i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ` անդամ պետություններ,
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ հավելված) իրագործման նպատակով,
արտահայտելով իրենց մտադրությունը` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում զարգացնել անդամ պետությունների միջև համագործակցությունը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին:
Հոդված 1
Սույն Պայմանագրի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը.
«Համագործակցության համակարգում» - անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցություն միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` նպատակ ունենալով ապահովելու անդամ պետությունների փոխադարձ շահերը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում,
«Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտում» - մտավոր սեփականության օբյեկտների օգտագործում, այդ թվում` «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում, ապրանքների պատրաստում, տարածում կամ այլ օգտագործում, ինչպես նաև դրանց` այդ նպատակով ներկրում, տեղափոխում կամ պահպանում, եթե այդ գործողությունները հանգեցնում են անդամ պետությունների օրենսդրության համապատասխան պահպանվող մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման,
«Համատեղ միջոցառումներ» - երկու կամ ավել անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից անցկացվող համաձայնեցված միջոցառումներ` ուղղված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխելուն, հայտնաբերելուն, կանխարգելելուն և հետաքննելուն,
«Լիազոր մարմին» - գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև այլ մարմին, որը, անդամ պետության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության բնագավառում օժտված է լիազորություններով:
Հոդված 2
1. Անդամ պետություններն իրականացնում են համագործակցություն և ապահովում են արդյունավետ փոխգործակցություն լիազոր մարմինների միջև` ելնելով մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի ձևավորման անհրաժեշտությունից:
2. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության, այդ թվում` այդ իրավունքների խախտումների արդյունավետ կանխումն ապահովելու նպատակով, Միության մաքսային տարածքում իրականացվում են.
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխարգելելուն, հայտնաբերելուն, կանխելուն և հետաքննելուն, ինչպես նաև այս ոլորտում լիազոր մարմինների գործունեությունը բարելավելուն ուղղված գործողությունների համակարգումը,
Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը և կատարելագործումը,
այլ գործողություններ (անհրաժեշտության դեպքում):
Հոդված 3
Գործողությունների համակարգման նպատակով լիազորված մարմինների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր համապատասխան խորհրդատվական մարմնի նիստերին քննարկում են հարցեր, որոնք ծագում են սույն Պայմանագրի իրագործման ընթացքում, ելնելով հետևյալ սկզբունքներից.
լիազորված մարմինների հավասարություն գործողությունների համակարգման շրջանակներում խնդիրները ձևակերպելիս և միջոցառումներն անցկացնելիս,
յուրաքանչյուր լիազոր մարմնի ինքնուրույնություն` անդամ պետության օրենսդրության համապատասխան իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում,
հրապարակայնություն այն չափով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին, պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների մասին անդամ պետությունների օրենսդրության պահանջներին:
Հոդված 4
Սույն Պայմանագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լիազոր մարմինների հետ համատեղ.
իրականացնում է անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխմանն ուղղված և գործունեության փորձի վերլուծություն և ընդհանրացում, ինչպես նաև տվյալ բնագավառում իրավախախտումների կանխարգելման, հայտնաբերման, կանխման և հետաքննության ոլորտում միտումների կանխատեսում,
վերլուծում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկան, այդ թվում` տվյալ ոլորտում միջազգային պայմանագրերի կատարումը,
մշակում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում` Միության մաքսային տարածքում այդ իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկություններ,
մասնակցում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ սեմինարների, համաժողովների, այլ միջոցառումների կազմակերպմանը:
Հոդված 5
Գործողությունների համակարգումն ապահովելու նպատակով լիազոր մարմիններն իրականացնում են համագործակցություն հետևյալ ձևերով.
փոխգործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի գործունեության շրջանակներում,
տեղեկատվության փոխանակում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության, այդ թվում` Միության մաքսային տարածքում այդ իրավունքների խախտումների կանխարգելման հարցերով,
լիազոր մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությունների անցկացում,
գործողությունների համակարգման համաձայնեցված ծրագրերի մշակում և իրագործում,
համատեղ միջոցառումների անցկացում, այդ թվում` սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ նախատեսված` համաձայնեցված ծրագրերի իրականացման շրջանակներում,
փորձի փոխանակման նպատակով վերապատրաստումների, սեմինարների, համաժողովների, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպում,
տեղեկագրերի (ժողովածուների) և այլ տեղեկատվական հրապարակումների թողարկում,
անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ` այլ ձևերով:
Հոդված 6
1. Լիազոր մարմինները, իրենց նախաձեռնությամբ կամ այլ լիազոր մարմինների հարցումով, փոխանակում են տեղեկություններ.
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման հետ կապված կոնկրետ փաստերի և դեպքերի մասին,
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմանն առնչվող անձանց մասին.
մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղաշարժի մասին, որի հետևանքով խախտվում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև` այդ ապրանքները տեղափոխելիս օգտագործվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին,
երրորդ երկրների տարածքներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների մասին, եթե նման ապրանքների ներմուծումը հանգեցնում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման, ինչպես նաև` այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում):
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների փոխանցումը լիազոր մարմնի կողմից երրորդ անձանց կարող է իրականացվել միայն նման տեղեկությունները տրամադրող լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:
Նման տեղեկություններ ստացած լիազոր մարմինը ապահովում է դրանց պաշտպանության այնպիսի մակարդակ, որը համարժեք է դրանք տրամադրած լիազոր մարմնի կողմից նման տեղեկության նկատմամբ կիրառվող պաշտպանության մակարդակին:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները խախտելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունը ստացած լիազոր մարմինը և նրա աշխատակիցները կրում են այդ լիազոր մարմնի պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 7
1. Համատեղ միջոցառումներ իրականացնելու կամ դրանց անցկացմանը օժանդակելու համար լիազոր մարմիններն իրավասու են դիմելու միմյանց համապատասխան հարցումով:
2. Մտավոր սեփականության ոլորտում հանցագործությունները և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխելու համար աջակցություն ցուցաբերելու մասին հարցումները կատարելու, ինչպես նաև տեղեկություններ տրամադրելու և դրանք օգտագործելու մասով լիազոր մարմինների փոխգործակցությունը կատարվում է անդամ պետությունների մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 8
Սույն Պայմանագրի իրականացման հետ կապված ծախսերը անդամ պետությունները հոգում են ինքնուրույն: Ընդ որում` սույն Պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացնելիս տրանսպորտային և կեցության ծախսերը հոգում է ուղարկող անդամ պետությունը:
Հոդված 9
1. Սույն Պայմանագիրն իրականացվում է լիազոր մարմինների կողմից, որոնք փոխգործակցում են իրենց իրավասության սահմաններում` պահպանելով համապատասխան անդամ պետության օրենսդրությունը, Միության իրավունքը ձևավորող միջազգային պայմանագրերը և ակտերը:
2. Սույն Պայմանագրի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աջակցություն է ցուցաբերում լիազոր մարմիններին` Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցելիս:
3. Անդամ պետությունները սահմանում են լիազոր մարմինները և սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դրանց մասին ծանուցում են ավանդապահին, որն էլ այդ լիազոր մարմինների մասին ծանուցում է մյուս անդամ պետություններին:
Անդամ պետությունները լիազոր մարմինների փոփոխության մասին ավանդապահին ծանուցում են մեկամսյա ժամկետում:
Հոդված 10
1. Սույն Պայմանագրի շրջանակներում լիազոր մարմինների տեղեկատվական փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, ինչպես նաև հարցումների կատարումը իրականացվում է լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կանոնակարգով նախատեսված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կանոնակարգը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից` սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
Հոդված 11
1. Սույն Պայմանագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
2. Սույն Պայմանագրի մեկնաբանության և (կամ) կիրառման հետ կապված` անդամ պետությունների միջև ծագած վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 12
1. Սույն Պայմանագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և մտնում է Միության իրավունքի մեջ:
2. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից:
Կատարված է Գրոդնո քաղաքում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն:
Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, հանդիսանալով սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից`
/ստորագրություն/ |
Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից`
/ստորագրություն/ |
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից`
/ստորագրություն/ |
Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից`
/ստորագրություն/ |
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից`
/ստորագրություն/ |
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 19-ին