i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՐԴ1/0005/11/16 |
Գործ թիվ ԱՐԴ1/0005/11/16 |
|
Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Ավետիսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի |
|
Հ. Ասատրյանի |
|
Ե. Դանիելյանի |
|
Լ. Թադևոսյանի |
|
Ա. Պողոսյանի |
|
|
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2017 թվականի ապրիլի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Մարտուն Հակոբյանը դիմում է ներկայացրել Արմավիրի մարզի դատախազություն այն մասին, որ 2009 թվականի կեսերին անձնական կարիքների համար Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Շիրին Հասանի Ջանգոյանից ամսական 5 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 20.000 ԱՄՆ դոլար և մինչև 2015 թվականի հունվար ամիսը նրան վճարել մոտ 60.000 ԱՄՆ դոլար:
2015 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 57131615 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2016 թվականի փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.ՈՒմուրշատյանը (այսուհետ` նաև Քննիչ) որոշում է կայացրել թիվ 57131615 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոհիշյալ որոշման դեմ դիմող Մ.Հակոբյանը և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանը բողոք են ներկայացրել Արմավիրի մարզի դատախազին` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Քննիչի որոշումը:
2016 թվականի մարտի 29-ին Արմավիրի մարզի դատախազ Ա.Սիմոնյանի որոշմամբ դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2. 2016 թվականի ապրիլի 12-ին դիմող Մ.Հակոբյանը և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանը բողոք են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով որոշում կայացնել դիմող Մ.Հակոբյանի իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին և վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Քննիչի` 2016 թվականի փետրվարի 29-ի և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումները:
Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը բավարարել է` վերացնելով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Քննիչի` 2016 թվականի փետրվարի 29-ի և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումները:
3. Դատախազ Ա.Սիմոնյանի և շահագրգիռ անձ Շ.Ջանգոյանի ներկայացուցիչ Մ.Խչեյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն`»(...) Որպես վկա հարցաքննվել է Շ.Ջանգոյանը, ով իր ցուցմունքներով հերքել է Մ.Հակոբյանին և, առհասարակ, որևէ մեկին տոկոսով գումար տալու հանգամանքը (...):
Հակոբյանի և Ջանգոյանի միջև կատարվել է առերեսում, որի ընթացքում յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքներում նշված հանգամանքները (...):
Շ.Ջանգոյանի բնակարանում և կից օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն, սակայն նախաքննության համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, այլ իրեր, առարկաներ չեն հայտնաբերվել:
Շ.Ջանգոյանի կողմից տոկոսով գումար տալու և տոկոսներ ստանալու վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով գրավոր հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին, և ստացված պատասխանների համաձայն` նշված հանգամանքները հաստատող տեղեկություններ ձեռք չեն բերվել:
(...)
Ինչ վերաբերում է Մ.Հակոբյանի և Շ.Ջանգոյանի խոսակցության գաղտնի ձայնագրառմանը, ապա անհրաժեշտ է նշել, որ ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում, իսկ տվյալ դեպքում ձայնագրությունը կատարվել է շահագրգիռ կողմ հանդիսացող Մ.Հակոբյանի կողմից, հետևապես այն չի կարող դրվել ապացույցների հիմքում:
Այսպիսով` Շ.Ջանգոյանի կողմից վաշխառություն կատարելու մասին հայտնել են միայն փաստացի շահագրգիռ կողմ հանդիսացող անձինք, կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք չեն բերվել վերջինիս կողմից վաշխառություն կատարելու հանգամանքները հաստատող այլ տվյալներ, այսինքն` փոխկապակցված, բավարար ապացույցների համակցություն, իսկ առկա ապացույցները հիմք չեն տալիս անձի մեղավորության մասին հավաստի եզրահանգում անելու, սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները (...):
Հետևաբար (...) քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել Շ.Ջանգոյանի կողմից վաշխառություն, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու հանգամանքը և առկա են քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու փաստական և իրավական հիմքեր, իսկ գումարային հարցով Ջանգոյանի և Հակոբյանի միջև առկա է քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություն, որը ենթակա է լուծման դատական կարգով (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 16-18):
6. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով դիմողի և նրա ներկայացուցչի բողոքը, նշել է. «(...) Բողոքարկվող որոշմամբ քննիչը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, որոնք ենթակա են հանգամանալից քննության, և որոնց արդյունքում հնարավոր է, որ կհիմնավորվեր Շ.Ջանգոյանի մեղքը:
(...)
Նախաքննության մարմնի կողմից նյութերի նախապատրաստումը և ընթացքն իրականացվել են մի շարք խախտումներով, որոնք հիմք են վիճահարույց որոշումները վերացնելու համար:
Բողոքաբեր Մ.Հակոբյանի կողմից ներկայացված բողոքի քննությամբ ակնհայտ է անձի` Մ.Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ անհրաժեշտ է կատարել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, քննչական, դատավարական այլ գործողություններ և նոր միայն հանգել հետևությունների: Այդպիսիք` գործի շրջանակներում լրիվությամբ չեն կատարվել, գործի հակասություններն ամբողջությամբ չեն վերացվել, անհրաժեշտ գործողությունները լրիվությամբ չէ որ կատարվել են: Նման պայմաններում, նախաքննության մարմինն ունի պարտականություն` վերացնելու Մ.Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտումը, կատարել պատշաճ քննություն` հիմնավորելու և կամ բացառելու անձի /անձանց/ գործողություններում ՀՀ Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը» (տե՛ս նյութեր, թերթեր 85-86):
6.1. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի եզրափակիչ մասի համաձայն` «(...) Բողոքաբեր Մարտուն Վոլոդյայի Հակոբյանի և վերջինիս ներկայացուցիչ Թամարա Մալխասյանի բողոքը (...) ճանաչել հիմնավորված և բավարարել:
Վերացնել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.ՈՒմուրշատյանի 29.02.2016թ. «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» և Արմավիրի մարզի դատախազի 29.03.2016թ. «Բողոքը մերժելու մասին» որոշումները` որպես անհիմն» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 86):
7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(...) Անդրադառնալով դատախազ Ս.Մարտիրոսյանի և Շ.Ջանգոյանի վերաքննիչ բողոքներում նշած պատճառաբանություններին` կապված այն հանգամանքի հետ, որ վերացնելով քրեական գործով վարույթը կարճելու նախաքննական մարմնի որոշումը` Դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք ըստ էության ազդել են գործի ելքի վրա, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, և արձանագրում, որ Դատարանը հիմնավոր կերպով գտել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները` փաստացի նախաքննություն չի կատարվել, քրեական գործի առկայության պայմաններում և իր որոշման մեջ մանրամասն շարադրել է այն փաստական հանգամանքները, որոնց շուրջ քննություն չի կատարվել, և որոնք էական նշանակություն ունեն գործի ելքի վրա:
(...)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոշարադրյալ պատճառաբանությունները, հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, բողոքը քննության առնելիս առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանելու համար (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 150-151):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, քանի որ ստորադաս դատարանը չի նշել, թե ինչ հիմքերով է դատախազի` Առաջին ատյանի դատարանի դատական ակտի անհիմն լինելու մասին վերաքննիչ բողոքում արված եզրահանգումները համարել սխալ: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն իր որոշումը փորձել է պատճառաբանել բացառապես ընդհանուր բնույթի ձևակերպումներով: Մասնավորապես նշել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, և փաստացի նախաքննություն չի կատարվել:
9. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը եկել է ակնհայտ անհիմն եզրահանգման այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը կատարել է իրավաչափ գործողություն, երբ վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
i
Մեջբերելով Վճռաբեկ դատարանի` Լաուրա Զարյանի վերաբերյալ 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանները, քննելով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը, իրավասու էին կայացնելու դատական ակտ` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության սահմանման մասին, այլ ոչ թե վերացնելու հիշյալ որոշումը: Հետևաբար, ըստ բողոք բերած անձի` վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մեջբերված որոշմանը:
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի և Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 15-ի որոշումները` մերժելով Շ.Ջանգոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչ Ա.ՈՒմուրշատյանի` 2016 թվականի փետրվարի 29-ի և Արմավիրի մարզի դատախազի` բողոքը մերժելու մասին 2016 թվականի մարտի 29-ի որոշումների դեմ դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները:
I. Դատական ակտերի հիմնավորվածությունը.
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
i
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրեն ու չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնելու խախտված իրավունքներն ու ազատությունները: Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին (տե՛ս Ն.Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը, Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը):
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(...)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
i
Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի`2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը):
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի պատճառաբանման պահանջը պետք է դիտարկել հիմնավորվածության համատեքստում` որպես դրա բաղկացուցիչ և կենսական մաս: Այս առումով դատական ակտի պատճառաբանության նշանակությունը նրանում է, որ այն այդ ակտերի հիմնավորվածության երաշխիքը և արտաքին արտահայտման ձևն է: Այլ կերպ` դատական ակտերի պատճառաբանման պահանջը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմնավորվածության հատկության բաղադրատարր է, հետևապես չպատճառաբանված կամ ոչ պատշաճ պատճառաբանված դատական ակտն ինքնին չի կարող համարվել հիմնավորված:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի կողմից Առաջին ատյանի դատարան են բողոքարկվել Քննիչի` 2016 թվականի փետրվարի 29-ի և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումները: Առաջին ատյանի դատարանը, քննարկելով բողոքը, արդյունքում այն բավարարել է, իսկ վիճարկվող որոշումները` վերացրել: Վերջինս իր դատական ակտը հիմնավորել է նրանով, որ Քննիչը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, որոնք ենթակա են հանգամանալից քննության, և որոնց արդյունքում հնարավոր է, որ կհիմնավորվեր Շ.Ջանգոյանի մեղքը: Բացի այդ, նշվել է, որ նախաքննության մարմինը չի կատարել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, լրիվությամբ չեն կատարվել քննչական, դատավարական գործողությունները, և գործի հակասություններն ամբողջությամբ չեն վերացվել (տե՛ս սույն որոշման 2-րդ, 6-րդ, 6.1.-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով գտել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, և փաստացի նախաքննություն չի կատարվել: Ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ մանրամասն շարադրել է այն փաստական հանգամանքները, որոնց շուրջ քննություն չի կատարվել, և որոնք էական նշանակություն ունեն գործի ելքի վրա (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությունները, որ քննիչը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, որոնք ենթակա են հանգամանալից քննության, և որոնց արդյունքում հնարավոր է, որ կհիմնավորվեր Շ.Ջանգոյանի մեղքը և այն, որ նախաքննության մարմինը չի կատարել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, լրիվությամբ չեն կատարվել քննչական, դատավարական գործողությունները, և գործի հակասություններն ամբողջությամբ չեն վերացվել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), իրենց բնույթով ընդհանրական, վերացական են, դրանք չեն կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ պատճառաբանություն:
Նույնը վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, ըստ որի` Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով գտել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները` փաստացի նախաքննություն չի կատարվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հիմնավորմանը, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ մանրամասն շարադրել է այն փաստական հանգամանքները, որոնց շուրջ քննություն չի կատարվել, և որոնք էական նշանակություն ունեն գործի ելքի վրա (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա այն անհիմն է և չի բխում սույն գործի նյութերից. Առաջին ատյանի դատարանն իր կողմից կայացված դատական ակտի շրջանակներում վերարտադրել է բողոք բերած անձի փաստարկները, իսկ արդյունքում` հանդես եկել միայն ընդհանուր բնույթի դատողություններով (տե՛ս նյութեր, թերթեր 84-87):
16. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերի ոչ պատշաճ պատճառաբանված լինելը հանգեցրել է այդ որոշումների` քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` հիմնավորվածության հատկության չեզոքացմանը:
Հետևաբար դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները հիմնավորված չեն:
II. Դատական վերահսկողության սահմանները.
i
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են արդյոք Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Լաուրա Զարյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 և Փնջիկ Թերոյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշումներին:
i
18. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ) 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
19. Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ դատական օրենսգրքի վերոհիշյալ նորմերը` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:
i
Դրա հետ մեկտեղ, վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը` եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն» (տե՛ս Փնջիկ Թերոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշման 12-րդ կետը, Վազգեն Խնոևի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0179/11/14 որոշման 16-րդ կետը, mutatis mutandis, Անահիտ Սիմոնյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 14-15-րդ կետերը):
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել (...) քրեական գործը (...) կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
(...)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ պարտականությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (...)»:
i
Հիմնվելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման, Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված` Ներսես Միսակյանի գործով թիվ ԱՐԴ1/0003/11/08, Լաուրա Զարյանի գործով թիվ ԵԿԴ/0081/11/09 դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա` Վճռաբեկ դատարանը վերը մեջբերված նորմերի առնչությամբ Փնջիկ Թերոյանի գործով որոշման շրջանակներում վերահաստատել է իր նախադեպային իրավունքում ձևավորած հետևյալ իրավական դիրքորոշումը. «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու (քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշման դատական ստուգման շրջանակներում անձի խախտված իրավունքների վերականգնման ձևի առումով կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի` անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կարգավորումը» (տե՛ս Փնջիկ Թերոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշման 15-րդ կետը):
21. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը հիմնավորված, որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Քննիչի` 2016 թվականի փետրվարի 29-ի և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումները վերացնելու մասին (տե՛ս սույն որոշման 6.1.-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, դատախազ Ա.Սիմոնյանի և շահագրգիռ անձ Շ.Ջանգոյանի ներկայացուցիչ Մ.Խչեյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, գտել է, որ բողոքարկվող դատական ակտն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է, և այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 19-20-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08,Լաուրա Զարյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 և Փնջիկ Թերոյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշումներին:
Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Ն.Միսակյանի, Լ.Զարյանի, Փ.Թերոյանի գործերով կայացված դատական ակտերի հիմնավորման բովանդակությունը կազմող իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված և սույն գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ բոլոր դեպքերում էլ դատարանները դատական ստուգման են ենթարկել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Լ.Զարյանի, Փ.Թերոյանի գործերով և սույն գործով դատարանները որոշում են կայացրել վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու մասին: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Ն.Միսակյանի, Լ.Զարյանի, Փ.Թերոյանի գործերով որոշումների հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել:
Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով Վճռաբեկ դատարանի կողմից մատնանշված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունն ստուգելու շրջանակներում որոշում են կայացրել վիճարկվող որոշումները վերացնելու, այլ ոչ թե անձի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու մասին:
23. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի) պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել են Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշումների հիմնավորումները, որոնք վերջիններիս համար պարտադիր են եղել: Ստորադաս դատարանները ոչ միայն չեն կիրառել կիրառման ենթակա` Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումները, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չեն հիմնավորել, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
24. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ` դատավարական իրավունքի խախտումներ, մասնավորապես` խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը, ինչպես նաև նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, արդյունքում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջները:
24.1. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարուցված թիվ 57131615 քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմինը որպես վկա հարցաքննել է Շ.Ջանգոյանին, ով իր ցուցմունքներով հերքել է Մ.Հակոբյանին և առհասարակ որևէ մեկին տոկոսով գումար տալու հանգամանքը, Մ.Հակոբյանի և Շ.Ջանգոյանի միջև կատարվել է առերեսում, որի ընթացքում յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքներում նշված հանգամանքները, Շ.Ջանգոյանի բնակարանում և կից օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում նախաքննության համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, այլ իրեր, առարկաներ չեն հայտնաբերվել, Շ.Ջանգոյանի կողմից տոկոսով գումար տալու և տոկոսներ ստանալու վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով նախաքննության մարմինը գրավոր հանձնարարություններ է տվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնին, և ստացված պատասխանների համաձայն` նշված հանգամանքները հաստատող տեղեկություններ ձեռք չեն բերվել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
i
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Մ.Հակոբյանի և Շ.Ջանգոյանի խոսակցության գաղտնի ձայնագրառումը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը) գնահատելով Վճռաբեկ դատարանի` Մելինե Մարգարյանի գործով թիվ ԵԿԴ/0081/01/11 որոշման, իսկ վերոշարադրյալը` Քնարիկ Պետրոսյանի գործով թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմինը կատարել է անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները, որից հետո միայն որոշում է կայացրել Շ.Ջանգոյանի կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
25. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տված խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միաժամանակ հաշվի առնելով սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ելնելով արդարադատության արդյունավետության շահից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Մ.Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը պետք է մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Մարտուն Հակոբյանի բողոքի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 15-ի որոշումները բեկանել և փոփոխել: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.ՈՒմուրշատյանի` «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2016 թվականի փետրվարի 29-ի և Արմավիրի մարզի դատախազի` «Բողոքը մերժելու մասին» 2016 թվականի մարտի 29-ի որոշումների դեմ դիմող Մարտուն Հակոբյանի և նրա ներկայացուցիչ Թ.Մալխասյանի բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Օհանյան |
|
Հ. Ասատրյան |
|
Ե. Դանիելյան |
|
Լ. Թադևոսյան |
|
Ա. Պողոսյան |