i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3299/02/14 2017 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3299/02/14 |
|
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան Դատավորներ` Տ. Նազարյան Ա. Պետրոսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աշխեն Առաքելյանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշխեն Առաքելյանի ընդդեմ Արայիկ Ավետիսյանի, Համլետ և Մելանյա Ավետիսյանների, երրորդ անձինք Աշոտ Ավետիսյանի, Քաջիկ Ստեփանյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Աշխեն Առաքելյանը պահանջել է Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի` իր կողմից փաստացի օգտագործվող մասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 20.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ Արայիկ և Աշոտ Ավետիսյանների վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 20.05.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշխեն Առաքելյանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել պատասխանող Արայիկ Ավետիսյանի կողմից տրված բացատրությունը, ըստ որի` վերջինս չի հերքել, որ վեճի առարկա գույքն Աշխեն Առաքելյանին փոխանցել է կամավոր, որից հետո Արայիկ Ավետիսյանն ընտանիքով դադարել է բնակվել վիճելի հասցեում` ցուցաբերելով վարքագիծ, որը վկայում է գույքից հրաժարվելու մտադրության մասին: Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի գնահատել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.02.2006 թվականի վճիռը: Բացի այդ, գույքի վիճելի մասի տիրապետման ընթացքում Աշխեն Առաքելյանի կողմից օժանդակ հարմարություններ, մասնավորապես` սանհանգույց կառուցած լինելու փաստը վկայում է վերջինիս կողմից գույքը որպես սեփականը տիրապետելու փաստի մասին:
Ինչ վերաբերում է անօրինական շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման անհնարինությանը, ապա տվյալ պարագայում անօրինական շինությունների վերաբերյալ գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.05.2016 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 03.04.2014 թվականի թիվ ԱՏ-01/04/2014-2-0226 տեղեկանքի համաձայն` Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը 18.07.1994 թվականին գույքագրվել է Վաչե Ավետիսյանի (1/3), Քաջիկ Ստեփանյանի (1/3), Աշոտ և Արայիկ Ավետիսյանների (1/3) անվամբ, հիմք` պետնոտարի 13.07.1994 թվականի թիվ 1-1493, թիվ 1-1494, թիվ 1-1495 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր (հատոր 1-ին, գ.թ. 19):
2) 18.07.1994 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը (շինությունը` 323,10 քմ ընդհանուր մակերեսով, որից 176,15 քմ մակերեսը` բնակելի, 97,55 քմ մակերեսը` օժանդակ, 49,4 քմ մակերեսը` այլ, հողամասը` 783 քմ մակերեսով) սեփականության իրավունքով պատկանում է Վաչե Ավետիսյանին` 1/3 բաժնեմասով, Քաջիկ Ստեփանյանին` 1/3 բաժնեմասով, Աշոտ և Արայիկ Ավետիսյաններին` 1/3 բաժնեմասով (հատոր 1-ին, գ.թ. 47):
3) Ըստ Վաչե Ավետիսյանի հայցի ընդդեմ Քաջիկ Ստեփանյանի, Աշոտ և Արայիկ Ավետիսյանների` Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեի ընդհանուր համատեղ գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, թիվ 2-278/2006 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.02.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` հայցվոր Վաչե Ավետիսյանը հայտնել է, որ «(...) Աշոտ Ավետիսյանը ընտանիքի 7 անձով զբաղեցնում է շինության կիսանկուղի 16,3 քմ, 17,63 քմ և 7,6 քմ մակերեսներով սենյակները և սենյակների ուղղությամբ պատշգամբի մասը, իսկ Արայիկ Ավետիսյանը եղբոր` Աշոտի համաձայնությամբ իրենց հասանելիք հողամասի մասում կառուցել է անօրինական շինություններ: Ամբողջ շինության 19,3 քմ մակերեսը որպես օրինական կառույց իրենք վաճառել են, իսկ 17,8 քմ, 20,64 քմ և 8,20 քմ մակերեսները ներքին առուվաճառքի պայմանագրով վաճառվել է» (հատոր 1-ին, գ.թ.21):
4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից արված քաղվածքի և Աշխեն Առաքելյանի անձնագրի պատճենի համաձայն` վերջինս հաշվառված է Պարոնյան 3-րդ նրբանցք թիվ 18 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 13-14, գ.թ. 23):
5) 06.05.2016 թվականի դատական նիստի ընթացքում Արայիկ Ավետիսյանը հայտնել է, որ Աշխեն Առաքելյանն իր տունը վաճառելուց հետո Արայիկ Ավետիսյանի եղբոր` Աշոտի համաձայնությամբ 1999 թվականից բնակվել է Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի` Արայիկ Ավետիսյանին պատկանող մասում: Արայիկ Ավետիսյանն ընդունել է նաև այն փաստը, որ ինքը, Աշոտ Ավետիսյանն ու մյուս սեփականատերերը երբևէ չեն առարկել Աշխեն Առաքելյանի` այդ հասցեում բնակվելու փաստի դեմ, խոչընդոտներ չեն ստեղծել, քանի որ վերջինս իրենց չէր խանգարում (հատոր 2-րդ, գ.թ. 41):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ վավերապայմանների դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածներին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
i
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
i
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, որոշումներից մեկում անդրադառնալով տիրապետման բարեխղճության դրսևորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռք բերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ: Բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդների հետագա գործողությունները (անգործությունը) (տե՛ս, Ջիվան, Մակար, Արթուր և Գեղեցիկ Հարությունյաններն ընդդեմ Սուսաննա Ալեքսանյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0653/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Աշխեն Առաքելյանը 1999 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է վիճելի հասցեում, հաշվառված է այդ հասցեում, գույքը տիրապետել է որպես սեփականը` կատարել է վերանորոգումներ, անցկացրել է սանհանգույց, հոգացել է գույքի պահպանման հետ կապված բոլոր ծախսերը, վիճելի գույքը գնել է Արայիկ Ավետիսյանից` ստանալով Աշոտ Ավետիսյանի համաձայնությունը, ինչպես նաև հաստատված է համարել այն հանգամանքը, որ Արայիկ Ավետիսյանը հրաժարվել է իրեն պատկանող գույքից` այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և հայցը մերժելով, արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցվորը նշել է, թե վիճելի անշարժ գույքը 1999 թվականին գնել է Արայիկ Ավետիսյանից, սակայն այդ փաստը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել, իսկ ինչ վերաբերում է գործում առկա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.02.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռին, ապա տվյալ վճռից չի հետևում վեճի առարկա անշարժ գույքն Արայիկ Ավետիսյանի կողմից Աշխեն Առաքելյանին վաճառված լինելու փաստը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Աշխեն Առաքելյանի կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, ինչպես նաև վիճելի անշարժ գույքի` որպես սեփականը, 10 տարի և անընդմեջ տիրապետելու հանգամանքները, որպիսի վավերապայմանների բացակայությունն անհնարին է դարձնում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջի բավարարումը:
Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Աշխեն Առաքելյանի կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, ինչպես նաև վիճելի անշարժ գույքի`որպես սեփականը, 10 տարի և անընդմեջ տիրապետելու հանգամանքները, որպիսի վավերապայմանների բացակայությունն անհնարին է դարձնում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջի բավարարումը, համակցության մեջ չի գնահատել գործում առկա հետևյալ ապացույցները: Մասնավորապես` գործում առկա` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից արված քաղվածքից, Աշխեն Առաքելյանի անձնագրի պատճենի ուսումնասիրությունից հետևում է, որ Աշխեն Առաքելյանը հաշվառվել է վիճելի հասցեում: Ավելին` գործի քննության ընթացքում Արայիկ Ավետիսյանը հայտնել է, որ Աշխեն Առաքելյանը 1999 թվականից բնակվել է Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի` Արայիկ Ավետիսյանին պատկանող մասում: Արայիկ Ավետիսյանը նաև փաստել է, որ ինքը, Աշոտ Ավետիսյանն ու մյուս սեփականատերերը երբևէ չեն առարկել Աշխեն Առաքելյանի` այդ հասցեում բնակվելու դեմ, խոչընդոտներ չեն ստեղծել, քանի որ վերջինս իրենց չէր խանգարում: Բացի այդ, սույն գործում առկա` ըստ Վաչե Ավետիսյանի հայցի ընդդեմ Քաջիկ Ստեփանյանի, Աշոտ և Արայիկ Ավետիսյանների` Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեի ընդհանուր համատեղ գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.02.2006 թվականի վճռի համաձայն` նշված հասցեի ընդհանուր սեփականատեր Վաչե Ավետիսյանը հայտնել է, որ վիճելի հասցեի որոշակի հատվածի նկատմամբ տեղի է ունեցել վաճառք: Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Արայիկ Ավետիսյանը կամ վիճելի գույքի մյուս սեփականատերերը միջոցներ են ձեռնարկել վիճելի գույքի` Աշխեն Առաքելյանի տիրապետումը խոչընդոտելու կամ գույքը հետ վերադարձնելու ուղղությամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանների կողմից չի պարզվել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի հիմքում ընկած վեճի առարկա շինության և հողամասի մակերեսը, այդ հողամասի վրա գտնվող շինությունների կարգավիճակը: Նշված հանգամանքը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող մյուս փաստերի հետ համադրության մեջ բացահայտելու պայմաններում միայն դատարանները կարող էին իրավաչափ հետևության հանգել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով Աշխեն Առաքելյանի` Երևանի Պարոնյան 3-րդ փակուղու թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռք բերման համար անհրաժեշտ նախապայմանների առկայությունը, ինչպես նաև վիճելի շինության և հողամասի մակերեսը և դրանց կարգավիճակը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |