Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԻԱՅ ...

07.03.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.09.1993  -ից մինչեւ   07.03.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.02 թիվ 166 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 1993 թվականի թիվ 459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության կանոնադրությունը (կցվում է):

2. Սահմանել էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության աշխատողների թվաքանակը` 287 միավոր:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

սեպտեմբերի 10-ի թիվ 459 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչությունը (այսուհետև` էներգապետհսկողություն) նախարարության համակարգում գործող ինքնուրույն պետական մարմին է, որն իրականացնում է հանրապետության ամբողջ տարածքում էներգիայի և վառելիքի նկատմամբ պետական հսկողություն` ինչպես սպառող, այնպես էլ մատակարարող կազմակերպություններում:

2. Էներգապետհսկողությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հրամաններով և հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

3. Էներգապետհսկողությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր լրիվ անվամբ կնիք ու դրոշմակնիք:

4. Էներգապետհսկողության գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի հաշվին, ինչպես նյութական խրախուսման ֆոնդը կազմավորվում է տեսչական անձնակազմի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառված տուգանքներից գոյացած գումարներից, որի չափը սահմանվում է նախարարության կողմից:

Նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի օգտագործման կարգը որոշվում է էներգապետհսկողության կողմից` այն համաձայնեցնելով նախարարության հետ:

5. Էներգապետհսկողությունը ղեկավարում է պետը, որը հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության առջև:

Էներգապետհսկողության պետը և նրա տեղակալները նշանակվում և ազատվում են պաշտոնից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարի կողմից:

Էներգապետհսկողության պետն ի պաշտոնե հանդիսանում է էներգիայի և վառելիքի գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչ, իսկ տարածքային մարմինների ղեկավարները, ավագ տեսուչները և տեսուչները, համապատասխանաբար` ավագ պետական տեսուչներ և տեսուչներ:

Պետը պատասխանատվություն է կրում էներգապետհսկողության խնդիրների և ֆունկցիաների իրականացման համար:

 

II. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Էներգապետհսկողության հիմնական խնդիրներն են`

ա) ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից, ինչպես նաև կենցաղում, պետական հսկողության իրականացումը`

էլեկտրական և ջերմային էներգիայի օգտագործման ասպարեզում`

էներգիայի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

էներգիա օգտագործող սարքավորումների տեխնիկական վիճակը, դրանց անվտանգ սպասարկման ապահովման ուղղությամբ միջոցառումների իրականացման նկատմամբ.

առանց թույլտվության հաշվառքից դուրս էլեկտրական և ջերմային էներգիայի օգտագործման դեպքերի հայտնաբերման նկատմամբ.

էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմների, պայմանագրային չափաքանակների պահպանման, ինչպես նաև էներգիայի տնտեսման համար տրված առաջադրանքների կատարման նկատմամբ.

էներգիայի որակի պետական ստանդարտի պահանջների պահպանման նկատմամբ.

էներգիայի արտադրության և սպառման հաշվառքային համակարգի նկատմամբ.

էներգիայի սակագների կիրառման ճշտության, վերադարձվող կոնդենսատի համար սահմանված նորմայի գերակատարման (խախտման) դեպքում ջերմային էներգիայի արժեքի նկատմամբ զեղչի (հավելման) կիրառման վրա.

գազի, որպես հումքի և վառելիքի, արդյունավետ օգտագործման նկատմամբ.

գազի սպառման համար սահմանված ռեժիմների, պայմանագրային քանակի պահպանման նկատմամբ.

գազի արդյունավետ օգտագործման ուղղությամբ, գազ օգտագործող սարքավորումների և տեղակայանքների տեխնիկական վիճակի նկատմամբ.

առանց թույլտվության գազ օգտագործելու դեպքերի հայտնաբերման նկատմամբ.

գազի ծախսի հաշվառքային համակարգի վիճակի նկատմամբ.

նավթամթերքի և պինդ վառելիքի օգտագործման ասպարեզում`

պահեստներում, նավթի բազաներում, ավտոլցման կայաններում և այլ կետերում նավթամթերքի և պինդ վառելիքի ընդունման, պահեստավորման, հաշվառման, որակի, բացթողնման և փոխադրման կանոնների պահպանման, ինչպես նաև դրանց սարքավորումների տեխնիկական վիճակի նկատմամբ.

բազաներում նավթամթերքի համար սահմանված սահմանաքանակային (ֆոնդային) կարգապահության և սպառողների մոտ դրանց ծախսի նորմերի պահպանման նկատմամբ.

բ) էներգախնայողության ծրագրերի մշակումը և ներդրումը`

մասնակցել էներգախնայիչ տեխնոլոգիաների, սարքավորումների, նյութերի մշակմանը և սահմանել հսկողություն դրանց կիրառման նկատմամբ.

մասնակցել էներգիայի սպառման օգտագործման ստանդարտների մշակմանը և սահմանել հսկողություն դրանց ներդրման նկատմամբ.

մշակել էներգիայի սպառման չափաքանակների ու սակագների դիֆերենցված համակարգ և սահմանել հսկողություն դրանց ներդրման նկատմամբ.

մասնակցել էներգիայի նոր, այդ թվում ոչ ավանդական, աղբյուրների լայն կիրառության նպատակով խթանող միջոցառումների մշակմանը և սահմանել հսկողություն դրանց ներդրման նկատմամբ:

 

III. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Էներգապետհսկողության պարտականություններն են`

ա) ընդհանրացնել էներգասպառող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատանքները էլեկտրական և ջերմային էներգիայի, գազի և նավթամթերքի արդյունավետ օգտագործման ուղղությամբ և ձեռնարկել միջոցներ այդ բնագավառում ձեռքբերված դրամական փորձի տարածման համար, ինչպես նաև համապատասխան նախարարություններին, պետական վարչություններին ու գերատեսչություններին տալ հրահանգներ, ցուցումներ և առաջարկություններ բացահայտված թերությունների ու խախտումների վերացման մասին.

բ) սահմանված կարգով ներգրավել ՀՀ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների էներգետիկ ծառայություններին, մասնագիտացված ինստիտուտներին և նախագծային կազմակերպություններին էլեկտրական և ջերմային էներգիայի, գազի և նավթամթերքի խնայողաբար օգտագործման վերաբերյալ կանոնների և հրահանգների մշակմանը.

գ) մասնակցել ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում էլեկտրական և ջերմային էներգիա օգտագործող տեղակայանքների շահագործման հետ կապված դժբախտ դեպքերի հատուկ (մասնագիտական) քննությանը.

դ) ընտրովի տեխնիկական փորձաքննության ենթարկել նոր և վերակառուցվող օբյեկտների նախագծերը էներգասպառման արդի պահանջների բավարարման առումով.

ե) մասնակցել ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների էներգատնտեսությունների պատասխանատու անձանց` տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների իմացության ստուգմանը.

զ) նախապատրաստել էլեկտրական և ջերմային էներգիայի, վառելիքի օգտագործման և դրանց նկատմամբ պետական հսկողության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության քննարկմանը.

է) ապահովել աշխատանքային պլանների, ինչպես նաև վերադաս կառավարման մարմինների կողմից տրված հանձնարարականների կատարումը:

8. Էլեկտրապետհսկողությունն իրավունք ունի`

ա) իր իրավասության սահմաններում պահանջել ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից, այդ թվում նաև էներգամատակարարող կազմակերպություններից, սահմանված կարգով ներկայացնել հաշվետվություններ և փաստաթղթեր.

բ) պահանջել էներգասպառող ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից շահագործումից հանել էլեկտրական և ջերմային էներգիա, գազ և նավթամթերք օգտագործող էներգախնայողության, հուսալի շահագործման և անվտանգության պահանջները չբավարարող սարքավորումները, ինչպես նաև վերանայել դրանց տեխնիկական պայմանները.

գ) սահմանված կարգով ներկայացնել դատախազական և այլ իրավասու մարմիններին էներգիայի և վառելիքի օգտագործման խախտումների վերաբերյալ նյութեր.

դ) իր իրավասության սահմաններում քննարկել պետական էներգամատակարարող կազմակերպությունների և սպառողների միջև ծագած տարաձայնությունները.

ե) տալ թույլտվություն`

արդյունաբերական ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում էլեկտրական էներգիան էլեկտրաթերմիկ պրոցեսներում և ջեռուցման նպատակով օգտագործելու համար.

սպառողների էլեկտրական և ջերմային էներգիա օգտագործող տեղակայանքները (ինչպես նոր, այնպես էլ վերակառուցվող (ընդարձակվող) շահագործման հանձնելու և համապատասխան էներգահամակարգին միացնելու մասին.

նոր գազիֆիկացվող կաթսայատների և տեղակայանքների շահագործման համար` գազի արդյունավետ օգտագործման պայմանների ապահովման դեպքում.

նավթամթերքը պահեստավորող և բացթողնող սարքավորումների շահագործման համար:

 

IY. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Էներգապետհսկողության մարմինների տեսուչների իրավունքներն ու պարտականություններն են`

ա) ցանկացած ժամանակ մուտք գործել էներգիա սպառող ձեռնարկություններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից, իր ծառայական պարտականությունները կատարելու նպատակով.

բ) տալ կարգադրագրեր բոլոր սպառողներին էներգիայի և գազի օգտագործման գործող կանոնները խախտելու, ինչպես նաև դրանց վատնումը և ոչ արդյունավետ օգտագործումը վերացնելու, սպառողների էլեկտրական տեղակայանքների կառուցվածքների կանոնները, էլեկտրական և ջերմային սարքավորումների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնները խախտելու փաստերը վերացնելու համար.

գ) անարգել այցելել և ստուգել (զննել) նավթի բազաները (նավթի և պինդ վառելիքի պահեստները), ավտոլցման կայանները և նավթամթերք օգտագործող, տեղափոխող ու վաճառող այլ շարժական ու անշարժ օբյեկտները.

դ) կարգադրագրեր տալ նավթամթերք ներմուծող, օգտագործող, տեղափոխող և վաճառող բոլոր ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից, կատարելու գործող կանոնների, նորմատիվների և ստանդարտների պահանջները.

ե) սահմանված կարգով կազմել համապատասխան ակտեր էներգիա և վառելիք մատակարարող և սպառող ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու, նրանց կողմից թույլ տրված հետևյալ խախտումների համար`

էլեկտրական էներգիայի և հզորության, ինչպես նաև վառելիքի օգտագործման պայմանագրային մեծությունների և սահմանված ռեժիմների խախտման դեպքում.

ջերմային էներգիայի օգտագործման պայմանագրային մեծությունների և ժամային առավելագույն բեռնվածության խախտման դեպքում.

էներգիայի և վառելիքի առանց թույլտվության օգտագործման դեպքում.

էներգիայի և վառելիքի օգտագործման հաշվառքային սարքերի և սխեմաների խախտման դեպքերում.

էլեկտրաէներգիայի որակի թույլատրելի սահմաններից իջեցման դեպքում.

ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից էլեկտրական և ջերմային էներգիայի ու վառելիքի շռայլորեն և ոչ արդյունավետ օգտագործման դեպքում.

զ) լրիվ կամ մասնակի արգելել էներգիայի և վառելիքի օգտագործումը նշված խախտումների դեպքում, կապարակնքելով էներգիա և վառելիք օգտագործող սարքավորումները: Վերջիններիս հետագա օգտագործման թույլտվությունը կատարվում է միայն էներգապետհսկողության մարմինների կողմից.

է) էներգապետհսկողության մարմինների տեսուչներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

10. Էներգապետհսկողության և նրա տարածքային մարմինների պաշտոնատար անձինք իրենց վրա դրված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Էներգապետհսկողության և նրա տարածքային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել վերադաս կառավարման մարմնին 10-օրյա ժամկետում, որը չի կասեցնում էներգապետհսկողության մարմինների կողմից ընդունված որոշումների կատարումը:

 

Y. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

12. Էներգապետհսկողության լուծարումը և վերակառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.1993
N 459
Որոշում