i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2643/05/15 2017թ. |
վարչական գործ թիվ ՎԴ/2643/05/15 |
|
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան Դատավորներ` Ք. Մկոյան Գ. Ղարիբյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ Կոմիտեի` ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 05.06.2015 թվականի թիվ 1605 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարդան Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 05.06.2015 թվականի թիվ 1605 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 29.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2016 թվականի որոշմամբ Տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեով:
Վերաքննիչ դատարանի 07.12.2016 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.02.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վարդան Պետրոսյանի կողմից 28.08.2013 թվականին օտարվել է «BMV 520 I» մակնիշի, իսկ 23.09.2013 թվականին` «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենաները: Փաստորեն, «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենայի օտարման գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, քանի որ այդ գործարքով օտարված գույքը ձեռք է բերվել 25.02.2013 թվականին, այսինքն` մեկ օրացուցային տարում երկրորդ նույն տեսակի գույքի օտարումը կատարվել է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ «կայացնել նոր դատական ակտ»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վարդան Պետրոսյանը 28.08.2013 թվականին օտարել է «BMW 520 I» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 17.06.2008 թվականին, իսկ 23.09.2013 թվականին` «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 25.02.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 8-13).
2) Տեսչության կողմից 05.06.2015 թվականին կազմված նախնական հաշվարկի համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրամադրված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ Վարդան Պետրոսյանը մեկ օրացուցային տարվա ընթացքում` 28.08.2013 թվականին և 23.09.2013 թվականին, վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող «BMW 520 I» մակնիշի և «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենաներ, ուստի 23.09.2013 թվականին կնքված «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի գործարքը համարվում է ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք (գործառնություն) և առաջացնում է 976.736 ՀՀ դրամի հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 16-17).
3) Տեսչության` «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 05.06.2015 թվականի թիվ 1605 որոշմամբ Վարդան Պետրոսյանից գանձվել է 976.736 ՀՀ դրամ` որպես ավելացված արժեքի հարկի գծով 05.06.2015 թվականի դրությամբ վերջինիս ունեցած հարկային պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե մեկ օրացուցային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից առաջին գործարքով օտարված գույքի ձեռքբերման պահը կարող է արդյո՞ք նշանակություն ունենալ նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարումներն ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք որակելու համար:
i
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (...) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:
i
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող և (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք:
i
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (...) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով: (...) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում` (...) (բ) մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավելացված արժեքի հարկի` որպես անուղղակի հարկի հարկվող օբյեկտն ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց կողմից իրականացվող օրենքով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքն է (շրջանառությունը): Ընդ որում, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով ավելացված արժեքի հարկով հարկվում են, inter alia, ապրանքների մատակարարման գործարքները (գործառնությունները), այսինքն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելուն ուղղված գործարքները: Որպես կանոն` ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտը ձեռնարկատիրական գործունեություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) իրականացրած գործարքներն են: Սակայն, բացի վերը նշված անձանց կողմից իրականացրած գործարքների, օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մի շարք գործարքներ որոշակի պայմանների առկայության դեպքում ևս «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով դիտարկվում են որպես ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ: Նշված գործարքներից են, մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետով սահմանված գործարքները, որոնք վերաբերում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված որոշակի կատեգորիայի գույքի երկրորդ և ավելի թվով օտարմանը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում իրականացված նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարման գործարքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ապրանքի մատակարարում որակելու իրավական հիմքերի և առանձնահատկությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով 26.12.2016 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ընդհանրացված տեսքով հանգում են հետևյալին.
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մեկից ավելի անգամ օտարել է որոշակի կատեգորիայի գույք` բնակարան, առանձնատուն, անձնական օգտագործման ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողեր, ավտոտնակ,
2) թե՛ առաջին, թե՛ հաջորդող գործարքներով տեղի է ունեցել անձի սեփականությունը հանդիսացող գույքի օտարում,
3) թե՛ առաջին, թե՛ հաջորդող օտարումները կատարվել են որևէ ձևով հատուցման դիմաց, այսինքն` օտարողը ստացել է կամ պետք է ստանա վճար կամ այլ հանդիպական կատարում գույքի օտարման դիմաց,
4) գործարքով օտարվել է այնպիսի տեսակի գույք, որպիսի տեսակի գույք նախկինում մեկ օրացուցային տարվա ընթացքում արդեն օտարվել է նույն անձի կողմից (այսուհետև` նույն տեսակի գույք),
5) նույն տեսակի գույքի օտարման թե՛ առաջին, թե՛ երկրորդ և հաջորդող գործարքներն իրականացվել են միևնույն թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում,
6) երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարման գործարքով օտարվել է գույք, որը ձեռք է բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե գործարքը բավարարում է վերը նշված բոլոր պայմաններին, ապա այն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, իսկ եթե նշված պայմաններից որևէ մեկը բացակայում է, ապա գործարքը չի կարող համարվել ապրանքի մատակարարում:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված գույքի օտարման երկրորդ կամ հաջորդող գործարքն ապրանքի մատակարարում համարելու տեսանկյունից էական է, որ տվյալ գործարքով մեկ օրացուցային տարում թվով երկրորդ կամ հաջորդող անգամ օտարվի այնպիսի գույք, որը ձեռք է բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում, իսկ նույն օրացուցային տարվա ընթացքում առաջին գործարքով օտարված գույքը ֆիզիկական անձի կողմից ձեռք բերելու ժամանակահատվածը որևէ նշանակություն չունի նույն օրացուցային տարվա ընթացքում հետագայում նույն տեսակի գույքն օտարելու գործարքն ապրանքի մատակարարում որակելու համար: Այլ կերպ ասած` գործարքն ապրանքի մատակարարում համարելու համար էական է ոչ թե դրան նախորդող գործարքներով օտարված նույն տեսակի գույքի ձեռքբերման, այլ հենց տվյալ գործարքով օտարվող գույքի ձեռքբերման ժամանակահատվածը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է օրենսդրի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետում առկա «եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում» արտահայտության տառացի մեկնաբանությունից, որում օրենսդիրն օգտագործել է «տվյալ գույքի» արտահայտությունը` նկատի ունենալով քննարկվող գործարքով օտարվող գույքը, այլ ոչ թե նույն օրացուցային տարվա ընթացքում նախկինում օտարված գույքը: Այսպիսով, մեկ օրացուցային տարվա ընթացքում երկրորդ և հաջորդող նույն տեսակի գույքի օտարման գործարքն ապրանքի մատակարարում որակելու համար այդ գույքի ձեռքբերման և օտարման գործարքների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ տարին` անկախ այն հանգամանքից, թե երբ է ձեռք բերվել տվյալ օրացուցային տարում առաջինն օտարված գույքը (տե՛ս, Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով` Տեսչության` «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» 05.06.2015 թվականի թիվ 1605 որոշմամբ Վարդան Պետրոսյանից գանձվել է 976.736 ՀՀ դրամ` որպես ավելացված արժեքի հարկի գծով 05.06.2015 թվականի դրությամբ վերջինիս ունեցած հարկային պարտավորության գումար: Այսպես, ըստ Տեսչության, Վարդան Պետրոսյանը մեկ օրացուցային տարվա ընթացքում` 2013 թվականին, օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող երկու նույն տեսակի գույք (անձնական օգտագործման ավտոմեքենա). 28.08.2013 թվականին` «BMW 520 I» մակնիշի ավտոմեքենա, իսկ 23.09.2013 թվականին` «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Ընդ որում, վերջին գործարքով օտարված «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենան Վարդան Պետրոսյանը ձեռք է բերել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում` 25.02.2013 թվականին: Հետևաբար Տեսչությունը գտել է, որ Վարդան Պետրոսյանի կողմից 23.09.2013 թվականին կնքված «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենայի օտարման գործարքն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով համարվում է ապրանքի մատակարարում, այսինքն` ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք:
Դատարանը բավարարել է Վարդան Պետրոսյանի հայցը և անվավեր է ճանաչել սույն գործով վիճարկվող վարչական ակտը` գտնելով, որ Վարդան Պետրոսյանի կողմից կնքված օտարման գործարքները չեն կարող գնահատվել որպես ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ, քանի որ մեկ օրացուցային տարվա ընթացքում` 2013 թվականին, իրականացվել է երկու ավտոմեքենաների օտարում, սակայն այդ ավտոմեքենաներից միայն մեկն է ձեռք բերվել օտարմանը նախորդող մեկ տարվա ընթացքում, իսկ «BMW 520 I» մակնիշի ավտոմեքենան ձեռք է բերվել 2008 թվականին:
Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ «(...) տվյալ դեպքում առկա չէ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձնական օգտագործման ավտոմեքենան ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում օտարելու փաստը (...)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարդան Պետրոսյանի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում` 2013 թվականին, նույն տեսակի գույքի (անձնական օգտագործման ավտոմեքենա) օտարման երկրորդ գործարքը` 23.09.2013 թվականին «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենայի օտարումը, ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքի մատակարարում որակելու համար որևէ էական նշանակություն չունի այն հանգամանքը, թե երբ է ձեռք բերվել նույն տարվա ընթացքում Վարդան Պետրոսյանի կողմից կնքված առաջին գործարքով օտարված «BMW 520 I» մակնիշի ավտոմեքենան, քանի որ գործարքն ապրանքի մատակարարում համարելու համար էական է ոչ թե դրան նախորդող գործարքներով օտարված նույն տեսակի գույքի ձեռքբերման, այլ հենց տվյալ գործարքով օտարվող գույքի ձեռքբերման պահը, ինչը հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները հիմնավոր են:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարդան Պետրոսյանի կողմից 23.09.2013 թվականին կնքված «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենայի օտարման գործարքն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով որպես ապրանքի մատակարարում որակելու, հետևաբար նաև որպես ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք դիտարկելու համար Դատարանը պարտավոր էր պարզել, թե առկա են արդյոք «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «բ» ենթակետով սահմանված բոլոր պայմանները, թե` ոչ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մհեր Կակոսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով 26.12.2016 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խնդրո առարկա գործարքն ապրանքի մատակարարում համարվելու հանգամանքը վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո պարզելու, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու, վարչական ակտի իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ն. Տավարացյան |