Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 983.1-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 983.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/0667/02/12
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0667/02/12  
Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան   
                  Դատավորներ` Կ. Հակոբյան
                                              Ա. Հունանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Գ. Հակոբյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Սողոմոնյանի
  Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Բաղդասարյանի ընդդեմ Ընկերության` ապահովագրական հատուցում վճարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Բաղդասարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 30.750 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման վճար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) 02.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 16.750,72 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Գ. Մատինյան, Տ. Նազարյան) 02.08.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2013 թվականի վճիռը մասնակի` հայցը` 16.750,72 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով բավարարելու մասով, բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 10.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2016 թվականի որոշմամբ Ընկերության և Անահիտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 07.12.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-րդ հոդվածի 9-րդ կետը, 996-րդ հոդվածի 1-ին կետը, 999-րդ հոդվածի 1-ին կետը, 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այլապես կպարզեր, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ առկա է եղել միայն «վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա)» հիվանդությունը, որն օնկոլոգիական հիվանդություն է: Օնկոլոգիական հիվանդությունները, Ընկերության «Աջակցության ապահովագրության կանոնների» համաձայն, ապահովագրական պատահար չեն համարվում, որպիսի հիմքով Դատարանը պետք է մերժեր հայցը, քանի որ Ընկերության մոտ չի ծագել ապահովագրական հատուցում վճարելու պարտավորություն:

Անդրադառնալով «բազմահանգուցային խպիպ» ախտորոշմանը` ստորադաս դատարաններն ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ երբևէ առկա չի եղել «բազմահանգուցային խպիպ» հիվանդությունը: Վերջինիս մոտ ի սկզբանե առկա «վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա)» հիվանդությունն սկզբում սխալմամբ ախտորոշվել է որպես «բազմահանգուցային խպիպ»` բավարար ախտորոշիչ (դիագնոստիկ) միջոցառումներ իրականացված չլինելու պատճառով, իսկ դատական նիստին ներկայացած փորձագետը դատաքննության ընթացքում հստակ նշել է, որ «վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա)» հիվանդությունը կարող է ախտորոշվել միայն բիոպսիա կատարելու միջոցով: Մինչդեռ Անահիտ Բաղդասարյանի դեպքում այն չի կատարվել, և այդ պատճառով էլ վերջինիս մոտ առկա քաղցկեղը հենց սկզբից չի ախտորոշվել, իսկ դրա փոխարեն ախտորոշվել է «բազմահանգուցային խպիպ» հիվանդությունը, ինչը չի համապատասխանել իրականությանը:

Հատկանշական է, որ «բազմահանգուցային խպիպ» ախտորոշումը հանդիսացել է նախավիրահատական (ոչ վերջնական) ախտորոշում, իսկ հետվիրահատական (վերջնական) ախտորոշում է հանդիսացել «վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա)» ախտորոշումը, որը հաստատվել է հիստոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտության արդյունքում: Դատական նիստին ներկայացած փորձագետը դատաքննության ընթացքում նշել է, որ այն դեպքում, երբ նախավիրահատական և հետվիրահատական ախտորոշումները չեն համընկնում, ապա հիվանդի իրական ախտորոշում է հանդիսանում հետվիրահատական ախտորոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` Անահիտ Բաղդասարյանի հայցը մերժել ամբողջությամբ, կամ գործը` Անահիտ Բաղդասարյանի հայցը 10.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով բավարարելու մասով, ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անահիտ Բաղդասարյանի և Ընկերության միջև 05.09.2011 թվականին կնքված N TR/073141 աջակցության ապահովագրության վկայագրով, որի գործողության ժամկետն սկսվել է 09.09.2011 թվականին և ավարտվել 23.09.2011 թվականին, ապահովագրական գումարը կազմել է 30.000 եվրո: Որպես ուղևորության երկիր նշվել է` «Շենգենյան երկրներ» (հատոր 1-ին, գ.թ. 40):

2) 16.09.2011 թվականին Անահիտ Բաղդասարյանը հոսպիտալացվել է Անդերլեխտի «Սառե», այնուհետև Բրյուսելի «Սուրբ Աննա-Սուրբ Ռեմի» բժշկական կենտրոններ, որտեղ կատարվել են տարբեր էխո հետազոտություններ, և վահանաձև գեղձի էխոգրաֆիայի արդյունքներով պարզվել է, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ առկա է չափավոր խպիպ` երեք հանգույցների առկայությամբ: Անդերլեխտի «Սառե» բժշկական կենտրոնի այցելության համար վճարվել է 57 եվրո (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

3) 19.09.2011 թվականին Անահիտ Բաղդասարյանը հետազոտվել է Բրյուսելի «Սուրբ Աննա-Սուրբ Ռեմի» բժշկական կենտրոնի միջուկային բժշկության բաժանմունքում: Որպես եզրակացության արդյունք նշվել է բազմահանգուցային խպիպի առկայությունը, և տրվել է վիրահատության ցուցում (հատոր 1-ին, գ.թ. 13):

4) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շթրալսունդ քաղաքի «Հանզե» կլինիկայի կողմից 04.10.2011 թվականին տրված բժշկական տեղեկանքի համաձայն` շտապ վիրահատության և լրացուցիչ հետազոտությունների համար Անահիտ Բաղդասարյանը հոսպիտալացվել է 21.09.2011 թվականին: 26.09.2011 թվականին Անահիտ Բաղդասարյանը ենթարկվել է վահանաձև գեղձի տոտալ հեռացման: Հիստոլոգիական հետազոտության արդյունքում հաստատվել է T3 ստադիայի վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղի առկայությունը: Միաժամանակ խորհուրդ է տրվել անհապաղ իրականացնել հետվիրահատական ռադիոյոդային թերապիա: Համաձայն «Հանզե» կլինիկայի կողմից տրված դուրսգրման ծանուցման` Անահիտ Բաղդասարյանը դուրս է գրվել 05.10.2011 թվականին: Հիմնական դիագնոզը` «C73» (հատոր 1-ին, գ.թ. 15, 17):

5) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շթրալսունդ քաղաքի «Հանզե» կլինիկայի կողմից 07.11.2011 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Անահիտ Բաղդասարյանի կողմից կատարված վճարումների ընդհանուր արժեքը կազմել է 14.000 եվրո, որից 7.000 կատարվել է 26.09.2011 թվականին, իսկ 29.09.2011 թվականին երկու անգամ կատարվել է 3.500-ական եվրոյի վճարում (հատոր 1-ին, գ.թ. 31-32):

6) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ռոստոք քաղաքի համալսարանական կլինիկայի կողմից 10.11.2011 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Անահիտ Բաղդասարյանը 01.11.2011-04.11.2011 թվականներին Ռոստոք քաղաքի համալսարանական կլինիկայում անցել է ճառագայթային թերապիայի կուրս: Հաշվարկված ընդհանուր գումարը կազմել է 2.693,72 եվրո(հատոր 1-ին, գ.թ. 19-22):

7) Ի պատասխան Անահիտ Բաղդասարյանի կողմից 16.11.2011 թվականին ներկայացված ապահովագրական հատուցման դիմումի` Ընկերությունը 05.12.2011 թվականին կայացրել է մերժման որոշում` պատճառաբանելով, որ առկա առողջական խնդիրը չի հանդիսանում ապահովագրական պատահար, այն իրենից ներկայացնում է բացառություն (վկայագրի 3.6.2, 5.1.6 կետեր), բժշկական ծախսերի մի մասը կատարվել են ապահովագրության վկայագրի ավարտից հետո` այն դեպքում, երբ ապահովագրված անձը չի եղել հոսպիտալացված (վկայագրի 10.1.1 կետ), ինչպես նաև ապահովագրված անձի ուղևորությունը հետապնդել է բուժում ստանալու նպատակ (վկայագրի 3.5.14 կետ) (հատոր 1-ին, գ.թ. 41-42):

8) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Դատարան ներկայացված 09.07.2014 թվականի թիվ 14-0027դ փորձագիտական եզրակացության համաձայն` դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովը հանգել է հետևյալ հետևություններին. Անահիտ Բաղդասարյանի մոտ նախավիրահատական շրջանում ախտորոշված «բազմահանգույց խպիպ» ախտորոշումն օնկոլոգիական չարորակ հիվանդություն չի հանդիսանում, իսկ այնուհետև ախտորոշված «վահանաձև գեղձի պապիլյար կարցինոման» հանդիսանում է օնկոլոգիական չարորակ հիվանդություն: «Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ» և «վահանաձև գեղձի պապիլյար կարցոնիմա» ախտորոշումները միմյանցից չեն տարբերվում, դրանք նույնն են, քանի որ «կարցինոմա» տերմինը հայերեն նշանակում է «քաղցկեղ», որը չարորակ նորագոյացություն է: ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգիչի «C73» դասիչը վերաբերում է վահանագեղձի չարորակ նորագոյացությանը, որը հանդիսանում է օնկոլոգիական չարորակ հիվանդություն(հատոր 4-րդ, գ.թ. 5-11):

9) 09.07.2014 թվականի թիվ 14-0027դ փորձագիտական եզրակացության կապակցությամբ բացատրություններ տալու համար որպես փորձագետ հրավիրված Կ. Մխիթարյանը 07.09.2015 թվականի դատական նիստի ընթացքում հայտնել է, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ մինչ վիրահատությունը կատարվել է սոնոգրաֆիկ (ուլտրաձայնային) հետազոտություն, որով ախտորոշվել է բազմահանգուցային խպիպ: Ցանկացած նորագոյացության վերջնական և հստակ ախտորոշում տրվում է հիստոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտությամբ` վիրահատության ժամանակ վերցված նյութի հետազոտությունից: Տվյալ դեպքում հետվիրահատական հետազոտության արդյունքում Անահիտ Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է պապիլյար քաղցկեղ` ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի թարգմանված տվյալների: Միաժամանակ նշել է նաև, որ այն դեպքում, երբ նախավիրահատական և հետվիրահատական ախտորոշումները չեն համընկնում, ապա հիվանդի իրական ախտորոշում է հանդիսանում հետվիրահատական ախտորոշումը, հետևաբար Անահիտ Բաղդասարյանի մոտ վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա) օնկոլոգիական հիվանդությունը չէր կարող միանշանակորեն ախտորոշվել վահանաձև գեղձի էխոգրաֆիայի արդյունքներով, այլ հստակ կարող էր ախտորոշվել միմիայն հիստոլոգիական հետազոտության արդյունքում (հատոր 4-րդ, դատական նիստի արձանագրություն, գ.թ. 76-78, 88):

10) Ընկերության` որպես Պատվիրատուի, և «Բրեյվ» ՍՊԸ-ի` որպես Կատարողի միջև 15.06.2012 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի 1.2 կետի համաձայն` «Բրեյվ» ՍՊԸ-ն սույն քաղաքացիական գործի շրջանակներում Ընկերության շահերի պաշտպանությունն ապահովելու համար պարտավորվել է Ընկերությանը մատուցել պայմանագրով նշված ծառայությունները, իսկ նույն պայմանագրի 3.1 կետի համաձայն` պայմանագրի գինը կազմել է 1.200.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 36-41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-րդ հոդվածի 9-րդ կետի, 996-րդ հոդվածի 1-ին կետի, 999-րդ հոդվածի 1-ին կետի, 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապահովագրողի մոտ ապահովագրական հատուցում վճարելու պարտականության առաջացման համար անհրաժեշտ ապացույցների համակցությանը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրով և (կամ) ապահովագրական վկայագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն: Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է: Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են նույն օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայման է ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:

Վկայակոչված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում կամավոր և պարտադիր ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրի հիման վրա, որում նկարագրվում է այն դեպքը կամ իրադարձությունը` ապահովագրական պատահարը, որի տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ, և որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ) կնքված ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին, որի դեպքում նշված պայմանները դառնում են ապահովագրության պայմանագրի մաս, ուստի դրանով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության խորհրդի կողմից 26.04.2011 թվականին հաստատվել են ճանապարհորդության մեջ գտնվող անձանց աջակցության ապահովագրության կանոնները (այսուհետ` Կանոններ), որոնք ներառված են Անահիտ Բաղդասարյանի և Ընկերության միջև 05.09.2011 թվականին կնքված թիվ TR/073141 ապահովագրական վկայագրում: Կանոնների 3.2-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահարներ են համարվում հանկարծակի հիվանդությունը, դժբախտ պատահարը, ինչպես նաև ապահովագրված անձի մահը` այն պայմանով, որ նշված իրադարձությունները տեղի են ունեցել ապահովագրված անձի ապահովագրության վկայագրում նշված պետության տարածքում գտնվելու ժամանակ` պայմանագրի գործողության ընթացքում: Կանոնների 3.3-րդ կետի համաձայն` հանկարծակի է համարվում այն հիվանդությունը, որն ի հայտ է եկել հանկարծակիորեն` ապահովագրության վկայագրի գործողություն ընթացքում և պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն: Կանոնների 3.6.2-րդ կետի համաձայն` նույն Կանոնների 3.2-3.4-րդ կետերում նշված իրադարձությունները ապահովագրական պատահար չեն համարվում, եթե դրանք կապված են օնկոլոգիական հիվանդությունների հետ: Կանոնների 5.1.6-րդ կետի համաձայն` ապահովագրողի կողմից չեն հատուցվում օնկոլոգիական հիվանդությունների բուժման հետ կապված ծախսերը: Կանոնների 10.2-րդ կետի համաձայն` ապահովագրողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ մերժելու ապահովագրական հատուցման վճարումը, եթե պատահարը չի համարվել ապահովագրական` համաձայն նույն Կանոնների 3.6.1-3.6.5-րդ կետերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և նշված Կանոնների վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

ա) ապահովագրողի մոտ ապահովագրական հատուցում վճարելու պարտականությունն առաջանում է միայն ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում,

բ) ապահովագրողը կարող է մերժել ապահովագրական հատուցման վճարումը, եթե պատահարը չի հանդիսանում ապահովագրական,

գ) ապահովագրական պատահարների ցանկը սահմանվում է ապահովագրության պայմանագրով (սույն դեպքում ապահովագրական վկայագրին կից Կանոններով):

Նշված Կանոններով ապահովագրական պատահար է հանդիսանում, մասնավորապես, հանկարծակի հիվանդությունը, որը տեղի է ունեցել արտերկրում և կապված չէ օնկոլոգիական հիվանդությունների հետ: Հետևաբար ապահովագրողի կողմից չեն հատուցվում օնկոլոգիական հիվանդությունների բուժման հետ կապված ծախսերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, փաստել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս, օրինակ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0417/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Բաղդասարյանի և Ընկերության միջև 05.09.2011 թվականին կնքված աջակցության ապահովագրության վկայագրով, որի գործողության ժամկետն սկսվել է 09.09.2011 թվականին և ավարտվել 23.09.2011 թվականին, ապահովագրական գումարը կազմել է 30.000 եվրո: 16.09.2011 թվականին Անահիտ Բաղդասարյանը հոսպիտալացվել է Անդերլեխտի «Սառե», այնուհետև Բրյուսելի «Սուրբ Աննա-Սուրբ Ռեմի» բժշկական կենտրոններ, որտեղ կատարվել են տարբեր էխո հետազոտություններ, և վահանաձև գեղձի էխոգրաֆիայի արդյունքներով պարզվել է, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ առկա է բազմահանգուցային խպիպ: Անդերլեխտի «Սառե» բժշկական կենտրոնի այցելության համար վճարվել է 57 եվրո: 19.09.2011 թվականին Բրյուսելի «Սուրբ Աննա-Սուրբ Ռեմի» բժշկական կենտրոնի միջուկային բժշկության բաժանմունքում հետազոտության արդյունքում նույնպես որպես եզրակացության արդյունք նշվել է բազմահանգուցային խպիպի առկայությունը: Ըստ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շթրալսունդ քաղաքի «Հանզե» կլինիկայի կողմից 04.10.2011 թվականին տրված բժշկական տեղեկանքի` 26.09.2011 թվականին Անահիտ Բաղդասարյանը ենթարկվել է վահանաձև գեղձի տոտալ հեռացման: Հիստոլոգիական հետազոտության արդյունքում հաստատվել է T3 ստադիայի վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղի առկայությունը: Համաձայն «Հանզե» կլինիկայի կողմից տրված դուրսգրման ծանուցման` Անահիտ Բաղդասարյանը դուրս է գրվել 05.10.2011 թվականին, հիմնական դիագնոզը` «C73»: Նշված կլինիկայում Անահիտ Բաղդասարյանի կողմից կատարված վճարումների ընդհանուր արժեքը կազմել է 14.000 եվրո: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ռոստոք քաղաքի համալսարանական կլինիկայի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Անահիտ Բաղդասարյանը 01.11.2011-04.11.2011 թվականներին Ռոստոք քաղաքի համալսարանական կլինիկայում անցել է ճառագայթային թերապիայի կուրս, որի ընդհանուր արժեքը կազմել է 2.693,72 եվրո:

Ի պատասխան Անահիտ Բաղդասարյանի կողմից 16.11.2011 թվականին ներկայացված ապահովագրական հատուցման դիմումի` Ընկերությունը 05.12.2011 թվականին կայացրել է մերժման որոշում` մասնավորապես պատճառաբանելով, որ առկա առողջական խնդիրը չի հանդիսանում ապահովագրական պատահար:

Ըստ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 09.07.2014 թվականի թիվ 14-0027դ փորձագիտական եզրակացության` Անահիտ Բաղդասարյանի մոտ նախավիրահատական շրջանում ախտորոշված «բազմահանգույց խպիպ» ախտորոշումն օնկոլոգիական չարորակ հիվանդություն չի հանդիսանում, իսկ այնուհետև ախտորոշված «վահանաձև գեղձի պապիլյար կարցինոման» հանդիսանում է օնկոլոգիական չարորակ հիվանդություն: ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգիչի «C73» դասիչը վերաբերում է վահանագեղձի չարորակ նորագոյացությանը, որը հանդիսանում է օնկոլոգիական չարորակ հիվանդություն: Նշված փորձագիտական եզրակացության կապակցությամբ բացատրություններ տալու համար որպես փորձագետ հրավիրված Կ. Մխիթարյանը 07.09.2015 թվականի դատական նիստի ընթացքում հայտնել է, որ ցանկացած նորագոյացության վերջնական և հստակ ախտորոշում տրվում է հիստոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտությամբ` վիրահատության ժամանակ վերցված նյութի հետազոտությունից: Տվյալ դեպքում հետվիրահատական հետազոտությունից պարզվել է, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է պապիլյար քաղցկեղ` ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի թարգմանված տվյալների: Միաժամանակ նշել է նաև, որ այն դեպքում, երբ նախավիրահատական և հետվիրահատական ախտորոշումները չեն համընկնում, ապա հիվանդի իրական ախտորոշում է հանդիսանում հետվիրահատական ախտորոշումը, հետևաբար Անահիտ Բաղդասարյանի մոտ «վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա)» օնկոլոգիական հիվանդությունը չէր կարող ախտորոշվել վահանաձև գեղձի էխոգրաֆիայի արդյունքներով, այլ կարող էր ախտորոշվել միմիայն հիստոլոգիական հետազոտության արդյունքում:

Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ ախտորոշված «բազմահանգույց խպիպ» ախտորոշումը չարորակ հիվանդություն չէ, իսկ «վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումն օնկոլոգիական չարորակ հիվանդություն է, ուստի գտել է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի, և պատասխանողի կողմից ենթակա է փոխհատուցման միայն «բազմահանգույց խպիպ» ախտորոշման հետ կապված ծախսերի մասը: Դատարանը գտել է, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ հիստոլոգիական հետազոտության արդյունքում հաստատվել է T3 ստադիայի վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ 26.09.2011 թվականի վիրահատությունից հետո միայն, ուստի մինչև 26.09.2011 թվականի վիրահատության ավարտը Անահիտ Բաղդասարյանի մոտ ախտորոշված չի եղել «վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» հիվանդությունը, որն օնկոլոգիական հիվանդություն է: Հետևաբար Անահիտ Բաղդասարյանի կողմից 26.09.2011 թվականին կատարված 7.000 եվրո և 28.09.2011 թվականին կատարված 3.500 եվրո գումարների վճարումները կապված չեն եղել «վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» օնկոլոգիական հիվանդության հետ, ուստի ենթակա են հատուցման ապահովագրողի կողմից:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 07.12.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության համաձայնել է Դատարանի վերը շարադրված եզրահանգման հետ` հիմնավոր համարելով վերջինիս հետևությունը:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Անահիտ Բաղդասարյանի մոտ թեև նախնական ախտորոշմամբ վահանաձև գեղձի էխոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվել է «բազմահանգուցային խպիպ» հիվանդությունը, և վերջինիս տրվել է շտապ վիրահատության ցուցում, այնուամենայնիվ, 26.09.2011 թվականի վահանաձև գեղձի տոտալ հեռացմանը հաջորդած հետվիրահատական ախտորոշման` հիստոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտության արդյունքում հաստատվել է T3 ստադիայի «վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա)» հիվանդությունը: Նշված հիվանդությունը, դասվելով օնկոլոգիական հիվանդությունների շարքին, Կանոններին համապատասխան չէր կարող համարվել ապահովագրական պատահար` հանգեցնելով Ընկերության կողմից ապահովագրական հատուցում վճարելու պարտականության: Այսինքն` Անահիտ Բաղդասարյանն ի սկզբանե ունեցել է միայն «վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ (կարցինոմա)» հիվանդությունը, որը բավարար ախտորոշիչ (դիագնոստիկ) միջոցառումներ իրականացված չլինելու պատճառով սկզբնական շրջանում ախտորոշվել է որպես «բազմահանգուցային խպիպ» հիվանդություն: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում գործում առկա գրավոր ապացույցների համակցությունը, փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև նշված եզրակացության կապակցությամբ որպես փորձագետ հրավիրված Կ. Մխիթարյանի բացատրությունը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ սույն գործով ապացույցների համակցության հիման վրա հաստատվում է, որ Անահիտ Բաղդասարյանն ի սկզբանե ունեցել է օնկոլոգիական համարվող հիվանդություն, որը սակայն բացահայտվել է ավելի ուշ կատարված հետազոտությունների արդյունքում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, չիրականացնելով սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, վերոնշյալ հանգամանքների անտեսման արդյունքում հանգել են հայցի` մասնակիորեն հիմնավոր լինելու վերաբերյալ սխալ եզրահանգման այն դեպքում, երբ վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ներկայացված հայցապահանջը ենթակա էր ամբողջությամբ մերժման` նկատի ունենալով, որ Անահիտ Բաղդասարյանի հիվանդությունը ապահովագրական պատահար չի հանդիսանում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են պետական տուրքից, փորձաքննության համար վճարման ենթակա գումարից և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարից:

Նկատի ունենալով, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել 10.500 եվրո ապահովագրական հատուցում վճարելու պահանջի մասով, իսկ ներկայացված պահանջի մնացած մասով ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով պետական տուրքի հարցը լուծվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 210 եվրոյին (10.500*2%) համարժեք ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախատեսված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար: Անահիտ Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 315 եվրոյին (10.500*3%) համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Անահիտ Բաղդասարյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 166.538 ՀՀ դրամ` որպես Դատարանի 07.12.2015 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված և Ընկերության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: Անահիտ Բաղդասարյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման նաև 270.442 ՀՀ դրամ` որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2013 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված և Ընկերության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

Անահիտ Բաղդասարյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 73.500 ՀՀ դրամ` որպես կատարված փորձաքննության համար վճարման ենթակա գումար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին կայացրած որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն գործի բարդությունը և փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը` մասնավորապես դատական նիստերին մասնակցելու, հայցադիմումի դեմ առարկություն, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու հանգամանքը, համադրելով գործում առկա` Ընկերության և «Բրեյվ» ՍՊԸ-ի միջև 15.06.2012 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» պայմանագրով սահմանված վճարման ենթակա գումարի չափի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ողջամիտ է Անահիտ Բաղդասարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2016 թվականի որոշման` «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժելու և այդ մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը, և փոփոխել այն` հայցը` «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ից հօգուտ Անահիտ Բաղդասարյանի` 10.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու մասով, մերժել:

2. Անահիտ Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 210 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախատեսված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Անահիտ Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 315 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Անահիտ Բաղդասարյանից հօգուտ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի բռնագանձել 166.538 ՀՀ դրամ` որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2015 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքի համար սահմանված և «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Անահիտ Բաղդասարյանից հօգուտ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի բռնագանձել 270.442 ՀՀ դրամ` որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2013 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքի համար սահմանված և «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Անահիտ Բաղդասարյանից հօգուտ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Անահիտ Բաղդասարյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 73.500 ՀՀ դրամ` որպես կատարված փորձաքննության համար վճարման ենթակա գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵԿԴ/0667/02/12
Որոշում