(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 1993 թ. թիվ 474
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի ազգային սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն խնդիրների լուծման համար անհրաժեշտ երկարաժամկետ ներդրումների աղբյուրների համալրման, ձևավորվող շուկայական տնտեսության կառույցներին պետական աջակցության գործում մեխանիզմների ապահովման, կառավարման ֆինանսավարկային լծակների առավել արդյունավետ գործադրման, մասնավոր ներդրումների ներգրավման և երաշխավորման պետական համակարգի հետագա կատարելագործման, ֆինանսաինվեստիցիոն բնագավառի պետական կարգավորման ժամանակակից ձևերի կիրառման անհրաժեշտությունից, և ի կատարումն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1993 թվականի ծրագրի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի ազգային ֆինանսաինվեստիցիոն կորպորացիա (այսուհետև` կորպորացիա) և հաստատել նրա կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում սահմանել կորպորացիայի կանոնադրական հիմնադրամի չափը, այդ թվում` դրամական միջոցների մասով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կորպորացիայի վարչության նախագահի թեկնածությունը:
3. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կորպորացիայի վարչությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում կորպորացիային տրամադրել կապի (այդ թվում` միջազգային) առանձնացված կանալներ:
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, ընդերքի պետական վարչությանը, պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը, շինարարության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ կորպորացիայի տնօրինությանը հանձնվող գույքի և օբյեկտների վերաբերյալ (արտադրական կարողություններ ու հրապարակներ, անավարտ շինարարության օբյեկտներ, ընդերք, գույքային իրավունքներ և այլն):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում հատկացնել դրամական միջոցներ` կորպորացիայի կանոնադրական կապիտալի համապատասխան մասով:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` կորպորացիան մտցնել այն կազմակերպությունների ցանկի մեջ, որոնց տեխնիկական վերազինման համար նախատեսված է արտասահմանյան տեխնիկական օգնություն:
8. Կորպորացիայի վարչությանը` վեցամսյա ժամկետում կազմակերպել կորպորացիայի արժեթղթերի թողարկումը` էմիսիայի նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` դիմել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` կորպորացիան հարկային արտոնություն ունեցող ֆոնդերի ցուցակի մեջ մտցնելու համար:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 17-ի թիվ 474 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի ազգային ֆինանսաինվեստիցիոն կորպորացիան (այսուհետև` կորպորացիա) պետական ձեռնարկություն է, որը հիմնադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Կորպորացիայի կանոնադրական հիմնադրամը կազմում է -------------------- մլրդ ռուբլի, որից ----------` դրամական միջոցներ, ----------- գույքի այլ օբյեկտներ:
3. Իր գործունեության ընթացքում կորպորացիան ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Կորպորացիան իրավաբանական անձ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ֆիրմային նշան և այլ ռեկվիզիտներ, հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ բանկերում:
5. Իր պարտավորությունների համար կորպորացիան պատասխանատվություն է կրում իր ամբողջ գույքով, որի նկատմամբ, օրենսդրության համաձայն, կարող է կիրառվել բռնագանձում: Կորպորացիան պատասխանատու չէ պետության պարտավորությունների համար:
6. Կորպորացիան կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ և առանձնացված ստորաբաժանումներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում:
7. Կորպորացիայի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
II. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Կորպորացիայի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն խնդիրների լուծմանը` հանրապետության մտավոր գործարար և ռեսուրսային պոտենցիալի ու ներհանրապետական կոոպերացիայի վրա հիմնված բարձր տեխնոլոգիական, արտաքին շուկայում մրցունակ արտադրանք ապահովող արտադրությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ինովացիոն ծրագրերի իրականացման, դրա համար անհրաժեշտ ինվեստիցիաների աղբյուրների համալրման արդյունավետ ձևերի կիրառման և նախագծերի մրցութային ընտրության միջոցով:
9. Կորպորացիայի հիմնական խնդիրներն են`
նպաստել տնտեսության կառուցվածքային վերակառուցման, սեփականաշնորհման, ֆինանսավարկային, մասնավորապես` ինվեստիցիաների, կառավարման բնագավառներում պետական քաղաքականության առաջնային նպատակների իրականացմանը.
սեփական և ներգրավված ֆինանսաինվեստիցիոն միջոցների շրջանառությունը նպատակաուղղել այն ձեռնարկումներին, որոնք Հայաստանի արտադրական, ռեսուրսային ու մտավոր ներուժը լավագույնս օգտագործելու հիման վրա կծառայեն արտաքին առևտրի արդյունավետ հաշվեկշռմանը, էներգետիկ ու հումքային ռեսուրսների ներկրումից ազգային տնտեսության կախվածության թուլացմանը, այլ տնտեսական, բնապահպան խնդիրների լուծմանը.
մասնավոր ձեռնարկությանը պետական աջակցության համակարգի շրջանակներում, գործունեության առավել բարենպաստ պայմաններ տրամադրելու միջոցով, սատարել տնտեսավարող այն սուբյեկտներին, որոնց գործունեությունն առավելապես ուղղված է վերոհիշյալ հիմնախնդիրների լուծմանը.
պետական նպատակային հատկացումների, սեփական եկամուտների և հնարավոր այլ աղբյուրների հաշվին ֆինանսավորել միասնական սոցիալ-տնտեսական համալիրի այն բնագավառները, որոնք դուրս են մնացել ֆինանսավորման կամ ինվեստավորման ասպարեզից.
նպաստել տնտեսության կառավարման ֆինանսավարկային լծակների առավել արդյունավետ գործադրման ձևերի ու մեխանիզմների ստեղծմանը, Հայաստանում արժեթղթերի ու կապիտալների շուկաների ձևավորմանը.
նպաստել հայրենական ու օտարերկրյա ինվեստիցիաների երաշխավորման ու զարգացման ռիսկերից ապահովագրման համակարգերի ստեղծմանը.
նպաստել ինվեստիցիոն նախագծերի ու ծրագրերի մշակման, ընտրության, իրականացման ճկուն մեխանիզմների ձևավորմանը և ինվեստիցիոն գործընթացի համակարգվածության բարձրացմանը.
մասնակցել համալիր, ճյուղային, տարածքային ինվեստիցիոն նախագծերի ու ծրագրերի մշակմանն ու իրականացման կազմակերպմանը.
պայմաններ ստեղծել ֆինանսական և ինվեստիցիոն բնագավառները բավարար թվով սպասարկող բարձրորակ կադրերի պատրաստման համար:
10. Իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կորպորացիան`
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է տարբեր կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկությունների հիմնադրմանը` հետագայում, որպես կանոն, օտարելով իր մասնաբաժինը.
իրականացնում է ինվեստիցիոն նախագծերի ու ծրագրերի փորձաքննությունը, մշակում է դրանց մրցութային ընտրության առաջնային ուղղություններն ու չափանիշները, կազմակերպում է այդ ծրագրերի ու նախագծերի իրագործումը.
գործողություններ է կատարում պետության արժեթղթերի, այլ պարտքային ակտիվների ու պասսիվների հետ.
կազմակերպում և իրականացնում է արտասահմանյան ինվեստիցիաների խթանման միջոցառումները.
մրցութային հիմունքներով և արտոնյալ պայմաններով միջոցներ է տրամադրում ինովացիոն ուղղվածությամբ արտադրությունների զարգացման համար` նախապատվությունը տալով փոքր բիզնեսին.
իրականացնում է ֆինանսական և ինվեստիցիոն բնագավառների սպասարկման տարբեր ծառայություններ, այդ թվում` փորձագիտական, խորհրդատվական, տեղեկատվական, հրատարակչական, մարկետինգային, աուդիտորական և այլն.
զբաղվում է ներքին շուկայում և արտասահմանում արտոնագրերի, լիցենզիաների, «նոու-հաուների» առքուվաճառքով.
մասնակցում է ոչ պետական ձեռնարկությունների վերապրոֆիլավորմանը, տեխնիկական վերազինմանն ու վերակառուցմանը` ֆինանսավորման և կազմակերպական արդյունավետ ձևերի կիրառմամբ.
սեփականատիրոջ լիազորմամբ իրականացնում է նրա գույքի կառավարման ֆունկցիաներ.
կազմակերպում է Հայաստանին տրամադրվող արտասահմանյան ու միջազգային տեխնիկական օգնության իրացումը` համապատասխան լիազորման հիման վրա.
սահմանված կարգով իրականացնում է սույն կանոնադրությանը չհակասող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ տեսակներ:
11. Իր կանոնադրական խնդիրների շրջանակներում կորպորացիան իրավունք ունի`
Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ և իր իրավասության սահմաններում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.
Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ ներկայացնել փորձագիտական եզրակացություններ միջազգային ինվեստիցիոն համագործակցության հարցերի շուրջ.
Հայաստանի Հանրապետությունում բացել տարածքային բաժանմունքներ, ինչպես նաև արտասահմանում ներկայացուցչություններ, նշանակելով իր ներկայացուցիչներին.
ստեղծել միջգերատեսչական հանձնախմբեր, փորձագիտական խորհուրդներ, աշխատանքային խմբեր` ըստ գործունեության առանձին ուղղությունների.
ունենալ արտահաստիքային խորհրդականներ, խորհրդատուներ ու փորձագետներ.
իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորպորացիային արտոնվող այլ իրավունքներ ու լիազորություններ:
III. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ
12. Կորպորացիայի գույքը կարող է նրան պատկանել լրիվ տնտեսավարման իրավունքով:
Կորպորացիայի գույքի նյութական օբյեկտների թվին են դասվում հիմնական և շրջանառու ֆոնդերը, դրամական միջոցները և արժեթղթերը, նպատակային օգտագործման ֆոնդերը, օրենքով սահմանված դեպքերում նաև ստացված փոխառությունները, վարկերը, երրորդ անձանց հանդեպ մյուս պարտավորություններն ու պատասխանատվությունը:
Գույքի ոչ նյութական օբյեկտների թվին են դասվում արտոնագրերը, լիցենզիաները, ապրանքային նշանները, կորպորացիայի ֆիրմային անվանումը, հաճախորդների առկայությունը, կորպորացիայի հեղինակությունը և կնքված պայմանագրերը, գույքային իրավունքների առկայությունն ու բնույթը:
13. Կորպորացիայի գույքի ձևավորման աղբյուրներն են`
Հայաստանի Հանրապետության կառավարության դրամական և նյութական ներդրումները, կորպորացիային փոխանցված գույքային իրավունքները.
սեփական տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.
կորպորացիայի կողմից թողարկված արժեթղթերից ստացված եկամուտները.
բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերն ու փոխառությունները.
պետական բյուջեից հատկացված կապիտալ ներդրումները, լիավճարները և այլ հատկացումները.
ներդրված այլ միջոցները, այդ թվում` նվիրատվությունները.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
14. Կորպորացիայի գույքի օգտագործման կարգը սահմանվում է կորպորացիայի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Նպատակային ներդրումներ կատարողները կարող են իրենք սահմանել տվյալ գույքի օգտագործման ու տնօրինման կարգը:
15. Հարկերի և պարտադիր այլ վճարումների գծով կորպորացիայի հարաբերությունները պետության հետ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
IY. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Կորպորացիայի ղեկավար մարմիններն են` կորպորացիայի վարչությունը և վարչության նախագահը:
վարչության նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ: Կորպորացիայի վարչության կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` կորպորացիայի վարչության նախագահի ներկայացմամբ:
Վարչության նախագահի և նրա անդամների պաշտոնավարության ժամկետը հինգ տարի է, ընդ որում` նույն անձը չի կարող պաշտոնավարել երկու անընդմեջ ժամկետից ավելի:
Վարչության նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է վարչության անդամներից որևէ մեկը, վարչության նախագահի լիազորությամբ:
17. Վարչությունը պետք է բաղկացած լինի առնվազն յոթ անդամից: Վարչության անդամները ղեկավարում են կորպորացիայի գործունեության առանձին ուղղությունները:
Վարչությունը որոշումներ է կայացնում կորպորացիայի գործունեության խնդիրներից բխող և նրա իրավասության շրջանակներում բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ:
Վարչության նիստերը գումարվում են առնվազն շաբաթը մեկ անգամ` վարչության նախագահի կողմից կամ վարչության անդամների առնվազն 1/3-ի պահանջով: Վարչության նիստը համարվում է իրավասու, եթե նիստին մասնակցում է վարչության անդամների առնվազն 2/3-ը: Որոշումները կայացվում են նիստի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստի նախագահողի ձայնը վճռական է:
18. Վարչության նախագահը, իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի գործում է կորպորացիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, կնքում է պայմանագրեր (այդ թվում` նաև աշխատանքային), կորպորացիայի վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքները, արձակում է հրամաններ, նախագահում է վարչության նիստերին, վարչության որոշումների համաձայն տնօրինում է կորպորացիայի գույքը (այդ թվում` ֆինանսական ռեսուրսները), իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված այլ լիազորություններ:
19. Կորպորացիայի վերստուգիչ հանձնաժողովը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Վերստուգիչ հանձնաժողովի կազմն ամեն տարի պետք է թարմացվի առնվազն 2/3-ով: Վերստուգիչ հանձնաժողովը կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ֆունկցիաներ: Հանձնաժողովը կարող է կատարել տարեկան միայն մեկ ստուգում, որի մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
20. Կորպորացիայի տնտեսական վիճակն ու ֆինանսական ցուցանիշները յուրաքանչյուր տնտեսական տարվա ավարտից հետո վերլուծվում ու գնահատվում են անկախ հսկիչի (աուդիտորի) կողմից: Կորպորացիայի գործունեության վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը հրապարակվում է մամուլում:
Y. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
21. Կորպորացիայի վերակազմավորումը կամ գործունեության դադարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև դատական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: