i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0009/04/10 2017թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0009/04/10 |
|
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան Դատավորներ` Ս. Միքայելյան
Հ. Ենոքյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Խաչիկ Կոսյանի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2016 թվականի որոշման դեմ` ««ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ»,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «ՊԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպություն) պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) 21.04.2010 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2010 թվականի որոշմամբ գործն ընդդատությամբ հանձնվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2013 թվականի որոշմամբ (դատավոր` Կ. Պետրոսյան) բավարարվել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) միջնորդությունը և թույլատրվել է գրավի առարկա հանդիսացող` Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող բնակելի տունը, որպես սեփականություն, հանձնել վերջինիս կողմից նշված անձ Խաչիկ Կոսյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 25.11.2013 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը բավարարվել է` որոշվել է 29.05.2013 թվականի անշարժ գույքի փոխանցման պայմանագրով ի սեփականություն Խաչիկ Կոսյանին փոխանցված` ք. Երևան, Արաբկիր համայնք, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը վերադարձնել Ընկերության սեփականությանը և պարտավորեցնել Բանկին Խաչիկ Կոսյանին վերադարձնելու 10.000.000 ՀՀ դրամ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը` Դատարանի 25.11.2013 թվականի որոշման դեմ վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2016 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. որոշվել է` նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել և բեկանել Դատարանի 25.11.2013 թվականի «Ընկերության սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչիկ Կոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ, 204.34-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով կառավարչի կողմից մատնանշված նոր երևան եկած հանգամանքները դեռևս 01.12.2014 թվականին դատարանում վկայակոչվել են, որոնց մասին տեղյակ է եղել նաև կառավարիչը, իսկ թե ինչու է այդ հանգամանքները շուրջ մեկ տարի վեց ամիս անց է ներկայացրել` բողոքարկելով Դատարանի 25.11.2013 թվականի որոշումը, պարզ չէ: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է վերը նշված փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ կառավարչի կողմից բաց է թողնվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը:
Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից առհասարակ որևէ անդրադարձ չի կատարվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկներին, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջն առ այն, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.08.2016 թվականի որոշումը և Դատարանի 25.11.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը, 25.11.2013 թվականի որոշումը կայացնելիս, գործով մասնակից չի դարձրել ինչպես սնանկության գործով կառավարչին, այնպես էլ Բանկին, թեպետ որոշումն անմիջականորեն պարտականություններ է առաջացրել Բանկի համար, և ուղղակիորեն առնչվել է Ընկերության շահերին: Խաչիկ Կոսյանը մինչև 25.11.2013 թվականի որոշման կայացումը Դատարանից և կողմերից թաքցրել է անշարժ գույքի օտարված լինելու փաստը:
Բացի այդ, սնանկության գործով կառավարչին 12.05.2016 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման սպասարկման գրասենյակից ստացված տեղեկատվության հիման վրա է միայն հայտնի դարձել, որ Դատարանի 25.11.2013 թվականի որոշման կայացման պահին Խաչիկ Կոսյանին հանձնած գույքը օտարված է եղել երրորդ անձի և ծանրաբեռնված է գրավի իրավունքով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2013 թվականի որոշմամբ բավարարվել է Բանկի միջնորդությունը և թույլատրվել է գրավի առարկա հանդիսացող` Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող բնակելի տունը, որպես սեփականություն, հանձնել Խաչիկ Կոսյանին(հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 43):
2) Խաչիկ Կոսյանը 22.11.2013 թվականին Դատարան է ներկայացրել միջնորդություն, որով միջնորդել է Դատարանին 29.05.2013 թվականի անշարժ գույքի փոխանցման պայմանագրով ի սեփականություն իրեն փոխանցված ք. Երևան, Արաբկիր համայնք, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը վերադարձնել Ընկերության սեփականությանը և պարտավորեցնել Բանկին Խաչիկ Կոսյանին վերադարձնելու 10.000.000 ՀՀ դրամ` պատճառաբանելով, որ 29.05.2013 թվականի թիվ 1609 «Անշարժ գույքի փոխանցման» պայմանագրի առարկա հանդիսացող` վերը նշված անշարժ գույքը փաստացի իրեն չի հանձնվել (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 53-55):
3) Դատարանի «Ընկերության սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը քննության առնելու» 25.11.2013 թվականի որոշմամբ Խաչիկ Կոսյանի միջնորդությունը բավարարվել է: Որոշվել է` 29.05.2013 թվականի անշարժ գույքի փոխանցման պայմանագրով ի սեփականություն Խաչիկ Կոսյանին փոխանցված` ք. Երևան, Արաբկիր համայնք, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը վերադարձնել Ընկերության սեփականությանը և պարտավորեցնել Բանկին Խաչիկ Կոսյանին վերադարձնելու 10.000.000 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 67-69):
4) Ընկերության սնանկության գործով կառավարիչը 25.05.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 12.05.2016 թվականի տեղեկանքը և որպես Դատարանի 25.11.2013 թվականի որոշման վերանայման համար ի հայտ եկած նոր երևան եկած հանգամանքի հիմնավորում նշել է, որ տվյալ տեղեկանքով տրամադրվել են Երևանի Ադոնցի փողոց թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի պատճենները, ըստ որոնց` 28.06.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի և Խաչիկ Կոսյանի միջև կնքված թիվ 0127-Է/2013Է հիփոթեքի պայմանագրով Խաչիկ Կոսյանը գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը և ստացել 7.000.000 ՀՀ դրամ վարկ, 21.08.2013 թվականին Խաչիկ Կոսյանի և Գրիգոր Կոսյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրով Խաչիկ Կոսյանը Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրել է Գրիգոր Կոսյանին, այդ գործարքի վերաբերյալ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն նախապես` 15.08.2013 թվականին, տվել է իր գրավոր համաձայնությունը: Նշված բնակելի տան նկատմամբ գրանցված է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 12, գ.թ. 28-31, 35-36):
5) Խաչիկ Կոսյանի կողմից 13.06.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանում նշվել է, որ որպես նոր երևան եկած հանգամանքներ վկայակոչված փաստերը դեռևս 2014 թվականին բարձրաձայնվել են դատարանում: Դրանց մասին տեղյակ է եղել նաև Ընկերության սնանկության գործով կառավարիչը, իսկ թե ինչու է այդ հանգամանքները շուրջ մեկ տարի վեց ամիս անց է ներկայացրել` բողոքարկելով Դատարանի 25.11.2013 թվականի որոշումը, անհասկանալի է: Ընկերության սնանկության գործով կառավարիչն իրավունք ուներ վերը նշված որոշումը բողոքարկել եռամսյա ժամկետում, այն է` բողոքը կարող էր ներկայացնել առնվազն մինչև 01.03.2015 թվականը, մինչդեռ Ընկերության սնանկության գործով կառավարիչն այն ներկայացրել է եռամսյա ժամկետի բացթողումով (հատոր 4-րդ, գ.թ. 43-44):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված բողոքը հիմք է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը բացառելու համար,
2. արդյո՞ք վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված դիրքորոշմանը և հիմնավորումներին անդրադառնալ նաև որոշման պատճառաբանական մասում:
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս, «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոք բերած անձն է կրում դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու փաստի ապացուցման պարտականությունը: Այսինքն` բողոք բերած անձը ոչ միայն պետք է ապացուցի, որ առկա է նոր երևան եկած հանգամանք, այլև պետք է համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցների ներկայացմամբ հիմնավորի, որ այդ հանգամանքի ի հայտ գալու մասին իմացել կամ կարող էր իմանալ բողոքը ներկայացնելուն նախորդող եռամսյա ժամկետի ընթացքում (տե՛ս, Վանա Վարուջի Սաֆաիեին ընդդեմ Առլեն Պետրոսյանսի թիվ ԿԴ3/0085/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի համար օրենսդրորեն ամրագրված եռամսյա ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, դրա անհերքելիությունը: Այսինքն` նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործի վերանայումը (բացումը) բողոք բերողի կողմից կարող է իրականացվել եռամսյա ժամկետում սկսած այն օրվանից, երբ նա գիտեր կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին: Նշված ժամկետի բացթողումը բացառում է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետի բաց թողնման պատճառները դատարանի կողմից ճանաչվել են հարգելի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում վերադաս ատյանների կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, վերադաս դատարանները պետք է պարզեն, թե արդյոք այդ հիմքով բերված բողոքը ներկայացվել է սահմանված եռամսյա ժամկետի պահպանմամբ, թե` ոչ: Ընդ որում, պայմանավորված բողոքը (վերաքննիչ կամ վճռաբեկ) վարույթ ընդունելու փուլի առանձնահատկություններով` նշված հարցն ենթակա է պարզման` առերևույթ գնահատելով ժամկետը պահպանված լինելու հանգամանքը: Այլ կերպ ասած` եթե առերևույթ պահպանված է եռամսյա ժամկետը, ապա բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ դա բխում է անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի էությունից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ արդեն իսկ բողոքի (վերաքննիչ կամ վճռաբեկ) քննության փուլում բողոքարկման ժամկետները պահպանված լինելու հարցի վերաբերյալ կասկածներ ծագելու դեպքում վերադաս ատյանները կաշկանդված չեն բողոքը վարույթ ընդունելու հանգամանքով և պարտավոր են անդրադառնալ ու գնահատման արժանացնել ժամկետը պահպանած լինելու փաստը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` եթե պարզի, որ բողոքը վարույթ ընդունելիս պահպանված չի եղել բողոք բերելու օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, ապա վերադաս ատյանները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններով, պետք է մերժեն բողոքները` հաշվի առնելով, որ ի սկզբանե առկա են եղել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու բացառող հանգամանքներ:
i
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց: Նույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջները: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` որոշման նկարագրական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ: Նույն կետը նաև մասնավորեցնում է պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկներին դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալու և դրանք գնահատելու խնդրին: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պայմանավորված վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններով` վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ` հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով` վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում: Ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը, ի տարբերություն հայցադիմումի պատասխան չներկայացնելու, չի կարող մեկնաբանվել ի վնաս այդ անձի:
i
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ եթե ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, ապա այն պատշաճ գնահատման պետք է արժանանա` հաշվի առնելով, որ դատավարական նման իրավունքի սահմանումն ինքնանպատակ չէ: Վերաքննիչ բողոքի պատասխանը ոչ թե պետք է պարզապես շարադրվի վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական մասում, այլ նաև պատճառաբանական մասում վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի պատասխանի փաստարկներին` պարզելու համար վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորվածությունը վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկների համատեքստում: Այլ կերպ ասած` վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները պետք է հնարավորություն տան եզրակացություն անելու ոչ միայն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, այլ նաև բողոքի պատասխանում դրանց կապակցությամբ ներկայացված դիրքորոշումների և հիմնավորումների վերաբերյալ (տե՛ս, ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Ընկերության սնանկության գործով կառավարիչը 25.05.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքով, որպես նոր երևան եկած հանգամանք, ներկայացրել է 28.06.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի և Խաչիկ Կոսյանի միջև կնքված թիվ 0127-Է/2013Է հիփոթեքի պայմանագիրը, ինչպես նաև Կադաստրի 17.02.2015 թվականի տեղեկանքը, ըստ որի` ք. Երևան, Ադոնցի փողոց, թիվ 18 (18/3) հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցվել է Խաչիկ Կոսյանի անվամբ: Այնուհետև, 21.08.2013 թվականի թիվ 439 նվիրատվության պայմանագրի հիմքով նշված բնակելի տան նկատմամբ 24.08.2013 թվականին գրանցվել է Գրիգոր Կոսյանի սեփականության իրավունքը: Նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցված է նաև «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը: Միաժամանակ, որպես այդ հանգամանքների մասին իր կողմից իմանալու փաստը հիմնավորող ապացույց Ընկերության սնանկության գործով կառավարիչը վերաքննիչ բողոքին կցել է Կադաստրի 12.05.2016 թվականի տեղեկանքը և նշել, որ տվյալ տեղեկանքով են տրամադրվել Երևանի Արաբկիր Ադոնցի փողոց թիվ 18 (18/3) տան հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի պատճենները, որոնց մեջ առկա են եղել վերը նշված նոր երևան եկած հանգամանքները հիմնավորող տեղեկությունները:
Գործում առկա` վերաքննիչ բողոքի պատասխանում Խաչիկ Կոսյանը նշել է, որ որպես նոր երևան եկած հանգամանքներ վկայակոչված փաստերը դեռևս 2014 թվականից Ընկերության սնանկության գործով կառավարչին հայտնի են եղել, մինչդեռ վերջինս այն ներկայացրել է եռամսյա ժամկետի բացթողումով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, հանգել է այն հետևության, որ որպես նոր երևան եկած վկայակոչված հանգամանքները «հայտնի են դարձել միայն 12.05.2016 թվականին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Երևանի տարածքային ստորաբաժանման սպասարկման գրասենյակի կողմից տրամադրված` ք. Երևան, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի պատճենների ուսումնասիրությունից հետո» և գտել է, որ բողոքաբերի կողմից ներկայացրած հանգամանքները հիմք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար: Վերաքննիչ դատարանը, սակայն, իր որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել և չի գնահատել նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոքի համար սահմանված ժամկետի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացված անձի կողմից բերված փաստարկին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի որոշումը, հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» մասում ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները, սակայն որոշման պատճառաբանական մասում դրանց չի անդրադարձել և փաստարկները չի գնահատել:
Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բուն վերաքննության փուլում կասկածներ են առաջացել վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու վերաբերյալ, որոնց վերաբերյալ փաստարկները նշվել են վերաքննիչ բողոքի պատասխանում: Վերաքննիչ դատարանը, կաշկանդված չլինելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հանգամանքով, պարտավոր էր բուն վերաքննության փուլում վերոգրյալի կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում անդրադառնալ դրանց հիմնավորվածությանը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն որոշման նկարագրական մասում վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները շարադրելով` որոշման պատճառաբանական մասում որևէ կերպ գնահատման չարժանացնելով վերաքննիչ բողոքի պատասխանում բարձրացված` սույն գործով վերաքննությունը բացառող հանգամանքների առկայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, որոշման նկարագրական մասում ուղղակիորեն մեջբերելով բողոքի պատասխանի փաստարկները և չգնահատելով դրանք, չի փարատել բողոքի քննության ընթացքում ի հայտ եկած և վերաքննությունը բացառող հանգամանքների առկայության վերաբերյալ կասկածները, որի արդյունքում էլ սահմանափակել է Խաչիկ Կոսյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի այն փաստարկին, որ սնանկության գործով կառավարիչը բաց է թողել օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, քանի որ նոր երևան եկած հանգամանքների մասին իմացել է դեռևս 2014 թվականից, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել է շուրջ մեկ տարի վեց ամիս անց, ապա Վերաքննիչ դատարանի կողմից այդ փաստարկին չանդրադառնալու և դրան որևէ գնահատական տրված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ դրան:
Վերը նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ նաև վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկներին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |