i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3002/02/13 2017 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3002/02/13 |
|
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Գ. Խանդանյան Հ. Ենոքյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Դավիթ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սեդիկ Սահակյանի ընդդեմ Դավիթ Մկրտչյանի` «ԳԱԶ 31105-411»» մակնիշի «13ՏՏ714»» համարանիշի ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված` գույքի շուկայական արժեքի գումարի, ինչպես նաև սկսած 11.11.2013 թվականից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սեդիկ Սահակյանը պահանջել է պարտավորեցնել Դավիթ Մկրտչյանին հետ վերադարձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող «ԳԱԶ 31105-411»» մակնիշի «13ՏՏ714» համարանիշի ավտոմեքենան:
12.05.2014 թվականին Սեդիկ Սահակյանը փոփոխել է հայցի հիմքը և առարկան` պահանջելով Դավիթ Մկրտչյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից գնված, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Գազ 31105-411» մակնիշի «13SS714» գրանցման համարանիշի ավտոմեքենայի չվճարված արժեքի մնացորդ:
29.05.2014 թվականին Սեդիկ Սահակյանը հայցի հիմքը և առարկան փոփոխելու վերաբերյալ դիմում է ներկայացրել` պահանջելով հետ վերադարձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող «Գազ 31105-411» մակնիշի «13SS714» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում` Դավիթ Մկրտչյանից հօգուտ իրեն բռնագանձել ավտոմեքենայի շուկայական արժեքը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) 23.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Դավիթ Մկրտչյանից հօգուտ Սեդիկ Սահակյանի բռնագանձել 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վաճառված ավտոմեքենայի արժեքի չվճարված գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան, Մ. Հարթենյան) 03.04.2015 թվականի որոշմամբ Սեդիկ Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2014 վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
12.06.2015 թվականին Սեդիկ Սահակյանը հայցի հիմքը և առարկան փոփոխելու վերաբերյալ դիմում է ներկայացրել` պահանջելով հետ վերադարձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող «Գազ 31105-411» մակնիշի «13SS714» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում` պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել ավտոմեքենայի շուկայական արժեքի չափով ՀՀ դրամ և բռնագանձվելիք գումարի նկատմամբ 11.11.2013 թվականից հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 20.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Դավիթ Մկրտչյանից հօգուտ Սեդիկ Սահակյանի բռնագանձվել է 1.097.300 ՀՀ դրամ` որպես ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված` գույքի շուկայական արժեքից մնացած ու չվերադարձված գումար: Սեդիկ Սահակյանի հայցն ընդդեմ Դավիթ Մկրտչյանի` գույքի շուկայական արժեքից 202.700 ՀՀ դրամի, ինչպես նաև սկսած 11.11.2013 թվականից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջների մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2016 թվականի որոշմամբ Դավիթ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.11.2015 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Մկրտչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեդիկ Սահակյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ, 297-րդ, 299-րդ, 470-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից ձեռք բերված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ու գնահատելու դեպքում Դավիթ Մկրտչյանից կբռնագանձվեր 500 ԱՄՆ դոլար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 500 ԱՄՆ դոլար վերջինս արդեն վճարել է, կամ կարող էին հիմք ընդունվել Սեդիկ Սահակյանի ցուցմունքներն այն մասին, որ ավտոմեքենան վաճառվել է 1.500 ԱՄՆ դոլարով, և բռնագանձվեր այդ գումարը, այլ ոչ թե որպես շուկայական գին Դավիթ Մկրտչյանից բռնագանձվեր փորձագետի եզրակացության մեջ նշված գումարը` 1.300.000 դրամը, քանի որ տվյալ գինը որոշվել է առանց ավտոմեքենան զննելու: Մինչդեռ նման պայմաններում պետք է նշվեր, որ առանց ավտոմեքենան զննելու հնարավոր չէ այն գնահատել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել 1.500 ԱՄՆ դոլարի չափով կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Ստորադաս դատարանների դատական ակտերը իրավաչափ, օրինական և լիարժեք պատճառաբանված են: Վճռաբեկ բողոք բերած անձի այն պնդումը, որ մեքենան իրեն փոխանցվել է անսարք և վթարված վիճակում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հայցվորը վաճառել է պատասխանողին ամբողջական, տեխնիկապես սարքին վիճակում գտնվող ավտոմեքենա, և նշված արժեքով վաճառքը կատարվել է զուտ այն պատճառով, որ վաճառքի գումարն անհրաժեշտ էր հայցվորին` անձնական խնդիրները լուծելու համար: 10.11.2013 թվականին վերջին վճարը կատարելուն զուգահեռ հայցվորը և պատասխանողը պետք է կատարեին օրենքով սահմանված կարգով ավտոմեքենայի օտարում և Դավիթ Մկրտչյանի սեփականության իրավունքի պետական գրանցում, սակայն պատասխանողի մեղքով պետական գրանցումը չի կատարվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01BA069174 վկայականի համաձայն` «Գազ 31105-411» մակնիշի, թողարկման տարեթիվը` 2005 թ., տեսակը` թեթև մարդատար, թափքի տեսակը` սեդան, նույնացման համարը` X9631105051276165, թափքի համարը` 0064333, հենասարքը` (ամրաշրջանակի) համարը` 1276165, շարժիչի համարը` 50005248, շարժիչի հզորությունը` 110 ձ.ուժ, ավտոմեքենայի նկատմամբ գրանցված է Սեդիկ Սահակյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 6):
2) ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ Գ. Ավետիսյանի կողմից 13.12.2013 թվականին տրված եզրակացությամբ պարզվել է, որ 02.12.2013 թվականին Ոստիկանության Մաշտոցի բաժին է ստացվել Սամվել Գեորգիի Սահակյանի դիմումն այն մասին, որ Դավիթ Ռազմիկի Մկրտչյանն իրենից գնել է «Գազ 31105-411» մակնիշի 13 SS 714 հաշվառման համարանիշի ավտոմեքենան` մաս-մաս, ընդհանուր 1.500 ԱՄՆ դոլար գումար վճարելու պայմանով, սակայն գումարի մի մասը վճարելուց հետո մնացած գումարը հրաժարվում է վճարել: Նյութերի նախապատրաստման ընթացքում Սամվել Սահակյանը բացատրություն է տվել, որ ինքը Դավիթ Մկրտչյանի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, համաձայն որի` վերջինս պարտավորվել է իր «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենան գնել տարաժամկետ` երեք ամսվա ընթացքում` յուրաքանչյուր ամսին 500 ԱՄՆ դոլար վճարելով, սակայն մեկ անգամ 500 ԱՄՆ դոլար վճարելուց հետո մնացած գումարը չի վճարել: Իր հերթին բացատրություն է տվել Դավիթ Մկրտչյանն այն մասին, որ մեքենան գնել է ոչ թե 1.500 ԱՄՆ դոլարով, այլ 1.000 ԱՄՆ դոլարով, և առաջին անգամ գումարը վճարելուց հետո հետագայում չի կարողացել վճարել Սամվել Սահակյանին պարտք մնացած 500 ԱՄՆ դոլարը` ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով: Դավիթ Մկրտչյանը միաժամանակ պարտավորվել է մինչև 2014 թվականի հունվար ամիսը Սամվել Սահակյանին վճարել պարտք մնացած 500 ԱՄՆ դոլարը ... (հատոր 1-ին, գ.թ. 40):
3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Մեժլումյանի 27.03.2014 թվականի որոշման համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում «Գազ 31105-411» մակնիշի 13 SS 714 հաշվառման համարանիշի ավտոմեքենան չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 57):
4) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված թիվ 14-0380դ եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն` 2005 թվականի արտադրության 110 ձ.ուժ հզորություն ունեցող, բավարար ապրանքային վիճակում գտնվող «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի շուկայական արժեքը 2013 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կարող էր կազմել շուրջ 1.300.000 ՀՀ դրամ: Միաժամանակ փորձագիտական եզրակացության «Ապրանքագիտական հետազոտություն» բաժնում նշվել է, որ դատարանի կողմից առաջադրված «Որքա՞ն կկազմի «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի արժեքը 2013 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ» հարցին փորձագետը պատասխանելու համար ուսումնասիրություններ է կատարել ինչպես ավտոմեքենայի առուվաճառքի շուկայում, այնպես էլ համապատասխան ինտերնետ կայքերում և, համադրելով ձեռք բերված տեղեկատվությունը և կիրառելով գնահատման համեմատական մեթոդը, հանգել է համապատասխան եզրակացության «Հետևություն» բաժնում (հատոր 2-րդ, գ.թ. 7):
5) 09.12.2014 թվականի դատական նիստին վկա Դավիթ Աթանեսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ պատասխանողն իր փեսան է, իսկ Սամվել Սահակյանի հետ ծանոթացել է վիճելի ավտոմեքենայի առուվաճառքի օրը: Դավիթ Մկրտչյանն իրեն հայտնել է, որ վթարված մեքենա է գնել և անհրաժեշտ է այն տեղափոխել ապամոնտաժելու նպատակով: Քանի որ վնասված էր մեքենայի հետևի մասը, մեքենան չուներ շարժիչ, գազի բալոն և հնարավոր չէր վարելով տեղափոխել, ինքն իր մեքենայի միջոցով այն տեղափոխել է: Դավիթ Մկրտչյանն իրեն հայտնել էր, որ մեքենան պետք է վաճառվի մաս-մաս և մեքենայի պետհամարանիշն իրեն պետք չէ, Սամվել Սահակյանն իր ներկայությամբ այն հանել է մեքենայից և վերցրել իր հետ (հատոր 2-րդ, գ.թ. 40, 45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գույքի բնեղենով վերադարձման անհնարինությամբ պայմանավորված դրա շուկայական արժեքի որոշման հարցին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեղոցությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն ի թիվս այլնի իրականացվում է` ... 4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով, ... 10) վնասները հատուցելով, ... 13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
i
Վերոհիշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սեփականատիրոջ կողմից գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջն ինքնին սեփականության իրավունքի պաշտպանության եղանակներից մեկն է: Ընդ որում` սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջելու միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե՛ս, Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է: ՈՒրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե՛ս, Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վինդիկացիոն հայցի միջոցով սեփականատերը կամ օրինական տիրապետողը ներկայացնում են գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից բնեղենով վերադարձնելու պահանջ: Այսինքն` վինդիկացիոն հայցի դեպքում սեփականատերը (օրինական տիրապետողը) շահագրգռված է իր գույքը բնեղենով ետ ստանալու հարցում: Հետևաբար այն դեպքում, երբ գույքը բնեղենով այլևս գոյություն չունի` ոչնչացվել է, օգտագործվել, էականորեն վերամշակվել կամ փոփոխվել, ապա սեփականատերը կամ օրինական տիրապետողն իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել իր իրավունքի պաշտպանության այլ եղանակով` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված` գույքի արժեքը փոխհատուցելու մասին պահանջ ներկայացնելով, որը կարող է դրսևորվել, օրինակ, վնասները հատուցելով կամ օրենքով նախատեսված այլ եղանակներով:
i
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականատերը (օրինական տիրապետողը), ելնելով այն հանգամանքից` գույքը բնեղենով գոյություն ունի, թե ոչ, իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել կա՛մ վինդիկացիոն հայցի, կա՛մ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված` գույքի արժեքը փոխհատուցելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով (տե՛ս, Վարդան Ղազարյանն ընդդեմ Լևոն Գրիգորյանի թիվ ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում ...:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը կողմերի միջև ենթակա է կնքման գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ, իսկ դրանից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կողմերի կողմից այն ստորագրելու պահից 15-օրյա ժամկետում: Նշված պահանջը չպահպանելը հանգեցնում է տվյալ գործարքի անվավերության. այդ գործարքն առոչինչ է կնքման պահից: Այսինքն` օրենսդրորեն ամրագրվել է, որ տրանսպորտային միջոցների օտարման գործարք կնքելիս գնորդը ձեռք է բերում դրա նկատմամբ սեփականության իրավունք միայն այդ իրավունքի գրանցման պահից: Հետևաբար վերը նշված գործարքի կնքման կարգը կողմերի կողմից պահպանված չլինելու դեպքում գործարքն օրենքի ուժով առոչինչ է` անվավեր, և կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին վերադարձնել գործարքով ստացածը, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխհատուցել դրա արժեքը:
Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի գույքի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով գործարք չի կնքվել, իսկ ձեռք բերված համաձայնությունն օրենքի ուժով անվավեր է, որպիսի պայմաններում Դավիթ Մկրտչյանը գույքը տիրապետել և օգտագործել է ապօրինի կերպով` առանց օրենքով կամ գործարքով սահմանված հիմքերի: Միաժամանակ Դատարանը, հաստատված համարելով գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության փաստը, հանգել է այն հետևության, որ Սեդիկ Սահակյանի խախտված սեփականության իրավունքը ենթակա է ուղղակի պաշտպանության, ուստի այն պետք է վերականգնել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված թիվ 14-0380դ եզրակացության սահմանված գույքի շուկայական արժեքը կազմող` 1.300.000 ՀՀ դրամը բռնագանձելու միջոցով` հաշվի առնելով այն անվիճելի փաստը, որ Դավիթ Մկրտչյանի կողմից իրականում Սեդիկ Սահակյանին վճարվել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 20.11.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել վերը նշված եզրահանգումները:
Վերը շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կողմերի միջև տեղի է ունեցել «Գազ 31105-411» մակնիշի 13 SS 714 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առուվաճառք, որը չի կնքվել տրանսպորտային միջոցների օտարման կանոնների պահպանմամբ, և չի կատարվել շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում: Հետևաբար կողմերի միջև վեճի առարկա ավտոմեքենայի առուվաճառքը, ըստ էության, առոչինչ գործարք է, որպիսի պայմաններում Դավիթ Մկրտչյանը վեճի առարկա ավտոմեքենան տիրապետել է ապօրինի:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելի է փաստն այն մասին, որ վեճի առարկա տրանսպորտային միջոցը բնեղենով գոյություն չունի, որպիսի պայմաններում հայցվորը ներկայացրել է գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված` գույքի արժեքը փոխհատուցելու մասին պահանջ:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ստորադաս դատարանների կողմից տվյալ պահանջի բավարարման հիմքում դրվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված եզրակացությունը, գտնում է, որ տվյալ եզրակացությունը անհրաժեշտ է գնահատել ապացույցների վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության լույսի ներքո:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի`
1. նշում` կիրառված մեթոդների մասին,
2. կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
3. հետազոտությունների արդյունքում արված հետևությունները,
4. առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատարանների կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, որպիսի պայմաններում այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը, Ռուզաննա Գևորգյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0703/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):
Անդրադառնալով փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս:
Վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:
Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնահասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:
i
Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, Սամվել Ֆրանգուլյանի ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի` թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին, ինչպես նաև ուսումնասիրելով գործում առկա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված թիվ 14-0380դ եզրակացությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող տվյալ ապացույցը վերաբերում է բավարար ապրանքային վիճակում գտնվող «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի շուկայական արժեքին: Ավելին` փորձաքննություն կատարելու պահին վեճի առարկա տրանսպորտային միջոցն արդեն իսկ ապամոնտաժված է եղել:
Մինչդեռ սույն գործով վիճելի է մնացել փաստն այն մասին, թե իրականում վեճի առարկա ավտոմեքենան ինչպիսի վիճակում է փոխանցվել Դավիթ Մկրտչյանի տիրապետմանը: Մասնավորապես, հայցվորը նշել է, որ «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենան պատասխանողին փոխանցել է սարքին վիճակում, իսկ պատասխանողը պնդել է, որ մեքենան վթարված է եղել: Որպես վկա հարցաքննված Դավիթ Աթանեսյանը ևս ցուցմունք է տվել, որ մեքենայի հետևի մասը վնասված էր, մեքենան չուներ շարժիչ և հնարավոր չէր այն վարելով տեղափոխել:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում չի պարզվել գործարքի կնքման պահին «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի բավարար ապրանքային վիճակում գտնվելու փաստի առկայությունը կամ բացակայությունը, որպիսի պայմաններում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը չի կարող համարվել վերաբերելի ապացույց սույն վեճի լուծման համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի և այդ փաստի առկայությունը հիմնավորող վերաբերելի ապացույցների շրջանակի վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա, ուստի առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով Դատարանի 20.11.2015 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն հայցը բավարարելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը միայն այդ մասով է ենթակա նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2016 թվականի որոշումը և գործը` 1.097.300 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |