Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ԵՎ 179-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ԵՎ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ Կ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԼԴ/0193/01/10
Գործ թիվ   ԼԴ/0193/01/10
Նախագահող դատավոր`  Լ. Թադևոսյան
                   Դատավորներ`  Ա. Խաչատրյան
                                                  Մ. Պետրոսյան 

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
պաշտպան Ա. Ոսկանյանի

                   

2017 թվականի ապրիլի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սամվել Անդրանիկի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի ապրիլի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի մարտի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 53102509 քրեական գործը:

2009 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19200409 քրեական գործը:

2009 թվականի մայիսի 15-ին թիվ 53102509 քրեական գործը միացվել է թիվ 19200409 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 19200409 համարով:

2009 թվականի հունիսի 30-ին Սամվել Անդրանիկի Հովսեփյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Ս.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Ս.Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1.1. 2009 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19120909 քրեական գործը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 19200409 քրեական գործը միացվել է թիվ 19120909 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 19120909 համարով:

2009 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19128009 քրեական գործը, որը նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել է թիվ 19120909 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 19120909 համարով:

1.2. Նախաքննության մարմնի` 2009 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Ս.Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է, և 2010 թվականի հունիսի 1-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2010 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2010 թվականի հուլիսի 13-ին քրեական գործը (թիվ ԼԴ/0193/01/10) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. 2011 թվականի մայիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 61203011 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2011 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Ս.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

2011 թվականի հոկտեմբերի 19-ին Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2.1. 2011 թվականի հոկտեմբերի 28-ին թիվ 61203011 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (թիվ ԼԴ/0236/01/11):

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործը միացվել է թիվ ԼԴ/0236/01/11 քրեական գործին, և միացված քրեական գործերին շնորհվել է թիվ ԼԴ/0193/01/10 համարը:

3. 2012 թվականի մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 55102212 քրեական գործը:

2012 թվականի մայիսի 17-ին Ս.Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2012 թվականի հունիսի 29-ին քրեական գործը (թիվ ԼԴ/0134/01/12) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հուլիսի 12-ին որոշմամբ թիվ ԼԴ/0134/01/12 քրեական գործը միացվել է թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործին, և միացված քրեական գործերին շնորհվել է թիվ ԼԴ/0193/01/10 համարը:

2015 թվականի մայիսի 4-ին դատական քննության ընթացքում մեղադրողը որոշում է կայացրել Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

4. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 3-ի դատավճռով Ս.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Հովսեփյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատվել է պատժից:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս.Հովսեփյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ս.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

Մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի, որոշվել է Ս.Հովսեփյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել ընդհանուր 52.909.057 ՀՀ դրամ գումար, որից որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար` 27.281.100 ՀՀ դրամ, որպես յուրացրած գումար` 25.627.957 ՀՀ դրամ: Մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության

5. Մեղադրող Ա.Ասատրյանի և ամբաստանյալ Ս.Հովսեփյանի պաշտպան Ա.Ոսկանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի ապրիլի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը և ամբաստանյալ Ս.Հովսեփյանի պաշտպան Ա.Ոսկանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ամբաստանյալ Ս.Հովսեփյանի պաշտպան Ա.Ոսկանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ. «(...) Նա աշխատելով ՀՀ կառավարության մշակույթի նախարարությանը պատկանող, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գրանցված «Գուգարք» պետական փակ բաժնետիրական ու իրեն պատկանող «Ջոջ» ՍՊ ընկերություններում որպես տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով շարունակաբար յուրացման եղանակով հափշտակել է պետական միջոցներից առաջին ընկերությանը վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող գումարները և չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ կատարելուց:

Այսպես` 2006թ. մայիսի 29-ին «Համայնքային զարգացման խրախուսում» ծրագրի գրասենյակից Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արսեն Մելիքյանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա Ս.Հովսեփյանին հատկացվել է 4.500.000 դրամ` համայնքի տարածքում հանգստի պուրակ և մանկական խաղահրապարակ կառուցելու համար: Ա.Մելիքյանը 2006թ. մայիսի 30-ին հիշատակված շինարարական աշխատանքները կատարելու նպատակով Ստեփանավան քաղաքի Սպարապետի 37 հասցեում գործող «Ջոջ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հովսեփյանի հետ կնքել է պայմանագիր և նշված գումարն առձեռն տվել նրան: Սամվել Հովսեփյանն իրեն վստահված գումարն առանց ընկերության հաշվապահություն մուտքագրելու, նախապես նպատակ ունենալով սեփականաշնորհել Լոռի Բերդ համայնքի վարչական տարածքից դուրս` Լեջան համայնքում գտնվող ՈՒռուտ գետի հարակից տարածքը, 2006թ. ամռան ընթացքում հիշյալ տարածքում կատարելով 5.859.200 դրամ ընդհանուր արժողությամբ շինարարական աշխատանքներ, 2007թ. ապրիլին հիշյալ տարածքը սեփականաշնորհել է, իսկ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արսեն Մելիքյանին տվել ստացական 4.500.000 դրամ գումար պարտք լինելու վերաբերյալ և այդպիսով յուրացրել 4.500.000 դրամ գումարը:

Բացի այդ, նա, 2006-2008թթ. աշխատելով ՀՀ մշակույթի նախարարության «Գուգարք» ՊՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, Քոբայրավանք վանական համալիրում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» ՀՀ մշակույթի նախարարության հետ 2006թ. ապրիլի 27-ին կնքել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-18, 2007թ. հունիսի 29-ին թիվ ՀՀ ԵՀՆ-ԱՇՁԲ-11, 2008թ. հուլիսի 10-ին թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրեր` ընդհանուրը 107.762.000 դրամի, որի դիմաց փաստացի ֆինանսավորումը կազմել է 124.739.500 դրամ, կատարողական ակտերում ընդունված աշխատանքների ծավալը կազմել է 76.207.400 դրամ, իսկ Հնեվանք վանական համալիրում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2006թ. հունիսի 8-ին կնքել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-25, 2007թ. հունիսի 29-ին թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-13, 2008թ. հուլիսի 10-ի թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-42 պայմանագրեր` 106.276.800 դրամի, որոնց դիմաց փաստացի ֆինանսավորումը կազմել է 115.669.500 դրամ, իսկ կատարողական ակտերում ընդունված աշխատանքների ծավալը կազմել է 79.700.300 դրամ:

Այսպիսով, հիշյալ երկու վանական համալիրների վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար «Գուգարք» ՊՓԲ ընկերությանը փաստացի փոխանցվել է ընդհանուր 240.409.000 դրամ, կատարողական ակտերում ընդունված աշխատանքների ծավալը կազմել է 155.907.700 դրամ, փաստացի կատարված և կատարողականներում արտացոլված, սակայն պատվիրատուի կողմից չընդունված աշխատանքների ծավալը կազմել է 15.139.900 դրամ, իսկ փաստացի կատարված և կատարողականներում չարտացոլված աշխատանքների ծավալը դրամական արտահայտությամբ կազմել է 44.109.200 դրամ, այսինքն կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է /155.907.700+15.139.900+44.109.200/ 215.156.800 դրամ, չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 25.252.200 դրամ:

Սամվել Հովսեփյանն ունենալով ավել ֆինանսավորված և իրեն վստահված գումարներ, 2006-2008թթ., պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով «Դրամարկղային գործառույթների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, «Գուգարք» ՊՓԲ ընկերության դրամարկղից ելքի դրամարկղային օրդերներով առհաշիվ իր անվամբ վերցրել է ընդհանուր 38.331.800 դրամ գումար, որի մի մասը ծախսել է կատարողականներում չարտացոլված աշխատանքների կատարման համար, իսկ առանձնապես խոշոր չափերի հասնող` 25.252.200 դրամ գումարը յուրացման միջոցով հափշտակել է:

Այդ թվում` 2006-2008թթ. հիշյալ վանական համալիրների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար Սամվել Հովսեփյանը շահագործելով իր տնօրինած «Ջոջ» ՍՊ ընկերության տրանսպորտային միջոցներն ու քարամշակման արտադրամասը, առանց որևէ հիմքի, առանց հաշվապահական ձևակերպման «Ջոջ» ՍՊ ընկերությանն է տրամադրել 11.914.800 դրամ գումար, այդ թվում` 2008թ. հունիսի 5-ին թիվ 95 հ/ֆ-ով «Գուգարք» ՊՓԲ ընկերությունից «Ջոջ» ՍՊ ընկերությանն է մատակարարել 385.000 դրամ արժողությամբ 1425 լ դիզ վառելիք, որից վանական համալիրների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար ծախսել է 7.095.900 դրամ գումար, իսկ մնացած 4.884.200 դրամը յուրացման միջոցով հափշտակել է:

2008թ. մայիսի 26-ին Ստեփանավան քաղաքում գրանցված «Տրիտոն» ՍՊ ընկերությունից փոխարինաբար 30 օր անց վերադարձնելու պայմանով «Ջոջ» ՍՊ ընկերության համար վերցրել է 2.500.000 դրամ, որից հետո հունիսի 5-ին պարտքը մարելու նպատակով, առանց որևէ հիմնավոր փաստաթղթի, փոխառությամբ «Գուգարք» ՊՓԲ ընկերության հաշվեկշռից «Տրիտոն» ՍՊ ընկերության հաշվեկշռին է փոխանցել 2.500.000 դրամ գումար և այդպիսով յուրացման միջոցով հափշտակել հիշյալ գումարը:

2008թ. սեպտեմբեր ամսին Ա/Ձ «Ն.Հակոբջանյան»-ին պատկանող Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 13/1 հասցեում խանութից «Ջոջ» ՍՊ ընկերության համար ձեռք է բերել 820.400 դրամ գումարի շինանյութ, որից հետո պարտքը մարելու նպատակով «Գուգարք» ՓԲ ընկերության հաշվեկշռից, առանց որևէ հիմնավոր փաստաթղթի, շինանյութ և անկյունակ ձեռք բերելու նպատակով 820.400 դրամ գումար փոխանցել Ա/Ձ «Ն.Հակոբջանյան»-ի հաշվեկշռին և այդպիսով յուրացման եղանակով հափշտակել հիշյալ գումարը:

2008թ. սեպտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում գրանցված` Սուսաննա Հովսեփյանին պատկանող «Ստեպ Գրինտուր» ՍՊ ընկերության հաշվեկշռին «Գուգարք» ՊՓԲ ընկերության կողմից, առանց հիմնավոր փաստաթղթի, փոխանցել է 2.100.000 դրամ գումար որպես շինանյութի արժեքի կանխավճար, այնուհետև առձեռն վերցնելով հիշյալ ընկերության դրամարկղից, չի մուտքագրել «Գուգարք» ՊՓԲ ընկերության հաշվեկշռին և յուրացման միջոցով հափշտակել է այդ գումարը:

Բացի այդ, նա, 2008թ. մարտի 1-ից դեկտեմբերի 30-ը Թումանյան քաղաքի բնակիչ Ալվարդ Խլոպուզյանին ձևականորեն ձևակերպելով «Գուգարք» ՊՓԲ ընկերությունում որպես գանձապահ, նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրել 375.757 դրամ գումար և յուրացման միջոցով հափշտակել այդ գումարը:

Բացի այդ, Սամվել Հովսեփյանը 2008թ. դեկտեմբեր ամսին ընկերության աշխատակիցներ Աշխարհիկ Նիազյանի 2007-2008թթ. չվճարված 900.000 դրամ աշխատավարձի դիմաց նրան է տվել իրեն պատկանող «Ջոջ» ՍՊ ընկերության դատարկ բլանկ, իր ստորագրությամբ և կնքված վիճակում, հայտնելով բլանկում Աշխարհիկ Նիազյանի կողմից պարտքի գումարի չափը նշելու իր համաձայնությունը, իսկ Լյոնիկ Կիրակոսյանի, Զավեն Շախվերդյանի, Շալիկո Ազարյանի, Վաչագան Մելքոնյանի, Երվանդ Շեկոյանի, Սամիկոն Գաբրիելյանի և Սեյրան Սակրչյանի 2008թ. չվճարված` համապատասխանաբար 325.000 դրամ, 540.000 դրամ, 120.000 դրամ, 190.000 դրամ, 160.000 դրամ, 235.000 դրամ և 235.000 աշխատավարձի դիմաց նրանց է տվել ստացականներ հիշյալ գումարը պարտք լինելու վերաբերյալ: Որից հետո Աշխարհիկ Նիազյանը, Լյոնիկ Կիրակոսյանը, Զավեն Շահվերդյանը, Շալիկո Ազարյանը, Վաչագան Մելքոնյանը և Երվանդ Շեկոյանը Սամվել Հովսեփյանի պահանջով ստորագրել են ընկերության աշխատավարձի վճարման տեղեկագրում և այդպիսով վերջինս յուրացրել է իրեն վստահված, վերը նշված աշխատակիցներին վճարվելիք, խոշոր չափերի հասնող` 2.705.000 դրամ գումարը:

Սամվել Հովսեփյանն աշխատելով տնօրեն և հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2006թ. մայիսից 2009թ. հունվարն ընկած ժամանակաշրջանում յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված «Գուգարք» ՊՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով` 11.923.141 դրամ ընդհանուր արժողությամբ շրջանառու միջոցները, արագամաշ առարկաները, շինանյութերը և վառելիքը:

Բացի այդ, նա, 2006-2008թթ. աշխատելով «Գուգարք» ՊՓԲ ընկերությունում` տնօրենի պաշտոնում, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անմիջական պատասխանատվություն կրելով իրականացված գործունեությունից առաջացած հարկային պարտավորությունների համար, հարկային պարտավորություններից խուսափելու դիտավորությամբ, սկսած 2006թ. խախտելով «Շահութահարկի», «Եկամտահարկի» և «ԱԱՀ»-ի մասին ՀՀ օրենքների պահանջները, ճիշտ չի կազմակերպել հաշվապահական հաշվառումը, ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառում չի տարել, ՊԵԿ Թումանյանի ՏՀՏ չի ներկայացրել հարկման համար հիմք հանդիսացող շահութահարկի, եկամտահարկի, ԱԱՀ-ի հաշվարկներն ու հաշվետվությունները, ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և այդ եղանակով չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով` 20.318.500 դրամ հարկային պարտավորությունները կատարելուց:

Բացի այդ, նա, 1995թ. մինչև 2007թ. օգոստոսի 23-ը հանդիսանալով «Ջոջ» ՍՊ ընկերության տնօրեն, անմիջական պատասխանատվություն կրելով իրականացված գործունեությունից առաջացած հարկային պարտավորությունների համար, հարկային պարտավորություններից խուսափելու դիտավորությամբ, խախտելով «Շահութահարկի» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ժե կետի պահանջները 2006թ. Լոռի Բերդ համայնքի ղեկավար Ա.Սելիքյանից ստացած 4.500.000 դրամը որպես եկամուտ չի դիտել, խախտել է «Շահութահարկի», «Եկամտահարկի» և «ԱԱՀ»-ի մասին օրենքների պահանջները, ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառում չի տարել, ՊԵԿ Տաշիրի ՏՀՏ չի ներկայացրել հարկման համար հիմք հանդիսացող շահութահարկի, եկամտահարկի, ԱԱՀ-ի հաշվարկներն ու հաշվետվությունները, ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և այդ եղանակով չարամտորեն խուսափել խոշոր չափերով` 6.962.600 դրամ հարկային պարտավորություններ կատարելուց:

Բացի այդ, նա, հանդիսանալով «Ջոջ» ՍՊ ընկերության տնօրենը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի համաձայն լինելով պատասխանատու ընկերության հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու համար, հարկերը և պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու դիտավորությամբ 2007-2008թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Տաշիրի հարկային տեսչությանը ներկայացված, իր իսկ կողմից ստորագրված և կնքված հաշվետվություններում հաշիվ-ապրանքագրերով, ակտերով իրացման շրջանառության ծավալները չներառելու, ֆիզիկական անձանց վճարված եկամուտները ցույց չտալու, ավելացված արժեքի հարկի դեբեդներն ավել հաշվանցելու, բնապահպանական վճար ցույց չտալու միջոցով հիշյալ ժամանակահատվածում չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 26.319.857 դրամի չափով հարկերը պետբյուջե վճարելուց:

Այսպիսով` Սամվել Հովսեփյանը յուրացման միջոցով շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 44.756.098 դրամ գումար և չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերի` 53.600.957 դրամ հարկային պարտավորությունները կատարելուց» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 238-240):

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտով արձանագրվել է հետևյալը. «(...) Սամվել Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա, 2007-2008թթ. հանդիսանալով «Ջոջ» ՍՊԸ տնօրեն, հարկերը և պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու դիտավորությամբ 2007-2008թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Տաշիրի հարկային տեսչությանը ներկայացված, իր իսկ կողմից ստորագրված և կնքված հաշվետվություններում հաշիվ-ապրանքագրերով, ակտերով իրացման շրջանառության ծավալները չներառելու, ֆիզիկական անձանց վճարված եկամուտները ցույց չտալու, ավելացված արժեքի հարկի դեբեդներն ավել հաշվանցելու, բնապահպանական վճար ցույց չտալու միջոցով հիշյալ ժամանակահատվածում չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 26.319.857 դրամի չափով հարկերը պետբյուջե վճարելուց: Մինչդեռ դատաքննությամբ հաստատվեց, որ վերը նշված ժամանակահատվածում այդ ընկերության տնօրեն հանդիսացել է ոչ թե Սամվել Հովսեփյանը, այլ Անդրանիկ Հովսեփյանը:

(...)

Քանի որ 2007-2008թթ. Սամվել Հովսեփյանը «Ջոջ» ՍՊ ընկերության տնօրեն կամ հաշվապահ չի հանդիսացել, հետևաբար նա որևէ նորմատիվ իրավական ակտով պարտավորություն չուներ ապահովելու այդ ընկերության հարկերի տուրքերի կամ այլ պարտադիր վճարումների գանձման հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիությունը: Նման պարտավորություն այդ ժամանակահատվածում ուներ տնօրեն Անդրանիկ Հովսեփյանը:

Այս դրվագով Սամվել Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ: Եթե հանցակազմի տարրերից մեկը բացակայում է, դա վկայում է հանցակազմի բացակայության մասին: Հետևաբար Սամվել Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանել 26.319.857 դրամը` որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար:

Արդյունքում պետք է հաստատված համարել, որ Սամվել Հովսեփյանը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` ընդամենը 27.281.100 դրամ հարկային պարտավորությունները կատարելուց:

(...)

Անդրադառնալով Սամվել Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքին, մասնավորապես Լոռի Բերդ համայնքին հատկացված 4.500.000 դրամը յուրացնելու մեղադրանքին, դատարանը դատաքննությամբ հաստատված է համարում, որ 2006թ. մայիսի 29-ին «Համայնքային զարգացման խրախուսում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի նախկին ղեկավար Արսեն Մելիքյանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա «Գերմանական տեխնիկական համագործակցություն» կազմակերպության կողմից վերջինիս կանխիկ հատկացվել է 4.500.000 դրամ` համայնքի տարածքում հանգստի պուրակ և մանկական խաղահրապարակ կառուցելու համար: Արսեն Մելիքյանն այդ գումարը, առանց մուտքագրելու գյուղապետարանի հաշվին, առձեռն տվել է «Ջոջ» ընկերության տնօրեն Սամվել Հովսեփյանին` համայնքի տարածքում հանգստի պուրակ և մանկական խաղահրապարակ կառուցելու համար, նրա հետ պայմանագիր կնքելով: Սամվել Հովսեփյանն իրեն վստահված գումարն առանց ընկերության հաշվապահություն մուտքագրելու, ՈՒռուտ գետի հարակից տարածքում, որը մատնանշվել է վերը նշված կազմակերպության և համայնքի ղեկավարի կողմից, 2006թ. ամռանը կատարել է, ըստ փորձաքննության տվյալների, 5.859.200 դրամ ընդհանուր արժողությամբ շինարարական աշխատանքներ: Հետագայում պարզվել է, որ գյուղապետ Ա.Մելիքյանի անտեղյակության պատճառով այդ աշխատանքները փաստացի կատարվել են ոչ թե Լոռի Բերդի տարածքում, այլ հարևան համայնքի` Լեջանի, ինչի պատճառով փաստաթղթավորման խոչընդոտներ են առաջացել: Հետագայում Սամվել Հովսեփյանը մասնակցել է Լեջանի գյուղապետարանի կողմից հայտարարված աճուրդին, և աճուրդով գնել 0.5 հա հողամաս, այն հողամասը, որի վրա կառուցվել էր հանգստյան գոտին: Սակայն վերը նշվածը չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ Սամվել Հովսեփյանն ի սկզբանե դիտավորություն է ունեցել յուրացնելու այդ 4.500.000 դրամը, սեփականաշնորհել է այդ հանգստյան գոտին: Նա որպես շինարարական կազմակերպության ղեկավար իրեն տրամադրված գումարից որևէ յուրացում չի կատարել, որը հիմնավորվել է փորձաքննությամբ: Դատաքննության ընթացքում Լոռի Բերդ համայնքի ներկայիս ղեկավարը հայտնեց, որ համայնքը նյութական վնաս չի կրել, որպես պարտք 4.500.000 դրամ հաշվետվություններում առկա չէ և քաղաքացիական հայց չներկայացրեց: Բացի այդ, Սամվել Հովսեփյանը տեղեկանալով, որ հանգստյան գոտին կառուցվել է ոչ Լոռի Բերդի տարածքում, պարտավորագիր է գրել իրեն հողհատկացում կատարելու պարագայում համարժեք հանգստյան գոտի կառուցել նաև Լոռի Բերդի տարածքում: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե Սամվել Հովսեփյանը 4.500.000 դրամի պարտքի վերաբերյալ ստացական է տվել Արսեն Մելիքյանին, մինչդեռ քրեական գործում նման փաստաթուղթ չկա: Առկա է վերը նշված պարտավորագիրը: ՈՒստի Սամվել Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանել 4.500.000 դրամը:

Դատարանը հաստատված չի համարում նաև, որ Սամվել Հովսեփյանը յուրացրել է «Գուգարք» ընկերության նախկին աշխատակիցներ Աշխարհիկ Նիազյանի և մյուսների 2007-2008թթ. աշխատավարձը` 2.705.000 դրամի չափով: Դատաքննությամբ հաստատվեց, որ վերջիններս 2008թ. նոյեմբեր ամսին Սամվել Հովսեփյանի խնդրանքով նրան են տվել իրենց աշխատավարձները: Սամվել Հովսեփյանը գրավոր պարտավորվել է դրանք վերադարձնել կարճ ժամկետում: Դեկտեմբեր ամսին` մինչ քրեական գործ հարուցելը, նրանցից յուրաքանչյուրին տվել է 100.000 դրամ: Պարտքի վերաբերյալ նրանց տվել է ստացականներ: Այսինքն` Աշխարհիկ Նիազյանի և մյուս աշխատակիցների չստացած աշխատավարձի մնացորդի վերաբերյալ վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և այն պետք է լուծվի քաղաքացիաիրավական դատավարության կարգով: ՈՒստի Սամվել Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանել 2.705.000 դրամը:

Այսպիսով Սամվել Հովսեփյանն աշխատելով «Գուգարք» ՊՓԲ ընկերության տնօրեն, 2006-2008թթ. ընթացքում պետական բյուջեի միջոցներից յուրացրել է առանձնապես խոշոր չափերի` ընդամենը 25.627.957 դրամ:

Բացի այդ, նա յուրացրել է ընկերության 11.923.141 դրամ արժեքով գույքը, հրաժարվելով ընդունում-հանձնում անելուց:

(...)

Արդյունքում դատարանը ապացուցված է համարում, որ Սամվել Հովսեփյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով և 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ, որոնց համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 264-267):

8.1. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ս.Հովսեփյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է. «(...) Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները:

Սամվել Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է այն, որ նախկինում դատված չէ, բնութագրվել է դրական, վատառողջ է, տառապում է մի շարք հիվանդություններով: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն Սամվել Հովսեփյանը տառապում է ձախ հայմորյան խոռոչի անցումաբջջային ադենոկարդինոմա` մասնակի անցումով քթի ձախ խոռոչ և քիթըմպան, երկրորդային սինուսիտներով, առանց պարանոցի ռեգիոնար լինֆոհանգույցների ախտահարման, T3N0M0, 3-րդ փուլ, հետվիրահատական վիճակ, շաքարային դիաբետ 2-րդ տիպի, միջին ծանրության, դիաբետիկ պրոֆերատիվ անգիոռետինոպատիա, սրտի իշեմիկ հիվանդություն, կարդիոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն 2-րդ աստիճան: Ներկա առողջական վիճակով Սամվել Հովսեփյանը կարիք ունի հետվիրահատական ռադիոթերապիայի, որը հնարավոր է կազմակերպել ուռուցքաբանական մասնագիտացված կլինիկայում:

(...)

Սամվել Հովսեփյանը 2010թ. հուլիսի 23-ից հանդիսանում է 2-րդ խմբի հաշմանդամ:

(...)

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չկա:

(...)

Դատարանը, հաշվի առնելով Սամվել Հովսեփյանի կատարած հանցավոր արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ վերջինիս նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով: Սակայն հաշվի առնելով, որ նա վատառողջ է, տառապում է մի շարք հիվանդություններով, գրեթե 11 ամիս գտնվել է նախնական կալանքի տակ, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 266-267):

8.2. Ս.Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ գործի նյութերում առկա է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի` 2010 թվականի մայիսի 10-ի եզրակացությունը, ինչպես նաև Վերաքննիչ դատարան ներկայացված 2016 թվականի փետրվարի 2-ի N 4034/10 խորհրդատվական թերթիկը:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը, ex officio կատարելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի կարգով, գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ Սամվել Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է ու վերջինս ենթակա է քրեական պատասխանատվության` արդյունքում ճիշտ կիրառելով նաև քրեական օրենքը: (...):

(...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, Առաջին ատյանի դատարանը վերջնական իրավաչափ հետևության է հանգել այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու` պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցում ըստ էության հանգելով ճիշտ եզրակացության:

Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգում հաշվի առնելով ինչպես ամբաստանյալ Սամվել Հովսեփյանին վերագրվող հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, որոնք արձանագրվել են վիճարկվող դատական ակտում ու հաշվի առնվել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթ 98-105):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-127-րդ, 360-րդ հոդվածների պահանջները, սխալ են գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ճիշտ չեն կիրառել նյութական և դատավարական իրավունքի նորմերը, ինչի արդյունքում Ս.Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքին տրվել է սխալ գնահատական, և կայացվել չհիմնավորված ու օրենքի պահանջներին չհամապատասխանող անարդարացի որոշում:

Այսպես` բողոք բերած անձի կարծիքով քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցներով, այդ թվում` Ս.Հովսեփյանի ցուցմունքներով, հիմնավորվել է, որ հիմնադրման օրվանից «Ջոջ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարել է ինքը, իսկ նրա որդին` Անդրանիկ Հովսեփյանը, ընդհանրապես առնչություն չի ունեցել հիշյալ ընկերության հետ, հետևաբար ստորադաս դատարանի եզրահանգումը` Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից 26.319.857 ՀՀ դրամը հանելու մասով, անհիմն է:

Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ կարող են հանդիսանալ և որպես կատարող դիտվել նաև տնօրենի կամ հաշվապահի լիազորությունները փաստացի իրականացրած անձինք, քանի որ նրանք, թեև օրենքով սահմանված կարգով գրանցված չեն եղել ընկերությունում, և իրավաբանորեն նրանց համապատասխան լիազորություններ ամրակցված չեն եղել, այնուամենայնիվ փաստացի իրականացրել են իրավական նշանակություն ունեցող գործառույթներ:

11. Բողոքաբերը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում, չմեկնաբանելով պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները, պարզապես թվարկել է ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և գտել, որ դրանք ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմք կարող են հանդիսանալ: Բացի այդ, ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները հիմնավորող ապացույցները հաշվի են առնվել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ պատիժը պայմանականորեն չկիրառելիս, այսինքն` դատական ակտում տարանջատված չեն պատիժ նշանակելու և այն պայմանականորեն չկիրառելու պատճառաբանությունները, ինչն իրավաչափ չէ:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարանը չի անդրադարձել հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ չհատուցված լինելու պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության հարցին, ինչը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին:

11.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատարանը Ս.Հովսեփյանի առողջական վիճակի մասին հետևության հանգելիս հիմնվել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, մինչդեռ չի պատճառաբանվել, թե այդ հանգամանքն ինչպես է վկայում դատապարտյալի` առանց պատիժը կրելու ուղղվելու, համապատասխանաբար նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի ապրիլի 21-ի որոշումը, ամբաստանյալ Ս.Հովսեփյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտների շրջանակի, ինչպես նաև գույքային բնույթի հանցագործությունների դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից 26.319.857 ՀՀ դրամը` որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար, հանելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

15. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-44-Ն օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը (10.06.09 ՀՕ-149-Ն խմբագրությամբ) շարադրված էր հետևյալ կերպ` «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը

1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով (...):

2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (...):

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-44-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն` «Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը

1. Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով`

1) օրենքով սահմանված հաշվետվությունում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող` հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը կամ

2) օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող` հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը` (...):

2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (...),

3. Սույն հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի` թե՛ նախկին, թե՛ գործող խմբագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև հոդվածի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներն էական փոփոխությունների են ենթարկվել, այնուամենայնիվ հանցագործությունը սուբյեկտային կազմի առումով փոփոխության չի ենթարկվել: Մասնավորապես, քննարկվող հանցակազմը դասվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված այն հանցագործությունների թվին, որոնք կարող են կատարվել միայն հատուկ սուբյեկտի կողմից:

15.1. ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով հանցագործության հատուկ սուբյեկտի հասկացությանը և դրա որոշման հիմքում ընկած չափանիշներին, արձանագրել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ հատուկ սուբյեկտի որոշումն արտահայտում է կոնկրետ տեսակի հանցագործությունների առանձնահատկությունները, դրանց հանրորեն վտանգավորության աստիճանը: Այս կամ այն անձին որպես տվյալ հանցագործության հատուկ սուբյեկտ ճանաչելը պայմանավորվում է նրանով, որ իրենց պաշտոնական կամ այլ դրության հիմքով նրանք կարող են կատարել հանցագործություններ, որոնք այլ անձինք կատարել չեն կարող: Այսինքն` տվյալ հանցագործության բնույթը և այն կատարելու հնարավորությունն են այն չափանիշները, որոնք օբյեկտիվորեն, անկախ օրենսդրի կամքից, կանխորոշում են հատուկ սուբյեկտի շրջանակը: Այս չափանիշները ենթադրում են, որ տվյալ հանցակազմի հատուկ սուբյեկտի շրջանակն անխուսափելիորեն պետք է համընկնի բոլոր այն անձանց շրջանակի հետ, ովքեր իրենց պաշտոնական կամ այլ դրության ուժով ունակ են կատարել տվյալ արարքը: Մասնավորապես, առանձնացվում են հատուկ սուբյեկտի որոշման հետևյալ հատկանիշները. իրավական կարգավիճակը, ժողովրդագրական հատկանիշը, մասնագիտական պարտականությունները, կատարած աշխատանքի բնույթը, արդարադատության բնագավառում պետության և քաղաքացիների միջև հարաբերությունները և այլն (...)» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2010 թվականի հունվարի 14-ի թիվ ՍԴՈ-851 որոշման 5-րդ կետը):

Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատուկ սուբյեկտը, ընդհանուր սուբյեկտի պարտադիր հատկանիշներից բացի (քրեական պատասխանատվության տարիքի հասած, մեղսունակ, ֆիզիկական անձ), օժտված է այնպիսի լրացուցիչ հատկանիշներով, որոնց ուժով միայն այդ անձը կարող է լինել տվյալ հանցագործության կատարող: Այդպիսի հատկանիշները բազմազան են և կարող են բնութագրել հանցավորի անձը, նրա պաշտոնեական կամ ծառայողական դիրքը, գործունեության ոլորտը և այլն (օրինակ` սեռը, տարիքը, քաղաքացիությունը, պաշտոնեական կամ մասնագիտական պարտականությունների կատարումը, զինծառայության հետ կապված հարաբերությունները և այլն): Ընդ որում, հատուկ մասի հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ հանցակազմերում հատուկ սուբյեկտի կամ նրա հատկանիշների մասին կա՛մ ուղղակիորեն նշում է կատարվում հոդվածի դիսպոզիցիայում, կա՛մ դրանք բացահայտվում են մեկնաբանությունների միջոցով:

16. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտի հիմնախնդրին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես այդպիսին կարող են հանդես գալ այն անձինք, ովքեր համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով պարտավոր են ապահովել հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների գանձման հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիությունը, այդ թվում` անձինք, ովքեր պարտավոր են հաստատել այդ փաստաթղթերը (օրինակ` անհատ ձեռնարկատերը, կազմակերպության ղեկավարը, գլխավոր (ավագ) կամ հաշվետվություն կազմող հաշվապահը), ինչպես նաև այն ֆիզիկական անձինք, ովքեր պարտավոր են հարկ վճարել: Բացի վերոնշյալ անձանցից` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ կարող են համարվել նաև այն անձինք, ովքեր ժամանակավորապես են իրականացնում ղեկավարի և գլխավոր (ավագ) հաշվապահի պարտականությունները:

Այլ կերպ ասած` հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության ենթակա սուբյեկտ են միայն այն անձինք, ովքեր իրավական ակտի ուժով կրում են հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելու, ինչպես նաև նշված փաստաթղթերի հավաստիությունն ապահովելու պարտականություն:

i

16.1. ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(...) Սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, ով մասնակցել է այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է պատասխանատվություն կրել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող (...)»:

Վկայակոչված նորմի վերլուծությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործի փաստական տվյալներով հաստատվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի իմաստով հատուկ սուբյեկտ չհանդիսացող անձը փաստացի այլ անձանց միջոցով իրականացրել է նշված հոդվածի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները կամ հատուկ սուբյեկտի հետ միասին մասնակցել է հանցագործությանը, ապա հաշվի առնելով նրա կողմից իրականացված գործողությունների բնույթը` օրենքով նախատեսված համապատասխան հատկանիշների առկայության դեպքում քրեական հետապնդման մարմինը կարող է քննարկել անձին որպես հանցագործության կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա, 2007-2008 թվականներին հանդիսանալով «Ջոջ» ՍՊԸ-ի տնօրեն, հարկերը և պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու դիտավորությամբ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 26.319.857 ՀՀ դրամի չափով հարկերը պետական բյուջե վճարելուց (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը դատական ակտով հաստատված է համարել, որ 2007-2008 թվականներին «Ջոջ» ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսացել ոչ թե Սամվել Հովսեփյանը, այլ Անդրանիկ Հովսեփյանը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից 26.319.857 ՀՀ դրամը` որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար, հանել է` պատճառաբանելով, որ վերջինս որևէ նորմատիվ իրավական ակտով պարտավորություն չի ունեցել ապահովելու այդ ընկերության հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարումների գանձման հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով օրենքով և ներքին համոզմամբ, ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության տեսանկյունից, հանգել է իրավաչափ հետևության (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-16.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ 2007-2008 թվականների ընթացքում կատարված, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները Ս.Հովսեփյանին չեն կարող մեղսագրվել, քանի որ այդ ժամանակահատվածում ոչ թե ինքն է հանդիսացել «Ջոջ» ընկերության տնօրեն, այլ Անդրանիկ Հովսեփյանը, հետևաբար ամբաստանյալը որևէ նորմատիվ իրավական ակտով պարտավորություն չի ունեցել ապահովելու ընկերության հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների գանձման հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիությունը, հիմնավոր են: Այլ կերպ` Ս.Հովսեփյանը, 2007-2008 թվականներին փաստացի չհանդիսանալով ընկերության տնօրեն, չի կարող համարվել քննարկվող հանցագործության սուբյեկտ, քանի որ վերջինս որևէ իրավական ակտով համապատասխան հաշվետվություն, հաշվարկ, հայտարարագիր կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթուղթ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելու, ինչպես նաև նշված փաստաթղթերի հավաստիությունն ապահովելու պարտականություն չի կրել:

18.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից 26.319.857 ՀՀ դրամը` որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար, հանելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

 

II. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Ս.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

i

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանը մշտապես հաստատել է իրավական դիրքորոշումն առ այն, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովելու ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակներն իրագործելու հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է, ի թիվս այլոց, հաշվի առնել հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (տե՛ս թիվ ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15, ԵԱԴԴ/0038/01/15, ԵԿԴ/0130/01/15, ՍԴ/0094/01/15, ՍԴ3/0201/01/15 գործերով որոշումները):

21. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում յուրացնելու կամ վատնելու համար, որի համաձայն` «1. Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով (...):

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

(...)»:

i

Նշված հոդվածով նախատեսված հանցավոր արարքն ընդգրկված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում, ուստի պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում, սույն որոշման նախորդ կետում մեջբերված այլ գործոնների հետ մեկտեղ, հատկապես կարևոր է հանցագործությամբ պատճառված վնասի (դրա չափի), այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքների գնահատումը: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու խնդրին, իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազման տեսանկյունից հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի (տե՛ս, mutatis mutandis, Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08, Գ.Պետրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10 որոշումները):

i

Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ կայացված որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է` «(...) Որքան ծանր է վրա հասած հետևանքը, մեծ` վնասի չափը, այնքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը: Վերջինս հակադարձ համեմատական է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությանը: Այլ խոսքով` որքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այնքան ցածր է դրա համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը (...)» (տե՛ս Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 15-րդ կետը):

21.1. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հափշտակությունների և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքում պատճառված նյութական վնասը հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող կարևոր գործոն է, ինչը դատարանի կողմից պատիժ նշանակելու գործընթացում պետք է պատշաճ գնահատականի արժանանա: Մասնավորապես, որքան մեծ է հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այնքան բարձր է արարքի հանրային վտանգավորության աստիճանը, հետևաբար վնասը վերականգնված չլինելու պարագայում ինքնին նվազում է պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը: ՈՒստի քննարկվող հանցագործություններով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս դատարանը պետք է, ի թիվս այլ հանգամանքների, գնահատման ենթարկի հանցագործությամբ պատճառված վնասը, դրա չափը, ինչպես նաև` որքանով է այն մոտ կոնկրետ հանցակազմի հասարակ կամ որակյալ տեսակի առավելագույն կամ նվազագույն չափին, վնասը վերականգնված լինելու կամ չլինելու կամ մասնակի վերականգնված լինելու հանգամանքը և այլն: Միևնույն ժամանակ, հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված չլինելու պարագայում հանցավորի անձը բնութագրող տվյալները (տարիք, առողջական վիճակ և այլն), ինչպես նաև առկա մեղմացնող հանգամանքները սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափ սահմանելու հիմք են:

Վերոնշյալ դիրքորոշումը նաև պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքային բնույթի հանցագործություններում սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է ապահովել պատճառված վնասի համարժեք հատուցմամբ և նախքան հանցագործությունը եղած իրադրության հնարավորինս վերականգնմամբ, իսկ քանի դեռ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը չի հատուցվել, խոսք չի կարող լինել սոցիալական արդարությունը վերականգնված լինելու մասին: ՈՒստի հանցանք կատարած անձի նկատմամբ պետք է ընտրվի այնպիսի ներգործության միջոց, որը կապահովի սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաև հանցավորի ուղղումը և նոր հանցագործությունների կանխումը:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ս.Հովսեփյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժից Ս.Հովսեփյանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` երկու տարի ժամկետով: Մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի, որոշվել է Ս.Հովսեփյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել ընդհանուր` 52.909.057 ՀՀ դրամ գումար, որից որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար` 27.281.100 ՀՀ դրամ, որպես յուրացրած գումար` 25.627.957 ՀՀ դրամ: Մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ս.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս հաշվի է առել այնպիսի մեղմացնող հանգամանքներ, ինչպիսիք են նախկինում դատված չլինելը, դրական բնութագրվելը, ինչպես նաև մի շարք հիվանդություններով տառապելը (տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառության վերաբերյալ հանգել է իրավաչափ հետևության (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

23. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-21.1-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում պատշաճ վերլուծության չեն ենթարկել`

- հանցագործությամբ պատճառված վնասի չափը, մասնավորապես այն, որ Ս.Հովսեփյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման արդյունքում պետությանը պատճառվել է 25.627.957 ՀՀ դրամի չափով վնաս, որը մի քանի անգամ գերազանցում է հափշտակությունների համար նախատեսված առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը),

- հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնված չլինելու հանգամանքը. գործի նյութերում բացակայում է ամբաստանյալի կողմից հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման մասին վկայող որևէ փաստական տվյալ:

24. Սույն որոշման 22-23-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությամբ պատճառված վնասի չափը և այն վերականգնված չլինելու հանգամանքը վկայում են հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչը ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել և որևէ գնահատականի չի արժանացել: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքային բնույթի հանցագործություններում արարքի վտանգավորության վրա ազդող հիմնական և կարևոր գործոնը հենց պատճառված վնասն է և այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքը, ինչը յուրաքանչյուր դեպքում պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս պետք է համարժեք գնահատականի արժանանա:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

i

25. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հիմք են դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սամվել Անդրանիկի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի ապրիլի 21-ի որոշումը մասնակիորեն` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Սամվել Անդրանիկի Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2017
N ԼԴ/0193/01/10
Որոշում