարող սուբյեկտից նախկինում ձեռք բերված ակտիվները ինչ եղանակով են մասնակցում գործարքի ժամանակ ակտիվների համադրման պրոցեսին. օրինակ, եթե առաջին գործարքով ձեռք բերված ակտիվները երկրորդ գործարքը կատարելու ժամանակ ձեռք բերողի կողմից մինչև երկրորդ գործարքը կատարելը մասամբ կամ ամբողջովին օտարվել են երրորդ անձի կամ կորստի պատճառով այլևս չեն պատկանում ձեռք բերողին, արդյո՞ք արտացոլվելու են ակտիվների հաշվարկում,
3. արդյո՞ք ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտներից ձեռք բերած կամ գոյություն ունեցող այլ ակտիվները ներառվում են 20 կամ ավելի տոկոսի հաշվարկում:
Դիմումատուն առաջարկել է վերոնշյալ հարցերի վերաբերյալ իր մեկնաբանությունը, համաձայն որի` Ա ընկերության կողմից Բ ընկերության ակտիվների ձեռքբերումը կհամարվի համակենտրոնացում, եթե.
1. կատարվել է մեկ գործարքի ընթացքում, այսինքն` մեկ մատակարարման կամ վաճառքի ընթացքում Բ ընկերությունը Ա ընկերությանն է վաճառել իր ակտիվների 20 տոկոս և ավելին,
2. ձեռք բերող Ա ընկերության արդեն գոյություն ունեցող, երրորդ անձանցից ձեռք բերված ակտիվները չեն հաշվարկվի ձեռք բերող Ա ընկերության կողմից Բ ընկերությունից ձեռք բերվող ակտիվների 20 տոկոս և ավելին հաշվարկելիս, այլ կհաշվարկվեն միայն Բ ընկերությունից ձեռք բերված, այն էլ հստակ ժամանակի սահմանափակմամբ (օրինակ 10 կամ 15 օրվա ընթացքում), և դրանց արժեքը կգերազանցի ձեռք բերող Ա ընկերության` Բ ընկերությունից արդեն նախկինում ձեռք բերված ակտիվների հետ 20 տոկոս և ավելին,
3. ձեռք բերողի 20 տոկոս և ավելի ակտիվների հաշվարկում չեն ներառվի նաև Բ ընկերությունից նախկինում ձեռք բերված և տվյալ գործարքի պահին օտարված կամ կորստի հետևանքով արդեն գոյություն չունեցող ակտիվները:
Դիմումով բարձրացված հարցերի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.
2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.
5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է համակենտրոնացման դրսևորման հնարավոր ձևերը: Մասնավորապես, համակենտրոնացման դրսևորման ձևերից է տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին:
Այսինքն, օրենսդիրը ակտիվների ձեռքբերման միջոցով դրսևորվող համակենտրոնացումը նախատեսել է որպես համակենտրոնացման առանձին ձև: Համակենտրոնացման այս ձևի սահմանումը նպատակ ունի ապահովել Հանձնաժողովի հսկողությունը մեկ տնտեսվարող սուբյեկտից մյուս տնտեսվարող սուբյեկտին ակտիվների այնպիսի հոսքի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել վերջին տնտեսվարող սուբյեկտի մոտ ակտիվների կուտակման (համակենտրոնացման): Հետևաբար, Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով գործարքը որպես համակենտրոնացում գնահատելիս Հանձնաժողովը դիտարկում է ոչ թե ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի բոլոր ակտիվների արժեքը, այլ միայն այն ակտիվների, որոնք նախկինում ձեռք են բերվել իրացնող տնտեսվարող սուբյեկտից: Ընդ որում, Օրենքը չի նախատեսում նախկինում կնքված գործարքների արդյունքում ձեռք բերված ակտիվների արժեքի հաշվարկման համար վաղեմության ժամկետներ: Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացնող տնտեսվարող սուբյեկտից նախկինում ձեռք բերված ակտիվների արժեքը կներառվի 20 տոկոս կամ ավելիի հաշվարկում, եթե այդ ակտիվները դեռևս պատկանում են ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտին` հաշվի առնելով, որ նշված դրույթում օգտագործվում է «ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին» արտահայտությունը: Հետևաբար, այն ակտիվները, որոնք նախկինում ձեռք են բերվել իրացնող տնտեսվարող սուբյեկտից, սակայն այլևս չեն պատկանում ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտին, չեն կարող ներառվել Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի հաշվարկում:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, Հանձնաժողովը որոշում է.
1. Տնտեսվարող սուբյեկտի կողմից (ակտիվներ ձեռք բերող տնտեսվարող) այլ տնտեսվարող սուբյեկտի (ակտիվներ իրացնող տնտեսվարող սուբյեկտ) ակտիվների ձեռքբերումը, որոնց արժեքը կազմում է իրացնող տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 կամ ավելի տոկոսը, կարող է կատարվել ինչպես մեկ, այնպես էլ տարբեր ժամանակահատվածներում կնքվող տարբեր գործարքների միջոցով, ընդ որում`
ա) Օրենքը նման գործարքների համար ժամանակային սահմանափակում չի նախատեսում,
բ) այն ակտիվները, որոնք ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի կողմից նախկինում ձեռք են բերվել իրացնող տնտեսվարող սուբյեկտից, սակայն այլևս չեն պատկանում ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտին, չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի հաշվարկում:
2. Ակտիվներ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի կողմից ակտիվներ իրացնող տնտեսվարող սուբյեկտից տարբեր ժամանակահատվածներում կնքվող գործարքների արդյունքում ակտիվների ձեռքբերման դեպքում ակտիվներ իրացնող տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի հաշվարկման համար հիմք է ընդունվում միայն ակտիվներ իրացնող տնտեսվարող սուբյեկտից ձեռք բերված ակտիվների արժեքը: Ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտներից ձեռք բերված կամ այլ գոյություն ունեցող ակտիվները հաշվի չեն առնվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: